Պարը (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Շողիկը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Պարը

Վարդան Հակոբյան

Ցավը ճիշտ եղավ, հանգը՝ սուտ
ՊԱՐԸ

Մեծ տատիկիս՝ Սաթենիկ Աբրահամյանի հիշատակին

Ով է տեսել Սաթենիկին պարելիս...
Օգոստոսը ներծծվել է քարերի մեջ
Ու այրում էր
Ոտքերը մերկ,
Եվ նա կանգնել չէր կարենում։
Մերթ մի ոտքն էր դնում քարին,
Մերթ կանգնում էր մյուս ոտքին.
Ու պարելու նման էր դա.
Ինչպիսի պար... Այդ պարի մեջ
Ծառը կանաչ շորը նետել
Ու փորձում է ոսկեգույնը,
Իսկ ինքը՝ որբ,
Սրտի մեջ՝ ողբ...
Ուրիշ բառեր այստեղ պետք չեն,
Դա պարզապես տարեթիվն էր՝ 41։

Ո՞վ է տեսել Սաթենիկին պարելիս։
Ընկեզունու սաղարթները գետակի մեջ
Սվսվում են ինչ-որ բաներ։
Երկու ուլեր գուրգուրվում են հին փչակում։
Ձգվում է մի գառան մայուն։
Եվ ինչ հրաշք... Մի ջրահարս
Արծաթահոս հայելու մեջ մրրկում էր
Խենթ այրուցքով՝
Ինչպես բոցը թեժ խարույկի,
Գալարվում էր խայտանքներով։
Ես կանչեցի Սաթենիկին, մոտ գա, տեսնի,
Բայց հրաշքն այդ կորավ հանկարծ.
Իմ թիկունքում ինքն էր պարում ինձնից թաքուն։
Ուրիշ բառեր այստեղ պետք չեն,
Դա պարզապես տարեթիվն էր՝ 45։
Ո՞վ է տեսել Սաթենիկին պարելիս։

Չէր սովորում սպասելուն։ Բայց սպասեց։
Ու մի օր էլ ձեռքը տվին խավար մի թուղթ,
Ու նա ցնցվեց,
Կորցրեց իրեն մի վայրկյանում,
«Եկավ, եկավ, իմ Սիմոնը եկավ»,- ասաց
Ու պար բռնեց գյուղամիջում,
Պարեց, պարեց, ընկավ, հանգավ...
Այստեղ հիմա մի բարդենի՝
Ճյուղերի մեջ պահած մի թուղթ ամպի կտոր,
Փոթորկված է ասես նրա «հարսնապարով»...
Ուրիշ բառեր այստեղ պետք չեն,
Դա պարզապես տարեթիվն էր... Չգիտեմ՝ որ...

Դու տեսե՞լ ես Սաթենիկին պարելիս...