Պարիայի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Պարիայի երգը

Թերուվալլուվա

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի


ՊԱՐԻԱՅԻ ԵՐԳԸ


Մեր ինչի՞ն է պետք, թե արևն անմահ
Անդըրաստեղյան լազուր աշխարհում
Առնում է շրջանն իր հավերժական,
Թե ցած է հոսում ճոխ ալիքներով

Իր ակնախըտիղ շողերն անարատ։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Մեր ինչի՞ն է պետք— կինը նորատի
Ըստանում է թանկ իրեն ամուսնուց

Քընքուշ գրավը տարփալի սիրո․
Սեր ու զավակներ ո՜վ է տվել մեզ․․․
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Մեր ինչի՞ն է պետք, թե ամենազոր

Կա աստվածային սուրբ երրորդություն
Եվ արարչական, և միշտ պահպանող,
Եվ միշտ նորոգող համայն աշխարհի
Չի փայլում, ավա՜ղ, նրանց փառքը մեզ։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,

Ի՜նչ ենք մենք․․․

Մեր ինչի՞ն է պետք, թե հաշտ ու զոհի
Ծուխն ու ճենճերը երկինք է ելնում,
Թե ծիլ ու ծաղիկ գետինն են ծածկում,
Թե բար ու պտուղ ծառերն են զուգում,

Եվ կամ սրբազան ջուրը Գանգեսի
Թավալում է պարզ խաղաղ հովիտում։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Քե՜զ, անմահ Ինդրա, ո՜վ աչքի խընդում,

Ամենքից պաշտված դու գանձ երկնային,
Չենք կարող, աստվա՛ծ, մենք քեզ աղոթել
Որ մեր խորհրդով չանարգենք բնավ
Քո աստվածային լըսելիքը սուրբ։
      Երկի՛նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,

Ի՜նչ ենք մենք․․․

Իզուր մերժեցի ես մահը դաժան
Եվ անտառների խորքերումը խուլ
Սրբազան հեղումն արի լիասիրտ,
Որ աստվածների սըրտերը մեղմեմ,

Ո՜հ, նրանք փախան իմ մոտենալիս։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Ու՞ր են ակները էն պարզ ջրերի,
Ուր մեր ծարավը կոտրել կարենանք,

Լոկ անասունի ոտքի տեղերի
Հոտած ջուրն է մեր ըմպելին միակ։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Ո՞ւր են դաշտերը, ուր որ մեզ համար

Աճում են բրինձն ու այլ բարիքներ․
Չըկա աշխարհքում ցորնի մի ցողուն
Մի խոտ, մի ծաղիկ, որ մեզ պատկաներ։
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․

Երբ հովիտներից ստվերը ծնում
Վե՜ր, անտառների բարձունքն է ելնում,
Երբ հովիվն երգով թողնում է հանդը,
Աղջիկը տանը ընթրիք պատրաստում,
Երբ շանն են տալի թերմացքն իրիկվան—

Ի՜նչ ուտի արդյոք և ո՜ւր էն ժամին,
Ո՜ւր գնա պարիան, ո՜ւր հանգստանա․․․
      Երկի՜նք ու երկիր, մե՛զ մըտիկ արեք,
      Ի՜նչ ենք մենք․․․