Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն»

Հովհաննես Թումանյան

[ 138 ] 

Դասագիրք կազմող պ. Ն. Տեր-Ղևոնդյանը «Մշակի» № 274-ում պատասխանում է իմ բողոքին, թե իր երկրորդ տարվա դասագրքում փոփոխելով իմ «Շունն ու Կատուն»՝ մի մազաչափ անգամ չէ վնասել, միայն ավելորդ տողերն է դուրս ձգել, վանկերն է շտկել և ռամկական բառերն ու ոճերն է փոփոխել։ «Եթե հարկ լինի, ասում է, ասածներս օրինակներով կապացուցանեմ»։

Պետք է ասեմ, որ այդ նամակից առաջ էլ մենք պատահեցինք «Կենտրոնական» գրավաճառանոցում, ուր պ. Տեր-Ղևոնդյանը ուրիշների ներկայությամբ պնդում էր, որ ինքը օրենքով իրավունք ունի փոփոխելու և թե փոփոխելով իմ ոտանավորը «սիրունացրել է»։ Նա հայտնեց, որ այդպես է վարվում առհասարակ և ուրիշ օրինակներ էլ բերեց, թե ինչպես է ուրիշներինն էլ «սիրունացրել»։

Նախ՝ ես կարծում եմ հենց այն էլ անարդարություն է արդեն, որ կարող է նա—դասագիրք կազմողը—օգտվել, շահ ստանալ հեղինակի գործից առանց մասնակից անելու գրվածքի տիրոջը, թող ինչ օրենքի անունով ուզում է այդ կատարվի։ Օրենքներ կան, որոնցով ամոթ է օգտվել։ Երկրորդ. ես բողոքում եմ սկզբունքով, որ ոչ ոք, իսկ այս դեպքում պ. Տեր-Ղևոնդյանը, իրավունք չպետք է ունենա փոփոխելու կամ, իր խոսքով ասենք, սիրունացնելու մի հեղինակի գործ, որի արժանավորության տերը և պակասավորության պատասխանատուն միայն ինքը—հեղինակն է։

Գալով ներկա դեպքին, տեսեք, թե նա ինչպես է սիրունացրել իմ «Շունն ու Կատուն»։

Ես գրել եմ.


…Քեռի Քուչին… ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց։


«Ծանր ու մեծ»-ը ոճ է, որ նշանակում է важно.

Սիրունացնող պ. Տեր-Ղևոնդյանը այդ ոճը գտել է ռամկական, փոխել է, շինել. [ 139 ] 

Քեռի Քուչին… քայլերը մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց։


Նշանակած օրը շեմքում կանգնելով և ուստին չգտնելով՝ Շունը կանչում է.



— Ուստեն ո՞ւր ա, փափախս ո՞ւր ա։


Ասում են.

— Մի քիչ կացի, հրես կերևա։


Ու շարունակությունն էլ սկսվում է այսպես.

— Ուստեն եկավ... և այլն։


Պարոնը ավելորդ է գտել վերևի տողերը, հանել է միջից՝ և ուղղակի ասում է.


— Ուստեն եկավ... և այլն։


Ուստա Կատուն համ որոշած ժամանակին չէ կարել գդակը, համ էլ անտեղի բարկանում է Շան վրա։ Շունը նեղանում է, թե՝ հեր օրհնած, էլ ինչ ես բարկանում՝


Փող եմ տըվել, շուտով կարի,
Թե չէ՝ ասա էգուց արի։


Պարոնը այս տողերն էլ է գտել ավելորդ և նույնպես հանել։

Շունը մյուս անգամ է գալիս, դարձյալ գդակ չկա։ Այս անգամ կռվում են։


Էլ անպատիվ, պետռը խոսքեր,
Էլ հին ու նոր, էլ հերն ու մեր, և այլն։


Այս հայհոյանքն էլ է ռամկական թվացել պարոնի ճաշակին և նույնպես դուրս է թողել։

Ուստա Կատուն մուշտարու տված մորթին տակովն է արել ու կոտր ընկել։ Դրա համար ես գրել եմ.


Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել։

[ 140 ] Պարոնը սիրունացրել է այսպես․

Այն օրվանից մինչև այսօր
Շունն այս բանը չի մոռանում։


Շան ու Կատվի ամբողջ կռիվը մի մորթու վրա է։ Այդ մորթու համար էլ Շունը մինչև այսօր որտեղ Կատվին պատահում է՝ հարձակվում է, մորթուց քաշում․


Իրեն մորթին ետ է ուզում։


Պարոնը այս տողն էլ է գտել ավելորդ և ջնջել։

Եվ այսպես ուրիշ ոճեր ու տողեր, որ փոփոխել կամ դուրս է ձգել ոտանավորից, անխիղճ կերպով «սիրունացրել» և տակը դրել… դարձյալ իմ անունը։

Ես բողոքում եմ, և նա, գիտե՞ք, ինչ է ասում․ «Պ. Հովհաննես Թումանյանի հրամանը ես ինձ համար պարտավորեցուցիչ չեմ համարում. դասագիրք կազմողների արտոնությունները պարոնի կարծածից շա՜տ ավելի ընդարձակ են»։

Մարդ մնում է ապշած։ Սրանից ավելի էլ ի՞նչ կարող է անել այդ դասագիրք կազմող ասված սոսկալի մարդը։ Արդյոք բանաստեղծին իրան է՞լ կարող է փոխել, տեղն ուրիշ մարդ դնել։ Եվ…բանից դուրս է գալիս, որ այդ էլ կարող է անել։ Հենց նույն գրքում, «Ծիծեռնակ, ծիծեռնակ» շատ հայտնի երգը (էջ 69), որ մինչև օրս հայտնի էր որպես Դոդոխյանինը, պ. Տեր-Ղևոնդյանը զրկել է հեղինակին այդ իրավունքից և նշանակել է նրա տեղ Ռ. Պատկանյանին։

Եվ այս մարդը՝ տեսեք թե բերանն ինչպես է բաց անում. «Երեսուն և հի՜նգ տարի է ես հետևում եմ հայկական գրականության ընթացքին...»։

Մի խամ ընթերցող էլ կկարդա, կասի երևի սիրուց է, որ երեսուն և հինգ տարի հետևում է սա գրականության ընթացքին։ Էլ չեն իմանա, թե գրողներից «հափուռ չըփուռ» անելու, այսպես այլանդակելու և ծախու ապրանք շինելու համար է հետևել։ Եվ ինչ վերաբերմունք կունենա այս տեսակ մարդը դեպի գրական գործն ու գեղարվեստը։ Մի «որոշ օրենք» էլ [ 141 ] կա. պրծավ։ Էլ ոչ ստեղծագործություն է հասկանում, ոչ սեփականություն է ճանաչում։

Ես բողոքում եմ. նա, գիտե՞ք, ինչ է ասում. «Երեսուն և հինգ տարի է… չեմ հիշում մի մարդ, որ այնպիսի ճայթյունով իր «ես»-ը հրապարակ հանած լինի, ինչպես անում է պ. Հովհաննես Թումանյանը»։

Հիմի բանն այնպես է դնում, որ ես դեռ պետք է արդարանամ։ Ինձ մեղադրում է անհամեստության համար։ Եվ այդ համեստը իր նույն նամակում այսպես է գրում իր մասին. «…Գոնե ես նրան (այսինքն պ. Տեր-Ղևոնղյանը—ինձ) այնքան վտիտ մարդ եմ համարել, որ երբեք չէի կամենա նրա կաշվի մեջ տեղավորվել»։

Այստեղ պետք է խոստովանեմ, որ պարոնը բավականին «չաղ» է…

Բայց փոխանակ այսպես վեճ սարքելու իր մեծության վրա, ավելի լավ կանի, որ իր կաշվում կենա, բնավ մտքովն անց չկացնի իրան համեմատելու թեկուզ ամենավտիտի հետ այն մարդկանցից, որոնց փշրանքներով առուտուր է անում, այլ աշխատի այդ փշրանքներից օգտվել զգույշ, հարգե ստեղծագործություն և սեփականություն ասված բաները և երբեք չսիրունացնե ուրիշի գործը։ Եվ թող գոհ լինի նրանով, որ ինքն ավելի շատ է ստանում իր անշնորհքության համար, քան հայ գրողը իր շնորհքի համար։