Jump to content

Պարտքի էթիկան Մուրացանի գեղագիտության մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՊԱՐՏՔԻ ԷԹԻԿԱՆ ՄՈՒՐԱՑԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ազգային միաբանությունը Մուրացանի ստեղծագործության առանցքային գաղափարն է։ Եվ դա առավել ցայտուն կերպով երեւում է «Գեւորգ Մարզպետունի» պատմավեպի մեջ, մի ստեղծագործություն, որն իր առաջադրած գեղագիտական խնդիրները խորությամբ, բարոյահոգեբանական ինքնատիպ արծարծումներով ու գեղարվեստական արժեքով հանդիսանում է ոչ միայն հայ, այլեւ, համաշխարհային պատմավիպասանության գլուխգործոցներից մեկը։ Եվ ամենեւին էլ պատահական չի կարելի համարել, որ ժամանակի գրական քննադատության, գրականության պատմաբանների ու տեսաբանների ուշադրության կենտրոնում է մշտապես գտնվել մի խնդիր, որը վերաբերում է մեծ գրողի գեղարվեստական մեթոդին, հետեւապես նաեւ նրա կենսափիլիսոփայությանն ու աշխարհայացքին։ Գրականագիտության մեջ այդ պրոբլեմին անդրադարձել են թե՛ Մուրացանի ժամանակակիցները, թե՛ հետագա սերունդները, կատարվել են արժեքավոր վերլուծություններ ու մեկնաբանություններ, համադրումներ ու համեմատություններ, հետազոտություններ ու ուսումնասիրություններ, ընդհանրապես գեղարվեստական մեթոդների, գրական ուղղությունների ու հոսանքների առանձնահատկություններին նվիրված դիտարկումներ ու գիտական եզրահանգումներ։ Այս առումով ուշագրավ էջեր են թողել Արսեն Տերտերյանը, Մկրտիչ Մկրյանը, Սուրեն Աղաբաբյանը, Էդվարդ Ջրբաշյանը եւ ուրիշներ։ Քննարկվող հարցերի առանցքը գեղարվեստական մեթոդների՝ ռոմանտիզմի եւ ռեալիզմի խնդիրն է, իսկ առանձին դեպքերում փորձեր են արվել Մուրացանի առաջին շրջանի ստեղծագործությունը, հատկապես «Ռուզանը», կապել կլասիցիզմի հետ։ Այսպես, գրականագետ Հ. Մամիկոնյանը գրում է. «Վերջ ի վերջո Մուրացանի «Ռուզանը», որ ոմանք ռեալիստական են համարել, ավելի շատ կլասիցիստական ողբերգություն է, քան ռոմանտիկական»։ Եվ ինչո՞վ է դա հիմնավորում գրականագետը։ Ահավասիկ. «Երբ հերոսուհին իր սերը, իր երջանկությունը, իր անձնական զգացումները, խոհերն ու պատրանքներն անվերապահորեն զոհաբերում է համընդհանուր շահին, դա, իհարկե, կլասիցիզմին հատուկ այն ասկետական դաժանությունն է, որ պահանջում է միայն զոհաբերություն եւ ինքնազոհություն»։ Սակայն «կլացիստական ասկետիզմն» այսքանով չի սահմանափակում Հ. Մամիկոնյանը եւ կլասիցիզմի «թանձր տարրեր» է տեսնում Մուրացանի պատմավեպերում եւս։ «Հայ ռոմանտիզմի մեկնաբան» (Պ. Սեւակ) Ս. Սարինյանը բարձր գնահատելով Հ. Մամիկոնյանի «Մարդը եւ նրա կերպարը գրականության մեջ» աշխատությունը, իր «Մուրացան» գրքում արծարծվող հարցերին տվել է գիտականորեն հիմնավորված պատասխան. «Իհարկե, «Ռուզանի» նույնացումը կլասիցիստական ողբերգությանն ինքնին ծայրահեղություն է, քանի որ իր ամբողջական կառուցվածքով այն ռոմանտիկական դրամա է, սակայն հայկական ռոմանտիզմի տիպաբանության համակարգում կլասիցիզմի ոճական ներթափանցումների առկայությունն ուշագրավ դիտարկում է եւ արժանի է գիտական լուսաբանության»։

Բնորոշելով Մուրացանի գեղարվեստական մեթոդը, Արսեն Տերտերյանը գրել է. «...Մուրացանը նախքան որեւէ երկ գրելը, գերազանցորեն ուսումնասիրում է իր նյութը. նա այնպես է որոշ առկա իրականություն հետազոտում, ինչպես պատմական վեպ գրողը՝ պատմական անցյալը... Այդ բոլոր հատկություններով՝ Մուրացանը, հարկավ, չէր դառնում ռեալիստ, քանի որ նա երբեք չի տվել «կյանքը ինչպես որ է», այլ այն խմբագրել է իր կանխակալ հայացքի ոգով. նա վերաստեղծել է իր դիտած իրականությունը սեփական իդեալների համաձայն»։ Սարինյանը, շարունակելով տեսակետների համադրումը, կանգ է առնում նաեւ Սուրխաթյանի, Պարտիզունու, Ջրբաշյանի եւ ուրիշների մոտեցումների վրա։ Ահա Սուրխաթյանի դիտարկումը. «Մուրացանը պատկանում է իրապաշտ դպրոցին՝ ռոմանտիզմի թեթեւ խառնուրդով»։ Պարտիզունին, զարմանալիորեն անտեսելով գեղարվեստական մեթոդներին համաշխարհային գրականագիտության մեջ տրված ամենապարզ ու ճշգրիտ սահմանումները, գրում է. «Եվ ժամանակակից, եւ պատմական թեմայով գրված գեղարվեստական երկերի ռեալիզմը որոշվում է մի հիմնական հատկանիշով, թե գրողը որքան ճշմարտացի ու խորն է արտացոլում նկարագրված ժամանակաշրջանը, կարողանո՞ւմ է պատկերել բնորոշ եւ տիպական հանգամանքները»։ (Վ. Պարտիզունի, «Մուրացան»)։ Իհարկե, խնդիրն այստեղ միայն գեղարվեստական մեթոդի հարցը չէ, քանի որ այն հիմնավորապես անդրադառնում է նաեւ գեղագետի աշխարհայեցողության եւ դրա հետ առնչվող կարեւոր ու էական բազմաթիվ հարցերի վրա։ Ս. Սարինյանը եւ Էդ. Ջրբաշյանը հանդես են եկել («Գրական թերթ», 1956թ., N 37) «Ռոմանտիզմի գնահատման հարցերի շուրջը» հոդվածով, ուր ոչ միայն քննադատության են ենթարկվել Մուրացանին ռեալիզմ վերագրելու միտումները, այլեւ ցույց են տրվել խնդրի այն «սխալ մեկնաբանությունները», որոնց արդյունքում աղավաղվում են գեղարվեստական մեթոդներին առանձնահատուկ չափանիշները։

Մուրացանագիտության խոշոր նվաճումը պիտի համարել Ս. Սարինյանի «Մուրացան. տիպաբանությունը, էթիկան, պատմության փիլիսոփայությունը» աշխատությունը, ուր հեղինակը համակողմանիորեն անդրադառնալով ուշ ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցչի ստեղծագործությանը, ոչ միայն սպառիչ լուծում է տալիս Մուրացանի «գեղարվեստական մեթոդի առեղծվածին», այլեւ առաջին անգամ գրողի ստեղծագործությանն առնչվող խնդիրներն ու պրոբլեմներն դիտարկում է համալիր ամբողջության մեջ, դիմում ընդգրկուն մեկնաբանությունների ու վերլուծությունների՝ հենվելով ոչ միայն հայրենական, այլեւ ռուս եւ համաշխարհային գրականագիտության փորձի վրա։ Ոչինչ չի վրիպում բազմավաստակ գիտնականի տեսադաշտից։ Եվ պատահական չէ, որ Մուրացանի գեղարվեստական մեթոդի թնջուկի կերպ առած հարցը պարզելիս, Սարինյանը կանգ է առնում Մուրացանի ամենավաղ շրջանի մասին պատմող խոստովանություններից մեկի վրա. «Հունաց եւ Հռոմեացոց հին իմաստասերների գրվածքները միայն մտածել են սովորեցրել ինձ»։ Տեսադաշտից դուրս չեն մնում, բնականբար, Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, Հոմերոսը, Միլտոնը, Եղիշեն, Խորենացին, Կողբացին, Շեքսպիրը, Աբովյանը, Պռոշյանը, Դուրյանը, Պատկանյանը, Պեշիկթաշլյանը, Գյոթեն, Բայրոնը, Հայնեն, Պուշկինը, Լերմոնտովը, Բերնարդեն դը Սեն Պիեռը... Հեղինակներ, որոնք, անշուշտ, նպաստել են Մուրացանի մտածողության զարգացմանն ու ինքնատիպության հաստատմանը։ Սարինյանը յուրովի է մեկնաբանում այդ ամենը. «Բեռնարդեն դը Սեն Պիեռի այն պատկերացումը, թե բնությունը «մարդկայնության եւ արդարացիության համընդհանուր օրենքների» կարգադրողն է, իսկ քաղաքակրթությունը այդ ներդաշնակությունը ոչնչացնող չարիք, ըստ էության Մուրացանի ռոմանտիկական բնապաշտության բանաձեւումներից է. «Հին լեռնականների երկիրը ե՛ւ խաղաղ, ե՛ւ գեղեցիկ էր... բայց լուսավորությունը ո՞ր բնական գեղեցկությունը չի աղավաղել, երբ նա բնության այդ ստեղծագործությանը ձգտել է տիրապետել»,- այդպես է դատում «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպի հերոսը»։

Հիրավի, Մուրացանը գիտակ էր համաշխարհային գրականությանն ու իմաստասիրական մտքին, հատկապես նախասիրում էր Սպենսերին, Սպինոզային, Ֆոյերբախին, Տուրգենեւին, Դոստոեւսկուն։ Սարինյանը, սակայն, իրավացիորեն առանձնահատուկ տեղ է հատկացնում Կանտին. «Պետք է ենթադրել, որ Կանտի նկատմամբ Մուրացանն առանձնահատուկ նախասիրություն ուներ եւ ծանոթ էր նրա «Մաքուր բանականության քննադատությունը» եւ «Փորձնական բանականության քննադատությունը» տրակտատներին»։

Ճշգրիտ հարցադրումներն ու գիտական հիմնավոր հետազոտություններն, ի վերջո, հանգեցնում են մի անվիճելի եզրակացության, թե գեղարվեստական մեթոդի ձեւավորման գործում անխուսափելի են գրողի տիպաբանական համակարգում կատարվող փոխներթափանցումները, սակայն դրանց առաձնահատկությունների ու էական կողմերի հստակ ուսումնասիրումը պիտի հանգեցնի ոչ թե մեթոդների թյուրըմբռնմանը, այլ նրանց առավել հստակ դիֆերենցմանը։ Սա գլխավոր խնդիր է, այսինքն կոնցեպտուալ ու հիմնավոր այն մոտեցումը, որը ելակետային նշանակություն է ձեռք բերում ցանկացած կարգի դիտարկումներ ու վերլուծություններ իրականացնելու առումով։

Մուրացանի գեղարվեստական մեթոդի հետ առնչվող հարցերի նախապատմությանը անդրադառնալուց հետո, անցնենք բուն խնդրին՝ պարտքի էթիկային, որի վրա խարսխված է գրողի գեղագիտությունը, եւ, ամբողջությամբ վերցրած, ընդհանուր գաղափարաբանությունը։ Մուրացան գրողի, մտածողի, գեղագետի, փիլիսոփայի, հայրենասերի (այդպես կարող ենք շարունակ թվարկել) ստեղծագործությունների հիմքում մարդկային բարոյականությունն է, որը, անկախ ժամանակի եւ տարածության հարաբերակցության վերաձեւումներից, մշտապես մնում է անփոփոխ՝ իր իմաստային սահմաններն անվերջ ընդլայնող ընդգրկումներով հանդերձ։ Պարտքի էթիկայով են պայմանավորվում Մուրացանի ստեղծագործության մեջ ե՛ւ առաքելության, ե՛ւ ազգային միաբանության, ե՛ւ սիրո, ե՛ւ բնության, ե՛ւ մարդասիրության ե՛ւ մյուս բոլոր գաղափարները։ Բնության օրենքի ու տարերքների հետ «հաշվի նստող» Մուրացանը հենց այս կետում է խիզախում բարձր մնալ նախաստեղծից՝ հանուն այդ նախաստեղծի, մոտենալ արարչությունը չավարտած ու հավերժ արաչագործող Աստծուն, իր ստեղծած գաղափարատիպերով` նրան հուշելով մարդու նոր տեսակ՝ Ռուզան, Գեւորգ Մարզպետունի, Գոռ, Սողոմոն, Աննա... Եվ միանգամայն ճիշտ է նկատված, որ Մուրացանի հերոսներն իրենց «ներարժեք ունակությունը ստուգում» են միայն ու միայն «հասարակական զարգացման օբյեկտիվ օրինաչափություններից դուրս», իրենց անհատական փորձի կամայնությամբ։ «Այս իմաստով նրա հերոսները,- գրում է Սարինյանը,- բացառիկ են, անսովոր եւ հազվագյուտ»։

Գնահատականն, անկասկած, անվիճելի է։ Այստեղ եւս կարեւոր դերակատարություն ունի գրողի ռոմանտիկական աշխարհայեցողությունը։ Եվ բացառիկ ու արտակարգ, անսովոր իրավիճակները ստեղծագործության մեջ հասունացնում այնպիսի կերպարներ, գաղափարատիպեր, հերոսներ, որոնք ներառվելով ծավալվող գործողությունների մեջ, ամենածայրահեղ հանգամանքներում անգամ դրսեւորում են հոգու կորով, բարոյական բարձր հատկանիշներ, պարտքի ու պարտականության խորը զգացում եւ կայացնում անսխալ վճիռներ, դրսեւորում անձնուրացություն եւ անձնազոհություն։ Բնավորության այդ գծերը հարոսներին են անցնում հենց հեղինակից։ Հիշենք Ավետիք Իսահակյանի խոսքը. «Հայ ժողովուրդը չպիտի մոռանա նրան (Մուրացանին - Վ.Հ.) ոչ միայն որպես մեծատաղանդ գրողի, այլեւ որպես մի պատկառելի անձնավորության, որ ընդունակ էր իր գաղափարների համար ամեն կարգի զոհողության»։

Թվում է Վարպետը բնութագրում է ոչ թե Մուրացանին, այլեւ նրա Ռուզանին, Գեւորգ Մարզպետունուն, մյուս դրական հերոսներին, որոնց մասին առաջին ճշմարիտ դիտարկումները կատարել է Ա. Տերտերյանը։ «Մուրացանի անձնուրաց հերոսները,- գրում է նա,- ներդաշնակ, հարմոնիկ հոգեկան աշխարհ ունին։ Նրանց մեջ հավասարապես զարգացած են կամքը, զգացմունքը եւ միտքը։ Մարդ զարմանում է, երբ լսում է նրանց խոսքերն ու վեճը. ի՜նչ խելք, ի՜նչ մտքի ճկունություն ու խորաթափանց ներքնատեսություն։ Մուրացանի սիրած հերոսները երկաթե լոգիկա ունին, որոնք ոչ միայն զգացմունքների ծով են, այլ մտքերի։ Եվ վայ նրանց, ովքեր կընկնեն այս հերոսների ջախջախիչ քննադատության հարվածների տակ»։

Եվ որքան վեհ հատկանիշներով է օժտում Մուրացանն իր սիրած հերոսներին, այնքան ավելի ուժգին են դառնում նրանց բախումները արատավոր ու տխեղծ աշխարհի հետ, գրողի ստեղծագործության մեջ ավելի են զորեղանում կրքերը, կոնֆլիկտները խորանում են, իրադրությունները ծայրահեղորեն սրվում, առավել բորբոքուն դարձնում գրողի պոլեմիկան։ Մուրացանի պանթեիզմը ներկայանում է իր յուրօրինակ կողմերով։ Եվ մարդը, որպես բնության զավակ, նրա հանդեպ աստվածային պարտքի զգացում ունի իր մեջ, որը նախաստեղծ է՝ ինչպես աշխարհն ինքը։ Աշխարհ, որ սկիզբ ունի, բայց այդ սկիզբը չունի սկիզբ (Կանտ)։ Եվ հենց այստեղ է, որ Մուրացանի միջոցով նրա հերոսներին փոխանցված սուբյեկտիվիզմն ուրվագծում է գրողի հավատո հանգանակը։ Այն կարելի է բանաձեւել մոտավորապես այսպես՝ աշխարհը պետք է վերափոխվի ոչ թե սոցիալ-տնտեսական բարենորոգումներով, այլ մարդու բարոյական հատկանիշներով։ Այս կոնցեպցիան, անշուշտ, անուղղակի կապ ունի նաեւ «Մի ծաղկով գարուն» մուրացանյան փիլիսոփայական ձեւակերպման հետ, որը ինչքան պարզ, նույնքան աֆորիստիկ է ու հագեցած անհատական ու ազգային կենսափորձով։ Հետեւապես, «Մի ծաղկով գարուն»-ը «քաղված» է ոչ թե գրողի գեղարվեստական երեւակայությունից, այլեւ մեր ազգային մտակառույցի (մենթալիտետ) բնորոշ արտահայտությունն է այն։ Մուրացանը ձգտում է «հասարակական արդարություն» (Ֆոյերբախ) հաստատելու միջոցով, հասնել կյանքի բարեփոխման։ Ի ծնե մարդը, ըստ գրողի կենսափիլիսոփայության, ներքին պարտք ունի մայր բնության, մայր ժողովրդի, Աստծո առջեւ։ Եվ, ընդհանրապես, Մուրացանի գեղագիտության մեջ բնությունը եւ հասարակությունը միաձույլ են։ Հիշենք, թերեւս «Գեւորգ Մարզպետունի» պատմավեպի այն հատվածը («Ծովամարտ»), ուր բնությունը եւս միանում է Աշոտ Երկաթի փոքրաթիվ ջոկատի քաջերին։

Երբ թշնամու նետաձիգները խմբվում են իրենց զորապետի՝ Բեշիրի շուրջն ու սկսում «առաջանալ դեպի ծովափը», տեղի է ունենում հրաշք։ «Նրանցից շատերը,- գրում է Մուրացանը,- սկսան քաջաբար աղեղները լարել, նետեր արձակել, բայց բնությունն ինքը օգնության էր հասնում հայերին։ Արեւը նրանց ետեւը լինելով՝ յուր հրափայլ ճառագայթներով խտղտում էր արաբացի զինվորների աչքերը։ Այդ պատճառով նրանք չէին կարողանում իրենց նետերն ուղղել նպատակին, այլ մեծ մասամբ ձգում էին ծովի դատարկ տարածության մեջ։ Մինչդեռ հայերն, ընդհակառակը, չէին շեղում։ Նրանց պողպատյա փքինները թափանցում էին թշնամու ասպափակը, պատառում էին կաշվե վահանակները եւ անարգել ցցվում զրահապատ կրծքերի մեջ, խլում զորականի սաղավարտը, փշրում նրա երասակալը, կամ շամփրում ասպարից դուրս գտնվող սրունքները։ Ծովափը հետզհետե ծածկվում էր դիակներով. եւ սակայն Բեշիրը դիմադրում էր համառությամբ, հուսալով վերջ ի վերջո վանել ծովի միջից հերոսաբար կռվող քաջերին։ Բայց նրանք ընդակառակը, հետզհետե զորանում եւ ավելի ու ավելի մոտենում էին ափին։ Այդ հանգամանքը զարմացնում է արաբացիներին»։

Ինչպես տեսնում ենք, Մուրացանն իր ներքին հատկանիշներով՝ անձնազոհություն, քաջություն, նվիրում, հայրենապաշտություն, օժտում է ոչ միայն իր կերտած հերոսներին, այլեւ բնությանը, որը եւ, մարդու ներքին աշխարհաստեղծությանը զուգահեռ, նույնպես վերակերտվում է։ Ուրեմն, անձնազոհ քաջի մեջ խոսում է պարտքի զգացումը թե՛ ժողովրդի, թե՛ հայրենի սար ու ձորի, քարի, ծառի, անձրեւի հանդեպ։ Պարտքի էթիկան Մուրացանի մոտ վերաճում է խղճի, դառնում նրա գեղագիտության եւ կենսափիլիսոփայության ակունքը։ Եվ հետաքրքիրն այն է, որ պատմական անձնավորությունները, վերակերտվելով գրողի գրչի տակ, ոչ միայն չեն կտրվում իրական հողից, այլ ավելի ամուր են կանգնում հայրենի եզերքին, ինչպես բանաստեղծը կասեր, զուգաճորդն են դառնում հողի։

Դառնանք Մուրացանի «Ռուզան» դրամայի գլխավոր հերոսուհու ողբերգական կերպարին. ի վերջո, ի՞նչն է նրան մղում ինքնազոհության։ Մի քանի բառով կարելի է ասել՝ երկրի սերը, ժողովրդի ճակատագիրը։ Վաղ հասակից, Մուրացանի գաղափարախոսության մեջ առաձնահատուկ տեղ ուներ ազգային փրկության խնդիրը, որը եւ նրան տարավ դեպի պատմության խորքերը՝ գտնելու լույսի բանալին, ապագայի անսխալ ուղին։ Եվ հենց այս որոնումներում էլ իր համար նա հայտնաբերում է ազգի գոյության այն ներուժը, որի հիմքն են կազմում բարոյականությունը, խիղճը, ժողովրդի հանդեպ պարտքի զգացումը։ Գրողը կարեւորում է եկեղեցու անփոխարինելի դերը ազգապահպանության գործում։ Եվ պատահական չէ, որ գրական իր մուտքը նա նշանավորում է Բաղդասար Մետրոպոլիտին նվիրված մի «փոքր ի շատե ընդարձակ» երկով՝ վավերացնելով «Հասան Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը եւ այդ ազգի շառավիղ եւ Աղվանից կաթողիկոսության վերջին ժառանգ՝ Բաղդասար Մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի կենսագրությունը»։ Ասում են՝ պատմությունը դադարում է պատմություն լինելուց միայն այն ժամանակ, երբ արդիականության վրա չի ազդում։ Արցախում, որ, Րաֆֆու խոստովանությամբ, «պահպանվել էին հայկական իշխանությունները», մեր ժողովրդի պատմության դեռեւս չբացված ծալքեր շատ կան, որոնք մեծ դասեր են պարունակում իրենց մեջ։ Եվ, ինչպես Ս. Սարինյանն է արձանագրում, առաջինը հենց երիտասարդ Մուրացանն էր, որ անդրադարձավ այդ թեմային, խոստովանելով. «Արցախ, որ Հայաստանի մյուս նահանգներին համահավասար եւ գուցե երբեմն առավել եւս թշվառության կրած է թշնամյաց գազանության եւ ավերածների երեսից, մինչեւ այժմ շատ սակավ արժանացած է մեր հետախույզների ուշադրության... Արցախու բազմաթիվ անորայք, անառիկ ամրոցներ, դժվարամատույց անձավներ եւ վերջապես յուրաքանչյուր լեռ ու դաշտ, անտառ ու ձոր էջեր գրավելու արժանի անցքերի հիշատակներ ունին»։

Դիմելով «Ռուզանին», Մուրացանը կանգ առավ բազում հիշատակներով լեցուն պատմական այն դեպքերի վրա, որոնք, ինչպես ասում են, լույս են սփռում ոչ միայն անցյալի, այլ նաեւ ներկայի ու ապագայի վրա։ Դեպքերի ու իրադարձությունների ընթացքն ավելի պակաս ազդեցություն չի թողնում երիտասարդ Մուրացանի կենսափիլիսոփայական հայացքների ձեւավորման վրա, քան աշխարհի մեծամեծ փիլիսոփաներն ու գրողները։ Եվ եզրահանգումը գրողի համար վերջնական էր ու ամբողջ կյանքում անփոխարինելի. «Այո՛, հայն էլ լույս կտեսնի, Միայն թե լինի միաբան» («Պատկեր»)։ Միաբանությունն իր մեջ ներառում է շատ հատկանիշներ եւ, ըստ Մուրացանի, դրանցից առաջինը հենց հայրենասիրությունն է, որի մեջ մտնում են եւ խիղճն ու պարտքի զգացումը, եւ անձնազոհությունը, եւ լուսավորչականությունը, եւ... Մի խոսքով, այն ամենը, ինչը ամբողջացնում է լիարժեք մարդու կերպարը։ Մանավանդ, չմոռանանք, որ Մուրացանը սիրում է ասվածին զուգորդել նաեւ... չասվածը։

Սիրած հերոսների հոգեբանական ապրումների ուրույն պատկերումով է Մուրացանը ներկայացնում գեղագիտական իր ըմբռնումներն ու սահմանում կենսափիլիսոփայական իր հավատամքը, որին նա հարազատ մնաց ամբողջ ստեղծագործական կյանքում։ Մուրացանը փիլիսոփայում է ամեն բառով, եւ նրա գրականության փիլիսոփայությունը աշխարհվում է իր իսկ կերտած գաղափարատիպերի մեջ։ Սկզբունքային նման խնդիրներում գրողին առաջնորդում է այն հզոր գաղափարը, որը Ա. Շոպենհաուերի մոտ ստացել է այսպիսի բանաձեւ. «Փիլիսոփան երբեք չպետք է մոռանա, որ փիլիսոփայությունը արվեստ է եւ ոչ թե գիտություն»։

Մուրացանի կերտած Ռուզանը, Աննան, Գեւորգ Մարզպետունին, մյուս հերոսները, որոնք հավաքական կերպարներ են, իրենց կյանքի ու գործի փիլիսոփայության մեջ, անշուշտ, կրում են զգացական-գեղագիտական վսեմագույն ազդեցությունների այն ամբողջականությունը, որը գրողի արվեստը դարձնում է առավել կենարար ու գործառնական։

Ի դեպ, քանի որ խոսք եղավ աշխարհի մեծագույն փիլիսոփաների հետ Մուրացանի աշխարհայացքային աղերսների մասին, նշենք, որ «փիլիսոփայական ոլորտները» ընդգրկող կանտյան ըմբռնումների մեջ, ըստ փիլիսոփայագիտական գրականության, առանցքային տեղ ունի «Ես ի՞նչ պիտի անեմ» գիտաբանական հարցը՝ «պարտքի ու ազատ կամքի» հոգեբանական անթաքույց պարունակներով։ Դրա առաջին արտահայտությունը տեսնում ենք հենց «Ռուզանի» մեջ, գլխավոր հերոսուհու խոսքում. «Եվ ուրեմն այսպես. թշնամին չի գոհանում մեր հպատակությամբ եւ ղրկած ընծաներով. նա ինձ էլ պահանջում է յուր կնության. հակառակ դեպքում սպառնում է կոտորել հազարավոր անմեղներ... Ո՜վ, դառն ճակատագիր... Ուրեմն ես, դժբախտության աղջիկս, պատճառ պիտի լինիմ արյունահեղ կոտորածի՞... այսօր ուրեմն, պատճառ պիտի լինիմ արյան ու անեծքի... Օ՜հ, ո՛չ. անկարելի է. այդ չի պիտի լինի... իմ աչքերը չեն տեսնի այդպիսի աղետ. եթե պետք է զոհ, ապա թող զոհեն ինձ...»։

Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը ենթադրում է բարձր առաքինություն ու վեհանձնություն, արժանապատվության, խղճի ու պատասխանատվության խորը գիտակցում, առանց որոնց ոչ մեկի մեջ երբեք չի էլ ծառանա «Ես ի՞նչ պիտի անեմ» հարցումը, որն ավելի շատ պատասխանի պես է հնչում. «...Եթե պետք է զոհ, ապա թող զոհեն ինձ», փիլիսոփայական մի ընդհանրացում, որ, ավելի ուշ, Չարենցի «Մահվան տեսիլում» պատգամի ուժ է ձեռք բերում. «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»։ Ռուզանը թույն ընդունելով, իր «վերջին պարտքն» է կատարում։ Եվ նրա խոսքն ավելի համոզիչ ու հուզական է դառնում, երբ «կյանքին ու աշխարհին վերջին բարեւը տալու» ժամն է հասնում։ Հայրենի բնությունը, ժողովուրդը հայոց եւ Աստված դարձյալ մի անբաժանելի միասնականության մեջ են. «Այժմ մնաք բարով, հայրենի լեռներ, հայրենի երկինք, հայրենի արեւ, ձեզ վրա եմ նայում ես վերջին անգամ եւ ձեզ նվիրում իմ ետին շունչը, իմ օրհնությունը... Մնաս բարով եւ դու, հայոց ժողովուրդ, քեզ սիրեցի ես կաթոգին սիրով եւ քո փրկության սեղանի վրա դնում եմ, ահա, իմ ողջակեզը... ընդունիր այս զոհը եւ աղոթիր Աստծուն, որ սա լինի վերջինը այն անբավ զոհերի, որ քո որդիքը բերին քեզ կամակար...»։

«Ռուզան» դրաման ժամանակին մեծ աղմուկ է հանել՝ հռչակ բերելով հեղինակին։ Սակայն եղել է նաեւ «անվերապահ մերժող քննադատական», որով հանդես է եկել Լեոն՝ հեղինակին մեղադրելով գեղագիտական ու բարոյական, իբրեւ թե՝ սխալ, ըմբռնումների մեջ. «...Դա ինչ թշվառ հայրենասիրություն է, որ թույլ է տալիս մի օրիորդի ընկնել թշնամու գիրկը՝ հայրենիքի ազատություն ձեռք բերելու համար»։ Այս մասին հետագայում ցավով է հիշել Դ.Դեմիրճյանը. «Մուրացանին լավ չհասկացան։ Չհասկացան Ռուզան հերոսուհու մեջ գերագույնը, տիրապետող գաղափարը, ժողովրդին փրկելու եւ իրեն զոհելու երկընտրանքի դժվարությունները»։ Նվիրվածության մարմնացում է Աննան («Խորհրդավոր միանձնուհի»), որին Մուրացանը «չար աշխարհի խավարի դեմ» պարզեց որպես անստվեր լույսի խորհուրդ՝ բարոյական-հոգեբանական նրա հատկանիշների անզուգական վերաիմաստավորումով հրաշակերտելով մեր գրականության մեջ, թերեւս, բոլորովին նոր, իսկապես, բացառիկ հերոսուհու մի կերպար, ինքնապաշտ ու խոտորուն ժամանակներին գրողը հակադրեց Աննայի նկարագիրը։ Հետագայում մեծ գեղագետն ինքն է խոստովանել. «... այդ կինն յուր սեռի մեջ միակն էր ու առաջինը, որ հասարակաց բարվույն նվիրվելու ծանրագույն խաչն ստանձնեց...»։ Պիտի ասել, ընդհանրապես, որ Մուրացանի ստեղծագործության մեջ, նկատելի ընդգծումով, որը եւ հեղինակի որոշակի նախասիրության մասին է վկայում, կինը ներկայանում է հավաքական կերպարի այնպիսի գծերով, որոնք իրենց մեջ կրում են հասարակության եւ հայրենիքի հանդեպ պարտքի ներհուն ընկալումներ ու զգացումներ։ Եվ դա միանգամայն հասկանալի է. եթե ազգի ու երկրի բարօրությունը Մուրացանը տեսնում է մարդու հոգեկան-բարոյական արժեքների մեջ, ապա այդ ամենի ակունքում, ի վերջո, ընտանիքն է, ընտանիքում՝ կնոջ անգերագնահատելի դերը։ Մանավանդ, երբ «կնոջ պարտավորությունը միայն սիրելը չէ եւ յուր զգացմունքները կառավարելը չէ, այլեւ մարդուց հոգու վերա իշխելը եւ նրա զգացմունքները կառավարելը», ասել է թե՝ «բնությունը կանանց ձեռքի մեջ է ժողովել մարդկանց բոլոր զգացմունքների գաղտնի լարերը»... Ինչպես տեսնում ենք, Մուրացանի գաղափարական միտումները պարզորոշ են։ Եվ մարդն, ըստ գրողի, ընդհանրապես, Աստծո առաքյալ է երկրի վրա։ Ահա ամենեցու առաքելության հենց այս ելակետի վրա էլ վերակերտվում է Աննայի բարոյական նկարագիրը, որի մեջ եւ անդրադարձվում են Մուրացանի գեղագիտության ամենանուրբ կողմերը։ Անհատը, բախվելով իրականությանը, իր մեջ ցանկալի վաղվա ու ապագայի հոգեւոր սաղմերն է հասունացնում, ընդհուպ մոտենալով մի եզրագծի, ուր գալիքի համար պայքարի գաղափարը առաջադրում է բոլոր մեծ հոգիներին հատուկ խնդիր՝ ո՞րն է ուղին։ Նույն դիլեմայի առաջ է կանգնում եւ Աննան. «Ի՞նչ անեմ...»։ Անձնականի զոհաբերությամբ նա ձգտում է հասնել հայրենականի փրկությանը, որը եւ նրա համար, ի վերջո, շեքսպիրյան տագնապով հնչող «լինել-չլինելու» հարց է։ Եվ որքան էլ «իդեալների փլուզման էլեգիական վերապրումները» խորը լինեն, կարեւորը պարտքի, պարտականության ու անելիքի ճանաչումն է։ Դրան էլ մշտապես հետամուտ է գեղագետ Մուրացանը։

Մուրացանի աշխարհայացքի ձեւավորման գործում զգալի է, անշուշտ, հին հունական փիլիսոփայության դերը։ Եթե Պլատոնը, ասենք, բարոյականը բարձր է դասել գեղագիտականից, ապա Մուրացանի մտածողության համակարգում երեւույթը ներկայանում է այլ ձեւով՝ բարոյականը բարոյական է, եթե գեղեցիկ է, գեղեցիկը գեղեցիկ է, եթե բարոյական է։ Երկու դեպքում էլ Մուրացանին եւս առանձնահատուկ է «բարիքի գաղափարը»։ Անդրադառնալով այս պրոբլեմներին, իր «Փիլիսոփայություն» հանրահայտ աշխատության մեջ Վ. Կանկեն նշում է. «Համոզված լինելով, որ գաղափարների մեջ տիրապետողը բարիքի գաղափարն է՝ իր դատողություններում խիստ հետեւողական Պլատոնը յուրաքանչյուր գաղափարի «ծանրաբեռնում է» բարոյական բովանդակությամբ։ Եվ պետք է նշել, որ այս ուղղությամբ նա գործում է բավական նպատակամետ կերպով։ Գաղափարը միաժամանակ վերածվում է իդեալի, կերպարի, նույնիսկ բարոյական կերպարի»։ Կարծում եմ, հայացքների առկա ընդհանրության մասին այստեղ մեկնաբանումները միանգամայն ավելորդ են։

Մուրացանի կենսափիլիսոփայության ակունքները խորն են։ Նա զարգացնելով ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային գրականության ու փիլիսոփայության հարուստ ավանդները, վարպետությամբ է կատարում հոգեբանական ներսույզ վերլուծություններ ու հետազոտություններ։ Այս առումով մի ինքնատիպ ու անգերազանցելի գործ է «Գեւորգ Մարզպետունին», որի հենքում եւս պարտքի էթիկան է՝ հասկացության ամենախորը ընդգրկումներով։ Այստեղ հեղինակն արդեն գործ ունի ոչ թե զուտ պատմագեղարվեստական պատկերի, այլ բավականին ընդգրկուն մի համապատկերի, առավել գլոբալ խնդիրների ու նպատակների հետ։

Առանց պարտականության, մարդը դադարում է բանական էակ լինելուց, եւ այստեղ է, որ բարոյականությունը փիլիսոփայականից վերաճում է գեղագիտական կատեգորիայի։ Մուրացանը չի գիտաբանում, նա պարզապես արվեստի ուժով պատկերում է երեւույթները՝ ուրվագծելով ժողովրդի ազատության ուղին։ Եվ նրա եզրահանգումը հստակ է ու միանշանակ. «Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնելը սրբազան պարտք է։ Այդ պարտքից ոչ ոք չպետք է փախչի»։ Պարտք, որն իր մեջ ընդգրկում է անհատի բարոյական բոլոր հատկանիշները, ընդ որում՝ «անձնական գայթակղությունները» հակադրելով համընդհանուր գաղափարների։ Դիմենք դարձյալ Կանտի փիլիսոփայական տրակտատին. «Պարտականություն։ Դու բարձր, մեծ բարբառ, քո մեջ չկա ոչինչ հաճելի, որ շոյի մարդկանց, դու պահանջում ես ենթակայություն, թեկուզ կամքը հակադրելու համար, եւ չես սպառնում նրանով, որ հոգու մեջ ներշնչես բնական խորշանք, երկյուղ, դու միայն սահմանում ես օրենք, որ ինքն իրեն թափանցում է հոգու մեջ եւ նույնիսկ հակառակ կամքի կարող է հարգանք առաջացնել քո նկատմամբ (թեեւ ոչ միշտ կատարում), քո առաջ խլանում են բոլոր հակումները, թեկուզ գաղտնի հակադրվեն նրանք քեզ, որտե՞ղ է քո՝ միայն քեզ արժանի ակունքը եւ որտե՞ղ են քո ազնվաբարո ծննդյան արմատները, որոնք հպարտորեն մերժում են ամեն կարգի հակումների մերձեցում եւ որտեղի՞ց են ծագում արժանապատվության այն անհրաժեշտ հանգամանքները, որ միայն մարդիկ կարող են տալ իրենց»։

Մուրացանի կենսափիլիսոփայությունը, հիրավի, ընդգրկուն է։ Եվ նա` լինելով «կանտական էթիկայի հետեւորդը» մեր իրականության մեջ, կատարում է իմաստասիրական մեծ ընդհանրացումներ։ Հիշենք «Գեւորգ Մարզպետունու» հերոսներին՝ Աշոտ Երկաթին, Սեւադային, Ցլիկ Ամրամին, Սահականույշին, Ասպրամին, Գոռին, մյուսներին, որոնք, իրադարձությունների ու վիճակների բերումով, հայտնվել են ամենաէքստրեմալ վիճակների մեջ, շատ հաճախ հակադիր բեւեռներում։ Մինչդեռ հայրենիքի փրկության ու «կենտրոնական ամուր իշխանության» նպատակն ու գերխնդիրը ենթադրում է միայն ու միայն միաբանություն, որով եւ կարող են պարտահատույց լինել ժողովրդին՝ վերահաս վտանգի պահին։ Մուրացանի հերոսների հոգեկան-զգացական աշխարհը լավագույն ձեւով են ներկայացնում հենց վեպի տարբեր գլուխների տրված վերնագրերը, որոնք սուր, գերլարված ու դրամատիկ պահերի վերարտադրություններ են՝ ուժեղ կոնտրաստներով՝ «Կույր աչքը կներե, կույրը սիրտը չի ներիլ», «Ջրից փախչողը՝ կրակի մեջ», «Մի դալար բողբոջ չորացած ծառի մոտ» եւ այլն։ Աշոտ Երկաթը հայրենիքի համար զոհում է իրեն՝ դրա մեջ իր հոգու մեծ պարտքը տեսնելով, նա ամեն կերպ, ամեն արարքով ջանում է գեթ մի նշույլ քավել անցյալի մեղքերը. «...Կռվի մեջ ստացածս մահը կարող է իմ անունը փառավորել։ Ես իհարկե, չեմ մտածում իմ հիշատակի, այլ հետնորդների մասին, իմ մահվամբ ես մի խրախուսական օրինակ կթողնեմ նրանց համար...»։

Հայրենիքի հանդեպ ունեցած սիրո եւ պարտքի մեջ ոչ-ոքի չի ուզում զիջել եւ Սահակ Սեւադան, որի մեջ անձնականից, որքան էլ այն ճակատագրական լինի, վեր է ազգային շահը։ Եվ բավականին բնութագրական է, այս առումով, նրա խոստովանությունը միաբանության կոչող Մարզպետունուն. «Ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբդ գերազանցես ինձ։ Ես թողնում եմ իմ վրեժխնդրությունս»։

Բավականին ինքնատիպ ու հետաքրքիր է ճգնավոր Սողոմոնը, բարոյականության մի անզուգական տիպար, որ առաջիններից մեկն է զենք առնում «հայրենյաց վտանգի» ժամին. «Ես կմնամ իմ ժողովրդի հետ, երբ նա կռվե՝ կաղոթեմ, մեռնի՝ կմեռնեմ նրա հետ»։

Մուրացանի բառը մարտնչող է։ Եվ գեղագետ Մուրացանի հերոսներին միաբանության է մղում պարտքը հայրենիքի հանդեպ, միակ զգացումը, որ կարող է ետին պլան մղել մնացած ամեն ինչը։ Եվ Գեւորգ Մարզպետունին իշխանական բոլոր տներին հորդորում է մոռանալ անձնական խորը վիրավորանքներն ու կանգնել ազգի ու երկրի փրկության դիրքերում։ Մարդկանց միաբանելու այս հատկանիշն է նաեւ, որ մեր հերոսական էջերով հարուստ պատմավիպասանության հզոր կերպարների մեջ առավել ինքնատիպ գծերով ու գույներով առանձնացնում է Գեւորգ Մարզպետունուն։ «Գեւորգ Մարզպետունու կերպարը,- իրավացիորեն նկատում է Ս. Սարինյանը,- Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության ընդհանրացումն է։ Մարզպետունին էթիկական սկզբունքի բարոմետր է եւ ուրույն դեր է ստանձնում պատմական իրադարձությունների, մարդկանց ճակատագրերի բարդ հանգույցում։ Մուրացանը գեղագետի վարպետությամբ է տեղադրել նրան վիպական իրադարձությունների ոլորտում։ Մարզպետունին բարոյական սկզբունքի եւ բարոյական մարդու մի գեղացիկ ներդաշնակություն է»։

Մուրացանի ամբողջ ստեղծագործության մեջ գլխավոր ու առանցքային տեղ ունի ազգի ու հայրենիքի ազատության գաղափարը, որը եւ, բնականաբար, նրան մղում է բարձրագույն նպատակների իրագործման, սահմանում գեղագիտական ըմբռնումներն ու սկզբունքները։ Ամենուրեք, գրողի գործերի մեջ, անձնականի ու անանձնականի պայքարն է, ուր եւ, ի վերջո, առաջնությունը շահում է... պարտքի գիտակցումը, մարդու բարոյական անաղարտության ու կյանքի իմաստավորման գլխավոր նախապայմանը։

2002թ.