Jump to content

Պեմզայի հանքերում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՊԵՄԶԱՅԻ ՀԱՆՔԵՐՈՒՄ

Անի կայարան՝ ցամաք դաշտի մեջ մի քանի սպիտակ տներ՝ պառավ ակացիաների ստվերի տակ. հողածածկ խրճիթներ՝ մակաղած հոտի նման: Կայարանի հերթապահը դժկամորեն մոտենում է պղնձյա զանգին, ասես կսկծում է, որ գնացքն այդքան քիչ է կանգնում: Ապա շոգեմեքենայի զիլ սուլոցը, որից դողում են ակացիաները: Գռռալով գլորվում են վագոնները, ռելսերի վրա թողնում տաք գոլորշի, մազութի կաթիլներ: Առաջին կեռմանում մի անգամ էլ է ծվծվում մեքենան, ինչպես ճայը ծովի վրա ու ծածկվում է բլուրների հետև, հետքից ցամաք հողի վրա նետում ծխի ժապավեն:

— Ընկեր, որտե՞ղ է «Անի-Պեմզան», — հարցնում եմ:

— Պեմզայի զաղե՞քը, — պատասխանում է ինձ զանգահարը և ձեռքով ցույց տալիս դիմացի բլուրի կողմը: — Ահա ճամփեն...

Անիվների զուգահեռ հետքը խոր ակոսներ է գծել, ոտքով ու ձիով մարդիկ են անցել, տրորել ու հարթել ճանապարհը: Դեռ ծեծված ճանապարհ չէ, տեղ-տեղ անցնում է դեղնած ծղնոտի ու խոտի վրայով, իջնում շատ «ուսուլով», ինչպես տեղացիք են ասում և ապա նույնքան հանդարտ բարձրանում:

Չի երևում ոչ մի թուփ, ոչ մի թռչուն: Լռությունն այնքան խորն է, որ կարող ես լսել սրտիդ բաբախումը:

Ահա և բլուրը: Հետ եմ նայում. մերկ բազկի նման կեռ է տվել ճանապարհը: Ներքևում կայարանի շենքն ու ծառերը օազի նման են, ավելի շուտ կանաչ պարտեզ՝ ցամաք դաշտում: Իսկ եթե ջուր լինե՛ր, և դաշտն ու բլուրները թաղվեին կանաչի տակ, սպիտակ տները հասնեին Ալագյազի կապույտ գագաթին:

Ճանապարհն անմռունչ եզան նման կախում է գլուխը: Կայարանը, ծառերը, պղնձյա զանգը կարծես սուզվում են ջրի տակ: Արևմուտքում բացվում է մի այլ անծայր տափարակ, եզերված բարձր լեռների պարսպով:

Ու հանկարծ չոր ու ցամաք ձորի մոտ, բարձրավանդակի վրա շարեշար ընկած քարաշեն երկհարկանի տներ, որոնց սպիտակ պատերն ու թիթեղյա ներկված կտուրները չեն համակերպվում շրջապատի ամայության և ծանր լռությանը: Ուրախությունից ուզում ես կանչել Քսենոֆոնի նման, երբ ծովը տեսավ:

Իսկ քառորդ ժամից հետո, բարձր տան սենյակում, որի դուռն անընդդատ բաց ու խուփ են անում, մտնում ու դուրս գալիս, հարցնում, երկար ու կտրուկ պատասխան ստանում այն ընկերոջից, որին բոլորը Քրիստափոր են կանչում և որը բավական աղմուկով կնքում է թղթեր, ստորագրում և միևնույն ժամանակ հրահանգներ տալիս մի քանի լեզուներով, բայց այն առոգանությամբ, որ ունի լեզուն աշխատանքի բովում սովորած մարդը, — երբ տեսնում ենք այդ ամենը՝ ջրի մեջ ընկած ձյունի նման հալվում է ցամաք դաշտի ծանր պատկերը:

— Էստեղ առաջ ոչինչ չի եղել... Քրդերը փորել են մեծ զաղաներ, Խարկովի վակզալի չափ, — ասում է Քրիստափորը և ծիծաղում իր համեմատության վրա: — Այնինչ — ոսկի կա թաղված հողի տակ:

Եվ շտապ մեկին կարգադրում է ինժեներին կանչելու, երկրորդին գիշերվա հերթի աշխատողներին դինամիտ տալու, ու օգտվելով վայրկյանի դադարից հանում է սեղանի դարակից մի թերթ, մեկնում ինձ:

— Նա, կարդա...Իտալիայում պեմզայի փութը 22 մանեթ է ոսկով... Մերը նրանցից լավն է: Զալատոյե դելո, ի՞նչ ես ասում...Կրուգոմ պեմզա: Մեր տակին էլ է պեմզա:

Եվ նա հետ է քաշում աթոռը, կասես պեմզան հատակին է թափված:

Քրիստափորը «ուռում» է, երեսուն տարվա շախտյոր: Նա աշխատել է Չիատուրում, գերմանացիների մոտ, Ալավերդի, Շամլուղ: Կապսում ջրանցքի թունելի քարերը պայթեցնելու գործը նա է ղեկավարել:

— Պադաժդի, դարագոյ, — նորից է դառնում ինձ: — Հիմա կգնաս շախտերը, կտեսնես...

Շախտի անունը տալուց աչքերը փայլում են, դեմքն այլ կերպարանք է առնում: Հասկանում եմ, թե ինչու այդպիսի թափով է զարկում կնիքը: Վարժված ձեռքը ռիթմով կրկնում է 30 տարվա արածը՝ քլունգը զարկում է հանքին:

* * *

Ներքև ձորում պեմզայի մանրուքն ու ավազը բլրանման կիտուկներ են կազմել: Փայտյա բարձր կամուրջի վրայով վագոնները գլորվում են, շրջվում, և պեմզան թափվում է ցած, ծանր ու մեծ կտորները գլորվում են ավելի հեռու, մանրերը՝ մոտիկ: Բահերով լցնում են կլոր մաղերի մեջ, որոնց պտտելուց հողի փշրանքը մաղվում է, և մնում է ոսկեգույն պեմզան:

Հենց այդտեղ էլ բաժանվում են տեսակների՝ «էքսպորտ» և «շինարար» պեմզա: Առաջինը, որ ավելի խոշոր կտորներ է, տեղափոխում են այլ շենք, ուր կանայք թիթեղյա տաշտերի մեջ լվանում են, կոշտ խոզանակով քերում և լցնում միանման պարկեր, որոնց վրա մի կին անընդհատ դրոշմում է. «ANI-ARMENIA»: Ու այդ պարկերը նավի խորքերում դարսած լողալու են ծովեր, օվկիանոսներ…

Բարձրանում ենք պեմզայի կիտուկների վրայով: Իմ ուղեկիցը՝ նիհար ու բարի աչքերով երևանցի Հովհաննեսը, պատմում է, թե ինչ դժվար էր սկզբի տարին:

,— Կոոպերատիվ չկար, ապրում էինք պալատկաների տակ...գալիս էին, մի օր աշխատում, փախչում: Մի խոսք, տաժանակրելի աշխատանք էր… Այ, տեսնում ես մադը, Քրիստափորի շինածն է, ձևը նա է տվել:

Ձագարաձև մի արկղ է, ինչպես ջրաղացի ցորնատունը: Արկղի ներքևում փակցրած են նոսր ու խիտ մաղեր, իսկ ավելի ներքև տախտակի մի ուրիշ արկղ է, շարժական հատակով: Այդ ամբողջ բուրդը շարժվում է էլեկտրական ուժով:

Հանքով բարձած վագոնները մոտենում են արկղին, դատարկվում և հետ վերադառնում: Էլեկտրական մազը և՜ ջոկում է պեմզան, և՜ հողն ու մանրուքը լցնում ներքին արկղի մեջ, որի հատակը բացում են, հողը դատարկ վագոնների մեջ լցնում և հեռու թափում:

— Առաջ մենք էինք գլորում վագոնետը, հիմա ձիերն են քաշում...Միանգամից հինգը-վեցը, — պատմում էր Հովհաննեսը: Մոտենում ենք հանքի բերանին: Կամարաձև կտրվածք է, մաքուր ու չոր, պատերը կոկ, ինչպես գյուղական թոնիրը:

— Սա իմանո՞ւմ ես, ուրիշ շախտի պես չի...Օդը մաքուր, ամառը զով, ձմեռը տաք...Մի քիչ դինամիտի ծուխն ա, թե չէ ի՞նչ կա, ոնց որ Աստաֆյանը...

Բարակ ռելսերն ուղղաձիգ սլանում են ներս: Էլեկտրական ճրագները պլպլում են: Իսկ դուրսն այնպե՛ս արև էր: Պաղ քամի է փչում: Հովհաննեսը վառում է ձեռքի լամպարը: Հեռվից լսվում է թույլ գվվոց, և կանչ. «Հե՛յ…», արձագանքը դրնգում է գետնի տակ, կտուրից մանրիկ փշրանքներ են թափվում:

— Էս կողմն արի, — ձայն է տալիս Հովհաննեսը և պահվում պատի մեջ փորված նիշում:

Հետևում եմ նրան, ու մի րոպե անց լաբիրինթի կիսամութում երևում է ձիու սիլուետը, որ սլանամ է հողմի նման: Հետևից գլորվում են ծանր բարձած վագոնները:

Դուրս ենք գալիս թաքստոցից ու շարունակում մեր ճանապարհը: Շտոյլնյան ճյուղավորվում է, գնում ավելի խոր, բաժանվում են էլեկտրալարերը, վագոնետի գծերը: Դատարկ է, լուռ: Հանքափորները շատ հեռվում են:

Հովհաննեսը հաճախ ձեռքի լամպը մոտեցնում է պատին և ցույց տալիս այն երակը, որի համեմատ և փորում են:

— Սրա վերևը ֆող ա, պեմզան տակն ա...Սա որ ցածրացավ, ուրեմն իմացի, որ պեմզան խորը գնաց: Մեր նշանն էս տամարն ա: Երակը սև շերտով անընդհատ հետևում է, մերթ բարակնում, մերթ լայնանում:

— Սրան էլ խոլխոլ ենք ասում: Սա նշան է տալիս, որ էքսպորտի պեմզա կա, լավ, իմանում ես...Համարյա ֆող չկա էսպես տեղում:

«Խոլխոլը» բնական փչակներ են, լցված պեմզայի խոշոր կտորներով, ասես պարկի մեջ ոսկորներ են լցված:

— Հը՞, աղջի, քնե՞լ ես...Քանի՞ վագոն են հանել: — Նիշից դուրս եկավ մի կին, զգուշությամբ ծածկելով գիրքը:

— 97, — պատասխանեց կինը Հովհաննեսին: Նրա նստած տեղը երկաթագծի ցանցի կենտրոնն է: Հանքահորի զանազան մասերից վագոնետները նրա կողքով են անցնում: Տարօրինակ էր նրա հաշվելու ձևը: Բարակ տախտակի վրա դրված են թվեր ըստ կարգի: Յուրաքանչյուրի մոտ լուցկու հաստությամբ անցք: Կինը մեխի չափ երկաթը տեղափոխում է թվից թիվ և ուզած վայրկյանին ասում վագոնների հաշիվը:

Հովհաննեսը հաշվետախտակին էր նայում, իսկ ես ձեռքս մեկնեցի նրա գրքին: Ահռելի ծանրությամբ սարի տակ, գետնի խորքում, իր նեղլիկ նիշի մեջ վագոնետից-վագոնետ այդ աղջիկը գիր կապ անելով կարդում էր Չեխովի «Կաշտանկան»: Այդ օրը նա 9-րդ էջն էր շրջել:

Մենք ծռվեցինք ձախ: Աղջիկը կուչ եկավ իր տեղում, գլուխը կախեց գրքի վրա...Հեռվից լսվեց ահարկու «հեյը»:

Մութն ավելի թանձրացավ: Իմ ուղեկցի լամպարը լուսավորում էր նեղ շտրեկների դար ու փոսը: Տեղ-տեղ պեմզայի կիտուկներ էին դարսած: Վագոնները դեռ նրանց չէին մոտեցել:

— Այ խոլխոլը...Հինգ վագոն պեմզա կա էս փոքր տեղը, — ասաց Հովհաննեսը և լույսը դարձրեց: Կարծես դիտմամբ իրար վրա շարած քարե պատ էր: Ու լույսի տակ աչքիս ընկավ հանքի պատին փորած մուրճն ու մանգաղը...

— Բրոնյի տղերքն են սարքել, — բացատրեց Հովհաննեսը, լուսավորելով լաբիրինթի կամարները, բազմաթիվ անցքերը, հրապարակները կամ ինչպես նա էր ասում, գաբոյները, շտրեկները:

Լույսերը նորից շատացան: Սակայն նրանք շարժվում էին կամ օրորվում: Ձայներ էին լսվում, մեկը երգում էր խուլ ու մեղմ: Երկու ստվերներ, տաչկաները գլորելով, անցան մեր մոտով, ծռվեցին դեպի երկաթգիծը:

Մենք հանքի խորքերում էինք: Նրանց մոտ, որոնք շապիկն էլ են հանում, որ ավելի համարձակ քլունգով խփեն փուխր հանքին: Քարերը խշրտալով գլորվում էին փոշու ամպի մեջ, նավթի ճրագներն աղոտ փայլով էին լուսավորում:

Մի ուրիշ անկյունում պերֆորատորի պողպատյա բրիչով անցքեր էին փորում դինամիտի համար:

* * *

Մայրամուտ էր, երբ հանքից դուրս եկանք: Սակայն ոչ նախկին մուտքից:

— Ամենապերվի հանքը սա էր, — ասաց Հովհաննեսը: Մուտքը Լոռվա ճորերի տունելի նման բարձր ու կամարաձև, շատ ողորկ ու հարթ սարքած: Մուտքի ճակատին չորացած ճյուղերից պսակ, արևից ու անձրևից խանձված ֆաներայի վրա խունացած տառեր… «ցե մեր Հայաստանի նոր հանքեր. 1925 թ.»:

— Հիմա մի սմենան դուրս կգա, գիշերվանը կմտնի...Ամբողջ սուտկան աշխատանք կա...

Ու մենք իջանք տների կողմը: Փայտյա կամրջի մոտ եզան սայլերի շարանն էր: Բարձում էին պեմզան՝ կայարան տանելու համար:

Տների մոտ մեզ միացավ հանքերից դուրս եկող բանվորների մի խումբ: Նրանք շտապում էին լվացարանների կողմը: Ճանապարհին, թափ տալով փոշին շորերից ու երկարավիզ կոշիկներից, Ուրալից եկած մի ռուս հանքափոր իր հույն ընկերոջն ինչ-որ բան էր պատմում իր երկրից ու նրա հանքերից: Մի հայ բանվոր կոտրատած ռուսերենով նոր զորացրված կարմիր բանակայինին սովորեցնում էր արտհագուստ ստանալու կարգը: Քիչ հետո թիթեղյա թեյամանները շրխկացնելով գորշ բլուզով մարդիկ գնացին դեպի կուբերը:

Բայց և այնպես շրջապատի ցամաք ու մռայլ տեսքն իր կնիքն է դնում պեմզայի «զաղեքի» վրա: Շենքերր դեռ չեն ժպտում, թեկուզ ներսը մաքուր է, մահճակալները կարգով շարած: Ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ հանգստանալու վայր: Քիչ են ընտանիքով ապրող բանվորները. չհաշված սևագործները, որոնք տնից մի քանի օրով են կտրվում, մեծ մասն ապրում է զորանոցային կյանքով:

Թեյից հետո, երբ դուրս եկան բակը հանգստանալու, շատերը հետները հացի փշրանք էին բերել շների համար և թեկուզ մի քիչ կոշտ կերպով, սակայն սրտանց, ուրախությամբ հացի փշրանքները շպրտում էին շներին և շոյում նրանց: Մի քանի հոգի կանգնել էին բակում եղած միակ կանաչ, նոր տնկած ծառի մոտ և նայում էին տերևներին: Նրանցից մեկը կռացավ ու մատներով տնտղեց հողը, արդյոք չի՞ չորացել: Բանվորներից ոմանք, մանավանդ նորերը երբեմն բարձրանում՝ են մոտակա բլուրը և Ալագյազի լանջերին ընկած կանաչ օազների մեջ ջոկում իրենց գյուղը, տեսողությունը լարում ավելին տեսնելու:

Բակում պատերի տակ նստում են, հավաքվում, ոմանք ծխում են, ոմանք զրուցում: Մի խումբ երիտասարդներ քաշքշում են ֆուտբոլի գնդակը: Գալիս է զուռնաչին, թևով սրբում զուռնի լեզվակը և սկսում: Կլոր պարի օղակը լայնանում է, մերթ սեղմվում: Մի ռուս կին անցնում է բակի լայնքով. բազմաթիվ հայացքներ հետևում են: Անկյունում մի այլ խումբ Շիրակի մղկտող ու միալար երգով կանչում է. «Շուշան ջան, ա՛րի»...

Քրիստափորը հաշիվներ է անում և պատմում, թե ինչքան պիտի մեծանա Անի-պեմզան, երբ երկաթուղու գիծն ավարտվի, գնացքը հասնի մինչև հանքերը: Շուտով ստացվելու են մեքենաներ, պեմզայի փոշին մամլելու համար: Փոշին շաղախի համար անփոխարինելի է: Պեմզայի հալոցքը սառչում է, ապակի դառնում: Անսպառ է պաշարը, մինչ խորքը կարելի է գնալ և խլուրդի նման փորել ու հանել: Բացվում են նոր հանքեր, հարուստ «էքսպորտի» պեմզայով:

— Պադաժդի դարագոյ...մենք Իտալիային կխփենք...

Մթնում է: Վառվում են շախմատի կարգով շարված էլեկտրական ճրագները, գոռում են բարաբանները: Սրտի նման բաբախում է դինամոն: Լույսի տակ պեմզայի փոշին կաթնագույն փայլ է ստանում: Հանքահորի առաջ երևում են ստվերներ, որոնց ձեռքի ճրագներն ասես գետնի վրայով են քարշ գալիս:

Բլուրներն ընկղմվում են խավարի մեջ: Լուսավորված զաղան լողացող նավի է նմանվում, որի լույսերը ճոճվում են: Օդը սառնանում է, իսկ հանքի խորքում, ճրագի տակ քրտնած բրոնզի փայլով բազուկները կծկվում են, բրիչով սարը քանդելու: