Jump to content

Օձի բերանից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՕՁԻ ԲԵՐԱՆԻՑ

Երբ պատմում էին ինձ այս ամենը, կասկածում էի, որ գուցե թե դեպքերը շփոթում են իրար, գույները մի քիչ խտացնում, և ավելի հնարում, մանավանդ, որ մենք զրուցում էինք շատ գեղատեսիլ մի բլրակի գագաթի վրա, որի մացառապատ փեշերն իջնում և խոր անդունդ ձոր են գոյացնում, այնքան են մոտ իրար, որ քարայծն էլ կարող է ցատկել: Եվ խոր ու նեղ ձորում մռռալով, քարերն իրար տալով անցնում է Մարցի գետը բաց արնագույն ջրով, որովհետև ակունքների մոտ կարմիր ու մսոտ հողեր կան:

Չատի բիձան էր ասում, թե ինքը շատ պարզ հիշում է այն ժամանակները, երբ պախրաները սուրուով էին գալիս և հենց մեր նստած տեղում արածում: Այն ժամանակ անտառների մեջ կորած այդ գյուղն էլ, ինչպես ալևորն էր պատմում, մոլորած պախրայի պես էր...

Ահա դրա համար էլ հենց թեկուզ Չատի բիձու պատմածից շատ բան ինձ անհավատալի էր, միամիտ առասպել վաղուց անցած այն ժամանակներից, երբ սպիտակ պախրաները լուսնյակ գիշերներին խոտ պոկռտելով, իրար պոզահարելով անցնում էին այն անտառներով ու ձորերով, ուր հիմա շեն ու բարեկեցիկ գյուղեր կան ու ձորի միջով էլ օձապտույտ կեռմաններով վագոններն են անցնում, որպես ուլունքի շարան:

Ու երբ մեզ հետ նստողներից մեկը տեղից վեր կացավ ու ինձ մոտենալով հետ քաշեց շրթունքներն ու ցույց տվեց— ջարդուփշուր եղած, տեղ-տեղ սևացած ատամների շարքը և էլ հետ տեղը նստելով ասաց, որ մինչև հիմա էլ մրմուռն զգում է, ես պատասխան չունեի նրան տալու:

Խուլ երկիր էր: Ձորերում և անտառներում ընկած այդ գետերը` Մարցը, Լորուտը, Շամուտը, Ահնիձորը, որոնց այժմ շրջանում կոչում են Մոտկորի հանրապետություն՝ անտառի խորքում ընկած Մոտկոր ավերակ գյուղի անվամբ, մի գյուղի, որի եղած լինելը հաստատվում է քարե կամոլրջի պատերով, որ հիմա էլ երևում է գետի երկու ափին, հին ճանապարհի հետքով և վերջապես բնակավայրերի խարխլած, կիսաքանդ պատերով, որոնց փլցրել և քարերն իրար են խառնել կաղնին ու լորին և գյուղը կորցրել իրենց թավուտում, — Մոտկորի հանրապետության այդ գյուղերն այն ժամանակ, երբ Չատի բիձան երեխա էր, խաղաղ ապրում էին:

— Ոչ մովրով կար, ոչ էլ խարջ ու տիրություն...մեր կռիվը գայլերի դեմ էր, մեր տանջանքն անտառում վարելահող շքելու համար էր:

Կտրատել են անտառը, ապառաժ տեղերը բարեբեր հող դարձրել, փորել առուներ և ճիլկուտի ջրերը դուրս տարել առուներով, տեղը ցանել կորեկ, գարի: Ամեն տարի մի բան են ավելացրել, բազմացել են ծխերը և եղած տների կողքին նոր տներ են կառուցել:

Խուլ այդ երկրում, այն ժամանակ, երբ Չատի բիձան, որ վերջին քսան տարվա ընթացքում ոտքը գյուղից դուրս չի դրել, որովհետև շատ է ծեր, — երբ Չատի բիձան հորիկն էր քշում, մի օր լուր է ստացվում, որ հեռու մի քաղաքում թուղթ են հանել այն մասին, թե ձորի գյուղերն ու անտառը դեռ էն գլխից, երբ բնակություն էլ չի եղել, պատկանում են Էջմիածնի վանքին: Այդ թուղթը մինչև օրս էլ տեսնող չի եղել, թեկուզ նրա մասին շատ առասպել է հորինված: Ասելիս են եղել, որ այդ հասարակ թուղթ չի, այլ ջեյրանի կաշի, որի վրա ոսկետառ գրված է ռուսաց թագավորի բարևագիրը հայոց կաթողիկոսին և հենց այդտեղ էլ հիշված է, որ Մարցի ու մյուս գյուղերի անտառն ու հողերը վանքինն են և անեծք էլ կա գրված նրա համար, ով կհանդգնի հակառակ խոսել ոսկե գրչով գրածին:

Եվ այդ թղթով էլ սկիզբ է առնում դաժան ու խստաբարո մարդկանց դինաստիան, որոնք, ճիշտ է, ազգակցական կապ իրար հետ չունեին, սակայն լուսավորչական սինոդի կարգադրությամբ մեկը մյուսին էր հանձնում եզան ջղերից հուսած մտրակը և Մարցում եղած ընդարձակ շտեմարանի ու «վանքի տան» բանալիները և գնում հոգևոր հայրերի օրհնությամբ վայելելու այն, ինչ ռամիկ հոտի մսիցն էր պոկված:

Այն, ինչ կատարել են նրանք, որոնք սրբազան սինոդի գործերում հիշատակվում են որպես «Մարցի վանքապատկան հողերի և անտառների պարոն կառավարիչ», իսկ գյուղերում՝ թավադ ու խան, — ինչ կատարվել է նրանց ձեռքով Մոտեորի գյուղերում, գուցե թե առասպել թվա նոր սերնդի համար, որի երևակայությունն անվարժ է պատկերացնելու մտրակի հարվածների տակ մռնչացող շինականին, որ արցունքն է կուլ տվել և կես ուշաթափ վիճակում մի կերպ իրեն աղբյուրին հասցրել, պատառոտած մսերից արյունը լվանալու:

Աղա Դարչո, Մարտիրոս, կուրթանեցի Տիգրան, Շահ Աբասով, Ռոստոմ, — ահա Մոտկորի գյուղերում թագավորած դինաստիան: Սրանցից ամեն մեկը տարբեր ձևով էր գջլում, մեկը մյուսին գերազանցում էր շահատակության, ծեծի ու բանտարկության չափի մեջ: Բոլորն էլ ծեծել են, քիթ ու պռունգ ջարդել, անհնազանդ շինականին սոված, ծարավ գոմում պահել:

Կուրթանեցի Տիգրանի օրոք մահակով էին ծեծում նրան, ով կհանդգներ հակառակ խոսք ասելու և կամ չտար այն, ինչ սահմանում էր ինքր՝ «պարոն կառավարիչը»: Ռոստոմի տիրապետության օրոք մահակը վերացավ և նրան փոխարինեց պլաստուն կազակներից վերցրած պլետը, որով ծեծում էին մարմնի բաց մասերին՝ թիկունքին, ուսերին, ոտքերին: Ռոստոմը, որ դինաստիայի վերջին ներկայացուցիչը եղավ, «հանցավորին» կապել էր տալիս սյունին և ծեծում այնքան, մինչև պլետի կոթը ցավեցներ իր ձեռքը, որից հետո պլետը հանձնում էր իր շքախմբից որևէ մեկին:

Դարչոյի հաջորդ Մարտիրոսի բարքերն ավելի կոպիտ էին: Նա չէր գործադրում ոչ մահակ և ոչ էլ պլետ: Նրա հետ ման եկող մարդիկ հաստ սապոգներ ունեին, պնդագլուխ մեխերով, նրա հետ ման եկող մարդիկ ունեին փթանոցի պես բռունցքներ: Տրորում էին սապոգի տակ, մեխերը խրվում էր մսերի մեջ և սապոգի տակ էին մնում մսի կտորները: Ու եթե թավադն աչքով աներ ու բռունցքը ցույց տար, կարկտի պես էին թափվում բռունցքի հարվածները, արնակոլոլ «մեղավորն» ընկնում էր գետին և փորսող տալով աղերսում:

— Պլետը միշտ մեր գլխից անպակաս էր, — Չատի բիձու պատմությունն ընդհատեց գյուղացիներից մեկը, — էն է հա՛, փախչում էինք, քոչում, որ վանքի ձեռիցն ազատվենք: Եթե էսօր էլ աղքատ ենք, նրանց աղքատն ենք: Ճանճի պես հյութներս քաշում էին, թողնում չեչը...Ես երկու տղա ունեի, մեկ էլ ես, օրնիբուն աշխատում էինք ու միշտ էլ սոված մնում...

* * *

Մարցի և հարևան գյուղերի յուրաքանչյուր ծուխ վանքին էր տալիս տասը խուրձից մեկը, ամեն կովից երկու գրվանքա յուղ, տունը մի ռուբլի անտառից փայտ բերելու համար, ոչխարի մի օրվա կիթը, տասը սայլ խոտից մի սայլ, հարյուր խոզից հինգ խոզ անտառում կաղին ու աճար ուտելու համար: Բացի տասանորդից հօգուտ վանքի գանձում էին «աթոռահաս», — յուրաքանչյուր պսակի համար 3 ռուբլի և «հոգեբաժին» — մեռնողից մի ռուբլի:

Բայց այդ միայն «ոսկի գրիչով» սահմանածն էր: Իրականում ավելին էին գանձում: Բերքը հասնելուց, երբ խուրձեր էին անում, ոչ ոք իրավունք չուներ խուրձը կալ բերելու: Պիտի սպասեին, որ թավադը գար, դաշտերում ման գար, խուրձերը հաշվեր և իր ցուցակում նշանակեր: Կալը կարող էին կալսել միայն նրանից հրաման ստանալուց հետո: Եվ վա՛յ նրան, ում հետ թշնամություն ուներ, խուրձերն ավելի էր նշանակում, հրամանն ուշ տալիս, անձրևի տակ հասկը ծլում էր, խուրձերը սևանում էին, բերքն իզուր կորչում, իսկ աշնանը նա պիտի տար այն, ինչ նշանակած էր ցուցակում:

Թավադը մենակ չէր ման գալիս: Նրանք իրենց ստորադրյալ ձիավորներն ունեին: Շահ-Աբասովը քսանից ավելի ձիավորներ ուներ, որոնց մի մասն անտառապահներ էին, սակայն բերքը հավաքելուց նրա հետ էին ման գալիս և սանձերը թույլ թողնում, որ ձիերը խժռեն գարու խուրձերը:

Թավադի մարդիկ ռոճիկ չէին ստանում, թեկուզ օրնիբուն ձիու վրա էին և որպես անգղներ պտտում էին գյուղերի վրա ու որս ճարելիս վրա տալիս:

— Դու ինձ բռնի, ես գիտեմ իմ շահին ումնից կառնեմ, — ասում էին նրանք թավադին և գործի մտնելու հենց առաջին օրից աշխատում էին շահել տիրոջ վստահությունը:

Եվ այն օրից մինչև հիմա գյուղում շատ խոսքեր են մնացել, որ օտար մարդուն հասկանալի չեն: Եթե մեկը դաժան է, նրա մասին ասում են, որ «Ռոստոմ մարդ» է, եթե ձին հարեվանի արտն է ընկնում և հասկերն ուտում, գանգատավորը ձիատիրոջ հասցեին գյուղի հրապարակում մի քանի խոսք ասելուց, պիտի հիշի «թավադների ձիուն»:

Ամեն գյուղում նրանք ունեին իրենց հավատարիմ մարդիկ, որոնք, ինչպես Չատի բիձան էր ասում, շպիոն էին, թավադի աչքն ու ականջը: Նրանք հաղորդում էին, թե գյուղում ինչեր են խոսում, ո՞վ է ամենից շատ տրտնջում, ո՞վ է առաջարկում գնալ քաղաք, օրենքին դիմել և կամ խնդրագիր ուղարկել Էջմիածնի սինոդին, որ տուրքը քչացնեն և կամ թողնեն, որ վանքի նշանակածը գյուղն ինքը գանձի առանց թավադի ու նրա մարդկանց:

Հենց մյուս օրն էլ ծեծ էր ուտում նա, ով համարձակվել էր բերանը բաց անել, և կամ տուգանք էին գրում, իսկույն արձանագրություն կազմում, որ նրա խոզերն անտառն են փչացրել. գործը գնում էր պրիստավին:

Ռոստոմի ժամանակ այդ էլ էր վերացված: Էջմիածնի սինոդից նշանակված «պարոն կառավարիչը» գյուղացիների ներկայությամբ պրիստավի վրա էլ էր գոռգոռում: Վերջինս միշտ նրանց հլու գործակատարն էր, իսկ Ռոստոմի ժամանակ նրան հետևող ձիավորներից ամեն մինը մի պրիստավի ուժ և իշխանություն ուներ, որովհետև կարողանում էր ծեծել ում ցանկանար, բանտարկել և նույնիսկ սպանել:

— Ում հետ թշնամի լինեին, ավելին ուզեին...ժողովրդի մեջ լեզու չկար, ով ուզեր խոսի, գլխին տալիս էին: Մի ձմեռ էլ երեք մարդ ենք ջոկել, որ գնան Թիֆլիս քաղաքում մի ադվակատ բռնեն վանքից մեզ ազատելու: Թե էն սհաթին ով խաբար հասցրեց նրան, չիմացանք: Առավոտը կանուխ ճանապարհ են ընկնում...Մին էլ տեսնենք իրիկնադեմին խոզարածը հարայ է կանչում: Ասինք գել է վրա տվել կամ մի փորձանք պատահած կլինի...Գնացինք, տեսնենք մեր մարդիկ արնակոլոլ՝ ձյունի մեջ վեր ընկած… Տվել էին աչքունքը խառնել իրար...Մեկն էլ իմ ողորմած հոգի քեռին էր: Նա հենց դրա վրա էլ մեռավ…

Խոզարածն անտառում տեսնում է երկու ձիավորի, գլուխները բաշլուղով պինդ փաթաթած: Նա ճանաչում է ձիավորներից մեկին: Ու քիչ հետո, երբ ձիավորները դուրս են գալիս անտառից ու գյուղի ճանապարհով իջնում, խոզարածը լսում է ծեծվող մարդկանց ձայներ, հասնում է և տեսնում նրանց գետնին վեր թափած, արնի ու ձյունի մեջ շաղախված:

— Մեր գյուղում, — շարունակեց Չատի բիձան,— մի մեծ կալ կա...Ղավալանց կալ ենք ասում: Մի առավոտ վեր կացանք տեսնենք հիսուն զույգ եզ գերաններից կապոտած: Թավադի մարդիկն էլ ընկել էին հանդերն ու անտառը, որսկան շների պես ման էին զալիս, թե էլի եզներ գտնեն, բերեն կապոտեն, որ ամբողջ գյուղից տուգանք առնեն: Մեզ հարևան մի աղքատ մարդ տեսնում է, որ իր եզն էլ են կապել...Ոնց է հաջողացնում, եզը փախցնում է: Հենց էդ ժամանակ թավադը նրա առաջը կտրում է, պլետի տակ առնում… Ձիավորները եկան նրա տունը քրքրեցին: Կնկա գլխի շորն էլ տարան...Անմարդի խոսք չի լինի՝ կնանոց ոտնաշորն էլ էին տանում...էնքան անիրավ էին: Տախտակը ծակել էին, մեր վիզը գցել, մեր գլխին էլ պոպոք կոտրում...

* * *

Առաջին կառավարիչ Դարչոն իր թավադության վերջին տարիներում Մարց գյուղում կառուցում է ընդարձակ մի տուն, որ շրջակայքում հայտնի էր վանքի տուն անունով: Ավելի բերդի էր նման, քան գյուղի տան: Հաստ և անտաշ քարերով ամուր պարսպած էր վանքի տունը, որի դարպասները բացվում էին ներս ընդունելու ցորնով, գարիով, բրդով ու խոտով բարձած ձիերի քարվանն ու սայլերի շարքը: Ներսում տեսակ-տեսակ և գետնահարկ ամբարներ կային՝ ցորենինը ջոկ, գարունը ջոկ: Ամեն տարի ամբարները բերնե-բերան լցվում էին, ուրիշ տեղից վաճառական մարդիկ էին գալիս, գնում ցորենն ու գարին, և գյուղացիք իրենց ձիերով ու սայլերով վանքի ցորենը ձյուն ձմռանը պիտի ամբարներից կրեին և տանեին մինչև երկաթուղու կայարանը կամ շրջանի կենտրոնը և թափեին այնտեղ, ուր կհրամայեր վաճառականը: Վանքի տան պարիսպների ետև ուրիշ շենքեր էլ կային, կար ախոռ, ուր թավադների ու նրանց մարդկանց ձիերն էին գարի ուտում. կար և մի սենյակ, ուր երբեմն իջևանում էր թավադը գյուղ գալուց:

Քանի եզ ու սայլ է ջարդվել վանքի տան քար ու գերանը կրելուց: Առաջին թավադն այդ տունը կառուցել է պլետի զոռով և նույնիսկ պատերը շարող վարպետներին, որոնք ուրիշ գյուղից են եղել, ոչինչ չի տվել: Սառած և դժվարին կածաններով, նեղ ու քարոտ կապերով անտառի խորքից Դարչոն ձմեռվա ցրտին կրել է տալիս գերանները:

— Ոտ ջարդող էլ եղավ, մատներ էլ սառան, փետացան, եզներ էլ ջարդվեցին...Հաստ գերա՛ն, նեղ ճանապարհ...եզների ոտը սոթ է տալիս, խեղճ հայվանները տնքում են, ուժ տալիս, կաշվի փոկերը կտրատում ու չեն կարողանում դարիվերը բարձրանալ: Մենք էլ եզների նման, նրանց հետ հավասար չարչարվում էինք: Մենք եզների կողքաճաղերն էինք վեր հատում, թավադի մարզիկն էլ ձիերն էին քշում մեզ վրա, կանչում, ուշունց տալիս, ձեռն ընկնողի ուսով չափում մտրակը...

Վանքի տանն էին իջնում և հոգևոր հայրերը, որոնք տարին կամ երկու տարին մի անգամ այցի էին դուրս գալիս օրհնելու հավատացյալ հոտին և ստուգելու մայր աթոռի կալվածքները: Պատահում էր, որ նրանք ընդունում էին գյուղացոց, «լսում» թավադի ահից շատ զուսպ և խոնարհ աղերսող շինականին: Լսում էին և հորդոր կարդում, որ հարկավոր չէ և մահացու մեղք է մայր աթոռի անտառներում փայտ կտրել, շռայլում օրհնություններ և մուշ-մուշ մրափում բմբուլե բարձի վրա:

Դարչոյին հաջորդում է Մարտիրոսը, որ իր նախորդից օրինակ վերցնելով անտառի զանազան մասերում շինել է տալիս պահականոցներ, որոնց կառուցման վրա աշխատեցնում է նույնիսկ կանանց: Այդ տարիներում սով է եղել և թեկուզ վանքի տան ամբարներում դեռ հին ցորենը մնում էր, մի բուռ հատիկ անգամ չի տվել այն աղքատներին, որոնք ոսկրոտ երեխաների ձեռքից բռնած անտառներում էին թափառում, ուտում վայրի մրգեր, քանդում տատրակների բները և աղավնի որսում:

Կիսախելագար մարդ էր նա: Ամենից շատ սիրում էր իր շներին, որոնք բոլորն էլ մի գույնի և մի բոյի էին: Որսորդ էր, թեկուզ հրացանով շատ քիչ էր որս անում: Նա շներին բաց էր թողնում անտառում, ինքն էլ նրանց հետ վազում, հարայ տալիս, խրտնեցնում պախրաներին, որջերից դուրս բերում վայրի գազաններին, և շներն օղակ կազմած վրա էին վազում, իսկ ինքը դանակը ձեռքին հարմար վայրկյանի էր սպասում, որ վրա թռչի և դանակը խրի վիրավոր գազանի ծոծրակի մեջ:

Նրա շների վզին երկաթե օղակներ կար հագցրած, օղակների մեջ կեռ ու ցից-ցից մեխեր, որ քրքրում էին որսի միսն այն ժամանակ, երբ շները երախները բաց արած վրա էին վազում և կծոտում: Ամեն անգամ որսից վերադառնալուց հետո թավադը բրդով սրբում էր արևոտ մեխերը, մաքրում մսի կտորներից և օղակները հանում, որ մեխերը խարտոցով սրի: Նրա շներն այնպես էին վարժվել, որ օղակները հագցնելուց հետո այլևս հանգիստ չէին մնում: Իսկ Մարտիրոսն առանձին հաճույքով նրանց գրգռում էր, դարպասը փակում և գազազած շների բերանը գցում փողոցում հենց այդ րոպեին բռնած խոզի մի ճուտ և կամ հոտից ետ մնացած ոչխար:

Կուրթանեցի Տիգրանը ոչ տուն է կառուցել և ոչ էլ պահականոց: Նա մի նպատակ ուներ՝ որքան և ինչպես կարելի էր փող շատ հավաքել: Աժան գներով վաճառում էր անտառը, սինոդին գրություններ ուղարկում, որ ժողովուրդն աղքատ է, պարտքերը չեն կարողանում տալ, այնինչ ոչ մեկի օրոք այնքան շատ դրամ չի գանձվել գյուղերից, որքան նրա օրոք: Հենց լսում էր, որ այսինչ գյուղացին վաճառել է մի բան կամ մի տեղից ձեռք է բերել մի քանի ռուբլի, իսկույն նրան տուգանում էր այն գումարի չափ, որի մասին նա լսել էր: Պատահում էր, որ փողոցով անցնելիս մի երեխայի ձեռքին երկու կոպեկանոց է տեսնում: Նա ոչ միայն խլում է պղնձե դրամը, այլև երեխայի հորը կանչում և տուգանում...քսան ռուբլի:

— Եթե լակոտի ձեռին երկու կոպեկ ես դրել, ուրեմն քեզ քսան մանեթ պիտի լինի:

Նրա մարդիկ իզուր տեղը չէին ծեծում: Ու հենց առաջին հարվածից հետո, եթե ծեծվողը Կուրթանեցուն խոստանար մի ռուբլի, ծեծը կդադարեր, պարանների կապերը կթուլացնեին, որ կարողանար գնալ և բերել:

Կուրթանեցու մասին երկու բան են պատմում: Մեկ այն, որ նա միջնորդություն է հարուցել վանքին հասանելիք «հոգեբաժին» մի ռուբլին երկուտակելու, քանի որ առաջվա չափ չեն մեռնում, դրա համար էլ մուտքը սակավ է: Երկրորդ արարքը գյուղում խանութ բանալն է: Մարցում առաջին խանութը բացվել է Կուրթանեցու օրով, խանութպանը եղել է նրա մարդը, որ կարողացել է երկու թե երեք տարում հավաքել այնքան, որ իրավունք է համարել հայտարարելու, թե Մարց գյուղում ինքը ժանգոտ կոպեկ էլ չի թողել, որ եկեղեցում պառավ կանայք պատարագի ժամանակ գանձակի մեջ գցեն:

Տիգրան Կուրթանեցին հեռանում է, հետն առնում պարկերով ոսկի, իր հաջորդին թողնում քայքայված տնտեսություն ու պարտքեր:

Նրա հաջորդը՝ Շահ-Աբասյան ազգանունով մի օքմին, որին հենց առաջին օրը գյուղում անվանում են Շահ-Աբաս, Եփրեմ եպիսկոպոսի շնորհիվ («տեսնում է նրան», ինչպես ասում էր Չատի բիձան) կարողանում է գնել վանքի թավադ լինելու պաշտոնը և Մարցի մսից կտրել այնքան, ինչքան թուրը զորություն ուներ:

Նրա օրը կարճ է տևում, որպես դաժան դև հանկարծ հայտնվում է Ռոստոմը, որ մինչ այդ աղքատ անտառապահ էր, ուներ լղար մի ձի և ժանգոտ թվանք: Նա մոռացնել է տալիս բոլորին և հասցնում այն վիճակին, որ Մարց գյուղում երանի տալով են սկսում մտաբերել Դարչոյին ու Մարտիրոսին և կասկածում, թե չլինի՞ ծնվել է ինքը Նեռը, և աշխարհը հասել է իր վախճանին:

Անտառապահը դառնում է ահեղ մի արքա, սանձարձակ ու վայրենի:

* * *

Ռոստոմը մոտակա գյուղիցն էր: Նրան ծանոթ էին անտառի բոլոր կածանները, սակայն ավելի լավ գիտեր այն ուղին, որով խուլ այդ երկրում կարելի է ունենալ անբավ գանձ, դառնալ կատաղած եզ և պոզահարել ամեն խոչընդոտ:

Նա միանգամից իրեն բաց չթողեց: Ասպարեզ մտավ իբր բարեսիրտ, նազով քայլեց, շատ կամաց, որ հետո ոստյուն անի և ճանկերը խոր խրի:

— Խոսալ մի, նրա անունը մի տա...Մենք մատուռ պիտի շինենք նրանից մեզ ազատողի համար, — ասաց մի գյուղացի, երբ Չատի բիձան անցած օրերի պատմությունը հասցրեց մինչև Ռոստոմի գյուղ գալը:

— Որտեղ մի լավ բան տեսներ, խլում էր...մեկի դռանը մի չաղլիկ ոչխար տեսներ, պիտի ասեր, սա ինձ է վայել… Եթե մեկի հագին մի լավ շոր տեսներ, էդ քեզ չի սազում կասեր, տուր ինձ...հեռու երեսից, լավ շունն էլ էր խլում, տանում: Տասը մանեթ տար մեկին պարտք, ամեն տեղ կտարածեր, թե ինքն աղքատին ձեռ է բռնում: Մեկ էլ կգար, կասեր, թե հիմա տուր, թե չէ էգուց առավոտ քսան մանեթ կառնեմ...Եվ առնում էլ էր...Ո՞վ էր նրա առաջին կարում խոսք ասի: Ժողովուրդն ուռու պես դողում էր: Պրիստավի վրա մատն էնպես թափ տվավ, ասես գեղի գզիրն է առաջին կանգնած:

Շատ չի անցնում, Ռոստոմը վճարում է պարտքերը, քայքայված տնտեսությունը կարգի բերում և ամրացնում պրեսը, որի տակ ճմլվում է գյուղը, ինչպես ձիթհանքի քարերի տակ կտավատի բլիթները: Հոսում է յուղը, որ քրտինք էր և արցունք, սինոդի սրբազան հայրերը գոհ էին, որ ամեն ինչ կարգի է գալիս:

Մի քանի տարում նա ստեղծում է իր տնտեսությունը: Ուներ ութ հարյուր ոչխար, տասր ձի, քառասունից ավելի կով, մոտ հարյուր փեթակ մեղու: Այդքան միջոցից նա մի փութ մեղր էլ չէր ծախում: Շրջանակներով ոսկեգույն մեղրը նվեր էր ուղարկում գավառապետին և այլ մեծամեծ չինովնիկների, որոնք քննում էին գյուղացիների գանգատը:

Ռոստոմն անում է այն, ինչ մինչ այդ ոչ ոք չէր արել: Գյուղի սիրուն հարսն էլ նրա աչքին դառնում է գեր ոչխար, ոչ միայն իր հոտին էր սազական: Եվ եթե նրան չէր հաջողվում ուզածն անել, տուգանք էր գրում, միևնույն ժամանակ իմաց տալիս, որ եթե կնոջն ուղարկի իրեն մոտ, կարող է տուգանքը ջնջել:

Մի անգամ աչքն ընկնում է մեկի կնոջ: Հետևում է, և այն րոպեին, երբ միամիտ կինն աղբյուրն է գնում, թաքստոցից դուրս է թռչում, փորձում նրան բռնել: Սարսափահար կինը փախչում է: Հենց նույն օրն էլ Ռոստոմն իմաց է տալիս այդ կնոջ ամուսնուն, որ պրիստավին արդեն մատնել է նրանից գանձվելիք տուգանքի մասին: Մարդ են մեջ գցում և միայն նրա միակ կովն առնելուց հետո՝ Ռոստոմը համաձայնվում է տուգանքը զիջել: Իսկ կովին կոչում է նրա կնոջ անունով:

Լինում են մարդիկ, որոնք փորձում են նրան համոզել, որ խալխի նամուսին ձեռք չտա, լավ չի վերջանա, արյուն կխաղա մեջտեղ: Ու միշտ նույն պատասխանն էր տալիս.

— Առաջի գնդակը թող ես արձակեմ...նրանից հետո ինչ ուզում է թող լինի:

— Էլ առաջվա լղար ձիով չէր ման գալիս: Նրա տակին հրեղեն մի ձի էր, որի նմանը չկար ամբողջ շրջանում: Զույգ սանձերով հազիվ էին կարողանում գլուխը պահել: Ու եթե վրնջար, ձորերն արձագանք էին տալիս, իսկ թռչելուց պայտերը զրնգալով դիպչում էին քարերին և կայծեր էին թռչում սմբակներից:

Շամուլտ գյուղում Դայնանց պառավի հետ պատահածը մինչև հիմա էլ բերնեբերան են պատմում: Ռոստոմը նրանց հին ծանոթն էր և առանձին շնորհ էր համարում իր հին ծանոթի տանն իջնել: Մի օր էլ, երբ հյուր է գալիս նրանց մոտ, ձին տանում են գամում կապում, իրեն էլ հյուրասիրում:

— Երբ քնից զարթնում է, գնում է գոմը ձիուն նայելու: Տեսնում է, որ իր կապածը չի:

— Պառավ, էս ձիու գլխով մի բան է անցել...սրան ուրիշ ձիու վրա են քաշել...

Պառավը երդվում է, որ ինքը տեղեկություն չունի, գոմն էլ չի եկել: Անցնում է մի տարի, և հանկարծ Ռոստոմին լուր են բերում, որ Շամուաում մի ձի քուռակ է բերել, քուռակը նրա ձիուցն է, նրա նման: Երբ ստուգում է և քուռակը տեսնում, անմիջապես խլում է քուռակը, գյուղացուն էլ տուգանում անտառից փայտ գողանալու համար:

— Դու ի՞նչ մարդ ես, որ իմ ձիու նմանն ունենաս...

— Էլ համբերելու հնար չկար...մի գիշեր էլ խելք-խելքի տվինք, ասինք մարդ ուղարկենք Էջմիածին, կաթողիկոսի ձեռ ու ոտն ընկնենք, գուցե թե մեզ խղճա, էս անիրավին փոխի, մեզանից հեռացնի...քսանհինգ մարդով ճանապարհ ընկանք: Ասինք, վնաս չունի, թող շատ լինենք, որ առաջներս չկտրեն: Էնպես էլ չարացած էինք, որ եթե պրիստավն էլ գար մեր առաջը, քարկոծ էինք անելու...Ամենքս իրեն համար հաց վեր կալանք, ոտով ճանապարհ ընկանք, գնացինք Փամբակի գյուղերով դեպի Սիպտակի սարերը, վրա եկանք Աբարանի գյուղերը...Ամեն տեղ էլ մեր դարդն էինք պատմում, մեզ տանում էին, տեղ տալիս: Մի քանի դժվար տեղեր էլ գյուղացիք մեզ վալադ մարդ տվին, որ անցկացնի...Չորս օրում հասանք Էջմիածին, ջարդված. կոտրատված, որի տրեխներն էր ցրիվ եկել, որն էլ ճամփի շատը հենց բոբիկ էր գնացել: Էդպես հասանք կաթողիկոսի պալատի մոտ, պատերի տակ նստոտեցինք: Մի քիչ որ շունչ առանք, իրիկնապահին, տեսնենք մի քանի վարդապետ եկան մեր կողքով անցան, ժամ էին գնում: Նրանցից մեկը մոտեցավ հարցրեց, թե ո՞րտեղացի ենք, ինչո՞ւ ենք պատերի տակ...ասաց՝ գնացեք, էգուց արեք, կաթողիկոսը հիմա չի ընդունում...վերջը ինչ երկարացնեմ, երեք օր մնացինք պատերի տակ: Մենք էլ տաքին անվարժ ժողովուրդ…խաշվեցինք, իմ ոտերս մաշկահան էր եղել: Երեք օրի վրա մեզ կանչեցին...գնացինք մի սրբազանի մոտ. նա հենց կաթողիկոսի մոտն էլ լինում էր: Մեր ցավն ասինք, լսեց, հետո թե դուք գնացեք, ես կարգադրություն կանեմ: Վերջն էլ մի վարդապետի կանչեց, հրամայեց, որ թանգարանը բաց անի, մեզ ցույց տա միջին եղած բաները: Հետներս մի քանի կոպեկ էինք տարել ճանապարհի ծախս… էն էլ թանգարանում խաչհամբույր տվինք. դատարկ ջիբով դուրս եկանք...

Ու մի քիչ հետո, ասես անցկացած ճանապարհը մտաբերելով, Չատի բիձան ավելացրեց,

— Զուր էլ գնացինք...եպիսկոպոսը հլա մինչի օրս էլ կարգադրություն է անում: Փամբակի կողմերում ճամփին մեզ մի մարդ պատահեց, հարցրեց, թե ինչ մարդիկ ենք...մի քիչ միտք արեց ու ինձ թե՝ բիձա, ձեր գյուղում թվանք կճարվի՞, ես էլ ասի, բա առանց թվանքի գյուղ կլինի՞ ...թե մի կտրիճ տղա չկա՞, որ նրա փորը ծխով լցնի, ազատի ձեզ...ասեց ու ձին մտրակեց...իսկի չիմացանք էլ թե ով էր:

Անցնում է երկու-երեք ձմեռ: Ցուրտ մի գիշեր, երբ բուքը պտույտ էր տալիս կտուրների վրա և երդիկներով ձյուն թափում, երբ գայլն անգամ դուրս չէր գալիս իր թաքստոցից, Մարց գյուղում մի ձիավոր ծեծում է քարափի գլխին կուչ եկած տնակի դուռը. ներսում ոչ լույս կար, ոչ էլ շունն էր հաչում: Ձիավորը ձին կապում է դռնակից, բարձրանում թամբի վրա, ապա պատի գլխով թռչում:

Ձիավորը վանքապատկան անտառի պահակներից էր, որ Ռոստոմի հրամանով այդ բուքին եկել էր տանտիրոջը վանքի տունը կանչելու քննության, քանի որ անտառից գողացած գերանների հետքերն անհետանում էին հենց նրա տան մոտ:

Տանը վայնասուն է բարձրանում: Տկլոր երեխաները դուրս են թափվում վերմակի տակից: Հիվանդ հայրը խնդրում է պահակին, որ կգա լույսը բացվելուց, որ հիմա ուժ չունի տեղից վեր կենալու: Դուռը մի անգամ էլ է բացվում, բուքը ձյուն է շպրտում, և երեխաները տեսնում են, թե ինչպես յափունջավոր մի մարդ մոր թևից բռնած դուրս տարավ:

— Նրան գերի էին տարել, որ առավոտը մարդը գնար վանքի տունը...

Երկու շաբաթ չանցած անտառի ճանապարհին երեք անգամ կրակում են: Եվ մինչև անտառապահները գյուղից դուրս կվազեին կրակոցի վրա, գետի մյուս ափին, անտառի միջից վրնջալով դուրս է փախչում սպիտակ ձին՝ Ռոստոմի արնոտ դիակը թամքից կախ ընկած, մի ոտքն ասպանդակի մեջ:

— Համարյա չիմացանք, թե ով սպանեց նրան: Երեք հոգի են եղել, ձյունի վրա ոտնատեղերը տեսանք...Ծառի տակ փոս էին արել, նստել...Շատ էլ պապիրոս էին քաշել. մենակ էն, որ տունը քարափի գլխին էր… Եփրեմ էր անունը...երեքից մին նա էր… էն երկուսը մինչի օրս էլ չիմացվեց: Հենց դրանով էլ Եփրեմի տունը փչացավ...պատերը մնում են քարափի գլխին...կնիկը գարունքվա դեմ մեռավ. երեխեքն էլ բարեկամներ տարան, մեծ տղան հիմա զինվորության մեջ է:

— Իսկ Եփրե՞մը, — հարցրի ես:

— Էդ գործով փչացավ: Եկան քննություն արին, անասելի չարչարանք քաշեցինք: Կալմեջ էին արել մեզ ու տավարի նման պլետով վեր էին հատում...Հրես սրա ատամները էն ժամանակ փշրեցին...Սևքարեցի մի ուրյադնիկ կա, անունը Սահակ: Նրա նման անխիղճ ծեծող հավատա, որ ամբողջ Կավկազա հողում չլիներ:

Տանում են Եփրեմին, հարևան գյուղիցն էլ նոր պսակված մի երիտասարդի, որ, ինչպես Չատի բիձան էր ասում, մի գյուղ արժեր՝ աշխատավոր, խոնարհ ու համեստ...Տանում են պրիստավի մոտ, քննություն են անում, երկուսին էլ ուղարկում բերդ: Բայց տեղ չեն հասնում...Ռոստոմի մարդիկ վրա են տալիս և երկուսին էլ թրերով մորթում, գլուխը մի ձոր քցում, թևը՝ մի: Ահ ու դողով հարազատները սիրտ են անում գնալ և ձորերից հավաքել թրատված մարմինները: Միայն երիտասարդի գլուխը չեն գտնում, իսկ մյուսի մարմնից էլ գայլերը պոկռտել էին կրծքի մսերը:

Է՛...ոնց անց կացան էն օրերը, ով կհավատար, թե մեզ համար էլ մի օր լույս է բացվելու: Օձի բերանից մեզ ազատեցիք...Երևի կարդացած կլինես, որ էն վաղ ժամանակներում ճորտ ու պարոն են եղել...Մենք ճորտ էինք, պարոնն էլ հո խիղճ չուներ...Ազատությունը որ եկավ, մի գիշերում վանքի տունը ցրիվ տվինք, քարերը ձորը թափինք: Էն օրվանից թավադի հետքն էլ չքացավ, վանքինն էլ...

Իջանք բլրակից: Մութն էր, և ամառվա աստղալույսի տակ հազիվ կարելի էր նշմարել ճանապարհն ու քարերը: Ինչքան իջնում էինք, այնքան խլանում էր Մարց գետի աղմուկը. ասես գետն էր ավելի խոր թաղվում: Չատի բիձան առաջից էր քայլում, փայտով գետինը շոշափում, քարը փոսից որոշելու: Իսկ ներքևում պլպլում էին գյուղի մարմանդ ճրագները: