Վարժված վրձնի մի քանի հարված
Եվ, ահա, խնդրե՛մ,
Ժպտում է մարդը գույների միջից,
Իսկ թե պոետ է,
Գիտեմ, չի կարող չնայել դեպի
Հորիզոնները,
Երբ այնտեղ գարնան արեւն է ծաղկում։
Հեշտ է, հիրավի, նկարելն այսպես,
Բայց ես ուզում եմ վրձնել այսօր
Սիրտը պոետի,
Կրակվա՛ծ սիրտը...
Փորձում եմ եւ` ի՞նչ,
Գույներից ընտրում կարմիրը միայն,
Գույնը գարունքվա,
Ու նկարում եմ
Օվկիանոսների չզսպվող տարերք,
Իրենով երկնի ամպերը սրբող
Ծովեղեն ալիք,
Չմարող ասուպ...
Սիրտ եմ նկարում,
Իսկ այդ սրտի մեջ՝ մի նոր մոլորակ,
Ուր սերն աղջի՛կ չէ,
Լուսի՛ն չէ,
Կի՛ն չէ,
ՈՒր սերը դրո՛շ,
Կարմիր ալիք է՝
Օրհնված լույսով արեգակների...
Սիրտ եմ նկարում,
Նկարում եմ սեր,
Եվ, որ կտավն իմ անթերի լինի,
Պոետի երգից գույներ եմ առնում,
Խառնում ներկերիս,
Իմաստնանում եմ խոհերով նրա...
Չէ՛, երգ չի գրում ոչ մի բանաստեղծ
Ու չի հորինում,
Նա նկարում է իր սիրտը միայն։