Jump to content

Պոետ (Սմբատ Շահազիզ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Պոետ



1


Պոե՛տ, հեռո՛ւ կաց ծափից ամբոխի,
Երբ քեզ տիրում է ոգևորություն.
Նա ծա՛նր ցնորք է մի հիվանդ սրտի,
Մի խախո՜ւտ խելքի թելադրություն։

2


5 Դու պաշտոնյա ես վերին սրբության,
Որ նվիրել է Աստված աշխարհին.
Դու պիտի հերքես հասարակության
Կանխամուտ կարծիք, դու սաստես չարին։

3


Մի՛ մեծարիր դու կուռքը հարստի,
10 Ոտնակո՛խ արա, փշրի՛ր և անց կաց.
Տաճար Աստուծո՝ հոգին Պոետի,
Թե մամոն իշխեց՝ դժոխք է պղծած։

4


Եվ այն ժամանակ, երբ քեզ հանեին
Կախաղան կամ սյուն նշավակելի,
15 Եվ անփառք ճակատդ մրով ծեփեին,—
Արժանի՛ ես դու, թշվա՛ռ, արժանի։

5


Ահա՛ ձիթենին կանաչ ճյուղերով՝
Շնորհակալ սրտի զոհաբերություն.
Պոե՜տ, զարդարիր ճակատդ նորանով,
20 Թ՛ե սիրել ես ազգդ և արդարություն։

6


Ահա՜ երջանիկ առաջին Հայեր
Քեզ շիրիմներից ողջույն են տալի.
Ահա՛ գալոցքի հեռավոր թոռներ
Երդում են սաղմոս գործիդ պատվելի։

7


25 Օծյա՛լ Աստուծո, եղիր դու թարգման
Այն մեծակշիռ գաղափարների,
Որ կարող էին անունդ անսահման
Դարերին բաշխել, փառք կնքել բարի։

8


Ո՞վ են մեր օծյալք։ Բայց լեզու, լռի՛ր,
30 Ո՞ւմ հետ է քո խոսք, ունա՜յն քո խրատ.
Միայն բամբասանք, միայն ախտակիր
Հիշոցք որպես ծով կըթափվի՛ն վերադ։

9


Նստած են նոքա բորբոսած բանտում
Տաղաչափության։ Հուսահատություն
35 Ուտում է նորանց։ Լո՛ւյս չէ թափանցում
Այդ մեռած կամքի գերեզմանատուն։

10


Լուծվե է է, լուծվե՛լ նոցա խելքն իսպառ,
Ո՞ւր բժիշկ հմուտ, որ առնե մի ճար:
— Խթան զարթուցիչ և ճշմարտություն,
40 Սո՛ւր որպես նշտար, կծո՛ւ որպես թույն:

23 մայիսի 1864 թ.
Մասկվա