Jump to content

Ռուսահայ գրողներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ռուսահայ գրողներին
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 183
ծ. ― էջ 600
(Նամակ խմբագրությանը)

Ընկերներ, «Հայ գրողների» առաջին հատորը սպառվելու վրա է, շուտով կլինի երկրորդ տպագրությունը։ Մենք գրքի հառաջաբանում հայտնել էինք, որ այդ գիրքը լինելու է սեփականություն բոլոր գրողների։

Արդ, Թիֆլիս եղած գրողներին կխնդրենք անձամբ գալ խորհրդակցելու, իսկ Թիֆլիսից դուրս եղողներին խնդրում ենք նամակով պատասխանել այս հարցերին.

1. Առաջին տպագրության մեջ մի քանի գրողներ չեն մտել մոռացությամբ։ Չեն մտել նաև ո՛չ բելետրիստներ, հրապարակախոսներ, պատմաբաններ, բանասերներ։ Պե՞տք է նրանց գրվածքներից դնել երկրորդ տպագրության մեջ թե չէ, և կամ ինչ գրվածքներից ինչքան։

2. Ի՞նչ փոփոխություն կուզեիք անել նոր տպագրության մեջ։

3. Ի՞նչ հիմքի վրա պիտի դրվի մասնակցող գրողների սեփականությունը դարձնելու հարցը։ Վարձատրությունը տողավարձո՞վ պիտի լինի թե ուրիշ ձևով, և որքա՞ն արձակին, որքա՞ն բանաստեղծությանը։

4. Խնդրում ենք անուններ տալ ու ընտրել Թիֆլիսի գրողներից չորս հոգի, որ իրենց վրա առնեն երկրորդ տպագրության հոգսը։ Պատասխանները պետք է գրել մինչև առաջիկա մայիսի սկիզբը հետևյալ հասցեով. Тифлис, Лермонтовская № 4, Лазарю Агаянц.

Խնդրում ենք մեր մյուս պարբերական թերթերին արտատպել այս նամակը։

Ղ. Աղայան
Հովհ. Թումանյան
Վ. Փափազյան[1])

Տողատակեր

[խմբագրել]
  1. Ա. Ահարոնյանը չի ստորագրված բացակայության պատճառով։