Jump to content

Սամվել/Առաջին գիրք/ԺԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սամվել
 ԺԱ
ԺԳ 

ԺԲ

ԱՆՀԱՋՈՂ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հյուրերի երևնալը ընդմիջեց այն անակնկալ կռիվը, որ տեղի ունեցավ մոր և որդու մեջ: Մամիկոնյան տիկինը դարձյալ ընդունեց յուր սովորական հպարտ դեմքը և, Սամվելի դուրս գալուց հետո, անհանգիստ կերպով շրջում էր դահլիճի մեջ, մինչև նրանք ներս կմտնեին և կհամբուրեին յուր աջը:

Բայց նրանք ուշացան:

Նա կանչել տվեց տաճարապետին:

Ներս մտավ մի միջահասակ ոստանիկ, որը տան տնտեսը, մատակարարը և միևնույն ժամանակ սեղանատան կառավարիչն էր: Նա խոնարհությամբ գլուխ տվեց և կանգնեց դռան մոտ:

— Ամեն ինչ պատրա՞ստ է, Արմենակ, — հարցրեց նրանից:

— Պատրաստ է, տիկին, — պատասխանեց տաճարապետը:

— Երաժիշտները կանչվա՞ծ են:

— Կանչված են, տիկին:

— Կհրամայես տակառապետին, որ ամենահին և ամենաթունդ գինին բաց անե հյուրերի համար.

— Հրամայված է, տիկին,

— Իսկ ինձ համար` ամենաթույլը, հասկանո՞ւմ ես:

— Հասկանում եմ, տիկին...

— Միայն գույների մեջ զանազանություն չլինի...

— Չլինի, տիկին...

Ուրիշ մի քանի պատվերներ ևս տալով, ասաց նրան.

— Այժմ կարող ես գնալ:

Նա գլուխ տվեց և դուրս եկավ:

Տաճարապետի հեռանալուց հետո` ներս մտավ ներքինապետ Բագոսը` յուր խորշոմած, լերկ դեմքով, յուր առանց թերթերունքների կարմիր կոպերով, որոնք իրանց նեղ շրջանակի մեջ հազիվ կարողանում էին սեղմել նրա` գորտի աչքերի նման դուրս ընկած` անհանգիստ բիբերը: Նա քսությամբ մոտեցավ տիկնոջ գահավորակին, այնքան ուշիկ քայլերով, կարծես, վախենում էր, միգուցե ոտները մատնեին իրան, և կռանալով, խռպոտ ձայնով մրթմրթաց.

— Գնացին նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու...

Մամիկոնյան տիկնոջ գոռոզ աչքերը վառվեցան բարկության կրակով:

— Հետո՞ — հարցրեց նա խռովյալ ձայնով:

— Հետո գալու են այստեղ ճաշելու:

— Ե՞րբ:

— Ո՞վ է իմանում: Եթե տիկին Զարուհին չուշացնե, գուցե շուտ կգան: Բայց նրա սովորությունները հայտնի են. մինչև մի բան չուտացնե, մինչև մի բան չխմացնե, բաց չի թողնի:

— Սամվե՞լն էլ գնաց նրանց հետ:

— Սամվելը բոլորից առաջ էր ընկած...

Տիկինը ավելի վրդովվեցավ:

Ներքինապետը, արդեն իրան հասած համարելով յուր նպատակին, ավելի առաջ տարավ քսությունը, ասելով.

— Սամվելը հրամայեց, որ Մուշեղին ևս հրավիրեն ճաշի...

— Եվ Մուշեղը համաձսյնվեցա՞վ գալու:

— Համաձայնվեցավ... Սամվելի հետ նա այդպես է...

Վերջին խոսքերի միջոցին բանսարկուն ձեռքերը մոտեցրեց և երկու ցուցամատները կցեց միմյանց հետ, որ միության նշան էր:

Միևնույն ամրոցում ապրող Մամիկոնյան երեք եղբայրների — Վարդանի, Վասակի և Վահանի ընտանիքները թեև առերես բարեկամ էին, բայց ի ներքուստ թշնամական հարաբերությանց մեջ էին: Եվ այդ ոխերիմ թշնամությունը ուներ յուր աղետալի պատճառները. Վասակը սպանել էր յուր հարազատ եղբորը Վարդանին, իսկ Վահանը` Սամվելի հայրը` մատնելով եղբայրասպան Վասակին Շապուհ արքայի ձեռքը` նույնպես սպանել տվեց: Այդ տան մեջ արյան թշնամություն կար, — ընտանեկան անմոռանալի վրեժխնդրության թշնամություն...

Բայց կեղծ-ազնվապետական քաղաքավարությունը սքողում էր այդ թշնամությունը: Տիկնոջը վրդովեցրեց ոչ այնքան Սամվելի` Մուշեղին ճաշի հրավիրելը, որ նրա հորեղբայր Վասակի որդին էր, որքան ներքինապետի հաղորդած այն տեղեկությունը, թե Սահակ Պարթևը գնաց նախ տիկին Զարուհիի ձեռքը համբուրելու: Այդ սգավոր տիկինը սպանված Վարդան Մամիկոնյանի այրին էր: Իսկ Սահակը, որպես նախընթաց գլխում ցույց տվինք, այդ Վարդանի դստեր որդին էր: Այդ էր պատճառը, որ Սահակը սովորություն ուներ ամեն անգամ, երբ նրան պատահում էր յուր քեռիների ամրոցը գալ, նախ մտնել տիկին Զարուհիի մոտ, մխիթարել նրան և յուր հարգանքը հայտնել յուր սգավոր քեռակնոջը: Եվ այդ սաստիկ բարկացնում էր Սամվելի մորը: «Ամեն անգամ, երբ այդ գոռոզ Պարթևը հայտնվում է մեր ամրոցում, միշտ մի առիթ է գտնում ինձ վիրավորելու»... մտածում էր նա և ուռած շրթունքները դողում էին սրտի խռովությունից:

— Որմիզդուխտի մասին մի բան չիմացա՞ր, — դարձավ նա դեպի ներքինապետը:

— Նա հիվանդ է...

— Ուրեմն ճաշի չի՞ գա:

— Եթե առողջ ևս լիներ, չէր գա... — ասաց ներքինապետը և նրա երեսի կնճռոտ կաշին, ավելի կծկվելով, ծիծաղի նման մի բան ձևացրեց խորամանկ դեմքի վրա:

Իսկ Սամվելի մոր դեմքը փայլեց անկեղծ ուրախությամբ, երբ իմացավ, որ Որմիզդուխտը ճաշին չի լինի: Գեղեցիկ, քաղցրաբարո կինը, մանկահասակ հյուրերի շրջանում, կարող էր ստվեր ձգել նրա վրա: Նախանձը չափ չուներ այդ փառասեր Արծրունու սրտում, թեև նա արդեն հասակը առած և թառամած կին էր:

Ներքինապետի և տիկնոջ խոսակցության միջոցին, երբեմն դահլիճի դուռը աննկատելի կերպով շարժվում էր և նրա նեղ բացվածքից նայում էին երկու լուսափայլ աչքեր: Մեկը նախասենյակում լրտեսում էր:

Ներքինապետի հաղորդած տեղեկությունները որքան ուրախություն պատճառեցին տիկնոջը, այնքան ավելի ևս տրտմություն հարուցին նրա մեջ: Նրա սիրտը ալեկոծվում էր, և ամբոխված գլխում պտտվում էին մթին խորհրդածություններ... Անպատեհ հյուրերի տարաժամ գալուստը այն աստիճան հանկարծակի և անակնկալ կերպով տեղի ունեցավ, որ ժամանակ չտվեց նրան կարգի դնելու և մի որոշ հետևանքի հասցնելու յուր խորհրդածությունները... Այժմ տատանվում էր նա սարսափելի ծայրահեղությունների մեջ...

Նա կրկին դարձավ դեպի բանսարկուն, հարցնելով.

— Դու հաստատ գիտե՞ս, որ Մուշեղը գալու է ճաշի:

Ներքինապետի դեմքի վրա կրկին հայտնվեցավ զզվելի ժպիտը, և նրա անհանգիստ բիբերը ավելի լայնացան:

— Եթե քո խոնարհ ծառան մի բան հաստատ չգիտենա, չի ասի, — պատասխանեց նա և ձեռքը մտերմաբար տարավ ուղղելու գահավորակի վրա դրած բարձերից մեկը, որ փոքր-ինչ շեղվել էր յուր սովորական տեղից:

Դահլիճի դուռը կրկին շարժվեցավ, երկու փայլուն աչքերը կրկին շողացին բացված ճեղքից: Երևում էր, որ այդ հետախույզ աչքերը դժվարանում էին դիտելու, թե ո՜վ էր տիկնոջ խոսակիցը, որովհետև գահավորակը, որի վրա նստած էր տիկինը, դրած էր դռան բոլորովին հակառակ կողմը, իսկ դահլիճը այնքան ընդարձակ էր, որ ձայների միայն անորոշ հնչյուններն էին հասնում մինչև նախասենյակը:

Տիկինը մտահույզ կերպով վեր կացավ նստած տեղից և յուր քայլերը ուղղեց դեպի կից սենյակը:

— Եկ ինձ հետ, Բագոս, — հրամայեց ներքինապետին:

Այդ կոկիկ սենյակը տիկնոջ առանձնարանն էր, որից մի դուռ բացվում էր դեպի նրա քնարանը, իսկ մի այլ դուռ` դեպի կանանոցի ետևի փոքրիկ բակը, որ զարդարած էր մշտադալար բույսերով:

Առանձնարանի դուռը ներսից կողպեցին: Դահլիճը մնաց դատարկ:

Այդ միջոցին դահլիճը մտավ նախասենյակի ունկնդիրը-օրիորդ Նվարդը: Որպես մի մարմնացած զգուշություն, ուշիկ քայլերով անցավ նա փափուկ գորգերի վրայով և, ուշադրությամբ յուր շուրջը նայելով, մոտեցավ լուսամուտներում դրած ծաղկամաններին, հոտ քաշեց, մոտեցավ մետաղյա հայելուն, նայեց յուր գունաթափ դեմքի վրա, և ապա մոտեցավ այն դռանը, ուր ներս մտան տիկինն ու ներքինապետը: Մի խուլ քրթմնջոց լսելի էր լինում ներսից: 0րիորդը կամաց ականջը տարավ դեպի դռան փականքը: Շվարված աղջիկը շունչ անգամ չէր առնում, որ յուր լսողությունը չխանգարե: Նրա ականջներին հասնում էին աղոտ շշնջյուններ միայն, որոնցից ոչ մի բառ որոշել չէր կարողանում: Տհաճությունը խեղդում էր նրան: Մի մթին, չարագուշակ բնազդմամբ զգում էր նա մի ինչ-որ դավադրություն, որ սարսափեցնում էր նրան:

Նա հեռացավ յուր բռնած դիրքից, որոնում էր մի առարկա գտնել, որ եթե տիկինը հանկարծ դուրս գալու լինի, իրան գործով զբաղված տեսնե: Այդ միջոցին դահլիճի դռները շառաչմամբ ետ գնացին և ծտի նման ներս նետվեցավ փոքրիկ Վահանը-Սամվելի կրտսեր եղբայրը: Շատ խաղալուց քրտնած, թշերը վարդ դարձած, ուրախ երեխան վազեց, փաթաթվեցավ օրիորդին և, նրանից մի համբույր ընդունելուց հետո, իսկույն բաց թողեց նրան, և թռավ գահավորակի վրա: Մի ակնթարթում հավաքեց նա բարձերը, դրեց միմյանց վրա և, ձիու նման հեծնելով, սկսեց ոտներով խթահարել և ձեռքերով մտրակել յուր նժույգին, ուրախ-ուրախ կրկնելով` «չու՛... չու՛»... Երբ տեսավ, որ յուր անշնորհք նժույգը տեղից չի շարժվում, ձանձրացավ, և վայր ցատկեց գահավորակի վրայից, մի այլ խաղալիք գտնելու համար: Չարաճճին խլեց ծաղկամանների մեջ դրած փունջերից մեկը: Այդ միջոցին վրա հասավ օրիորդը և հազիվ կարողացավ նրա ձեռքից ազատել փունջը: Բայց ծաղիկները բավական տրորվեցան: Նկատելով, որ համառ երեխան հանգիստ չէ մնալու, օրիորդը բռնեց նրա ձեռքից, համարյա բռնությամբ դուրս քաշեց դահլիճից և դուռը ներսից կողպեց: Նա մի քանի անգամ զայրացած կերպով ոտքով խփեց դռանը և հեռացավ:

Վահանի չարությունը թեև խլեց օրիորդից մի քանի թանկագին րոպեներ, բայց նրա համար մի գործ պատրաստեց, որի մասին մտածում էր: Նա վեր առեց Վահանի ձին, այսինքն միմյանց վրա դրած երկու բարձերը, մեկը նետեց դահլիճի մի կողմը, մյուսի նետեց մյուս կողմը: Վեր առեց նրա տրորած փունջը, քրքրեց, տերևթափ արեց, և նույնպես ցրիվ տվեց գորգերի վրա: Այդ գործողություններից հետո, նա կրկին մոտեցավ առանձնարանի դռանը, ականջը տարավ դեպի փականքը:

Այժմ ավելի կամաց էին խոսում: Խեղճ օրիորդը ամբողջ մարմնով լսելիք էր դարձել, բայց ոչինչ չէր լսում: Նրա սիրտը բաբախում էր հետաքրքրությունից և արյան ջերմությունը այրում էր թշերը: Բավական էր նրան գիտենալ, թե ում հետ էր խոսում յուր տիկինը. այդ շատ բան կպարզեր: Դռան փեղկը ներքևի կողմից բոլորովին սերտ կերպով չէր կցված շրջանակի հետ, մնացել էր մի նեղ բացվածք: Նա կռացավ, սկսեց այդ բացվածքից նայել: Ոչինչ չէր երևում: Մի քանի րոպեից հետո լսելի եղավ հազալու անընդհատ ձայն, որ հետզհետե սաստկանալով և ապա աստիճանաբար նվազելով, վերջը հեղձուցիչ խռխռոցի փոխվեցավ: Օրիորդը ցնցվեցավ: Այդ ակամա հազը ծանոթ էր նրան, ծանոթ էր և ամբողջ ամրոցին: Նա դուրս էր վիժում խորտակված կուրծքից և փտած թոքերից: Այժմ գիտեր օրիորդը, թե ով էր տիկնոջ խոսակիցը: «Մի բան կա»... մտածեց նա և լարեց յուր բոլոր ուշադրությունը:

Հանկարծ գունաթափվեցավ նա, որպես գունաթափվում է մի մարդ, երբ կայծակը շանթում է մերձակայքում և լսելի է լինում որոտման ահեղ դղրդյունը: Բայց նրա լսածը երկու բառեր էին միայն, մեկը Մուշեղի անունը, մյուսը մի այլ սոսկալի բառ...

Առանձնարանում տիրեց խորին լռություն: Այժմ առաջվա շշնջյունն անգամ չէր լսվում: Երևում էր, որ տիկնոջ խոսակիցը, վերջին պատվերը ստանալուց հետո, դուրս գնաց մյուս դռնից, որ բացվում էր դեպի կանանոցի փոքրիկ բակը:

Օրիորդը հեռացավ յուր դարանից, մտածելով, որ տիկինը կարող էր հանկարծ դուրս գալ և այնտեղ տեսնել իրան: Նա մոտեցավ դահլիճի դռանը, որ ինքը կողպել էր, բաց արեց, հետո սկսեց գորգերի վրա սփռված տերևները և ծաղիկների թերթիկները հավաքել: Բարձերը դեռ ընկած էին իրանց տեղում: Բավական գործ կար, որ եթե տիկինը դուրս գալու լիներ, նրան զբաղված տեսներ: Բայց նա ուշացավ: Երևում էր, որ դեռ երկար տանջվում էր նա այն անգութ պատվերի մասին, որ տվեց յուր հավատարիմ ծառային... Մի քանի անգամ հավաքեց օրիորդը ծաղիկների տերևները, ծղոտները և թերթիկները, մի քանի անգամ վերջացրեց այդ գործը, բայց դարձյալ, ավելի մանրացնելով, ցրիվ տվեց հատակի վրա: Այդ գործողությունը կրկնում էր նա, մինչև դուրս եկավ տիկինը:

— Այդ ի՞նչ է, այդ ո՞վ արեց, — հարցրեց նա, բարկացած աչքերով նայելով յուր շուրջը:

— Ո՞վ պետք է աներ, — պատասխանեց օրիորդը, շարունակելով հավաքել յուր ցրիվ տվածը, — ներս եմ մտնում, տեսնում եմ, որ Վահանը ամեն ինչ տակնուվրա է արել, հենց որ ինձ տեսավ, իսկույն փախավ:

— Ա՛խ չարաճճի, — բացագանչեց զայրացած մայրը, — ե՞րբ պետք է խելքի գա այդ տղան: Հիմա կարող են իսկույն մտնել հյուրերը և տեսնել այդ անկարգությունը:

— Ես իսկույն կհավաքեմ, տիկին, — ասաց օրիորդը, շտապեցնելով յուր աշխատությունը:

— Մինչև դու կհավաքես, կեսօր կդառնա, գնա, սպասավորներից մեկին ասա, որ գա ավելե այստեղ, իսկ ինքդ վազիր պարտեզը, մի նոր փունջ պատրաստիր, դրա տեղը դնելու համար:

Նվարդը շտապով դուրս գնաց:

Սպասավորները խմբված էին սեղանատանը, ծիծաղում էին, հռհռում էին, կատակներ էին անում և սեղանն էին պատրաստում: Նրանց միջում խառն էր և պատանի Հուսիկը — Նվարդի սիրելին: Նվարդը հեռվից կանչեց մեկին և հայտնեց տիկնոջ հրամանը, իսկ ինքը վազեց դեպի պարտեզը:

Նրան տեսնելով, Հուսիկի աչքերը վառվեցան: Նա հետևեց, թե դեպի որ կողմը գնաց օրիորդը, մանավանդ երբ նկատեց, որ խորամանկ աղջիկը մեկնելու միջոցին ձեռքը տարավ դեպի աջ ականջը: Այդ նրանց մեջ մի պայմանական նշան էր, որի իմաստն այն էր, թե կանչում է նրան:

Հուսիկը ընկերների ուշադրությունը յուր վրա չդարձնելու համար` մի քանի րոպե սպասեց, հետո զգուշությամբ դուրս եկավ սեղանատնից: Հեռվից տեսավ նա, որ օրիորդը գնում էր դեպի պարտեզը: Ինքն ևս պտույտ տվեց մի այլ ճանապարհով, որ նույնպես դեպի պարտեզն էր տանում:

Նա գտավ յուր սիրուհիին վարդենիների թփերի մոտ, բայց ոչ այնպես ուրախ, որպես սովոր էր նրան հանդիպել այստեղ: Նա դեռ նոր էր սկսել փնջել յուր փունջը:

— Երևի, ինձ համար է, — ասաց պատանին և մոտեցավ գրկելվու նրան:

— Դրա ժամանակը չէ, Հուսիկ, — արգելեց օրիորդը, — ես քեզ կանչեցի մի շա՜տ կարևոր գործի համար:

— Ի՞նչ գործ, — հարցրեց պատանին վշտացած ձայնով, առաջին անգամ մի այդպիսի սառնություն տեսնելով սիրած աղջկա կողմից:

— Գնա՜ Սամվելի մոտ, մի կերպով հասկացրու, որ իշխան Մուշեղին իմացում տա, որ նա այսօր մեր տիկնոջ մոտ ճաշի չգա... Գնա՜, մի ուշացիր...

Այն ծանր եղանակը, որով արտասանեց օրիորդը այդ խոսքերը, Հուսիկին մոռանալ տվեց յուր սիրային գուրգուրանքը, և նա զարմացած կերպով հարցրեց.

— Ինչո՞ւ Մուշեղ իշխանը չգա ճաշի, ի՞նչ կա... —

Բան կա... հետո կասեմ... դու մի ուշացիր..,

— Չ՞է որ իմ տերը պետք է գիտենա, թե ի՜նչ բան կա, որ իմացում տա Մուշեղ իշխանին:

— Հիմա որ քո տերը գիտենա, լավ չի լինի, սիրելի Հուսիկ, կարելի է մի խռովություն ծագե, — ասաց օրիորդը համոզիչ ձայնով. — թող հյուրերը գնան, ես բոլորը կպատմեմ քեզ, և դու կհայտնես քո տիրոջը: Դե՜ գնա, մի ուշացիր:

— Թող տուր երեսդ...

— Գնա՜ ...

— Գոնե այդ սիրուն մատներդ...

Հուսիկը խլեց օրիորդի ձեռքը և, մատների ծայրերը համբուրելով, դուրս վազեց պարտեզից:

«Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նավասարդի,
Ջվազելն եզանց
Եւ զվազելն եղջերուաց.
Մեք փող հարուաք
Եւ թմբկի հարկանէաք»:

Հնչում էր վինը, հնչում էր բամբիռը և սեղանատնից լսելի էր լինում Արտաշեսի ըղձական երգը: Երկու ժողովրդական երգիչներ, դռան մոտ կանգնած, երգում էին և ածում էին իրանց հինավուրց նվագարանների վրա: Հին էր երգը, հին էին և երգիչները: Արտաշեսը մահվան անկողնի մեջ երգեց աչդ երգը: Հայրենասեր թագավորը, յուր կյանքի վերջին րոպեներում, խորին տենչանքով փափագում էր այն հանդեսներին, որ կատարվում էին Նավասարդի առաջին առավոտը: Այն օրից անցել էր մոտ երեք հարյուր տարի: Եվ ահա մահվան անկողնի մեջ դվրած հեթանոսության երգիչը, քրիստոնեական դարում, երգում էր նույն երգը:

Տաճարի մեջտեղում դրած էր մարմարիոնի անշարժ սեղանը: Նա երկայն ձև ուներ, այնքան երկայն, որ նրա երկու կողմերում կարող էին տեղավորվել ավելի քան հիսուն հոգի: Բայց գեղեցիկ, քանդակագործ նստարանների վրա նստած էին հինգ հոգի միայն: Սեղանի գլխում, փառավոր բազմոցի վրա, նստած էր Մամիկոնյան տիկինը, նրա աջ կողմում Սահակ Պարթևը, իսկ ձախ կողմում` Մեսրոպ Մաշտոցը: Սահակից ներքև նստած էր Սամվելը, իսկ նրա հանդեպ ծերունի Արբակը — Սամվելի դայակը: Հյուրերի թվում պակաս էր Մուշեղ իշխանը — Սամվելի հորեղբոր որդին: Պակաս էր և Որմիզդուխտ տիկինը:

Սեղանը լի էր զանազան խորտիկներով: Արծաթյա բարձր ափսեների մեջ դրած էին պես-պես աղանդերներ — քաղցրավենիք, անուշեղեններ և չորացած մրգեղեններ: Ամբողջ սեղանը զարդարած էր գույնզգույն ծաղիկներով և կանաչ տերևներով: Հյուրերի յուրաքանչյուրի ետևում կանգնած էր մի-մի ծաղկապսակ պատանի, շղեք կերպով հագնված: Նրանք բռնած ունեին մի ձեռքում գինով լի արծաթյա կահույրները, իսկ մյուս ձեռքում` նույնպես արծաթյա գավաթը, որ փոքրիկ թասի ձև ուներ: Դրանք հյուրերի մատռվակներն էին, նույն թվով, ինչ թվով որ սեղան էին նստած: Իսկ ավելի հեռու, յուրաքանչյուր հյուրի ետևում, կանգնած էին նրանց զինված թիկնապահները և հրեշտակի նման հսկում էին իրանց տերերի վրա:

Երգիչներին տեղ էին տվել սեղանատան դռան մոտ. նրանք անլռելի ձայնով երգում էին և ածում: Մեկը երկու աչքերից ևս Հոմերոսի նման կույր էր, իսկ մյուսը` մեկ ոտքից կաղ: Հագնված էին աղքատ կերպով: Ժողովրդի սիրելիները ժողովրդի անշուք կերպարանքն էին կրում իշխանների սեղանի մոտ...

Թախծալի երգի ձայնը, նվագարանների մեղեդին,ոսկյա պատառաքաղների աղմուկը, արծաթյա գավաթների լիահնչյուն ընդհարումները խլացնում էին խոսակցության ձայները, որ սկսել էին հետզհետե կենդանանալ: Լուռ էր միայն Սամվելը: Դառն, հոգեմաշ մտածություններ ալեկոծում էին նրա սիրտը: Երկու նրան սիրելի անձնավորություններ, զանազան պատճառներով, չմասնակցեցին սեղանին: Իշխան Մուշեղը և Որմիզդուխտը: Երկուսի բացակայության պատճառներն ևս նրա համար խիստ ծանր էին:

Խոսում էր ըստ մեծի մասին Մամիկոնյան տիկինը և խոսում էր ավելի Սահակ Պարթևի հետ: Նա իրան առհասարակ լավ պահել գիտեր հյուրերի շրջանում, բայց այսօր նրա խոսքերը կցկտուր էին և, կարծես, չէին կապվում միմյանց հետ: Նա տանջվում էր այն մտքով, արդյոք Սամվելը հայտնե՞լ էր նրանց յուր հոր վերադառնալը Տիզբոնից, և եթե հայտնել էր, արդյոք ի՞նչ ձևով էր հայտնել: Հյուրերը այդ մասին չէին խոսում և ինքը, տիկինը, աշխատում էր խույս տալ այդ հարցից: Բայց բոլորովին լռելն անպատշաճ էր: Նա դիտավորություն ուներ` մոտ օրերում Սամվելին ճանապարհ դնել հորը ընդառաջ երթալու և դիմավորելու նրան` նախքան Տարոնի սահմանից ներս մտնելը: Ի՞նչպե ս կարելի էր, որ այդ տան ամենամոտ բարեկամները չգիտենային այդ և, որքան էլ որ ինքը թաքցնելու լիներ, վերջապես Սամվելը կասեր նրանց: Իսկ ինքը Սամվելի հետ դեռ որևէ համաձայնություն չէր կայացրել, թե որպես պետք էր հրատարակել նրա հոր գալստյան համբավը կամ ի՜նչ ձև պետք էր տալ նրա ընդունելությանը: Մյուս կողմից տանջում էր նրան այն միտքը, թե ինչո՞ւ Մուշեղը ճաշի չեկավ: Միթե յուր տան մեջ լրտեսնե՞ր կային... միթե ներքինի Բագոսը դավաճանե՞ց նրան... իրան խոսք տվեց, իսկ ծածուկ իմացում տվեց Մուշեղին պատրաստված դավադրությունը... «Եթե նրան հայտնեցի՛ն, հետևանքը շատ վատ կարող է լինել»... մտածում էր նա և յուր կսկիծը թաքցնում էր արտաքին կեղծ ուրախության ներքո: Նա ոչ ոքից այնքան երկյուղ չուներ յուր ձեռնարկությունների խափանման մասին, որքան այդ համարձակ և անվախ երիտասարդից...

Տիկնոջ նման մի ամուր բնավորություն միայն կարող էր այդ բոլոր մթին տարակուսանքներից հետո` պահպանել յուր սառնասրտությունը և իրան չմատնել հյուրերի առջև: Այսուամենայնիվ, նրա դրությունը խիստ դժվարին էր: Նա չգիտեր, թե ի՜նչպես պետք էր դուրս գալ իրերի այդ խառնաշփոթ հանգույցներից:

Նա աշխատում էր խոսել ավելի հեռավոր առարկաների վրա: Մի քանի անգամ, զանազան ձևերով, հիշեց յուր ցավակցությունը Սահակի հոր, Ներսես Մեծի, աքսորանքի մասին:

— Այն օրից, — ասում էր նա հեկեկալով, — որ ինձ հասավ այդ տխուր լուրը, ես հանգստություն չունեմ. ամեն անգամ, որ մտաբերում եմ, աչքերս լցվում են արտասուքով... Հայոց երկիրը առանց հովվապետի՛ ... ա՛խ, այդ ինչ դժբախտություն է...

Եվ իրավ, նա թաշկինակը տարավ դեպի աչքերը: Սահակը մխիթարեց նրան, ասելով.

— Ուրախ կա՜ց, տիկին, մի՜ տանջիր սիրտդ այդ դառն հիշողություններով: Իմ հայրը յուր կյանքում շատ փորձանքների մեջ է ընկել, և ամեն անգամ ամենականչ տերը ազատել է նրան: Այդ փորձանքից ևս, ես հավատացած եմ, կազատվի նա:

— Կազատվի՛, — կրկնեց տիկինը, ավելի մխիթարական դեմք ընդունելով: — Նրա սուրբ աղոթքը կազատե իրան...

Պարթևը փոխեց խոսքը, հարցնելով.

— Իսկ դու, քեռակին, ի՞նչ լուր ունես իմ քեռուց. չգիտեմ որտեղ` ականջիս հասավ, որ այս մոտ օրերը գալու է նա:

Տիկինը շփոթվեցավ, բայց իսկույն զսպեց իրան, պատասխանելով.

— Ասում են` գալու է... բայց ճիշտ տեղեկություններ չկան...Կարծես թե, մեր մեղքից, ճանապարհները փակված լինեն... Ամեն կողմից անհաջողության ձայներ են լսվում... մխիթարական ոչինչ չկա... Ի՞նչ է կատարվում այնտեղ, Տիզբոնում, ի՞նչ եղավ թագավորը, — հայտնի չէ... Միայն այդ օրերում Տիզբոնից մի եկվոր, — երևի, փախստական զինվոր — լուր բերեց, թե քեռիդ գալիս է...Ոչ նամակ ուներ, և ոչ մի նշան... Կասկածում եմ, որ ընծա ստանալու համար` խաբեց ինձ... Դու ինչ ես կարծում, սիրելի Սահակ, ես այդ մասին բոլորովին շվարած եմ, չգիտեմ, թե ինչ պետք է անել...

— Ես չեմ կարծում, որ եկվորը համարձակվեր խաբել քեզ, սիրելի քեռակին: Որտեղացի էր:

— Մեր գյուղացիներից մեկը...

— Ուրեմն կասկածելու ոչինչ չկա. ձեր գյուղացին քեզ չի խաբի...

— Ես էլ հակված եմ կարծել, թե գուցե ճշմարիտ լինի... և պատրաստվում եմ Սամվելին ընդառաջ ուղարկել...

— Անպատճառ, պետք է ուղարկել, — ասաց Սահակը, ուրախություն ցույց տալով և դարձավ դեպի մյուսները, այդ կեղծ մտերմական խոսակցությունը ընդհանրացնելով:

— Լսի՜ր, Մեսրոպ, քեռիս գալիս է, Սամվելը պետք է ընդառաջ գնա, խմենք մի-մի գավաթ, Սամվելին բարի ճանապարհ մաղթելով:

Մեսրոպը զբաղված էր զանազան կատակներով ծերունի Արբակի հետ, իսկույն չլսեց Սահակի առաջարկությունը: Սահակը կրկնեց յուր առաջարկությունը:

— Խմենք, խմենք, — ձայն տվեց Մեսրոպը և դարձավ դեպի երգիչները. — երգեցեք մի նոր երգ:

Նրանք երգեցին Վահագնի գիշերային այցելության երգր դեպի Աստղկա ոսկյա ապարանքը, որ կանգնած էր Աստղոնից լեռան գագաթի վրա:

Մտավ Արփին, պատեց խավա՜ր,
Մութ խավարը գիշերին,
Նինջ ու թմբիր ցանեց Քունը
Լուռ և խաղաղ աշխարհին:

Լուռ է Նազիկ, ալիքները
Նազ-նազելով են ծըփում.
Որ նազանի Կույսի նիրհը
Չխանգարեն հատակում:

Լուռ է գետը — Արածանին-
Ուշիկ հոսով է հոսում.
Որ Նըհանգի ծանր քունը
Չըվրդովե յուր խորքում:

Լուռ է անտառ, ոչ մի տերև
Չէ սոսափում, չէ շարժվում,
Զի Պարիկը նինջ է ննջում
Յուր մամռապատ անձավում:

Լո՜ւռ է երկինք, լո՜ւռ է գետինք, —
Ամենուրեք լռություն.
Խաղաղական քաղցր քնով
Քնած է ողջ բնություն:

Բայց Աստղոնից լեռան վրա
Դեռ հսկում է դիցուհին,
Քուն կամ հանգիստ մոտ չեն գալիս
Նրա կարոտ աչերին:

Նա տանջվում է յուր անկողնում,
Անկողնումը լուսապատ,
Եվ տարփալի հուր-աչերը
Հառած են դեպ Աշտիշատ:

Ահա՜ Տարոն սասանվեցավ,
Սասանվեցավ, դղրդաց,
Ամպրոպային ահեղ թնդմամբ
Լեռն ու անտառ որոտաց:

Այդ հսկան է — շեկ Վահագնը —
Հսկայական ընթացքով
Տատանում է երկինք, գետինք,
Տատանում է լեռ ու ծով:

Բայց դիցուհու գողտրիկ սիրտը
Անուշ դողով դողդողաց,
Երբ դյուցազնի մերձենալը
Յուր ամրոցին նա զգաց:

Կրկին տիրեց լռությունը —
Խորհրդավո՛ր լռություն,
Նա Դյուցազնին հանգիստ տվեց.
Հանգիստ տվեց յուր գրկում: