Սամվել/Առաջին գիրք/ԺԳ
ԺԳ
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԲԱՐԴՎՈՒՄ ԵՆ
Ճաշը վերջանալուց հետո, հյուրերը կրկին հավաքվեցան դահլիճը: Այստեղ պատրաստած էին նրանց համար զանազան օշարակներ և զանազան զովացուցիչ ըմպելիքներ` գինու տապը մարելու համար: Սպասավորները անդադար ելևմուտ էին անում, իսկ դռների մոտ անշարժ կանգնած էին թե՜ Սահակի և թե՜ Մեսրոպի զինված թիկնապահները: Մամիկոնյան տիկինը այժմ ավելի ուրախ էր և ավելի սիրալիր քնքշությամբ գուրգուրում էր յուր հյուրերին: Նա մինչև անգամ խոսում էր, ծիծաղում էր Մեսրոպի հետ, որի վրա առաջ առանձին ուշադրութչուն չէր դարձնում, համարելով նրան «մի փոքրիկ ազնվական», որ յուր անշուք ամրոցի կտուրից կարող էր տեսնել յուր կալվածքների բոլոր սահմանները:
Ծերունի Արբակը հենց ճաշը վերշանալուց հետո իսկույն աննկատելի կերպով անհայտացավ: Սամվելը դեռևս գտնվում էր յուր առաջվա մռայլ տրամադրության մեջ: Եթե հյուրերի ներկայությունը չլիներ, նա ևս, յուր դայակի նման, կթողներ և կհեռանար յուր սենյակը, մի փոքր հանգստություն տալու բորբոքված սրտին: Նա նստած էր դահլիճի մի հեռավոր բազմոցի վրա, և գլուխը խոնարհեցրած հենարանի վրա, կարծես թե նիրհում էր: Բայց այդ ծանրացած գլուխը սարսափելի խռովության մեջ էր: Առանց նրա կամքը հարցնելու գինու աղմկալի բաժակներով նրա համար բարի ճանապարհ մաղթեցին: Նա պիտի գնար դիմավորելու յուր հորը. նա պիտի գնար ընդունելու հայրենիքի դավաճանին... Բայց ի՞նչ սրտով գնար, ինչպե՞ս ընդուներ... Այդ դա՜ռն, հուսահատական մտքերը ալեկոծում էին նրան:
Տիկինը, շարունակելով յուր անսպառ հարցուփորձը, դարձավ դեպի Սահակը, հարցնելով, թե ինչպե՞ս գտավ նա յուր հայրենական կալվածքները:
— Ոչ բոլորովին գոհացուցիչ դրության մեջ, քեռակին, — պատասխանեց Սահակը, փոքր-ինչ շփոթվելով այդ անակնկալ հարցից — Քեզ հայտնի են մեր գործակալների անպիտանությունները, թե ինչպես օգուտ քաղել գիտեն հարմար դեպքերից: Հորս հետ պատահած դժբախտությունից հետո, նրանցից ոմանք, համարյա իրանց տեր կարծելով իրանց կառավարությանը հանձնված կալվածքներին, մինչև անգամ զլացան արդյունքները յուր ժամանակին հասցնել: Մեծ աշխատություններ էին հարկավոր, մինչև այդ բոլոր անկարգությունները կհեռացնեի և գործերը կարգի կդնեի:
Պարթևը խոսքերի մեշ չբռնվեցավ: Փորձիչը առաջարկեց մի այլ հարց.
— Դարձյալ գոհություն աստուծո, որ կարողացել ես փոքր ի շատե կարգի դնել: Հիմա պետք է քեռիներիդ տանը հանգստանաս և նրանց ուրախություն պատճառես, սիրելի Սահակ:
— Շատ կցանկանայի, սիրելի քեռակին, բայց ցավում եմ, որ մի օրից ավել մնալ չեմ կարող: Սաստիկ շտապում եմ...
— Ինչո՞ւ, գոնե պետք է մնաս մինչև Սամվելի հոր գալը. դու գիտե՞ս, թե որքան կուրախանա նա, երբ քեզ այստեղ կտեսնե:
— Բայց մեր տանը մեծ անհամբերությամբ սպասում են իմ վերադարձին: Փոքրիկ Սահականույշը հիվանդ է: Մայրը անմխիթար տրտմության մեջ է գտնվում, ուշանալ չեմ կարող, սիրելի քեռակին:
Տիկինը տխուր դեմք ընդունեց, թեև նա չէր հավատում ոչ փոքրիկ Սահականույշի հիվանդությանը և ոչ նրա մոր անմխիթար տրտմությանը, ինչպես չէր հավատում, որ Սահակը յուր կալվածական գործերը կարգի դնելու համար էր եկած Տարոն:
Նա դարձավ դեպի Մեսրոպը, որ այդ միջոցին կանգնած էր– պատուհանի առջև և, ձեռքում բռնած ունենալով այնտեղ դրած արծաթյա անոթներից մեկը, նայում էր գեղեցիկ քանդակների վրա:
— Ինչպե՞ս վերջացավ ձեր վեճը օձնեցոց հետ, Մեսրոպ:
— Ես այդ մասին ամենևին չեմ էլ մտածում, տիկին, — պատասխանեց նա անփույթ կերպով. — ես այդ հոգսերը թողել եմ հորս վրա: Օձերի հետ գործ ունենալը փոքր-ինչ դժվար է...
— Բայց հացիկցիք ևս պակաս չեն... — նկատեց տիկինը, ժպտալով:
— Դրա համար էլ նրանց «կարճազատներ» են կոչում... — պատասխանեց Մեսրոպը ծիծաղելով:
Մեսրոպը Հացիկ ավանի տերը և միևնույն ժամանակ բնիկ այնտեղացի էր: Օձ քաղաքի բնակիչների հետ հողերի սահմաններ որոշելու վեճ ունեին: Օձեցիք ճանաչված էին որպես օձաբարո մարդիկ. իսկ հացիկցիք ստացել էին «կարճազատ» մականունը, որ նշանակում է կարիճի զավակ, կամ, փոխաբերական մտքով, չարաճճի, խայթող, թունավորող: Տիկինը յուր ակնարկությամ կամեցավ հեգնել երիտասարդ «կարճազատի» խայթող լեզուն, որովհետև օձնեցիք վայելում էին տիկնոջ առանձին խնամակալությունը և նրա անմիջական հովանավորության ներքո էին գտնվում:
Այդ փոքրիկ հանաքից հետո, որ տիկնոջը շատ հաճելի չթվեցավ, խոսակցությունը կրկին դարձավ Սամվելի ճանապարհորդության վրա: Դրան առիթ տվեց այն, որ տիկինը, նկատելով որդու խռովյալ դրությունը, ցած իջավ յուր գահավորակից, մոտեցավ նրա բազմոցին և, ձեռքով փայփայելով նրա խիտ գանգուրները, հարցրեց.
— Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս, գոլ ճաշից հետո ինչ-որ տխրության մեջ ես գտնվում է:
— Ոչինչ... — պատասխանեց Սամվելը, գլուխը վեր բարձրացնելով: — Այդ ինձ հետ շատ է պատահում.., մանավանդ չափազանց ուրախություններից հետո... Սեղանի վրա փոքր-ինչ ավելի խմեցի:
Տիկնոջ աչքին ընկավ որդու գունաթափ դեմքը: Նա սոսկաց:
— Քո դեմքը քո մասին լավ վկայություն չէ տալիս, Սամվել, — ասաց նա դողդոջուն ձայնով. — դու, երևի, հիվանդ ես, քո երեսին գույն չէ մնացել. քո աչքերը վառվում են ինչ-որ տենդային կրակով... ես սարսափում եմ քո վրա նայելիս:
— Ասում եմ, որ այդ ինձ հետ շատ է պատահում... — կրկնեց որդին և վեր կացավ նստած տեղից:
Նա մի քանի անդամ մտահույզ կերպով անցավ դահլիճի միջով, հետո կանգնեց Մեսրոպի մոտ, որ դեռևս շարունակում էր նայել հնադարյան անոթների վրա: Տիկինը գնաց, նստեց յուր տեղը:
— Երիտասարդների հետ այդպիսի րոպեներ շատ են պատահում, — ասաց նրան Սահակը: — Ո՛վ գիտե, ինչ է մտաբերել... երևի, յուր նշանածին...
Վերջին խոսքը ասելով, տիկնոջ որդու մասին կրած ցավակցական զգացմունքները կատաղության փոխվեցան: Նա զայրացած կերպով գոչեց.
— Խնդրում եմ, Սահակ, մի հիշեցրեք ինձ այդ անունը... Ինձ ատելի են բոլոր Ռշտունիները և ամբողջ Ռշտունիքը...
Սահակը այդպիսի պատասխան չէր սպասում: Այդ խոսքերը ոչ միայն նետի նման ցցվեցան Սամվելի սրտում, այլև վիրավորեցին նույնիսկ Սահակին, և նա ստրջացավ, որ միամտաբար այդ առարկայի վրա խոսք բաց արավ:
— Ինչո՞ւ Ռշտունիքը, այդ քաջարանց երկիրը, և ինչո՞ւ Ռշտունիները, այդ քաջազուն իշխանները ատելի են քեզ, տիկին, — հարցրեց նա սառն կերպով:
— Չգիտեմ ինչու, — պատասխանեց տիկինը առաջվա վրդովմունքով: — Միայն այդ կոշտ, կոպիտ, վայրենի, արյունարբու լեռնականների դուստրը չէ կարող իմ որդու կինը լինել... Ես ինքս Արծրունի եմ և Արծրունյաց տոհմից ընտրել եմ իմ որդու համար արժանավոր հարսնացու... Այդ գիտե Սամվելը. ես հարյուր անգամ նրա հետ խոսացել եմ այդ մասին:
Սամվելը լսում էր այդ խոսքերը. նա մոտեցավ և, կանգնելով մոր առջև, ասաց կիսահեգնական ձայնով.
— Գիտեմ, գիտեմ, ոչ թե հարյուր անգամ, այլ հազար անգամ դու ասել ես ինձ այդ, և իմ պատասխանները, կարծեմ, դու չես մոռացել...
Իսկ եթե քո հա՞յրը կառաջարկե քեզ միևնույնը, Սամվել, — ասաց մայրը կշտամբելով որդու կամակորությունը, — դու, կարծեմ, այն ժամանակ չես համարձակվի հակառակել քո հոր կամքին...
— Դեռ ինձ հայտնի չէ, որ իմ հոր կամքը այդ է... — պատասխանեց Սամվելը խորին սառնությամբ:
Բայց ինձ հայտնի է... — ասաց մայրը խորին բարկությամբ:
Սահակը, նկատելով, որ յուր անմեղ կատակով առիթ տվեց անտեղի և տարաժամ վիճաբանության մոր և որդու մեջ, ընդմիջեց նրանց կռիվը, ասելով.
— Թողնենք այդ: Իրավ է, որ այդ հարցում հոր կամքը ավելի մեծ նշանակություն ունի... Թողնենք մինչև հոր գալուստը... Ես հավատացած եմ, որ Սամվելը հոր ցանկությունը կկատարե...
Հետո, կամենալով ավելի կարևոր առարկայի վրա դարձնել խոսակցությունը, դարձավ նա դեպի Սամվելը, ասելով.
— Իսկ դու, սիրելի Սամվել, պետք է պատրաստվես հորդ ընդառաջ գնալու:
Սամվելը ոչինչ չպատասխանեց: Մայրը շատ գոհ մնաց Սահակի առաջարկությունից և, բռնելով որդու ձեռքից, նստացրեց յուր մոտ, գահավորակի վրա, և մի առանձին սիրելությամբ նայելով նրա երեսին, ասաց.
— Ես ամեն ինչ պատրաստել կտամ քո ճանապարհորդության համար, թանկագին Սամվել: Ես մոռանում եմ բոլորը: Դու չգիտես, ի՜նչ բան է մոր սիրտը: Դու չգիտես, թե որպիսի ջերմությամբ ամեն րոպե բաբախում է նա որդու բախտավորության համար: Ես հենց այսօր կհրամայեմ, որ պատրաստեն նժույգները: Արծաթյա ասպազենքով և թանկագին շալերով զարդարել կտամ նրանց: Ավելի քան հիսուն հետևակներով դու կդիմավորես քո հորը: Քեզ կուղեկցե երիտասարդ համհարզների մի ստվար խումբ, ամենքը գեղեցիկ զարդերով զարդարված, ամենքը հարուստ զենքերով սպառազինված: Եվ ամեն մարդ, ով որ կտեսնե քո փառավորությունը, երանի կտա քո ծնողներին:
Սամվելի հոր գալուստը, որի մասին տիկինը առաջ թերությամբ էր խոսում, և ավելի ծածկել էր աշխատում, քան թե երևան հանել, այժմ, հակառակ նրա ցանկության, յուր բոլոր պարզությամբ խոսակցության առարկա դարձավ: Տիկինը մի առանձին վնաս չէր տեսնում եթե յուր հյուրերին հայտնի կլիներ նրա գալուստը միայն, բայց ոչ գալստյան նպատակները: Նպատակների մասին նա կարծում էր, որ յուր հյուրերը ոչինչ չգիտեն, եթե գիտենային չէին համբերի և որևիցե կերպով կակնարկեին նրան: Այդ մտքով նա հրամայեց տաճարապետին, որ սեղանի վրա ամենաթունդ գինին մատուցանե, որպեսզի արբեցության ջերմության մեջ կարողանա նրանց գլուխները թափ տալ: Բայց ոչինչ չլսեց: Այսուամենայնիվ, նրա կասկածը Սահակի և նրա հոր ծածկամիտ քարտուղարի այցելությունների մասին տակավին փարատված չէր:
Սամվելը հասկացավ Սահակի նպատակը, թե որպիսի վարպետությամբ նա խոսել տվեց յուր մորը այն բոլորը, ինչ որ վերաբերում էր յուր ճանապարհորդությանը: Եվ յուր սովորական երկմտանի պատասխանով կամեցավ լրացնել նրա խոստացած պատրաստությունների թերին, ասելով.
— Այդ բոլորը հարկավոր է հորս արժանավոր ընդունելության համար, սիրելի մայր, բայց դու նրա մեծապատիվ ուղեկիցների ընդունելության մասին ոչինչ չասեցիր:
Վերջին խոսքերի միջոցին նա դարձավ դեպի Սահակը և դեպի Մեսրոպը, որ նստած էր նրանց մոտ:
— Հորս հետ գալիս են պարսից երկու նշանավոր զորապետները — Զիկ և Կարեն. — դրանք գալիս են մեր երկիրը պահպանելու, որովհետև թագավորը չկա, իսկ հայրապետը բացակա է... Դրանց ընդունելության համար ևս հարկավոր են փառավոր պատրաստություններ...
Մոր սիրտը սկսեց դողալ: Ի՞նչ էր կամենում ասել Սամվելը: Միթե նա բոլոր գաղտնիքը կամենում էր բա՞ց անել Սահակի և Մեսրոպի առջև: Սամվելը նկատեց մոր շփոթությունը և շարունակեց.
— Այո՜, հորս հետ գալիս են Զիկ և Կարեն զորապետները: Երբ նրանք ոտք կդնեն Տարոնի հողի վրա և երբ կմոտենան Արածանիին, այդ ժամանակ դու, սիրելի մայր, սկսյալ Արածանիի ափերից մինչև մեր ամրոցը, ճանապարհի ամբողջ տարածությունը պատել կտաս թանկագին գորգերով: Եվ պարսից զորապետները այդ փառավոր փիանդազի վրայով ընթանալով կմտնեն մեր ամրոցը: Այն ժամանակ կկատարենք մեծահանդես խրախճանը... Բայց չմոռանաս, սիրելի մայր, պատվիրել, որ մինչև մեր ամրոցին հասնելը, ըստ պարսից սովորության, ճանապարհի վրա, բազմաթիվ զոհեր մատուցվեն նրանց առջև... Թող արյունով սրբվի այդ ճանապարհը... և թող զոհերի դիակների վրայով անցնեն այդ հարգելի հյուրերը,..
Տիկինը փոքր-ինչ շունչ առեց, երբ տեսավ, որ Սամվելը կարճ կտրեց յուր դառն ակնարկությունները:
Խոսակցությունը ընդհատվեցավ, որովհետև Սահակը և Մեսրոպը վեր կացան և, հայտնելով իրանց շնորհակալությունը տիկնոջ սիրալիր հյուրասիրություն համար, ասացին թե գնալու են Մուշեղ իշխանին այցելելու: Այդ այցելությանը ամենևին ախորժելի չթվեցավ տիկնոջը, մանավանդ երբ իմացավ, որ ընթրիքը նրա մոտ են ուտելու և գիշերը նրա մոտ են մնալու:
— Ինչո՞ւ այնտեղ, — թախանձում էր տիկինը, — ինչո՞ւ եք վիրավորում ինձ: Խնդրում եմ, գիշերը մեզ մոտ եկեք:
— Դու այնքան զբաղմունք ունես, սիրելի քեռակին, — ասաց Սահակը, — որ թե ես, թե Մեսրոպը չէինք ցանկանա խանգարել քեզ: Բայց Մուշեղը ավելի անգործ մարդ է այդ ամրոցում:
Տիկինը ամենաքնքուշ ողջագուրանքով ճանապարհ դրեց նրանց մինչև նախասենյակը, խոսք առնելով, որ գնալու ժամանակ դարձյալ կտեսնվեն յուր հետ: Նա վերադարձավ դատարկացած դահլիճը, և յուր տանջված մարմինը բաց թողնելով գահավորակի վրա, ընկողմանեցավ և, երկու ձեռքով բռնելով ծանրացած գլուխը, սկսեց ինքն իրան հաշիվ տալ յուր այնօրվա կատարած դերի մասին: Դերը անհաջող էր, իսկ հաշիվը հուսահատական: Անհաջող էր նա այն կետում, որ նախագծել էր յուր համար, թե ի՞նչ դիրք պետք է բռներ յուր երկու հյուրերի առջև` յուր ամուսնու գալստյան խորհրդի վերաբերությամբ: Բայց նրանք շատ բան իմացան, քան թե հարկավոր էր, որ իմանային: Անհաջող էր նաև Մուշեղի մասին հղացած չար դիտավորության վերաբերությամբ... Նա մտածում էր կանչել տալ ներքինապետին և նրանից հարցուփորձ անել: Բայց քառորդ ժամից հետո, նա ինքը, յուր տիկնոջ նման թախծալի և վշտահար դեմքով, ներս մտավ:
Սամվելը գնաց Սահակի և Մեսրոպի հետ նրանց ճանապարհ դնելու մինչև Մուշեղի ապարանքը: Երկար նրանք անցնում էին զանազան բակերի և զանազան շինվածքների միջով, մինչև դուրս եկան ամրոցի այդ ոլորապտույտ լաբյուրինթոսից և հասան ապարանքի մեծ, կամարակապ դռանը: Երկու թևատարած արծիվներ քարից դուրս էին բերված դռան կամարի վրա, որոնք, երկու արթուն ոգիների նման, կարծես, հսկում էին այդ իշխանական տան մուտքի վրա: Մուշեղի հայր Վասակը բոլոր Մամիկոնյան եղբայրների մեջ ամենահարուստն էր և նրա ապարանքը` ամենափառավորը: Բացի Տարոնից, որ այդ տոհմի նախարարության ժառանգությունն էր, Վասակին էր պատկանում Եկեղյաց գավառի մի մասը, ուր հիմնել էր նա յուր անունով մի քաղաք, որ կոչվում էր Վասակակերտ:
Մտնելով ապարանքի մեծ դռնից և անցնելով երկար փողոցով, առաջինը, որ բացվեցավ նրանց առջև, դա մի ընդարձակ բակ էր, որ զարդարած էր ծաղկավետ թփերով և մշտականաչ բույսերով: Բակի մեջտեղում մարմարյա շատրվանից բարձր ցայտում էր ջուրը, և մարգարտյա տարափի նման, դարձյալ ցողվում էր գեղեցիկ նհանգի գանգրահեր գլխի վրա, որի բերանից դուրս էր վիժում նա: Այդ պարզ, թրթռուն ավազանի շուրջը նազելով պտտվում էին երկու սիրամարգներ: Ջրի վրա ցրվել էին զանազան ծաղիկներ, որոնք, ալիքների մեղմ ծփանքից մոտենալով ավազանի բոլորակ եզերքին, կազմել էին մի գույնզգույն բոլորակ պսակ: Արեգակի ճառագայթները կորցնում էին իրանց ջերմությունը այդ անուշահոտ, հովասուն դրախտի մեջ, ուր ամբողջ տարին տիրում էր մշտադալար, անթառամ գարուն:
Նրանք գտան Մուշեղին մի հովանոցի մեջ, որ մոտ էր ջրի ավազանին: Նա նստած էր այնտեղ միայնակ և լուռ նայում էր երկու կայտառ պատանիների վրա, որոնք նրա հանդեպի ճեմելիքում նետով նշան էին խփում մի գնդակի, որ դրած էր բարձր ձողի գլխին:
Տեսնելով յուր հարգելի այցելուներին, Մուշեղը դուրս վազեց հովանոցից և, դիմավորելով նրանց, գրկվեցավ նախ Սահակի հետ և ապա Մեսրոպի հետ:
— Երևի, — ասաց նա ծիծաղելով, — Սամվելի մայրը սաստիկ հղփացրել է ձեզ, որ այդպես ուշ եք վերջացրել ճաշը: Ես այստեղ երկար սպասում էի:
Նրանք մտան հովանոցը և նստեցին դալար ճյուղերից հյուսած աթոռների վրա: Սամվելը բաժանվեցավ:
— Դու գնո՞ւմ ես, Սամվել, — հարցրեց նրանից Մուշեղը:
— Ես կգամ ձեզ մոտ գիշերը... երևի, շատ ուշ... — պատասխանեց նա և հեռացավ:
Հովանոցի մոտ, դրսում, ոտքի վրա կանգնած էին Սահակի և Մեսրոպի անբաժան թիկնապահները: Նրանք հրաման ստացան, որ գնան և պարտեզի մի կողմում նստեն, հանգստանան, որովհետև ամբողջ օրը ոտքի վրա էին:
Երկու պատանիները, տեսնելով Սահակին և Մեսրոպին, թողին իրանց ուրախ մարզությունը և վազեցին դեպի հովանոցը: Սահակը երկուսին ևս գրկեց և համբուրեց: Դրանցից մեկը Մամիկոնյան Վարդանի որդի Համազասպն էր, իսկ մյուսը Մամիկոնյան Վաչեի որդի Արտավազդն էր:
Վերջինը, որ մի խարտյաշ, կրակոտ պատանի էր, մոտ տասնևյոթն տարեկան, երկու ձեռքերը դրեց Սահակի ծնկների վրա և, .ծիծաղկոտ դեմքով նայելով նրա երեսին, ասաց.
— Գիտե՞ս, որքան անգամ տարվեցավ Համազասպը, — քսան հարվածների մեջ` հինգ անգամ:
— Իսկ դու, պարծենկո՜տ, քանի՞ անգամ, — հարցրեց Սահակը, նրա երկու ճարպիկ ձեռքերը առնելով յուր ափերի մեջ:
— Ես մեկ անգամ:
— Իմ ձեռքը այսօր դողում է, — արդարացրեց իրան Համազասպը:
Այդ գանգրահեր, վառվռուն աչքերով պատանին Սահակի ապագա փեսան էր, նրա գեղեցիկ Սահականույշի ամուսնացուն: Ինքը Մամիկոնյան մորից ծնված լինելով, յուր դստերը նույնպես հարսնախոսել էր Մամիկոնյաններին, և նո՜ւյն տանը, որտեղից դուրս էր եկել յուր մայրը: Մերձ ամուսնությունները այդ ժամանակ սովորական էին Հայաստանում, մանավանդ բարձր շրջաններում: Սովորական էր նույնպես, ոչ միայն անչափահաս հասակում նշան դնել ամուսնացուներին, այլ օրորոցի մեջ, և մինչև անգամ դեռ չծնված:
— Հիմա գնացեք, նորից փորձեցեք ձեր բախտը, — ասաց նրանց Սահակը:
Երկու պատանիները խլեցին իրանց աղեղները և կրկին վազեցին դեպի բարձր ձողի գլխին դրած գնդակը:
Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի յուր երեկոյան մուտքը: Նրա վերջին ճառագայթները, խաղալով շատրվանից բարձրացած ձյունի պես սպիտակ ջրային փոշիների հետ, շողշողում էին ծիածանի վառ գույներով: Այդ գույները լուսավորում էին հինավուրց ամրոցի մռայլ ճակատը, որ նայում էր դեպի պարտեզը:
Մուշեղը վեր կացավ:
— Գնանք, — ասաց նա, դառնալով դեպի Սահակը և Մեսրոպը, — խոսելու շատ բան ունենք...
Նրանք դիմեցին դեպի Մուշեղի բնակարանը, որի լուսամուտները փայլում էին այդ րոպեում ծիածանի գույներով:
Վերադառնալով յուր սենյակը, Սամվելը չգիտեր, թե ինչ աներ: Զանազան մտածություններ ամբոխված էին նրա գլխում: Զանազան մթին խորհուրդներ խռովում էին նրան: Այդ ալեկոծության մեջ տատանվում էր նա, դժվարանալով որոշել, թե նախ որի՞ց պետք էր սկսել կամ ո՞րը թողնել:
Մի քանի անգամ անցավ նա սենյակի միջով, հետո մտավ քնարանը, պառկեց մահճակալի վրա: Աշխատում էր քնել, որ փոքր-ինչ հանգստություն տա հուզված սրտին: Բայց քնել չկարողացավ:
Մայրը խոստացավ, թե ինքը կկազմե նրա ասպախումբը, որպես վայել էր մի Մամիկոնյան իշխանազնի, և ամենայն շքեղությամբ ճանապարհ կդնե հորը դիմավուրելու: Ուրեմն այդ հոգսից ազատ էր նա: Բայց հենց նրա մեջն էր գլխավոր հոգսը, որ այդ րոպեում նրա մտատանջության առարկան էր դարձել: Մոր պատրաստած ասպախո՛ւմբը... մոր ընտրած մարդի՛կը... և ինքը պետք է գնար նրանց հետ... այսինքն, նրանք պետք է տանեին Սամվելին... պետք է տանեին հորը ուրախացնելու համար... և, որպես ոսկու և արծաթի մեջ զարդարված մի խրծիկ, պարսից բանակին ցույց տալու համար... և պարսից զորապետներին զարմացնելու համար... Այդ էր փառասեր մոր նպատակը:
Բայց Սամվելն ուներ յուր առանձին նպատակները... Եթե մայրը առաջարկելու ևս չլիներ, նա դարձյալ կգնար հորը դիմավորելու: Բայց կգնար յուր մարդիկներով: Նա չէր կարող գնալ մոր ընտրած մարդիկների հետ, որոնց հսկողության ներքո պետք է կաշկանդվեր նա: Նա ցանկանում էր ունենալ յուր մարդիկը, յուր հավատարիմները:
Հենց այն առավոտը, երբ սուրհանդակը գուժեց նրան Տիզբոնից բերած բոթը, — հենց այն առավոտը նրա գլխում ծագեց մի մռայլ խորհուրդ... Այդ խորհուրդը հետզհետե աճում էր և կերպարանագործվում էր նրա մեջ... Եվ այդ խորհուրդը կատարելու համար անհրաժեշտ էր, որ նա յուր հավատարիմ մարդիկն ունենա յուր հետ...
Բայց Սամվելը չհակառակեց մորը, երբ նա հայտնեց, թե ինքը կկազմե նրա ասպախումբը: Չհակառակեց, որպեսզի մորը կասկածանքի առիթ չտա: Այժմ ինչպես պետք էր հաշտեցնել այդ երկու ծայրահեղությունները, որ թե՜ մոր ցանկությունները կատարված լինեին, և թե՜ ինքը յուր նպատակին հասած լիներ... Նա ոչինչ վճռել չկարողացավ: Երկու ձեռքով պինդ բռնեց խռովահույզ գլուխը և աչքերը խփեց...
Նույն րոպեում և մայրը, յուր գահավորակի վրա պառկած, երկու ձեռքով պինդ բռնած ուներ յուր գլուխը և մտածում էր...
Բոլորովին մութն էր, երբ Հուսիկը ճրագը ձեռին ներս մտավ, զարթեցրեց Սամվելին:
— Ի՞նչ կա, — հարցրեց նա, աչքերը տրորելով:
— Մի շինական խնդրում է տեսնել իմ տիրոջը, — պատասխանեց պատանին:
Սամվելը հասկացավ, թե ով պետք է լիներ:
— Նրան այնպես կբերես ինձ մոտ, որ ոչ ոք չտեսնե, — պատվիրեց Հուսիկին:
Պատանին ճրագը դրեց յուր տեղը և հեռացավ, Սամվելը քնարանից դուրս եկավ յուր ընդունարանը: Մի քանի րոպեից հետո, Հուսիկի առաջնորդությամբ, ներս մտավ Մալխասը, թավամազ կուրծքը բաց, բազուկները հոլանի և մի երկայն նիզակ ձեռքում բռնած: Նա անփույթ կերպով գլուխ տվեց և հենվեցավ յուր նիզակի վրա:
Հուսիկը խոհեմությամբ հեռացավ, մտածելով, գուցե յուր տերը առանձին խոսելիք ունե այդ մարդու հետ, որի ավազակային դեմքը նրան շատ հաճելի չթվեցավ:
— Դու որևիցե ժամանակ եղե՞լ ես Ռշտունյաց կողմերում, Մալխաս, — հարցրեց նրանից Սամվելը սպասավորի հեռանալուց հետո:
Ծիծաղի նման մի բան ցնցեց համարձակ շինականի խոշոր գծերը և նա արհամարհանքով պատասխանեց.
— Ռշտունյաց լեռներում մի քար չկա, որ Մալխասը չճանաչե, տեր իմ:
— Իսկ Աղթամար կղզում եղե՞լ ես:
— Մի քանի անգամ:
— Որքա՞ն ժամանակում կարող ես հասնել այնտեղ:
Շինականը րոպեական մտածությունից հետո ասաց.
— Այդ իմ տիրոջ կամքիցն է կախված, եթե շուտ է հարկավոր, ես գիշերը ցերեկ կդարձնեմ և երկու օրում կհասնեմ:
— Շուտ է հարկավոր... — ասաց Սամվելը և յուր թղթերի պահարանից դուրս բերեց մի նամակ, որ այն առավոտ գրած, պատրաստած ուներ: Նամակը հանձնեց նրան, ասելով.
— Այդ նամակը, որքան կարելի է, շուտ, կհասցնես Ռշտունյաց Գարեգին իշխանին:
Մալխասը ընդունեց նամակը և խնամքով թաքցրեց յուր գլխի ապարոշի փաթոթի մեջ:
— Էլ ուրիշ հրաման չո՞ւնի իմ տերը, — հարցրեց նա:
— Ուրիշ ոչինչ: Բարի ճանապարհ եմ ցանկանում:
Նա խոնարհությամբ գլուխ տվեց և հեռացավ:
Նախասենյակի դռան մոտ սպասում էր Հուսիկը: Նա այդ օտարականին որպես աննկատելի կերպով ներս էր բերել, նույնպես աննկատելի կերպով դուրս հանեց ամրոցից:
Այդ համարձակ, անձնավստահ տղամարդը նույն շինականն էր, որին մի օր առաջ հանդիպեց Սամվելը ճանապարհի վրա Աշտիշատի վանքը գնալու ժամանակ: Նամակը տարավ նա Ռշտունյաց Գարեգին իշխանին, որի Աշխեն անունը դուստրը Սամվելի սիրո և քաղցր մտածությունների առարկան էր: Իսկ նրա մոր ատելության — չար հրեշտակը...