Jump to content

Սասունցի Դավիթը, Բ. մասը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սասունցի Դավիթը, Բ. մասը
Աղբյուր. ԵԼԺ հ4, էջ 41
տ. ― էջ 267, ծ. ― էջ 538

[ 41 ]

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ

Բ ՄԱՍԸ

1


Ընկավ Մելիքն ամբարտավան ու պատերազմն արյունոտ։
Խաղաղ կյանքի, ուրախ օրվան բացվեց հայոց առավոտ։
Գըտավ կորցրած հանգիստն էլ ետ ամենն իրեն հարկի տակ,
Վեր բարձրացավ կըտուրներից ծուխը բարդ-բարդ, կապուտակ։
Կըտրիճ տըղերք զենքի տեղակ առան մանգաղ, գերանդին,
Զրը՜նգ, զրը՜նգ, զըվարթ ձենով գործը թընդաց մեր հանդին։
Դը՛մբ, հա դրը՛մբ, թըմբուկ զարկին, զուռնեն[1] հընչեց զիլ, ուժեղ,
Քեֆ, կեր ու խում, պար ու խընդում, ու հարսանիք ամեն տեղ։
— Ապրի Դավիթ, [մեր ապավեն], որ մեզ տըվավ ուրախ օր,
10 Իրեն կանանչ կարմիրն էլ թող էսպես կապենք բախտավոր…
Ու նըշանեց Ձենով Օհան, Դավթին արավ տուն ու տեղ,
Աղջիկ ուզեց արժանավոր, թագավորի զարմ ու ցեղ։

[ 42 ]

Խըլաթ քաղքի թագավորի դուստրը խոսեց նըրան կին,
Չըքնաղագեղ ու փահլևան էն Չըմըշկիկ Սուլթանին։

2

Բայց թե աղջիկ կուզես չըքնաղ, անպարտելի փահլևան։
Արի՛, գընանք Կապուտ Բերդի թագավորի աղջըկան։
Խանդութ խանո՜ւմ… հուրի ասա, մի աննըմա՜ն, մի անտե՜ս…
Խանդութ խանո՜ւմ… հալվում էին սըրտերն ամեն մոմի պես։
Օխտը տարի քառսուն հըսկա թագավորներ աժդահակ
20 Գուրզերն առած նըստած էին նըրա բերդի պատի տակ.
Բայց [անտարբեր] գեղեցկուհին իր ամրոցում ահագին,
Ու չէր զարկում կարմիր խնձորն և ոչ մեկի թիկունքին։

3

Ձենը ելավ, աշխարք ընկավ, գընաց, հասավ Կապուտ Բերդ,
Թե մեծ կըռվում հաղթեց Դավիթ Մըսրա տիրոջն անհեթեթ։
Էս հաղթական լուրի վըրա քանդվեց սիրտը սիրունի.
Ա՜խ, Սասունցի քաջ Դավիթը իմը լիներ երանի…
Երնեկ տըվավ՝ խելքը թըռավ, ուշքը թըռավ դեպ Սասում,
Դավիթն է միշտ մըտքի միջին, Դավիթն է միշտ երազում։

4

Երկու աշուղ կանչեց Խանդութ, ոսկի տըվավ լիառատ,
30 — Գնացե՛ք, ասավ, Սասմա քաղաք, Ջոջանց տունը բազմահաղթ,
Իմ գովքն արեք Դավթի առաջ, սերըս սիրտը ձըգեցեք,

[ 43 ]

Ու կըտրեցեք աչքի քունը, սըրտի հանգիստն կըտրեցեք։
Ապա ինձնից բարով արեք, ասեք՝ մինչ ե՞րբ մընամ քեզ,
Ձիավորված < . . . >թըռած՝ ե՞րբ պիտի գաս ինձ տանես…
Սազներն առան աշուղները ու հողից հող <. . .>,
Սազ անելով եկան հասան Սասմա քաղաք, Ջոջանց տուն։
Բարով տըվին շեմքում նստած էն ջոջ Ձենով Օհանին,
Է՞ս է, ասին, աստվածապահ Ջոջանց տունը [մեծ ու հին]։
— Է՛ս է, ասավ Ձենով Օհան, ի՞նչ եք ուզում դուք Սասուն։
40 — Մենք <. . .>, աշուղներ ենք, Դավթին կուզենք դյուցազուն։
Խանդութ խանում ղըրկել է մեզ իր գովքն անենք Դավթի մոտ,
Պատմենք անտես էն սիրունի անքուն սերը ու կարոտ։
Աստված ինքը թող շեն պահի Ջոջանց տունը փառավոր,
Շեն պահողին ապրած պահի [էն քաջ Դավթին) <…>:
Ջոջանց պարծանք քաջ Դավիթը ո՞րն է արդյոք, բարեկա՛մ։
— Քաջ Դավիթը, որ լըսել եք, ես եմ, ասավ, հենց որ կամ.
Ինչ որ Դավթին պիտի ասեք, իմ առաջին ասեք դուք։
Էսպես ասավ Ձենով Օհան, աշուղները <. . .>
Նըստոտեցին ծալապատիկ, <. . .> [ուսներից վեր բերին],
50 Ու էրվելով, օրորվելով սազներն առան ծընկներին։
— Օրհնյալ աստված, տեր բարերար,
Քու զորքն է շատ, քու գործն արդար.
Դու պահապան կըտրիճ Դավթին,
Կըտրիճ Դավթին, իր մուրատին.
Իրեն մուրատն իրեն սըրտում,
Իրեն սըրտում— Կապուտ Բերդում…

[ 44 ] 

Օրհնյալ աստված, բանդ ու բարիդ.
Ամենը սուտ, դու ճըշմարիտ։
Դու, որ <. . . > ըսկըզբանե
60

Ըստեղծել ես < . . . >

Խանդութ խանում Դավթի համար,
Դու արժանի անես իրար։
Վա՜յ քու տունը քանդվի, Խանդո՛ւթ,
Վա՜յ [քու դուռը փակվի], անգո՛ւթ,
Դու քու անհաս աշտարակում,
Աշխարհ ամեն քու կըրակում.
< …………. >
Հասակն ասես՝ շիտակ, Դավի՛թ, դրախտի միջում կանգնած նոճին,
Ա՜խ, կանգնած նոճին.
70 Ծըծերն ասես՝ ջուխտակ, Դավի՛թ, զանգակներ են ծոցի միջին,
Ա՜խ, ծոցի միջին.
Աչքերն ասես՝ ծով են, Դավի՛թ, ու [կը] ցոլան աստղ ու արև,
Ա՜խ, աստղ ու արև.
Ունքերն ասես՝ սև են, Դավի՛թ, սև ամպերը ծովի վերև,
Ա՜խ, ծովի վերև.
Ճակատն ասես՝ ճերմակ, Դավի՛թ, էն նոր ձընած դաշտը սերսուփ,
Ակռեքն ասես՝ գերմակ, Դավի՛թ, լա< լ > մարգարտի շարոց են սուրբ.
Ծամերն ասես՝ ճոխծամ, Դավի՛թ, կրունկն են ծեծում հողին հավսար,
Վիզը ասես՝ ճոճան, Դավի՛թ, շողման կլափն ու շուրթը լար…

Տողատակեր

[խմբագրել]
  1. Զուռնեն թաթարները բերին Հայաստան։