Jump to content

Սասունցի Դավիթը (Հովհաննես Թումանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սասունցի Դավիթը
Աղբյուր. ԵԼԺ հ4, էջ 9
տ. ― էջ 223, ծ. ― էջ 521



I

  Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր․
Հազար բերան էր— մի Առյուծ-Մըհեր։

II

  Էսպես, ահավոր առյուծի նըման,
10 Սասմա սարերում նըստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել են կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
20 Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև․․․
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի․․․
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

III

  Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած,
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր֊հըրեղեն հայտնըվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային․
30 Քու ձենը հասավ աստըծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների՛ արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մըհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
  Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
40 Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ֊Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

IV

  Էս դարում Մըսըր անհաղթ ու հըզոր
Մըսրա֊Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
50 Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գըլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
60 Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
  Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ.
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
70 Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
90 Սըրանից կըգա։

V

  Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ֊ութ տարեկան․
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ,— թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
90 — Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՜նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր․․․
Հո՜ղեմ գըլուխը․․․ ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ․․․
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի․․․
  Ու հետն սկըսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
100 Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում․․․
  Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

VI

  Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման․
  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր․․․»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
110 Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր․
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ․․․
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
120 Գալիս են հըրես անհամար գազան.
  «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք․․․»
 Մեծեր, երեխեք
  Սըրտաճաք եղած,
  Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում․
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
  Հե՛յ ուլատեր, հե՛յ գառնատեր․
130 Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
  Ով մինն ուներ— տասն եմ բերել,
  Ով տասն ուներ— քըսանն արել...
  Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
  Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։

Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
140 Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

VII

  Ելավ Օհանը, Դավթի մոտ գընաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։— Մին էլ էնտեղից
150 Մի բոզ նապաստակ, ականջնեըը ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քըշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժար է, հորեղբայր Օհան․
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր․
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
160 Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ...
  Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
  Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
170 Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

VIII

  Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր,
  Ի՜նչ անուշ է
  Ձեր լանջն ի վեր...»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
180 Դըղրդոց-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ ու վագըր բըռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպ Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ...
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
190 Հենց քաղքի վըրա անհամար գազան...
  «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք...»
  Մեծեր, երեխեք
  Սըրտաճաք եղած,
  Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
  Հե՛յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
200 Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
  Ով մինն ուներ— տասն եմ բերել,
  Ով տասն ուներ— քըսանն արել։
  Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
  Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
210 Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էս քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

IX

  Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
220 Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
230 Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին—
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու― նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
240 Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես— գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի...
— Գընա՛, հորեղբայրդ—Օհանը կասի։

X

  Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
250 Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),
260 Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել...
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց...
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա...
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ...
270 Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա...
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
  Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար...

XI

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
280 Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
290 Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
300 Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
  Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
 — Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
310 Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում...

XII

  Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
320 Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
  Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
330 Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

XIII

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
  Մելիք զայրացավ.
  — Գընացե՛ք, ասավ,
  Բադին, Կոզբադին,
340 Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
350 Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
— Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
360 Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
  Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քույրե՛ր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք...

XIV

  Էսպես երգով,
  Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
370 Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
  Աղ ու հացով,
  Լաց ու թացով
  Առաջն ելավ,
  Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառր դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
380 Վերև՝ աստված, ներքևը՝ դու...
  Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
390 Սև սուգ կալավ հայոց ազգին։

XV

  Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի— դո՛ւրս արի մեյդան։
  Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
400 Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր ղըրկել է՝ տանի։
410 — Էլ ի՞նչ ես վըրես բարկանում, նանի՛,
Էդ ի՞նչ ես ասում, ես չեմ հասկանում,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
— Մըսրա թագավոր մեր ի՜նչն է տանում...
Մրսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ, ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալի բովանդակ Սասում.
420 Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ— ո՞րտեղ են ուզում։
— Ո՜րտեղ են ուզո՜ւմ... Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում...
430 Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
  Շաղգամը թողեց Դավիթ ու գընաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Չափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
440 Իմ հոր ոսկին է— ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ.— Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս― տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կըպատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շըներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր...
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
450 Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ...
  Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կողբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս Էլ դեռ գընում Է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

XVI

— Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ․
460 Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան...
  Հորեղբայրն ասավ.— Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
470 Կերթամ, ես նըրան պատասխան կըտամ։
  Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

XVII

  Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,
480 Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն...
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան...
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խընդում ընդհատեցին,
Քըրքըջացին
490 Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ ո՞րտեղից լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,
500 Ետ ես գալի քանց շուն վազան...
  Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր—ինչպես կեռ թուր,
510 Զորք ջարդեցին երեք հարյուր...
  Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը—
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
520 Սասմա ոսկին ու աղջիկներ։
   Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին,
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
530 Չեմ տալ կանայքն իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա․․․
Քու թագավոր, ասավ, թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
   Կատաղեց, փըրփրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
540 Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ, որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավերեմ,
Հեղեղեմ, բերեմ։

XVIII

Էսպես անհամար զորքեր հավաքեց,
550 Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էսքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց—գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
560 Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ... հա՜յ, հարա՜յ, եկավ...
— Ի՞նչը, հորեղբա՛յր, ի՞նչը, ի՛՛նչն եկավ...
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին...
570 Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին...
Ե՜կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չըտա...
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր.
Գընա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ, Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
   Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
580 — Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Քու հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
590 Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես, ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես Էշ ու շամփո՜ւր...
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
— Հոբեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան Է, թե որ չըտա սիրով,
600 Աչքը հանիր՝ խըլիր զոռով։

XIX

   Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս— բեր տուր...
610 — Վա՜յ, Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քու հոր մահվան տարուց—օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կայծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին...
Ինձ թող, ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես— հըրեն, գընա հանի՛ր։

XX

   Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
620 Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
   Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին,
   Ա՜խ, մեր ոսկի գոտին,
Ափսո՜ս, թանկ կապեն, որ հագին տարավ,
   Ա՜խ, որ հագին տարավ․․․

630 Դավիթ բարկացավ,
   Ձին քշեց, դարձավ,
   Օհանը վախեց,
   Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ.
Ա՜խ, Դավիթըս կորավ»։

   Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,
640 Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։

XXI

Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում...
650 Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է՝ կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

   Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան...
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
660 Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք․
Զե՛նք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՛ք, հեծե՜ք.
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

   Էսպես կանչեց, ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կայծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կայծակին։

   Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
670 Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

   Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

   Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռրդ, ո՛վ քաջ,
680 Սուրըդ կըտրուկ միշտ քու ձեռին։
Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

   Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ,

   Որը մի տուն լիք մանուկներ,
690 Որը ծընող աղքատ ու ծեր,
Որը լացով, քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին...

   Թագավորը զոռով-թրրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

   Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես– իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կայծակին
700 Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

   — Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի,
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

   Ասին․ դեպի մեծ վըրանը
710 Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

   — Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես...

   — Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քրնի.
Երեք օրն է դեռ անցկացել,
720 Չորս օր էլ կա, քունը առնի։

   — Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի ...

   Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

   Ելան՝ մարդիկ ճարահատված
730 Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կըրնկին։

   — Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըրռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

   Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
740 Շիկնած տըվին մերկ թիկունքին։
— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

   Տեսավ Դավթին։ Գլուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

   Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
750 Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

   Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

   — Բարով, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
760 Եթե կըռիվ կուզես կըրկին...

   Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

   Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

   Իջավ Դավիթ ձիուցը ցած,
770 Գընաց նըստեց... ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

XXII

   Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
780 Սև ամպ էր պատել Սասմա սարերին։

   Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։

   — Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում...
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում։

   Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ.
790 — Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ,
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։
 
— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկն աղմուկով։
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։

   Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր Մըսրա աստղը փառահեղ,
800 Սասմա աստղիկը սուզվեց խավարում։

   Զարթնեց վախեցած։— Տունդ քանդվի, կի՜ն։
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր...

XXIII

   Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մինչև լուսը կըհասցընեմ»,
810 Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես թե՞ նաշին։

   Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին։

   «Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»։
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
820 Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։

   Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին։
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

   «Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին։

XXIV

   Սև ձին քաշեց Ձենով Օհան,
830 Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան,
Կանգնեց Սասմա սարի գըլխին։
   
   Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

   Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան, ամպի նըման
840 Գոռաց Սասմա սարի ծերից։

   — Հե՜յ-հե՜յ Դավի՜թ, ո՜րտեղ ես դու․
Հիշի՜ր Խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի...

   Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

   Ո՜վ Մարութա Աստվածածին,
850 Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել,— հասե՜ք Դավթին...
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

   Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գընում են մինչև էսօր։

   Ելավ հորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
860 Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն...

   — Էլ չեմ նըստիլ ես քւ հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

   — Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

   Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
870 Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

   Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց, կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
880 Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի՜ եմ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

   Երկրորդ անդամ քըշեց Հալաբ
890 Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

   Եկավ, զարկեց․ զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

   — Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜— հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
900 Կանչեց Մելիք ու վեր կացավ։

   Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից, գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

   Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական,
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

   Երեք գիշեր ու երեք օր
910 Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

   Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

   Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
920 Ու տապ արավ գոռոզ հոգին։

   Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

   Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կայծակին։

   Առաջ վազեց մազերն արձակ
930 Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՛թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

   Երկրորդ անգամ թուրը քաշեց․
Էս անգամ էլ եկավ քուրը․
— Դավի՛թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը...

   Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
940 Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կայծակին։

   Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
950 Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լըսեց, շատ զարմացավ
Իրեն զարկից, Թուր-Կայծակից...

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

   Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց.— Մի՛ վախենաք,
960 Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

   Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

   Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր...

   Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
970 Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից...

   Դարձե՛ք եկած ճանապարհով,
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

   Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին,—
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
980 Սասմա Դավիթ, Թուր-Կայծակին։

   Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման...