Jump to content

Սեւ թուղթը սուտ է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Սեւ թուղթը սուտ է, չհավատաս, մայր,
Ես դեռ գալու եմ...
          Սպասիր ամեն օր,
Չէ որ ինձ ճամփու դնելիս օրհնել
Ու պատգամել ես,
Որ հաղթանակով վերադառնամ։
Ես դեռ կռվում եմ
Բարու եւ չարի աշխարհամարտում:
Եվ երբ երկինքը պարզվի ամենուր՝
          Քո սրտի նման,
Խաղաղված հոգով գիրկդ կդառնամ։

Ես դեռ գալու եմ,
Որ լրիվանա ժպիտը դեմքիդ,
            Մեր բակի առուն
Վերապրի երգն իր՝ թխահեր, թխաչ
Աղջկա մասին.
Իսկ սարի հովը՝ նորից փարվի ինձ
Մաքուր, մայրահամ քո համբույրներով...

Սեւը սուտ է, մայր, դու չհավատաս,
Ես դեռ գալու եմ...
Ես դեռ գալու եմ...