Jump to content

Սիրելի օր․ Նվարդի համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սիրելի օր․ Նվարդի համար

Սիրելի օր․ Նվարդի համար


Ինչպես բույրը վարդերի,
Ինչպես գարնան բույրը վառ —
Անցնել կյանքից այս թերի
Ու էլ երբե՜ք չդառնալ։
Անցն՜լ, ինչպես իրիկվա
Զանգերի երգը տխուր,
Որ կյանքը ողջ երգ թվա`
Երազի մեջ երգած լուռ։
Եվ երկրային օրերում
Չհասկանա թող ոչ-ոք
Մեր երազն ու մեր հեռու
Կարոտի երգը բորբոք։
Եվ թող չզգա ո՛չ մի սիրտ
Ճահիճներում այս ճղճիմ
Մեր սրտի ցավը վճիտ
Ու հոգու ճիչը վերջին․․․