Jump to content

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին


Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժըպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...