Jump to content

Սիրո կյանքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սիրո կյանքը



I


Ո՛վ իմ սիրելի, ես սիրող սրտով
Խաղաղ ժամանակս կամիմ քեզ զոհել
Եվ հոգուս մաքուր, սուրբ զգացմունքով
Հրաշալի պատկերդ կենդանագրեր
5 Կամիմ հավատալ, որ այսուհետև
Անունդ տվեցի ես ապագային,
Տվեցի, եթե աշխարհիս առջև
Քեզ ճիշտ նկարեց պոետի վրձին։
Պոե՛տ, դիցուք, դու փոքր-ինչ հայտնեցիր
10 Նորա արտաքին գեղեցկությունը,
Բայց դու, ո՜վ պոետ, ինչո՞ւ լռեցիր
Ե՛վ հոգու կյանքը, և՛ մեծությունը։

II


Ես խոնարհում եմ, որպես թե հաղթված,
Ծունր եմ կրկնում որպես հաղթողի
15 Դափնի պսակով, երեք կարգ հյուսած,
Ես բոլորում եմ ճակատն նոր Երգչի,
Թե դա կարող էր երևան հանել
Այն աստվածեղեն հոգու հատկություն,
Եվ այն սրբության եդեմ նկարել,
20 Որ երբեք չմտավ ոչինչ նենգություն։
Կույսե՜ր Հյուսիսի, ճանապա՛րհ արեք,
Ահա՛ ձեր պարծանք, սա ձեր թագուհին
Պետք է ճանաչեք, մի՞թե չգիտեք,
Որ Սիրո տաճար սորան ասացին։

III


25 Նա մա՛ն է գալի, և սիրո հոսանք
Առատ թափում է յուր ճանապարհին,
Եվ ձեզ գրկում է մի վերին հրճվանք
Եվ հաղթակա՛ն է շքեղ թագուհին։
Բարձրագե՜ղ հասակ, հրաշալի կազմված.
30 Ե՛վ օրորվում է, և՛ բեկբեկվում է,
Որպես մի ծաղիկ, զեփյուռից շարժած,
Եվ աչեր կյանքո՛վ փայլատակում է։
Մանո՛ւկ դու սիրո և գեղեցկության,
Թո՛ղ խաղաղ սահեն քո անմեղ օրեր,
35 Թո՛զ աճե միտքըդ լուսով գիտության,
Մաքուր, անարատ, որպես պարզ եթեր։

IV


Նա ման է գալի, և մատաղ սրտերն
Ահա՛ մաշվում են սերից կաթոգին.
Նա ծիծաղում է, և սիրո մատներն
40 Գծագրում են նորա շրթունքին
Մի ամբողջ դրախտ քաղցր համբույրի,
Որ, ես կարծում եմ, ձեռը Արարչի
Մի անգամ ստեղծեց Ադամի համար,
Որ Եվայի սեռն սիրով բարձրանար։
45 Դու գեղեցիկ ես, ո՜վ թե առավել
Ուսման շնորհով գեղեցկանայիր,
Եվ քո քույրերիդ, այդ քեզ խիստ վայել,
Առաջնորդուհի հանդիսանայի՛ր։

V


Թե սպիտակափառ շուշան ձեռներով
50 Առնեի՛ր այս թերթս՝ քո սիրով գրած,
Թե հոգի բերող կապույտ աչքերով
Նայեիր սորան, ով իմ մեծ Աստված,
Որքա՛ն հոգևոր ինձ հանգստություն,
Որքա՛ն բախտ, և՛ հույս, և՛ երանություն
55 Կարող էիր դու ինձ հասուցանել։
Ո՛վ կույս նազելի, թե ցանկաս հիշել
Պոետի անուն, ինչպես մտածեց
Եվ ինչպես մեռավ—կարդա՛ այս տողեր—
Թո՛ղ ևս հնչեն պապանձած լարեր.
60 Իմ քնարն կյանքըս քեզ ընծա՛ բերեց։

1884 թվին