Սուրբ երրորդություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժամ չունեմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Սուրբ երրորդություն)

Վարդան Հակոբյան

Հայ ժողովուրդ
ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ


ԱՂՈԹՔ - Ա
Ես խոսում եմ Աստծո հետ,
Ես խոսում եմ քո մասին,
Եվ բացվում է հազարաթերթ
Ճերմակ վարդն իմ երազի։

Ես խնդրում եմ Աստծուն,
Աղոթում եմ, որ սիրես,
Իմ մեղքերի (չեն ասվում),
Ցավի համար՝ ինձ ներես։

ՈՒ խոսքերդ ես մոռանամ,
ՈՒ խոցերս չտանջեն,
Ինքս ինձնից չհեռանամ,
Աշխարհում այս չկորչեմ։

Աչքերիդ մեջ բոցավառվի
Ծաղիկը՝ երբ ինձ նայես,
Լույսը լույսի կրծքին փարվի,
Իսկ քո՛ կրծքին՝ հալվեմ ե՛ս։

Ես խոսում եմ Աստծո հետ,
Խոսում եմ միշտ քո մասին,
Եվ բացվում է թիթեռնաթեւ
Կապույտ վարդն իմ երազի։

ԱՂՈԹՔ - Բ
Ասում եմ՝ չեմ ասելու,
Լուռ պահելու եմ իմ մեջ.
Բացվելու՝ չեմ հոսելու,
Ծովանալու եմ անվերջ։

Ճամփիս կեսը անցել եմ,
Գլխի չեմ՝ ուր եմ գնում.
Քեզանից նեղացել եմ,
Մուռը ինձնից եմ հանում։

Սրտի ցավից միշտ ոռնամ,
Բայց իմ սիրուն՝ չդավեմ.
Դերվիշներին միանամ՝
Թափառական, բնավեր։

Քանի դու ինձ չես լսում,
Ասել-չասելս՝ մեկ է.
Աղոթքս տեղ չի հասնում,
Բախտը երես է թեքել։

Ասում եմ՝ գնամ, կորչեմ,
Մարդկանց երես դուրս չգամ.
Հավաքեմ ինձ ու քոչեմ
Այս աշխարհից, ինքնակա՛մ։

ԱՂՈԹՔ - Գ
Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-
ոսկի տեղա սիրո ցանքին,
քարը հոսի, ջուրը ծաղկի,
լույս ցոլցլա ամեն ծալքից,
ցավի միջից արեւ ծագի։

Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-
թող, ասում է, վիշտը երգի,
բալասանվի օրը՝ վերքին,
սիրտը անսուտ խոսքով հերկվի,
հավքեր իջնեն մեկնած ձեռքիդ։

Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-
ոտք դնելու մի ափ լինի,
արդար ջուր ու քարափ լինի,
կարոտը խոր, անամպ լինի,
սերն անսահման, անափ լինի։
Գիտե՞ս, Աստված ինչ է ասում,-
դող ու տաղից չհեռանա՛ս,
տված ցավդ չմոռանա՛ս,
Վարդանի հետ անչա՛ր մնաս,
եւ Աստծուն էլ... չուրանա՛ս։