Սպասում (Մատթեոս Զարիֆյան)
Սպասում
>Այս իրիկուն,
Ահ, տարորե՛ն քաղցրությունը իմ աչքերուս․․․
Իմ աչքերուս՝ որոնց շըքեղ գիշերին մեջ՝
Ահա՜, ահա՜,
Հոգիս եկեր կը քընանա․․․
Իրա՛վ, իրա՛վ, աչքերուս մեջ,
― Ահ, չե՞ք տեսներ ―
Հոգի՛ս է որ պառկած հիմա
Հստակ, հստակ կը քընանա․․․
Կը քընանա՝ անտառներու կույսի մը պես,
Իր Երազին շղարշներով փաթթված․․․
Ու երազին մեջ կ’երգե.—
Ան հիմա
Պիտի գա՜․․․
Այս իրիկուն.
Ահ, տարորե՛ն քաղցրությունը ճամբաներուն․․․
Իրա՛վ, իրա՛վ, չե՞ք լսեր դուք,
Ե՜րգը՝ երկինք նետվող շըքեղ սա հասկերուն,
Որ հովին հետ կը պարեն պար մը հեթանոս՝
Արեգակին ու աստուծո փառքին համար․․․
Ահ, անոնց Կյա՜նքը խորունկ․․․
Եվ Ո՜ւյժն անոնց
Քարեն ավիշ ստեղծող սեգ արմատներուն․․․
Եվ անոնց Սե՜րն, ու անոնց Կա՜մքըն ըլլալու․․․
Տեսե՛ք, տեսե՛ք, ինչ երկյուղած պաշտամունքով
Սա ծերունի բաղեղն երկինք կը մագըլցի՝
Համբուրելու գեղեցկությունն արեգակին․․․
Այս որքա՜ն վարդ՝ հընամենի պատերն ի վար․․․
Իրա՛վ, իրա՛վ, չե՞ք լըսեր դուք,
Ե՜րգը Հույսին
Որ այս գույն-գույն ու կրքոտած վարդերեն դուրս
Ծիածանի շըքեղանքով մը կը հոսի․․․
Ան հիմա
Պիտի գա՜․․․
Ու կը քալե՜մ, ու կը քալե՜մ,
Այս բըռնկող կանաչ ու մեծ հըրդեհին մեջ՝
Հըպարտ, պայծառ քայլերով․․․
Ու կը հոսի մազերս ի վար, ծոծրակս ի վար,
Դղըրդելով գորշ թմրությունն
Իմ այս վըտիտ մարմինիս՝
Ուրախությո՜ւնն արեգակին․․․
Ան հիմա
Պիտի գա՜․․․
Ահ, խելահեղ վա՜զքը իմ նոր արյունիս․․․
Շրթունքներես ահա վարդե՜ր կը բըռնկին․․․
Եվ ուղեղիս գիշերին վրա,
Արշալույսի ցողերուն պես,
Ստեղծագործ հավա՜տքն է որ ահա անվերջ
Կ’իջնե՜, կ’իջնե՜․․․
Ան հիմա
Պիտի գա՜․․․