Ահա արդեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոգնություն Ահա արդեն

Մատթեոս Զարիֆյան

Սպասում


Ահա արդեն


Ահա արդեն կյանքը նորե՛ն
Ու մեն մի աստղ իմա՜ստ ունի․
Ահա արդեն մարմանդներեն
Կ’անցնի սարսո՛ւռը. անհունին․․․

Նորե՛ն, նորե՛ն, մարմանդներեն՝
Երազն աչքիս՝ կը դեգերիմ.
Հավա՜տք նորեն ինձ կը ծորեն
Սև նոճիներն իսկ մըտերիմ...

Եվ ավերակ, սըրտիս խորեն,
Նորե՛ն, նորե՜ն, ահա կ’երգե
Կյանքի Սըրինգը մեղմորեն.—
Վա՜րդ կը բացվի մեն մի վերքե...

Եվ այս լռին մարմանդներեն
Մինչ կը քալիմ՝ արցունքն աչքիս՝
Դուն չե՜ս գիտեր, քույր, հեռուեն,
Թե քեզ որքա՜ն կ’օրհնե հոգիս...