Jump to content

Ստախոսը (Իվան Կռիլով)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ստախոսը
թարգմանությունը՝ Խնկո Ապոր

ՍՏԱԽՈՍԸ

Հեռու տեղերից վերադառնալով
Մի ազնվական (գուցե և իշխան).
Բարեկամի հետ դաշտում ման գալով,
Գլխի յեկածն եր պատմում պարծանքով.
Ճիշտ խոսքերին ստեր խառնում անսահման:

«Չե,— ասում եր,— ինչ վոր տեսա
Ել չեմ տեսնի յես իրոք,
Ինչքան խղճուկ յերկիր ե սա՝
Մեկ շատ ցուրտ ե, մեկ ել շոգ,
Մեկ ամպամած, մեկ արևոտ ու պայծառ:
Այ, իսկ ենտեղ մի դրախտ ե փառավոր,
Վոր հիշում եմ՝ հոգիս ցնծում ե կայտառ—
Վոչ քուրք է պետք, վոչ ել մոմ ե հարկավոր,
Դար վոր անցնի՝ գիշերվա մութ չես տեսնի
Տարին բոլոր որն ե ժպտում մայիսի...
Ենտեղ վոչ վոք վոչ տնկում ե, վոչ ցանում,
Բայց վոր տեսնես՝ ի՜նչ ե բուսնում ու հասնում.
Այ, Հռոմում, վարունգ տեսա, որինակ...
Տեր իմ աստված,
Մինչ հիմա ել աչքիս դեմն ե շարունակ:
Կհավատա՞ս: Սարի չափ եր անկասկած»:
«Այ քեզ հրաշք»,—ընկերն ասաց,—
Շատ հրաշքներ կան աշխարհում,
Բայց շատերը չեն նկատում:
Մենք ինքներս մոտենում ենք մի հրաշքի,
Վոր ես գիտեմ չի պատահել վոչ վոքի,
Կհաստատեմ վոր սուտ չի:
Այ, նայիր դու մեր ես գետի կամրջին,
Ուր տանում ե մեր ուղին.
Թեև տեսքով նա կամուրջ ե մի չնչին,
Բայց հրաշալի մի հատկություն նա ունի՝
Ստախոսը սիրտ չի անում, վոր անցնի
Մինչև կեսը նա չհասած

Խորտակվում է ու ընկնում ցած:
Իսկ ով ստեր չի ասում, վոր ուզենա
Թեկուզ կառքով կգնա»:
«Իսկ եդ գետը խորն ե արդյոք և ինչքա՞ն»։
«Դե, ծանծաղ չի նա ենքան:
Տես, բարեկամ, ինչե՛ր չկան աշխարհում:
Են Հռոմի վարունգն անշուշտ մեծ ե շատ,
Մի սարի չափ եյիր, կարծես, դու ասում»...
«Եհ, սար ել չե, բայց կլիներ մի տան չափ»:
«Դե դու արի ու հավատա...
Ասենք, ճիշտ ե, հրաշք ե դա.
Իսկ կամո՞ւրջը, վոր մենք կանցնենք վրայով,
Ստախոսը վրան կանգնել չի կարող:
Հենց ես գարուն յերկու գրող, դերձակը
Ջուրըն ընկան (գիտե ամբողջ քաղաքը):
Քո վարունգը տան մեծության,
Թե վոր ճիշտ ե, մի զարմանք ե իսկական»:
«Եհ, ենքան ել մեծ բան չի,
Իմացիր, վոր հրաշքներ կան շատ տարբեր՝
Մեր եստեղի պալատների նման չի՛:
Ի՛նչ տներ...
Յերկու հոգի, են ել ստիպված, հազիվ մտնեն,
Ու վոչ նստեն, վոչ կանգնեն»:
«Եդպես լինի, բայց, ճիշտն ասած,
Քո վարունգը մի հրաշք ե չտեսնված,
Յերբ նրա մեջ տեղ են գտնում յերկուսով:
Բայց զբաղվենք կամուրջով՝

Դեռ մի հինգ քայլ ստախոսը առաջ չանցած
Ընկնում և ցած:
Քո Հռոմի են վարունգը, վոր ասի՛ր»...
Ստախոսը խոսքը կտրեց —«Դե, լսի՛ր՝
Լավ կլինի եդ կամրջից ձեռ վերցնենք
Անցնելու տեղ վորոնենք»: