Jump to content

Վայրենաբույր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Վայրենաբույր ծաղկունքի մեջ
         անծայր դաշտի
գոհարվել է
Մի ծաղիկ...
Բայց չգիտե ինքը ոչինչ։ Ու ծաղկանց մեջ սովորական
(Սովորական ծաղիկ սակայն չի լինում)
Փայլում է նա,
         Բուրում է նա,
               Շնչում է նա՝
Անտեղյակ իր ճառագումին աստվածային։
Ոչինչ, ոչինչ այդ ծաղիկը չի իմանում այդ մասին,
Ոչինչ, ոչինչ չգիտե։
Գիտե լույսը,
Որ նայում է վերեւից,
Գիտե լեռը,
Որ հսկում է աչալուրջ,
Գիտե սիրտը,
Որ վառվում է թերթերում,
Գիտե հավքը,
Որ շվաքի տակ է առնում ամռան տապին,
Գիտե Աստված,
Որ ամեն օր մարգարտաշող թերթիկներին վաղորդյան
Ցոլում է սուրբ նշխարները՝ մանանա...

Ինձ այնպիսի ձեռք տուր, Աստված,
Որ երբ պոկեմ այդ ծաղիկը,
Այնպես շնչի իմ ափի մեջ,
Որ թվա թե պոկված չէ դեռ։