Արցախյան մի զորամաս կռվել է Ավարայրում
եւ դարձին հերոսաբար նահատակվել Եղեգնաձորում։
Հերոսների աճյուններն ամփոփող բլուրը
հիմա կոչվում է Վարդանանց բլուր։
Լեռը եկել ու կանգնել է մոտիկ,
եւ հավաքում եմ ես իմ ձեռքերը,
եւ իմ աչքերից ծուխ է դուրս գալիս,
եւ իմ վերքերին ես լույս եմ ցանում,
եւ չէի քնել, բայց արթնանում եմ։
Տիարք, քարերին ասում են, ելեք,
եւ բլուրն ինքը իրեն բացում է,
եւ երկինքն իրեն հանում է հողից,
եւ հողում թաղված խաչը ելնում է,
եւ ոտք է բռնում ճամփան Արցախա։
Շարականվում է գետը Եղեգիք,
եւ վանքի զանգը Այբբենարան է,
եւ աղեղները պրկվում են նորից,
եւ ձեռքի թրում Թարթառն է շողում,
եւ ձին կարմիր է, Վարդանը՝ կարմիր։
Դարձը ճամփի հետ մաքառող տուն էր,
եւ ամեն թուփ - քար՝ զինվոր, Եղիշե,
եւ Խաչենն ի վար Տղմուտն է հոսում,
եւ... հողից ելնող, ծլող հերոսներ,
եւ Աստված մեկը հազար է անում։
Լեռը եկել ու կանգնել է մոտիկ,
եւ հավաքում եմ ես իմ ձեռքերը,
եւ իմ աչքերից բոց է դուրս գալիս,
եւ իմ վերքերին ես հող եմ ցանում,
եւ չէի քնել, բայց արթնանում եմ։