Jump to content

Վարդանի և հայոց պատերազմի մասին/Երկու խոսք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Տպագրության հանձնելով Եղիշեի Վարդանանք պատմության մեր աշխարհարար թարգմանության երկրորդ բարեփոխված հրատարակությունը՝ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Այս հրատարակության մեջ չի առնված նախորդ հրատարակության ընդարձակ ներածությունը Եղիշեի ժամանակի, կյանքի հանգամանքների, գրվածքի բնույթի և նրա շուրջը եղած քննադատությունների մասին, որովհետև Ն. Ակինյանը, որի դեմ էր գլխավորապես ուղղված այդ ներածությունը, մանրամասն կերպով անդրադառնալով մեր դիտողություններին (տե՛ս «Հանդես Ամսօրյա», 1951, օգոստոս սեպտեմբերի համար, էջ 398—406), չի կարողացել ոչ մի փաստացի առարկություն բերել մեր դեմ և բավականացել է լոկ ընդհանուր տեղիներով ու անհիմն մեղադրանքներով այն մասին, որ մենք իբր ավելի քան պետք է՝ հավատ ենք ընծայել «ավանդությանը» Եղիշեի մասին։ Ավելորդ էր, ուրեմն, այստեղ մի անգամ էլ անփոփոխ տպագրել այն, ինչ որ արդեն մի անգամ տպված է սույն գործի առաջին հրատարակության սկզբում։

Այս հրատարակությունը մանրամասն համեմատված է Եղիշեի նոր լույս տեսած գիտական համահավաք բնագրի հետ[1] և մտցված են նոր բնագրի պահանջած բոլոր անհրաժեշտ ուղղումներն ու փոփոխությունները։

Մեր այս թարգմանության մասին մինչև այժմ լույս է տեսել երկու գրախոսական։ Առաջինը գրել է Ս. Սիմոնյանը (տե՛ս Անի, Բեյրութ, Ա. տարի 1946/47 թ., էջ 555—559), որը մեր ձեռքը չի անցել։ Երկրորդը գրել է բանասիրական գիտությունների թեկնածու ընկ. Վարագ Առաքելյանը (տե՛ս «Բանբեր Մատենադարանի» № 3, Երևան, 1956, էջ 203—217), որի մի շարք ճիշտ դիտողություններն ու ցանկությունները մեր թարգմանության վերաբերյալ շնորհակալությամբ օգտագործել ենք այս հրատարակության ժամանակ:

Առաջին հրատարակության համեմատությամբ խոշոր չափով կրճատված և համառոտված են ծանոթագրությունները։

Հուսով ենք, որ Եղիշեի այս ոգեշունչ մատենիկը այսուհետև էլ ընթերցանության սիրելի գիրք կլինի հայ ժողովրդի համար, ինչպես մինչև այժմ եղել է։

14 մարտի 1958 թ.:

Ե. ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ
  1. Տե՛ս Եղիշէի Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին, ի լոյս ածեալ բաղդատությամբ ձեռագրաց աշխատությամբ Ե. ՏԷր-Մինասեան, Երևան, 1957 թ.: