Jump to content

Վեմեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՄԵՐ


Մի հավք իջավ ուսիս, կտուցին երգ էր բերել, ասես՝
կրակից նոր հանած, պարզվեց՝ իմ շունչն է, որտեղի՞ց էր
բերում. «Աշխարհում շատ հոգիներ կան, նրանցից
մեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը հոգի է, որովհետեւ
դու ինձ լքել ես, իսկ մյուս հոգիները տեսնես ինչու են հոգի»։

Մի ծաղիկ խոսեց ճամփիս, շշուկը խոտերի մեջ փոխվեց
ջրի խոխոջյունի, պարզվեց՝ հայացքս է, որտեղի՞ց էր
գալիս. «Աշխարհոմ շատ գարուններ կան, նրանցից
մեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը գարուն է, որովհետեւ
քեզ կարոտում եմ, մյուս գարունները տեսնես ինչու են գարուն»։

Մի աստղ իջավ ափիս մեջ, լույսը ալիքվում էր կրծքիս
տակ, պարզվեց՝ քեզ չկորցնելու իմ հույսն է, որտեղի՞ց էր
գալիս. «Աշխարհում շատ երազներ կան, նրանցից
մեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը երազ է, որովհետեւ
դու ուրիշինն ես, իսկ մյուս երազները տեսնես ինչու են երազ»։

Մի ձայն եկավ շատ հեռվից, խփեց ականջիս, ծանոթ
էր այնքան, պարզվեց՝ իմ ձայնն է, որտեղի՞ց էր
գալիս. «Աշխարհում շատ ծովեր կան, նրանցից
մեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը ծով է, որովհետեւ
դու կաս, իսկ մյուս ծովերը տեսնես ինչու են ծով»։