Jump to content

Վեներայի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վեներայի երգը

ՎԵՆԵՐԱՅԻ ԵՐԳԸ

Դու, որ երկիրը ողջ դղրդեցնող
Որոտ ու շանթից բնավ չես վախենում.
Դու, որ ծովի վրա կատաղի մնչող
Խիստ ալիքներին ես սանձահարում,
Եվ բարձր օդում սաստիկ մրրիկին
Ճարպիկ խելքովդ ես կառավարում.
Դու, որ ամեհի առյուծ-գազանին

Ուժիդ տակն ընկճել հնար ես գտնում,
Եվ ժանտ թունավոր բոա-օձերին
Թելի նման ես ձեռքիդ խաղացնում.
Մի խոսքով, դու, որ աշխարհիս միջին
Ոչինչ խիստ ուժին ծունկ չես խոնարհում,—
Այո՛, ո՛վ հեք մարդ, այդ բոլոր, բոլոր
Դու ուժ ու խելքով քո անընկճելի
Միշտ քծնվում ես իմ չորսի բոլոր,
Ինչպես մի ստրուկ ստոր, ողորմելի...
Ոչինչ բովանդակ այս աշխարհիս մեջ
Չըկարողացավ քեզ վերա իշխել,
Բացի ինձանից... Քո խելքով անվերջ
Չըկարողացար դու բնավ ինձ հաղթել...
Ուրեմն՝ դու չե՛ս այս երկրի իշխան,
Դո՛ւ, որ ստրուկ ես ինձ — Վեներայիս,
Դու բնավ չես կարող կոչվել անձնիշխան,
Զի խաղալիք է քո անձը ձեռքիս...

25 մարտի 1886.