Jump to content

Վերադարձը սպասում է բոլորին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Վերադարձը սպասում է բոլորին։
Մի քիչ կմնա մեզանից ամեն մեկը
փնտրող ձայներում,
շունչ կքաշի սաղարթների պես թարմ
միջօրեականին
գերվռազ օրվա
ու, կգնա իր արյան հետ։
Ամեն մեկս միշտ մի տեղ գնում ենք,
                                մեն-մենակ,
ամեն մեկս միշտ մի տեղից գալիս ենք,
                                մեն-մենակ,
եւ դարձյալ
միշտ մի տեղ կա, ուր որ չենք հասցնում
                                լինել,
որտեղից դեռ ոչ մի անգամ ոչ մի տեղ
չենք մեկնել՝
ոչ մենակ,
ոչ էլ...
Իսկ վերադարձը անխուսափելի
եւ տեւական է -
ինչպես կարոտը այն ճանապարհների,
որոնցով գոնե մեկ անգամ գնացել ես
երեխա ժամանակ։
Ես դառնում եմ «երազով ընկած» մանուկ,
անտանելի, համարյա,
իմ անհամբերությամբ,
երբ հիշում եմ
ուղիները այն,
որոնց տեղը դեռ չեմ էլ իմանում,
որոնց տեղը դեռ ոչ ոք չգիտե,
հայտնաբերված չեն դրանք տակավին,
բայց մի օր պիտի
անակնկալ բացվեն իմ քայլերով՝ սրտի պես։
Ես մեծ հավատի ճանապարհորդ եմ։
Գիտեմ՝ Նարեկը 1000 տարի առաջ է
իր ճամփան անցել,
բայց ինչ կլինի, ինչ կլինի, ասենք, հանկարծ
                նա ելնի, կանգնի մեր դիմաց,
նա, որ... կանգնած է միշտ մեր ճամփեքին։
Վերջապես, չէ՞ որ
վերադարձը սպասում է բոլորին, եւ
                        բոլորինը չէ,
վերջապես, որ սպասում է վերադարձը՝
այնպես մոտիկ, շոշափելի ու իրական։