Jump to content

Վերաճանապարհներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՐԱՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ


Ականջս տանում է քամին. «Մի հիշիր անցյալդ ու,
մանավանդ, ներկադ, ուր դու տխուր ես, հիշիր ապագան,
որտեղ դու ուրախ ես լինելու»։ Լիրբ։ Ասում եմ։ Լիրբ։

Ցավը, որսի շան նման,
մեզ գտնում է՝ երկինքը
անընդհատ հոտոտելով։

Եղանակի փոփոխությունը հավքն զգում է փետուրներով,
ծաղիկն զգում է թերթիկներով,
քարափն զգում է մողեսի վազքով,
ճիշտ այնպես, ինչպես ձուկն է ջրի համը զգում մաշկով։

Գաղտնորեն անպարզ երկինք։ Բոլոր ծնունդները
վերածնունդներ են սովորական, բոլոր ճանապարհները
սովորականից սովորական վերաճանապարհներ։

Կնանիք միշտ հավաքվում են մի պահի շուրջ, որը,
իրենց կարծիքով, թվում է՝ դեռ կորսված չէ։ Թերա-
սածությունով տառապում է ամեն ինչ։ Երեխաները
«տնակ-տնակ» են խաղում, արքաները՝ «երկիր-երկիր», եւ
բոլոր չխաղացողներն ակամա դառնում են տիկնիկներ։

Համառոտ հայացք։ Իսկ այգում ծաղկած
ծիրանուհիներն ամեն օր ընդառաջ են գնում
Սողոմոն Թեհլերյանին՝ նրա աջը համբուրելու։ Քայլերը
բացում են աչքերի ու նրանց տեսածի
անհամաձայնությունը։

Հիշողությունը ինձ ընդառաջ է գալիս ապագայից, եւ
թեեւ ես միայն մեկով եմ գնում, բայց աշխարհի
բոլոր ճանապարհները մեծապես վերաբերում են ինձ։