Ես հիմա քեզ տեսնում եմ պատկերներով
վերապրումի
եւ ոչինչ չեմ ասում քեզ,
որովհետեւ վերապրելը ինչ էլ որ լինի ապրել
չի ամենեւին,
որովհետեւ վերապրելը ապրելու մի ձեւն է միայն
եւ որովհետեւ մեկ է արդեն՝ ասեմ թե չասեմ,
բառերը թափվում են խոտերի պես,
ծաղիկների պես, տերեւների պես ու ձյունի,
մազերիդ մեջ ոսկեարեւ եւ ուսերիդ
քնարավուն,
գետնին
մնում են նրանց հատիկ-հատիկ փշուրները
ու դու գնում ես կոխկրտելով,
ոչնչացնելով
ու ոչինչ անել հնարավոր չէ,
քանի որ դու չես լսում արդեն, երբ լսում ես,
քանի որ դու չես գալիս արդեն, երբ գալիս ես,
քանի որ դու արդեն հեռանում ես, երբ հեռանում ես։
Արդեն։
Եվ ես աշնան հեգնանքի մեջ մենակ եմ անասելի
եւ սպանված եմ ես դիտավորյալ...
Երկարիր իմ արյունով ծիծաղող
մատիկդ սիրունիկ
ու թող արյանս հետքը
վառվի ծաղկի պես կարմիր
Ցից քարի ճակատին,
ուր ոչ ոք չի կարող այն կոխկրտել այլեւս։