Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***
Վերերկրային, ներերկրային...
Աշխարհներ են միմյանց ձուլված,
Ու ծորում է կյանքն այս մասունք
Օրերի մեջ մոռացության:
Սիրտը` օջախ դեռ ծխապատ,
Խնկաբուրիկ, անուշահոտ,
Մորմոքում է բարձունքներին
Տառապանքից անօգնական:
Հարբած մեկը` ուսին կապարճ,
Նետ է ուղղում խենթ սրտերին,
Ժամանակը ուշաթափված
Հրաժեշտ է տալիս մեկին:
Ու ցնծության բառեր չկան`
Մթամած է արծաթ գոտին,
Լռությունը ոսկի դարձած
Շողշողում է պարանոցին:
Խենթ ու որբուկ օրը մեռավ
Սատանայի ճոխ ճիրանում,
Կորած մեկը իրեն գտավ
Մոռացության պատվանդանին:
Ժամանակը լուռ լաց եղավ
Արգելքների ճոպաններին,
Սրտի զարկից ամպը ճայթեց
Պղնձագույն մահիկներին:
Լույսը նորից հարբեց գինուց,
Ու խավարը լուռ ճմրթվեց,
Մեղուները պարս-պարս ելան`
Ժամանակի հարսանիքը փոշոտելու:
|
|