Jump to content

Վերջին տեղը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԵՐՋԻՆ ՏԵՂԸ

«Ո՜վ կար, որ հասկնար ու ըսեր ան վերևի Կապուտիկ աստծուն գործերը։ Գարունն երբ աչվընին էրկինքն էր մնացեր, կզնիկ մը ամպ չարցուեց գետինը։ Հիմա որ աշնանքը կա, գյուղացին կարճ երկան իր տարեկան աշխատությունը պիտի խծպե, լեռ, լանջ, ծով կդաոնա»։

Ա՜խ, մեր ալ սա Բուիկ Տետեին գունտ գունտ մռթմռթուկները, գեղին մեջ միայն ինքն ու ինքը, որ քուն-արթուն վիճակին մեջ, երկնուց վրա միշտ ներշնչվողի մը խև խոհուն արտահայտությունով, երկինքի երևույթներուն վրա կժաժե պռկները։

Իրիկունները, կըսեն, անգամ մը անկողին մտնելե առաջ կկախվի կմնա երկինքեն, անգամ մը գիշերը կեսին ատենները կկենա ոտքի վրա, հեղ մըն ալ, մարդս լուսբացի պահուն դուրս կուգա առքին տակեն, աչք կպտտցնե ամպերու աշխարհքը, կհայի, կփնտռտե, ինքնիրեն հետ խոսողի շարժուձևերը կընե, կհայի հեռուն, մինչև աննշմար հորիզոնին ծերվըտիքը։ Բուիկ անկե վերջն է, որ իր հմայեկները կբաշխե։ Ամպերը հոն Հըլըզուրի սարերուն վրա կուտակվեր են (արևմուտք), վաղը, ըսեր է, ողորմություն պիտի թորա. ամպերը ծովուց ջուրը խմել իջեր են (հարավ), նշան մըն ալ այս, որ վաղվան անձրևները ընդհատ տարափներ պիտի ըլլան, թե՝ արևելքեն կամ արևելյան հարավեն վազող ամպերը հյուսիս — այգի կարմիրով — արևը վաղը ետին պիտի հայի, բաց օր մը պիտի ըլլա ըսել Է։

Վաղորդայնի թափառկոտ մուժիկը—մշուշը—հաջորղ օրվան շփոթ երևույթներուն արհավրոտ նախանշանը կընդունիլ։ Ու հետո ամպերու տեսակ մը՝ սփյուռ, ու կաղնի գույնով, թուխ ու կապարի գույնով ամպերը զատ-զատ, եղանակին համեմատ մանավանդ ալս մեր գեղի Գազիմիա Պապային համար թարմ թաց համբավ մը կապահովեն, Բուիկ ըսավ, Բուիկ կըսե, երեկ ըսած է, այսօր ալ նույնը կպնդեր, թե լուսնին բակը, գիշերի լույսերուն շատ ցոլքտուն պաղպաջը, ցորեկի տժգույն նսեմ ոլորտը, րոլոր ասոնք ապահովաբար բարի անձրևներու - ողորմության նշան ըսել Է։ Բոյիկ բայց ինչչափ, երկինքեն, այնչափ մըն ալ երկրի վրա անց–դարձ ըրած բաներեն գիտե, իր մատ մը լեզվին վրա թանկագին մագաղաթի մը խնկոտ պատմությունները միացվեր են, որոնք սակայն ավելի պակաս շահեկանությունով, այնքան հաճախ ըսեր կրկներ է քովիններուն, շատ ավելի իրմով հետաքրքրվող պիսեկներուն, որ շատերուն համար անակնկալ ոչինչ մնացեր է անոնքմե։

Հին տանտեր մը պիտի հասկնայիք Տետեն, զավկի տեր, մալի ըռզակի տեր երբեմն, գեղին գործերը, էրիկ կնիկի հեռքն ու անհամաձայնությունը ժամու տերտերեն մինչև դաշտի ջրտվորներուն, թնճուկ, թքոտ գանգատները իր առջևեն կանցնեին ու ինք բոլորը հաշտ ու հեշտուկ միջոցներով իրարու հետ դուրել կարելու կենցաղիկ խելքովը, հարգանքի տեսակ մը սուղ ակնածանքը ցնցվեր էր գեղի ամբողջին մեջ։ Հիմա՞ — հիմա իրավ որ մարդուն բանը աստծու մնացեր է, անցած անհետացած մեղվընփեթակի մը ամայություն կա իր բոլորտիքը, իր մեջն ալ, որ անջուր հորին մեջ խեղդվողի տպավորությունը կթողու իրեն հանդիպողին ու պահ մը իր ի՛նչն ու ի՛նչպեսը հասկնալ ուզողին վրա։ Հին ունևորեն բան մը երբեք չէ մնացեր հիմա, ոչ իսկ մարդակ մը բրշակեն, որ աչքին դեմ բռնե, անով երեկն հիշե, ու գոնե տրտմանուշ երնեկով մը լեցնե հոգին։ Տունը քաղքի պարտքնտերներեն կգրավվի օր մը, հողի ջրի պես հարստություն հովցուքի պես կանցնի, տղաքը երկուք-երեք, ամենքն ալ կարգուկ, ոչ ինքը, ոչ ալ դուռ դրացին մը կրցավ գիտնալ թե՝ ո՛ւր գացին։ Այդ պանդխտացածներուն վրա, հարսներն ալ, դեռ հարսնիքի քողքերնին գլխին, թողին զինքը ու մեկիկ-մեկիկ մարանց երդերուն տակ գացին։

Բուիկի կյանքը անկե վերջը տառապանքով խաբանված կյանք մը կդառնա, տարին ի բուն ասոր անոր տանը բակին ու ձմեռն ալ շատ բուք օրերուն, ախոռն ու մսուրներուն վրա կքաշկռտե ինքզինքը, աչքն էլին ձեռքեն չի զատեր, կսպասե, որ շերտ մը հացը կատվի կերուքներեն ավելցած, ու դգալ մըն ալ տաքեն պաղեն իր ամբողջ շաբթվան սնունդը ըլլին։

Միսը պարակող լաթեղենը՝ շապիկ, բաճկոնակ, քղլիկ, վրային չեն գար։ Տվեր են, ողորմեր են, բայց ալ հայողը ո՞վ է, թե այդ գոտին, այդ քղլիկը, խեղճ մարդուն լենքին, երկայնքին չվայլող, կամ անոր խոշորկեկ մարմնույն ձույլը չի ծածկող բաներ կըլլան. գոմշուկին կռնակը պեպեքի շապիկը անցված, կամ ահագին բարտին ձեռք մը թաշկինակով ծածկելու փորձն եղած: Բայց վերջապես ինքն ալ ընդունած ու հավտըցած է, որ հասարակաց խղճին ու քմայքին մնացած մեկն է, մուրացիկ մը ըսվել կուզվի, որ պիտի տանե, որ պիտի կլլե, որ պիտի մարսե ինչ որ այդ հասարակություն ըսվածը կամք ընե, բան մըն ալ իրեն բաժին հանե:

Հագնի չի հագնի, կամ ուտե ալ չուտե ալ, աս է իր հոգածին տեսակն ու ամբողջությունը, հացն ալ, ան չոր հացը միայն, որ կուտան իրեն, չէ այն բարությունով, որ մարդը ապրի, կուտան որ՝ ամպերեն անդին Հիսուս Քրիստոսի մայրը՝ մեր բոլորիս ալ մայրիկը, հացթուխ տանտիկին մը եղած է քընծոր, ասկե բրդոնին փոխարեն, հարյուրապատիկ մը խլեն, զգալ մը փիլավն ալ հարկավ զատ պահանջ։ Բուիկ այս վիճակով ամառեն ձմեռը կճամփորդե, ձյունը կտափնե բոբիկ ոտքովը, ձյունը երեսին ու կուրծքին վրա կհալի միշտ, ու անգամ մըն ալ դեպի ամառը, այդ ոտքերը անգամ մըն ալ ամրան լույծ փոշիին միջեն կքաշքշե, այդ փոշին լույծ ու տաք ալ, որ գիտեք, թե հավկիթը կխաշե և որուն խշխիշ տաքին, կըսեն ուղտին ներբանն ալ չի դիմանար։

Բայց ա՛լ ինչպե՞ս, ինչո՞վ պիտի ապրեր, ատի հեղ մըն ալ իրեն հարցնեիք։ Տարիքը իրավ որ տարիքն է ան հինօրի ուռենիին, որ ճամփուն վրա, հոն իր աղկաղկ, նիհարուկ ոստերովը ճուկ–ճուկ կըլլի ու կգերեկնա հովերուն, որ ա՛լ չի մոտենան իրեն, վերջին տերև մը, մորճ մը գոնե գոյության նշան թողուն։

Տարիներու այս բեռին տակ, ութսունն անցուկ շատունց, հարյուրին մոտեցած՝ մազ, մորուք, ունքերն ու մինչև աչքին թարթիչները բոց պիտակը հագած կերևան ալ։ Չի լսեր շատ, աչքին մեկըն ալ վրա տված այն դեպքով, որ օր մը, մութին մեջեն, իր խըշտին գտնելու խարխափը կընե, ցիցի մը կզարնվի, աջ աչքը պիտի ըլլա, այդ պահուն խաղողի պտուղի մը պես կպատռի։

Այդ մարմինին, սակայն, կյանքը այդ ցավերով զմուռը դնող, ապրողին համար, մեկ աչքն ալ բավական չէ՞ր կըսեք, երկուքով ի՛նչ ուներ տեսնելիք, աշխարհք, մարդիկ ի՞նչ համ բերին իր բերնին, հոգուն որոնց անուշ տեսքեն չուզեր անցնիլ, ատ արևն ալ աղե՞կ կընե, որ ո՛ւր երկննա, հոն լույս ու շարվեղ կմեյնե, շատ

անգամ ինչ պետք կար սա արև ցորեկին ու ան լուսիկ գիշերին։

Բամպքաղի շաբաթն է հիմա, միտքս կուգա, որ այս Բուիկ Տետեն ինքն ալ կարկտնուկ տարուկ մը ուսն ի վար ձգած, գեղին աս կամ ան կողմը քաղի ելլող բազմության մեջ կերևար։ Կերթար, կերևար, կաղակուրտեր, բայց շիտակ չէ՞ որ դժբախտ ծնած մարդը, ուր ալ երթա, կակուղ բամպակին արտի մեջ ալ, հոն նորեն իրեն համար կակուղը, փափուկը, անուշ խոսքին ու ընդունելության փշուրը գոնե բաժին չի հանվիր։

Ծերունին մյուս կենճ քաղվորներուն հետ ատենին տեղ չի կրնար ժմնիլ, գործի գլուխը ուշ հասնողն է, այդ պատճառով ու անոնցմով ալ իր խոզան խճեճեն չի կրնար զատել կըսեն, շատ դանղաղ կշարժի կամ բնավ չի բանիր ու հաճախ արգելք մըն ալ մյուս բանվորներուն, իր երկար անվերջ հեքիաթներովը, որ՝ արևցըթուն կսկսի ու իրիկունը՝ արևմտուն դեռ ծայրը չի հանկուրցեր։ Հարս, աղջիկ, մեջկնիկներն ալ բերվընին բաց իրեն մտիկ կընեն, ասոնք իրիկունը, ծյուրած երեսով, մազը գլխուն, թամ ճենեկ կուզեն։ Սանկ շարք մը ահա պատճառներ, որով ո՛ւր երթա, ո՛ր հողտերի ալ դիմե, մարդով, միջնորդով մուտք խնդրե արտին մեջ, կքշեն կքշբեն ինչպես չղլած եզ մը, որ ջրբոսին կանանչը կավրե։

Անցած ամառը, չեմ հիշեր ո՛ր օր, ոտքս անգամ մըն ալ այն գեղը կիյնա. ս. Դավիթ բժիշկ սուրբ մըն է այդ գեղին մեջ, փոքրիկ Զավենս անոր ոտքը տարած էի որ հազեն դադրի: Կիսափուլ պատին մը տակ, այնտեղ, գզված մազերով ճմռթկված տղեկ մը, ալքերեն փոխված թե՝ շվոտեն ծեծված, աչքիս կհանդիպի, որ բայ ու փետատ ձեռքը կտոր-կտոր բաներ մը կհանե հողեն ու խաղողի մեծկակ կթոցի մը մեջ կտեղավորե։

Տղեկը անտարբեր իր ըրածին, ոչ իսկ աճապարողի երևույթով, կթոցը լեցնելուն կհայի: Ի՞նչ է ատ, կըսեմ, տղա՛, ի՞նչ է կընես, միևնույն անտարբեր արտահայտությունով: Տետեիս մարմինն է, կպատասխանե, պատը փլավ, տակը մնաց, աս աղբերուն մեջ, պահ մըն ալ տանիմ, որ գերեզմնոցը պառկի:

Ու ծերունիին այս մոռցված թոռնիկը իր ամբողջ տետեին սակառին մեջ զետեղելով՝ կշալկե զայն թեթև տոպրակի մը պես, օ՜ֆ մի միայն ու մոտ ճամփե մը գերեզմանին դին կանցնի։ Բուիկ՝ դժբախտ ծնած արդեն, կհավատայի՞ք, որ անոր վերջին տեղը գոնե երջանիկ հանգստարան մը ըլլար: