Jump to content

Ճախրակին առաջքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՃԱԽՐԱԿԻՆ ԱՌԱՋՔԸ

«Քը՛շ քը՛շ, քը՛շ, քը՛շ, գուգան, կերթըն, էրթիքս կգոցեն. դը քիշա, ճաթվելե՜ր, պատռելվե՜ր, թեփուրնին տիրվտուն աչքը բուսնի, մայրի՛կ, ի՛նչ ըլ քենց են, աչվին մխտես, չեն հերտըկիր»։

Իրավ որ, աներես հավերն ալ քշե, քշբանքե չեն հասկնար, երդիքին եզերքը ան ինչքան ալ խուժ ու խոշոր կտոց, սևեր, պիտակներ, պտպտուներ, ամեն քշվելու տասը կերթան, քսանը կուգան։ Իրավունք ունի Գուհարը,— լքված հարս մը,— իր սիրտը արդեն է՛նքան փլուկ է, ու՝ նեխած կզգա ցավերով, որ ա՛լ տանը սյուները մեյ մեկ դիվանք կերևան աչքին: Ու մեյ մըն ալ հասկնայիք, թե իրեն ի՛նչ կար ադ հավձագերու խումբին մեջ. բոլորն ալ անոնք դրանենց հավբնեն արձկվածներն են: Ինք բունիկ չունի աշխրքի վրա:

«Մեղա՛ տեր, մեղա՛ տեր․․․ ջայրս հիմա առջևես վեր պիտի քաշեն»։

Կուկլիկո՜ւկո՜ւ․ կնկուկը վարը օղիկ օղիկ կըլլի բարկանքեն, ու քիչ կմնա, որ մեղա անունով ծառ մը բուսնի բերնեն դուրս, որու հողը, անգամ մըն ալ գիրուկ սրունքներով աքաղաքն է, որ թափ կուտա թևերուն ու իր կես բիտերուն վրա վետվետող իրանին մեջեն խռպոտ ճիչեր պարպելով Գուհարի գլխին, լքված աս հարսին դժբախտությանը վրա անգամ մըն ալ ինք կըլլի ծաղրող։ Գուհար սըվոր ու նըվոնց անհարկիություններեն ատեն-ատեն անհամբեր ըլլիլը բռնելով, փեշերը ընդոստ գոտին կկպցնե, մեյ մը վեր ան ճաթելիքները կելե փախցնել, մեյ մըն ալ վար, ու ինքզինք գտած՝ իր ճախարակին առաջքը կսքլի:

Այս մութ փակարանին մեջ, ուր ծղրիթն անգամ իր մտերիմը գտած է տխուր մենությունը մեկտեղ լալու, Գուհարն ալ իր հին բամպակի կըզնիկներուն տակ ծերացած ջայրեն զատ ա՛լ ոչինչ չունի։

Ինքն ու իր ճախրակը, այո՛: Երբեմն կեսօրեն ետև ու իրիկունեն առաջ, կատու մըն ալ, հունա, իր մետաքս թաթերը մրեղի շյուղի մը իսկ չդպցնելու զգուշավորությունով, լռիկ՝ փեթկնուն տքտիքը կայցելե, շրջան մը կընե ան անկյունը ու սա ծակտիքներուն քովերը, վերջը բութ, հուսահատ մլավ մը, ու կատուն ալ անտարբեր իր ճամփան կերթա:

Գուհարի ընկերը, ուրեմն, ըսեինք անգամ մըն ալ, թե ան Հընուկ, մաշած ճախրակն է միայն: Անոր թմբուկին առջև ծալլված ու կքուկ, թելը թելեն չի կտրեր, աջ ձեռքովը մանիչին ոլորք կուտա, ձախովն ալ անոր իլը կուռեցնե մանված ու մազի բարակությունով թելի մը կաթ սպիտակության տակ:

Կեսօրի արևը երդիքն ի վար լուսոտ շարվեց մը մեյնելով, մանող հարսին քուլային ու պայրոքներուն վրա, անոր աչքն ու ունք կշոյե, տաք շունչի մը հպումով, ու ատ աչքը, ատ տժգույն երեսները լույս աշխարհ հանելու միամիտ կատակ մը կընե։ Այս շերտ մը լույսին ցոլցլուն անդրադարձումովը, ալ որոշ կհասկցվեր թե՝ խրճիթին հարսնուկը դեռ շա՛տ ճահիլ, շա՛տ կենճ, ափ մը ջուր է կըսես: Ու ճախրակեն ալ ինչ ճըլվլտուքներ, ինչ ներդաշնակություն, բանաստեղծ մը միայն պետք էի ըլլիլ ըսելու որ՝ նիտակին փաթը ծիծեռնիկները կշաղակրատեն, բութակին քովեն գիշերի պլպուլի մը կարկառուն հառաչանքները կփշրվին, լիսեռն ալ խիճերու վրայե վազող ծփլտուն ջրիկներուն խոլ գըլգիլը կկծկե ինքն իր վրա:

Անհոգի փայտեն երկնցած այս ձայնոլորքը, այս կռինչները միօրինակ որքան, այնքան լեզվանի և հուզիչ, որ դաշտի գարունի մը վառվառ ու բուրավետ հանդիսավորություններու անակնկալը ունին, մեր այս խրճիթի միանձնուհին, լքված հարսին ալ պատանքտած կուրծքեն չարչկված խորունկ արձագանք կքերեն:

Էրիկն ո՞ւր այս հարսին. ինք գոնե բան մը չգիտե՞ր, անկե իրեն թղթի կտո՞ր մըն ալ չի հասնիր. բայց ինք ինչպե՞ս տարին երկու ըրավ, երկուքը, հինգ, տասը:

— «Որբ աղջիկ մըն էի, կըսե, խուրպան, երկու խոսքով ահա Գուհարի պատմությունը բուն իսկ իր բերնեն. պապ, մեր մեռնելեն վերջը, երկու քոր էինք, ինձմե պզտիկը մեռավ, ես մնացի, հուսա, հունա, ոտք քաշելով, էրես ծեծանքով ապրեցա: Ամառը թթի ծառերուն տակ թութ կըլլեր առտըվա և իրիկվա ուտածս, ձմեռն ու մեկալ օրերն ըլ, ինչ որ դնեին փեշս, դուռ դրացին, օր մըլ հայիմ գլոխս կտոցվեցան խելքեցին որ՝ գլխավորի մի շուքին տակ ապրիմ. ես դըր հովցուկ ջուր մի, 12 տարվան գայի չգայի, իմ պիսեկներս տահա հորթ կարծեին»։

«Ի՞նչ ճուղապ տայի, ի՛նչ ըսեի, վրաս ձեռք մի լաթ ձգեցին, ներս քաշեցին ու նետեցին փերտեին ետին: Հարսնիքս կատարելու գնըց, սև հարսնիք ըլլեր: Փերտեին էտին, քովս էլլող մտնող կնտոց հետտը հիսապը չի գա, էնոնց հետ պազի-պազի դիվու պես ըխթյար էրիկ մարդ մըլ կելլա կմտնա ամա, ի՞նչ գիտնամ։ Ըխթիյարը ամեն գալու ելլալու, քովս խոսող խնտմտացող էքսուկէթեկներուն խոշոր-խոշոր քյուֆուրներ կենե ու ետևէ ըլ քովս կայնեցուցած գինու բղողե մը տափլիով բան մի կպարպե ու կերթա: Ես բերանս կապեր կկենամ. նոր հարս մի, խոսալ խնդալ չըլլիր։ Մինչև կես գիշեր էս մարդը, էս ջեշիտ ― կթաթխվի, կթաթխվի կերթա: Է՛ն սողը, եփ ալ կնիկներ ըլ գացին քովես նը, էն մարդը գլտրվելեն, մըտրվելեն անգամ մի տահա էկավ էրվաց քովս նը պիրտենց վախնալ մը էրի ու բերնես մի քանի խոսք փախավ. «Մըյա, գրո՞ղ է, ի՞նչ է, իմ գլխավորս չըլլի էս հերիֆը. հա՛, իմ գլխավորս էնի է էղեր, իցցուն տարվա գուգգե մի»: Ա՛լ ի՛նչ լամ գլոխս, ի՞նչ էնիմ, ճակտիս յագին էսի է, կըսեմ կմնը՜մ: Էկո տես որ, իմ ախպարս, տարին երկուք չըլլիր։ մարդս միտքը կպիյե եղեր իրեն երեսը ջուջկհալ գրող ըսելըս, դուռն երեսիս փակելով դուրս կելլա, ա՛լ ունչ իզը, ունչ թոզը, և այլն, և այլն»։

Խեղճ աղջիկ, դուն արդեն դժբախտ մըն ես. ի՞նչ կրնան ընել քեզի, քանի ամուսնալուծություն չկա. ինչո՞ւ հիմա պարապը կմըղմըղաս, ցավերդ կցուցադրես. որո՞ւ հոգը. «Զօր Աստուած զուգեաց, մարդ մի՛ մեկնեսցէ»:

1900