Jump to content

Վրաց բանաստեղծությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վրաց բանաստեղծությունը

Վրացու անմիջական և սրտաբաց բնավորությունը, նրա սրտի ազնվությունը, բնական մաքրությունն ու անարատությունը, ազատության և գեղեցկության սերը, այս բոլորը ամեն կողմից լուսավորված կյանքի սիրով և նուրբ վշտով, առհավատչյան են այն բանի, որ վրաց բանաստեղծությանն սպասում է մեծ ապագա։

Այս հատկությունները զարմանալիորեն երևան են եկել Շոթա Ռուսթավելու մեջ, և նա իր ամբողջ էությամբ վրացի բանաստեղծ է։

Հին Թիֆլիսը, Սայաթ-Նովայի նման, թեև սինթեզ է արևելյան շատ ժողովուրդների կյանքի և հոգևոր հզորության, այնուամենայնիվ, գերազանցորեն կրում է վրացական ոգի։

Այս ոգին ամբողջ էությամբ երևաց վրաց ժողովրդի սրբի՝ ս. Նունեի խաչի մեջ, որ շրջապատված է խաղողի որթով և աղջկա մազերով։ Սրանով նա ներդաշնակորեն միացնում է երկնային վեհությունը և կյանքի ուրախությունը։

Բանաստեղծական բնավորությունն այնքան է հատկանշական վրացուն, որ ամեն վրացի ինձ թվում է բանաստեղծ։ Սա վրացուն դարձնում է գրավիչ նույնիսկ իր թշնամիների համար։

Այս աստվածային շնորհքը, որ ավելի կաճի ազատ և անկախ Վրաստանում, աստիճանաբար Վրաստանը կդարձնի բանաստեղծության երկիր։

1920