Jump to content

Վ. Ե. Մանկունի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Վ. Ե. ՄԱՆԿՈՒՆԻ

Ընթերցող, դու կարդացի՞ր այս աղերսը, որ ուղղված է նորին վեհափառության կաթողիկոսին ամենայն հայոց, դու տեսա՞ր այն կոշտ լակոնական պատասխանը, որ դարձած է դեպի խնդրատուները:

Աղերսը կատարյալ աղերս է. այս բառի բուն նշանակությամբ նորա մեջ չկան փաստեր` ապացույցներ, որ հաստատում են խնդրատուի իրավունքները, նորա մեջ կան միայն փաղաքշական խոսքեր, խայտաճամուկ գովեստներ, լաց և արտասուք: — Այսպիսի աղերսը ուղղում են միայն ստրուկներն, որովհետև կարծում են, թե այլ ոճով իրանց տիրոջ սիրտը ամոքել կարող չեն...

Պարսկաստանի հայը, դարերով ստրկության մեջ ճնշված հայը` լավ սովորած է հիշյալ ոճին, նա չգիտե ի՞նչ է իրավունքը, նա միայն գիտե աղաչել և պաղատել...

Մենք չենք զարմանում աղերսի պարունակության վերա, մեզ զարմացնում է միայն պատասխանը. ուրեմն խոսենք դորա մասին:

Դավրեժու ազգային հոգաբարձությունը վիճակային առաջնորդի հետ միասին ուղղում են ի աղերս դեպի ամենայն հայոց կաթողիկոսը, խնդրելով, որ Պարսկաստանից Ս. Էջմիածնա գանձարանը մտնող ինչ-ինչ արդյունքները հատկացվին Դավրեժու ազգային դպրոցին: — Խնդիրը բավականին կարևոր է, և խնդրատուներն հասարակ մարդիկ չեն. — խնդրում են` վիճակային առաջնորդն ազգային հոգաբարձության հետ միասին:

Էջմիածնում սինոդ կա: Վեհ. կաթողիկոսը պետք է աղերսագիրը առաջարկեր սինոդին, որովհետև ուղղակի վերաբերում էր սուրբ աթոռի ելևմտական մասին, և սինոդը յուր կողմից քննելով խնդիրը, կամ կընդուներ և կամ կմերժեր:

Բայց այս պաշտոնական ձևերից և ոչ մեկը գործ դրված չէ եղել: Չլինի՞ թե վեհ. կաթողիկոսը ոչինչ տեղեկություն չուներ այդ աղերսի վրա: — Պատասխանում է Մանկունին: Ով է այդ Մանկունին: — Վեհարանի վաղեմի սենեկապետը, որ այսօր եպիսկոպոսական վեղար է կրում: Շատ լավ, այսպիսի եպիսկոպոսներ, փառք աստուծո, շատ ունենք, մի՞թե նրանց իրավունք է տված ինքնահաճ կերպով ազգային գործերի մեջ մտնել:

Այժմ ես հասկանում եմ այն խոսքը, որ շատերն ասում են, թե Էջմիածինը կառավարում է Մանկունին...

Այստեղ զարմանալու ոչինչ չկա. ազգերի պատմության մեջ դա մի նոր բան չէ: Եղել են ժամանակներ, որ պալատական սենեկապետներն և արքունյաց նաժիշտներն մեծ դեր են խաղացել ամբողջ պետությունների ճակատագրի մեջ…

Դառնանք հիմա աղերսագրի այն կետերին, թե որքան իրավացի կամ անիրավ էր ազգ. հոգաբարձության խնդիրը:

1. Ազգ. հոգաբարձությունը խնդրում է ս. Ստեփաննոս Նախավկայի վանքի արդյունքից 100 ռուբլի (ինչո՞ւ ոչ ամենը) շնորհել Դավրիժո ազգային դպրոցին:

Ինչո՞ւ ոչ ամենը — կրկնում ենք դարձյալ: Էջմիածինը ի՞նչ իրավունք ունի տանել ս. Նախավկայի վանքի արդյունքը: Որպեսզի բացատրենք այս հարցը, մենք ստիպված ենք ասել մի ամբողջ պատմություն:

Ռուսաց պարսից հետ պատերազմից հետո, Թուրքմենչայի դաշնագրության համեմատ, պարսից հպատակ հայերին թույլ տրվեցավ գաղթել դեպի Ռուսաստան: Նույն ժամանակվա Ատրպատականի փոխարքան, որ կոչվում էր Նաիբուլ-Սալթանա (Աբբաս-Միրզա մեծ իշխանը) գիտելով հայ հպատակների մեծ նշանակությունը Պարսկաստանի վաճառականության և երկրագործության մեջ, սկսավ ամեն կերպ կողմնակի հնարներ գործ դնել, որպեսզի գաղթականությունը արգելե: Մեծ իշխանին աջակից էին անգլիական դեսպանատան մի քանի պաշտոնակալներ, որոնք պաշտպանում էին այն ժամանակ Պարսկաստանի շահերը: Գաղթականությունը թեև իսպառ չ’խափանվեցավ, բայց հայերը մասամբ պահվեցան Պարսկաստանում յուրյանց հայրենի հողի վերա: Այս մնալու պատճառն այն է, որ մեծ իշխանը կարողացավ գրավել հայ ժողովուրդը զանազան առանձնաշնորհումներով. օրինակ, գյուղացիների հարկերը թեթևացրուց, Դավրեժ քաղաքի հայերին բոլորովին ազատեց հարկատվությունից, շարիաթի անիրավությանց դեմ զանազան ֆերմաներ շնորհեց և գյուղերի նշանակություն ունեցող մելիքներին ու տանուտերերին մշտական ռոճիկ սահմանեց: Մեծ իշխանը, իմանալով, որ հայերը կապված են ավելի յուրյանց եկեղեցուն և եկեղեցականներին, աշխատեց գրավել և այս կողմը: Հաֆթվանա եկեղեցուն շնորհեց մի քանի օրավար գետին54, որպես եկեղեցական կալվածք, որովհետև այս եկեղեցին նույն ժամանակավ առաջնորդարանն էր, և առաջնորդին մշտական ռոճիկ սահմանեց, որը մինչև այսօր ստանում է ամեն մեկ Պարսկաստանի վիճակավորն: Այժմ մոտեցանք բուն խնդրին. մեծ իշխանը շնորհեց ս. Նախավկայի վանքին մի ամբողջ գյուղ, որ կոչվում է Դարաշամբ, նույն գյուղը, որի մոտ գտանվում է վանքը, որը և մինչև այսօր համարվում է վանքային կալվածք: Վանքի գլխավոր արդյունքը գոյանում է այս գյուղից և այս արդյունքը մտնում է Էջմիածնա գանձարանը, ի՞նչ իրավունքով, հայտնի չէ…

Եթե մենք ուշադրությամբ կարդալու լինենք Մանկունու պատասխանը, նորա մեջ կգտնենք այս խոսքերը. «Մինչդեռ Դավրեժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվեր ևս ստանալ, սակայն խի՞ղճ է, որ Էջմիածնի կալվածքին արդյունքը ևս ինքյանց (այսինքն` վիճակի հայերին) վերադարձնել ուզենան»: — Այս խոսքերից պարզ երևում է, որ Մանկունին ս. Նախավկային պատկանած Դարաշամբ գյուղը Էջմիածնա կալվածք է համարում: Դա կարելի էր, եթե Մանկունին յուր հրաշագործ զորությամբ հրաման տար Երասխ գետին թողնել Պարսկաստանի և Ռուսաստանի սահմանի գիծը և մի քանի տասնյակ մղոն հեռվից հոսել, այն ժամանակ Դարաշամբը կընկներ Ռուսաց հողի վերա, և ավելի մոտենալով Էջմիածնին, Մանկունին կարող կլիներ ջնջել վանքի դռան ճակատից այն պարսկերեն հսկա արձանագրությունը, որ ասում է, թե Նաիբուլ-Սալթանան չէ ընծայել Դարաշամբ գյուղը Էջմիածնին, այլ ընծայել է նա ս. Նախավկայի վանքին, այն վանքին, որ այսօր Պարսկաստանի հողի վերա է գտնվում, ընծայել է այն վանքի ժողովրդին, որ այսօր Պարսկաստանի հպատակներն են55:

Մեր կարծիքով, Դավրեժի ազգային հոգաբարձությունն ամենևին պատճառ չուներ խնդրել Էջմիածնից, որ յուրյան, այսինքն` Պարսկաստանի ժողովրդին պատկանած մի կալվածքի արդյունքից 100 ռուբլի ողորմություն շնորհեր, քանի որ ինքը հոգաբարձությունը կարող էր բոլորովին դադարեցնել ամբողջ արդյունքի Էջմիածին մտնելը: Եվ եթե օգուտ քաղելով ժողովրդի կուրությունից մինչև այսօր հափշտակվել է արդյունքը, — մենք այդ կոչում ենք կղերական հարստահարություն, ավելի ոչինչ...

Դառնանք այժմ 2-րդ խնդրին:

Դավրեժու ազգ. հոգաբարձությունը խնդրում է Դոխորղանու այգիի արդյունքը սեփականել Դավրեժի ազգ. դպրոցին: Մանկունին այդ ևս համարում է Էջմիածնա կալվածք, բայց ապացույցներն հայտնի չեն:

Մենք դարձյալ ստիպված ենք ասել մի նոր պատմություն հայերի Պարսկաստանից գաղթականության մասին: Հայերի գաղթականությունը Պարսկաստանից այնքան հանկարծակի եղավ, որ նրանք ամենևին չունեցան հնարավորություն վաճառելու յուրյանց կալվածքները, այլ թողեցին մնացող ազգականներին, և եթե դոքա չկային, ընծայեցին տեղային որևիցե եկեղեցուն: Այսպիսի նվերներից մեկն է Դոխորղանու այգին, որ այսօր Էջմիածնա կալվածք է դարձել…

3-րդ խնդիրն ավելի հետաքրքրական է:

Դավրեժու ազգ. հոգաբարձությունը խնդրում է, որ Դավրեժ քաղաքի եկեղեցիների մեջ Մայր աթոռի անունով հավաքված գանձանակադրամը հատկացվի տեղային ազգ. ուսումնարանին: Բայց Մանկունին ուրանում է, թե «Դավրիժեն և վիճակեն նյութական ոչինչ օգուտ չկա և չսպասվիր ևս ստանալ»: Ուրեմն Էջմիածինը ի՞նչ կարող է տալ, քանի որ ինքը ոչինչ չէ ստանում:

Դա կատարյալ ստություն է:

Բայց այստեղ կա մի ուրիշ հարց ևս, որտեղ երևան է գալիս կղերական պատկերը յուր ամբողջ հոգևոր հարստահարությամբ:

Ամեն մարդ գիտե Պարսկաստանի հայոց թշվառությունը, ամեն մարդ գիտե, որ նա աղքատ է, և հայտնի է այդ ողորմելի աղքատության պատճառը: Նորա ձեռքի բոլոր վաստակը գնում է զանազան տուրքերի: Նա պետք է տուրք վճարե դիվանին (կառավարությանը): Նա պետք է տուրք վճարե կալվածատերին, որի հողը մշակում է: Նա պետք է տուրք վճարե սարփարաստին և այլն: Ավելացնենք դոցա վերա և հոգևոր տուրքերը, նա առանձին տուրք է վճարում վիճակային առաջնորդին պսակի, թաղման և մկրտության համար: Առաջնորդն ստանում է նաև ժողովրդի ծխահամարի թվով մի ուրիշ տուրք ևս, որ կոչվում է «հոգևոր պտուղ»: Քահանան ստանում է առանձին բոլոր այն ծիսակատարությանց մասին, որ եկեղեցին մատակարարում է յուր ժողովրդին: Դոցա վերա ավելանում են և գանձանակադրամներն56, որ եկեղեցիներում հավաքում են Էջմիածնի անունով, և աթոռահարկը, որ ստացվում է Մայր աթոռի համար: — Այս բոլոր հոգևոր տուրքերն, եթե յուրյանց ժամանակին չվճարվեն, ոչ միայն պարտազանցը զուրկ կմնա եկեղեցվո այս և այն խորհրդից, այլ գործ կդրվին ավելի ազդու միջոցներ, որոնք գործ է դնում դիվանը յուր հարկերը հավաքելու մասին…

Այժմ ո՞վ կարող է մեղադրել մի այսպիսի ժողովրդին, որ ենթարկված է այպիսի «կղերական հարստահարությանց»: Ո՞վ կարող է մեղադրել նորան այն մոլորության համար, որ նա յուր մայրենի եկեղեցին թողնելով կամ կաթոլիկ է դառնում, կամ բողոքական և կամ մահմեդական...

Այս բոլորից հետո այժմ հասկանալի է, թե որքան իրավացի է Մանկունու պատասխանը, իսկ այդ պատասխանը մենք համարում ենք Էջմիածնա խոսքը, և Դավրեժի հայ հասարակությունն ևս այնպես է ընդունում:

Ի՞նչ էր մնում այնուհետև անել հասարակությանը, նա Էջմիածնա դեմ դատ բացելու և յուր իրավունքները պահանջելու ընդունակություն չունի. նրան մնում էր ասել մի բան, թե «մենք այսուհետև Էջմիածնա հետ գործ չունենք, մենք կտրում ենք մեր բոլոր կապերը Մայր աթոռի հետ, մենք կհիմնենք Պարսկաստանում մի առանձին հոգևոր կառավարություն, որպես ունի Տաճկաստանը յուր պատրիարքներով և կաթողիկոսներով և Էջմիածինը այնուհետև չէ կարող տանել մեր վանքերի արդյունքը...»

Եվ այսպես էլ անելու միտք ունի նա:

Այժմ մենք առաջարկում ենք մեր ընթերցողին, որքան էլ զզվելի լիներ «Արարատ» ամսագիրը, առնել մարտ ամսի համարը և կարդալ եր. 82 «Կղերականություն» վերնագրով հոդվածը: Պ. Հայկորդին, կամենալով ցրել կղերականությունը, միևնույն ժամանակ ինքն չէ զգում, որ յուր գրվածքից փչում է կաթոլիկ-կղերականության խիստ թթված հոտը... Նորա հոդվածի մեջ աչքի են զարկում հետևյալ խոսքերը. «Հայոց ընդհանուր հայրապետությունը, — որո Մայր աթոռը միշտ (՞՞) համարված է Ս. Էջմիածինը, — դարավոր ժամանակներե հետե ամեն տերություններե, որոց ձեռքին տակ գտնված են տիրասեր-հայկազունք, ճանաչված է այն ազգին ներկայացուցիչը թե՛ կրոնական և թե՛ քաղաքական նկատմամբ, ուստի և Ս. Էջմիածնա Ծայրագույն պատրիարքությունը` ամենայն հայոց կաթողիկոսությունը այդ յուր պաշտոնը ջանացած է հավետ կանոնավոր ու ազգօգուտ կերպով կատարել»:

Թողնենք անցյալը, թողնենք պատմությունը, երբ Էջմիածնա կաթողիկոսներն պարսիկ իշխաններից կաշառքով էին հափշտակում Մայր աթոռի գահակալությունը, և պատրաստի փող չունենալով պարտամուրհակներ էին տալիս, և ժամանակին չկարողանալով վճարել, Մայր աթոռի սրբությունքը վաճառվում էին… Թողնենք կեղտոտ անցյալը…

Այժմ ի՞նչ «կանոնավորություն» և ի՞նչ «ազգօգուտ» ջանադրություն ես գտնում, ընթերցող, Էջմիածնա վարմունքի մեջ դեպի Պարսկաստանի թշվառ ժողովուրդը: Բողոքական և կաթոլիկ քահանաներն հեռու երկիրներից գալիս են, Պարսկաստանում յուրյանց արծաթը և կյանքը սպառում են, հայերին որսալու համար դպրոցներ են հիմնում: Բայց Էջմիածինը ամբողջ Ատրպատականի մեջ գտնված իսկ հայ դպրոցի արդյունքը տանում է... նորանից խնդրում են նորա մի փոքր մասը գոնյա շնորհել յուրյանց որպես ողորմություն. այն ևս Մանկունու բերանով մերժվում է… Ահա՛, այսպես է կատարում Էջմիածնա պատրիարքությունը յուր «կանոնավոր և ազգօգուտ» պաշտոնը դեպի յուր հետ կապված հայ ժողովուրդը...

Մեր ազգի մտածողներին վաղուց զբաղեցնում է մի խնդիր. արդյոք պե՞տք է Էջմիածինը հայոց ընդհանուր ազգի Մայր աթոռը ճանաչել և Տաճկաստանում գտնված պատրիարքությունների և կաթողիկոսությունների իբրև հակաթոռ, և որպես Հայկորդին ասում է` չկաթողիկոսություն համարել: Մենք ցանկություն չունենք այդ հարցը քրքրել` որովհետև գիտենք, որ հայոց ազգի կյանքը և նորա ժամանակակից պահանջները իրանք կտնօրինեն յուրյանց գործը:

Բայց մենք կառաջարկենք մի ուրիշ հարց, թե ո՞վ է մեղավոր, որ օտար պետությանց մեջ գտնվող հայերն օրըստօրե յուրյանց կապերն կտրում են Էջմիածնա հետ... Ո՞վ է մեղավոր, որ Պարսկաստանի հայերն այսօրվա օրս մտածում են յուրյանց համար առանձին և Էջմիածնից անկախ հոգևոր կառավարություն կազմել...

Պատասխանը ինքնըստինքյան հասկանալի է…