Jump to content

Նամակ Պարսկաստանից (5)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ

Դավրեժ, 13 օգոստոսի

Մինչ Տաճկաստանը յուր քրիստոնյա հպատակներին նորանոր արտոնություններ շնորհել, իրավունքի հավասարություն տալ և նրանց վաղեմի ծանր և անտանելի լուծը թեթևացնել է խոստանում, որպեսզի քրիստոնյա պետությունների համակրությունը ստանա և նրանց կողմից իրան սպառնացող վտանգը հեռացնե, — ընդհակառակն Պարսկաստանը յուր քրիստոնյա հպատակների վերաբերությամբ դեռ վաղեմի բարբարոսության մեջն է գտանվում, բարբարոսություններ, որ կրում են իրանց վերա լանկթեմուրյան, չինգիզխանյան դարերի արյունոտ կնիքը...

Հայը Պարսկաստանում ոչինչ բանի տեր չէ. նրա կյանքը, նրա կայքը և նրա ընտանիքը իրան չեն պատկանում:

Նրա կյանքը և մի հավի կյանքը` երկուսն էլ միևնույն նշանակություն ունեն: Որպես մի ժամանակ կատաղի ենիչերին յուր սրի զորությունը փորձելու համար հայի գլուխներ էր թռցնում, այնպես էլ պարսիկը յուր հաճույքի համար կարող է մի հայ սպանել և անպատիժ մնալ:

Եվ նրա կայքը, այո՛, իրանը չէ: Պարսկի տանը ինչ որ պակաս է, նա առանց պատասխանատվության հափշտակում է և խլում է հայից: Եվ նրա ընտանիքը նույնպես իրանը չէ. նրա գեղեցիկ աղջիկը և կինը միշտ զոհվում են մահմեդականի կրքերին…

Մեր ասածներն դարտակ խոսքեր չեն, այլ հիմնված են ամենօրյա պատահած անցքերի վերա: Հիշենք մի քանիսը, որ մոտ օրերի անցքեր են: Արդեբիլում հայ երիտասարդներն ձիարշավ են ունենում, նրանց մեջ գտանվում է մի թուրք, դա նախանձից գրգռված, արձակում է յուր հրացանը և սպանում է հայերից մեկին: Չարագործը թեև բռնվում է, բայց մնում է անպատիժ: Րաշտում մի հայ երիտասարդ բոլորովին անտեղի կասկածանաց պատճառավ մի թուրք հրապարակական կնոջ հետ, քարկոծվում է կատաղի ամբոխից: Մարաղայում թուրքերը դաշտից հափշտակում են մի հայ աղջիկ, և նրան շաբաթներով այստեղ և այնտեղ ման ածելեն հետո, երբ գործը դատի է հասնում, համաձայնում են աղջիկը ետ դարձնել յուր ծնողներին միայն այն պայմանով, երբ նրանք կտային մի նշանավոր գումար փող: Ծնողներն աղքատ լինելով, տեղային հայ հասարակությունը յուր միջից հավաքում է բավականին գումար, և մոլլաներին ու դատավորին կաշառք տալով, ետ են գնում իրանց անպատված աղջիկը...

Սուլդուղում մի տան մեջ երբ գյուղացի հայերն հավաքված, կատարում էին մի հանգուցելո սուգը, հանկարծ գյուղատեր խանի եղբայրն քսան զինվորված մարդերով պաշարում է տունը և հափշտակում է այնտեղից մի աղջիկ: Չարագործը յուր անմեղ զոհը մինչև 15 օր յուր կրքերին ծառայեցնելեն հետո, աղջիկը փախչելով ազատվում է, բայց կրկին հափշտակվում է նա...

Թողնենք այդ անիրավություններն, որոնք թեև հաճախ կրկնվում են, բայց դարձյալ պատահական են, դառնանք այն հարստահարություններին, որ կատարվում են մշտական կերպով և հաջորդաբար:

Գյուղացիները սարսափելի թշվառության մեջ են. կալվածատեր խաների հարստահարությունը հասցրել է նրանց վերջին աստիճանի աղքատության: Խաներն առնում են գյուղացիներից երեքպատիկ, չորեքպատիկ անգամ ավելի տուրք, քան այն գումարը, որ նշանակել էր գյուղի վերա կառավարությունը: Մենք իբրև օրինակ կվեր առնենք միայն Ղարադաղի Քեյվանի կոչված գավառի 6 հայաբնակ գյուղորայքը: Երևակայեցեք, ի՞նչ կլինի մի հայ գյուղացու վիճակը, երբ նա 25 թուման տերությունից նշանակված հարկի փոխարեն վճարել է 700 թուման, դեռևս չէ ազատվում հարկահաններից (Սըղըն գյուղ): Եվ մնացյալ գյուղորայքն 280 թումանի փոխարեն վճարել են 1500 թուման, տակավին պահանջում են նրանցից:

Ինչո՞ւ են տալիս, գուցե կհարցնե ընթերցողը:

Գյուղացին իր հաճությամբ չէ տալիս, այլ նրանից առնում են սարսափելի բռնություններ գործ դնելով, բռնություններ, որ ոչ մի բարբարոսի մտքից անգամ անցած չէ: Հիշյալ գավառի կառավարիչները` Բաղր-խանը և Մահմուդ-խանը, իրանց հանձնված թշվառ հայերը անողորմ կերպով կողոպտելեն հետո, դարձյալ նորանոր հարկեր են պահանջում: Գյուղացիք այլևս վճարելու կարողություն չունեն, բայց խանը ուշադրություն չէ դարձնում նրանց արտասուքին ու լացին, սկսում է ավելի գազանական միջոցներ գործ դնել, որ ինկվիզիցիան երբեք գործ չէ դրած յուր զոհերի վերա: Մենք կհիշենք միայն մեկը, թող մնացածի մասին գաղափար ստանա ինքը ընթերցողը:

Բաղր-խանը գյուղացիների բոլոր այն իրեղենները, որոնք որևիցե արժեք ունեին, կողոպտելեն հետո, բռնել է տալիս գյուղի ծերունիներին, զանազան տեսակ չարչարանքներով սկսում է զուտ փող պահանջել: Օրինակ 70 — 80 տարեկան ծերերի ամորձիքից ծանր քարեր քարշ տալով, ծեծի և խարազանի զորությամբ ստիպեցնում է նրանց վազ տալ… Տեսեք, ամբողջ մարդկային պատմությունը չունի յուր էջերում չարչարանքի մի այսպիսի սատանայական օրինակ... Երևակայեցեք, թե մինչև ո՞ր աստիճան զարգացած է պարսից մեջ տանջելու արհեստը...

Գյուղացիներից ոմանք հազիվ կարողանում են փախչել և գալ Դավրեժ, և Ատրպատականի առաջնորդի միջնորդությամբ յուրյանց բողոքը հայտնելով բարձր կառավարությանը, այո՛, նրանց վերա գործ դրված զարհուրելի բարբարոսությունները գրավում են կառավարության ուշադրությունը: Նորին վսեմության` Ատրպատականի կառավարչի` Սահաբ-դիվանի հրամանով Բաղր-խանը Ղարադաղից բերվում է Դավրեժ:

Գյուղացիների բողոքին խոստանում են լիակատար բավականություն տալ. Բաղր-խանին պատժել, անիրավաբար հափշտակած փողերն ետ առնել և այլն: Իսկ այդ բոլոր խոստմունքներն իզուր են անցնում, որովհետև Բաղր-խանը հետևելով Պարսկաստանի սովորական ձևերին, կարողանում է մի քանի հարյուր թումանով դեպի ինքն գրավել դատավորների որպես օգնությունը, նույնպես և նրանց խղճմտանքը…

Այժմ գյուղացիների վիճակն ավելի անտանելի դարձավ, որովհետև, նրանք իրանց բողոքին բավականություն չստանալեն հետո, այլևս չեն համարձակվում վերադառնալ դեպի իրանց տները, վախենալով, չիցե թե ենթարկվեն իրանց բռնակալի ավելի սարսափելի վրեժխնդրությանը...

Մի քանի ելք միայն կա այս դժոխային դրությունից ազատվելու: Գյուղացիներն այժմ մտածում են թողնել Պարսկաստանը և գաղթել դեպի ռուսաց հողը: Երասխ գետը միայն բաժանում է նրանց երկիրը Ղարադաղի գավառից. անցնելով գետը, նրանք ազատված կլինեն, և դա շատ դյուրին է...

Կառավարությունը բոլորովին անհոգ է այդ մասին, նա ամենևին չէ ուզում հասկանալ, որ մի անիրավ Բազր-խանի և գազան Մահմուդ-խանի պատճառով յուր ժողովուրդը գաղթում է և ցրվում է դեպի օտար երկրներ: Այսպիսի Բաղր-խաներն ամեն տեղ նույնն են գործում, շատ ժամանակ չէ, մի քանի օր առաջ էր, որ 30 գերդաստան հայեր Սուլդուզից գաղթեցին դեպի Երևանու գավառը. և ամեն օր տեսնում ենք, թե որպես Սպահանի հայերն խումբերով գալիս են և գնում են դեպի ռուսաց Հայաստանը: Շահ Աբասը այս մարդերին Գողթան գավառից տարավ Պարսկաստան այն մտքով, որ յուր երկիրը երկրագործության և վաճառականության մեջ ծաղկեցնե, և նա չսխալվեցավ: Բայց նրա հաջորդների օրով խաներն սրով և արյունով դուրս են հալածում իրանց երկրից Պարսկաստանին հազարավոր օգուտներ տված հայերին…

Իսկ այդ բոլորը գործողը չէ բարձր կառավարությունը, նա ոչինչ բանից տեղեկություն չունի... գործում են միայն Բաղր-խանի և Մահմուդ-խանի նման բռնակալներն… Դրանք Չալաբյան ցեղին են պատկանում, չալաբյանցի և ավազակ բառերն միևնույն նշանակությունն ունեն Պարսկաստանում:

Համարձակվում ենք նորին վսեմության Սահաբ-դիվանի ուշադրությունը դարձնել հիշյալ իրողությունների վերա, նկատելով, որ նրա կառավարությանը պատիվ չի բերի մեր այս ժամանակում, — երբ ամեն պետություն յուր հպատակների հանգստության համար է մտածում, առանց խտրություն դնելու կրոնի և ազգության, — հայերն Պարսկաստանում հարստահարված լինեին Բաղր-խանի և Մահմուդ-խանի նման ավազակներից...