ՏՏՀ/«Թեյի սունկ»
«ԹԵՅԻ ՍՈՒՆԿ», ճապոնական սունկ, հաստ շերտավոր թաղանթ, որը գոյանում է շաքարած հեղուկի մակերևույթին։
«Թ. ս.» հայտնի է դեռևս հնուց Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում (Հնդկաստան, Ճապոնիա), որտեղից բերվել է Ռուսաստան։ Այն խմորասնկի և բակտերիաների գաղութ է։ Գորշագույն է, մակերևույթը՝ հարթ, ներքնամասը՝ ալիքաձև-խավոտ։ Սունկը խմորում է շաքարը՝ առաջացնելով սպիրտ և ածխաջրեր, իսկ բակտերիաները սպիրտը փոխարկում են քացախաթթվի։ Արդյունքում հեղուկը (սովորաբար 6-10 %–անոց շաքարի լուծույթը թույլ թեյի մեջ) ձեռք է բերում դուրեկան թթվաշ-քաղցր համ, դառնում է թեթևակի գազավորած, այսպես կոչված, թեյի կվաս։ Պարունակում է թեյի հիմնական բաղադրամասերը (կոֆեին, տանին, B1, C, P և այլ վիտամիններ), ինչպես նաև ոչ մեծ քանակության սպիրտ, ածխաթթու, շաքար, քացախաթթու։
«Թ. ս.» սովորաբար նոսրացնում են ապակե մեծ բանկաներում՝ գաղութների մի մասն աճեցնելով թեյի շաքարած թուրմում (մոտ 100 գ շաքարը 1 լ թուրմին)։ «Թ. ս.» առավել կենսունակ է սենյակային ջերմաստիճանում։ Սովորաբար, գաղութները պատվաստելուց 7-8 օր անց հեղուկը կարելի է օգտագործել։