ՏՏՀ/Թոքաբորբ
ԹՈՔԱԲՈՐԲ, պնևմոնիա, առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն կամ այլ հիվանդությունների բարդություն։ Թ. վարակիչ չէ, բայց առաջացման գործում կարևոր դեր են խաղում բակտերիաները (պնևմոկոկեր, ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր), վիրուսները (գրիպի, ադենովիրուսներ)։ Հարուցիչն օրգանիզմ է թափանցում բրոնխներով։ Նախատրամադրող գործոններ են մրսածությունը (հատկապես շատ խոնավ պայմաններում), ֆիզիկական և մտավոր գերհոգնածությունը, թոքերի կրած հիվանդությունները, անբավարար սնունդը, ծխելը։ Վաղ մանկական տարիքի երեխաների, ծերերի և ծանր հիվանդների Թ-ի պատճառ կարող են դառնալ կանգային երևույթները (շարժողության և շնչառական ակտիվության անբավարարության պատճառով)։
Սուր Թ-ի կլինիկական ձևերից են կրուպային և օջախային Թ-երը։ Գոյություն ունի նաև Թ-ի մի այլ ձև, որի ժամանակ բորբոքային երևույթները կենտրոնացված են թոքի շարակցական հյուսվածքում (միջանկյալ Թ.)։ Այդ ձևը հաճախ հանդիպում է որպես գրիպի և գրիպանման հիվանդությունների բարդություն։
Կրուպային թոքաբորբի հարուցիչները պնևմոկոկերն են։ Բնորոշվում է թոքի ամբողջ բլթի կամ մի քանի հատվածների ախտահարմամբ. որպես կանոն, առաջանում է ուժեղ մրսածությունից հետո։ Սկսվում է հանկարծակի դողով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (39-40 °C), կրծքավանդակի ցավերով, որոնք ուժեղանում են հազալիս և խորը շնչելիս։ Առաջին օրերին հազը չոր է, այնուհետև առաջանում է մածուցիկ, դժվար անջատվող, երբեմն արյան թելքեր պարունակող խորխ։ Շրթունքների վրա, քթի շուրջն առաջանում է տենդաբշտիկ (հերպես), դեմքին՝ տենդային կարմրություն, նկատվում է շնչառության հաճախացում։ Հիվանդին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Ժամանակին բուժելիս չորրորդ շաբաթվա վերջին հիվանդն ապաքինվում է։
Օջախային թոքաբորբը (բրոնխոպնևմոնիա) հաճախ այլ հիվանդությունների բարդություն է։ Առաջանում է հազ (չոր կամ խորխարտադրությամբ), շնչառման ժամանակ կողացավեր։ Մարմնի ջերմաստիճանը սովորաբար բարձրանում է աստիճանաբար՝ մինչև 38 °C (հաճախ բարձր) և պահպանվում է 3-5, երբեմն 10 օր, այնուհետև մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար իջնում է։ Հիվանդն ունենում է թուլություն, քրտնոտություն (սովորաբար գիշերները), հևոց։
Միջանկյալ Թ-ի հարուցիչները վիրուսներն են։ Զարգանում է աստիճանաբար, ընթանում ընդհանուր թունավորմանը բնորոշ երևույթներով (տկարություն, թուլություն, քրտնոտություն)։ Մարմնի ջերմաստիճանն աննշան է բարձրանում (37,2-37,5 °C), սակայն կայուն պահպանվում է։ Հիվանդության ընթացքը երկարատև է։
Քրոնիկական Թ. առաջանում է սուր Թ-ից հետո թոքի հյուսվածքի կառուցվածքի և գործունեության ոչ լրիվ վերականգնման, ինչպես նաև քրոնիկական բրոնխաբորբի հետևանքով։ Բնորոշվում է թոքի միևնույն հատվածում բորբոքման կրկնակի բռնկումներով, ինչպես նաև թոքերի կենսածավալի փոքրացմամբ։ Նույնիսկ ֆիզիկական չնչին բեռնվածության ժամանակ նկատվում է հևոց։
Թեև ժամանակակից բժշկագիտությունը Թ-ի մահացությունը հասցրել է նվազագույնի, սակայն հիվանդությունը դեռևս համարվում է ծանր և վտանգավոր։ Թ-ով հիվանդներին նպատակահարմար է բուժել հիվանդանոցում։ Հիվանդի սենյակի օդը պիտի մաքուր լինի։ Խորխը հարկավոր է հավաքել կափարիչով փակվող փոքր բանկայում, տհաճ հոտից խուսափելու համար բանկայի մեջ կարելի է լցնել կալիումի գերմանգանատի խիտ լուծույթ։ Անհրաժեշտ է մանրակրկիտ հետևել հիվանդի վիճակին, դողի ժամանակ ծածկել մի քանի վերմակով, տալ տաք թեյ, մարմնին ջեռակ դնել։ Արյունախխումների կամ հևոցի ժամանակ պետք է անհապաղ բժիշկ հրավիրել։ Մինչև բժշկի գալը հիվանդին նստեցնել կամ կիսանստած դիրք տալ։ Բժշկի բոլոր նշանակումները հարկավոր է կատարել ճշտորեն և սահմանված ժամկետներում։ Բուժական մարզանքով կարելի է զբաղվել միայն մարմնի ջերմաստիճանը կանոնավորվելուց հետո։
Երեխաների Թ. ունի մի քանի առանձնահատկություններ։ Կրուպային թոքաբորբով հիվանդանում են հիմնականում 3 տարեկանից բարձր երեխաները։ Օջախային Թ-ի ժամանակ գերակշռում են ընդհանուր երևույթները՝ հևոց, դեմքի պարբերաբար առաջացող կապտություն՝ հատկապես քիթ-շրթունքային եռանկյունու շրջանում։ Հնարավոր են մարսողության խանգարումներ (տես Մարսողության խանգարում), հաճախ նկատվում է ախորժակի և քնի վատացում։
Նորածինների Թ. զարգանում է ավելի հաճախ։ Երեխաները հրաժարվում են կրծքից, սկսում են փսխել, դեմքը կապտում է (հատկապես կերակրելիս), մարմնի զանգվածը պակասում։ Երբեմն շնչառությունը դառնում է հոգոցանման, շրթունքներին ի հայտ է գալիս փրփրոտ թուք։ Վաղ մանկական տարիքի երեխաների, հատկապես նորածինների, Թ. վտանգավոր է։ Ճիշտ բուժումն ու խնամքը կարելի է ապահովել միայն հիվանդանոցում։