Jump to content

ՏՏՀ/Ալպիական բլուր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼՊԻԱԿԱՆ ԲԼՈՒՐ, ալպիական քարապարտեզ, քարերի և բույսերի զուգակցումը փոքրիկ լեռնային լանդշաֆտի ձևով։ Ա. բ. ստեղծելիս հարկավոր է հասնել առավելագույն բնականության։ Բլուրը պետք է պատրաստել ցամաքուրդային հիմքի վրա, որովհետև բոլոր լեռնային բույսերի համար ջրի կանգը աննպաստ է։ Այդ նպատակով բլուրի համար նախատեսված տարածքից անհրաժեշտ է 20-25 սմ խորության հողի շերտ հանել, հեռացնել մոլախոտերը արմատներով, 10-15 սմ խորությունը լցնել խճով, ջարդված աղյուսով կամ այլ նմանօրինակ նյութով և տոփանել։ Գերխոնավ հողերում ցամաքուրդի շերտն անհրաժեշտ է մեծացնել։ Այդ հիմքի վրա լցնել հող՝ ստեղծելով հարավ-արևմուտք կամ հարավ-արևելք թեքության 30-40 սմ բարձրություն (ոչ ավելի, որովհետև հողը կթափվի և հեշտությամբ կլվացվի)։

Լեռնային բույսեր տնկելու համար հարմար է թեթև կավավազային կամ ավազակավային հողը։ Հողի կազմը տնկման տարբեր տեղերում կարելի է փոփոխել, թթվայնացման համար հանձնարարվում է ավելացնել տորֆ, հիմնայնացման համար՝ կիր։ Չի կարելի հողը պարարտացնել թարմ գոմաղբով, որովհետև ալպիական բույսերը վատ են աճում և ոչնչանում են։ Այնուհետև պետք է ընտրել նույն տեսակի միևնույն գույնի քարեր՝ կրաքար, ավազաքար, գրանիտ։ Դրանք կարող են լինել կլոր կամ ոչ կանոնավոր ձևի. տարբեր չափերի (որպեսզի չստեղծվի միատեսակություն), 10-25 կգ զանգվածով։ Քարերը պետք է տեղադրել հողամասի մակերևույթին զուգահեռ, խորացնել 1/3-ով կամ 1/2-ով նախապես տոփանված հողի մեջ՝ սուր ծայրերը ներքև։

Բույսերի տնկման համար մեծ նշանակություն ունի տեղի ընտրությունը։ Որոշ բույսերի համար պահանջվում է արևահայաց, մյուսներին՝ ստվերոտ տեղադրություն։ Ժամանակի ընթացքում բույսերը սերտաճում են. դրա համար հարկավոր է տնկել այնպես, որ շուրջը ազատ տարածություն մնա։ Ընտրության ժամանակ հարկավոր է հաշվի առնել նաև բույսերի ծաղկման ժամկետները, որպեսզի դրանք անընդհատ ծաղկեն՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն։ Խմբերով կարելի է տնկել գորգային և ցածր կամ միջակ աճ ունեցող բույսեր՝ գեղեցիկ ծաղիկներով կամ զարդարիկ տերևներով։ Բարձրաճ բույսերը՝ պտերները, հացազգիները, բոշխը և ուրիշներ ավելի լավ է տնկել ոչ մեծ քանակով։ Բույսերը ցանկալի է ընտրել բնական լեռնային տեսակներից։ Տնկման համար հանձնարարվում է վաղ գարնանային մանր սոխուկավոր բույսեր՝ մկնասոխ, պուշկինիա, քրքում (զաֆրան), զանգակածաղիկ, գնարբուկ ևն։ Զարդարում են նաև ցածրաճ վաղ ծաղկող վարդկակաչները։ Բլուրի վրա կարելի է տնկել զարդարիկ սոխեր (օրինակ, կապույտ, դեղին, մոլի ևն), որոնք ունեն նրբագեղ գնդաձև ծաղկաբույլեր՝ կազմված սպիտակ, կապույտ, վարդագույն, մանուշակագույն, դեղին ծաղիկներից։ Ծաղկաբույլերի ծաղկման ավարտից հետո բլուրը զարդարում են սոխի բաց կանաչ մետաղական փայլով տերևները։

Ա. բ-ի համար անփոխարինելի են գորգային բույսերը, որոնք սերտաճելով ստեղծում են վառ բծեր (վառվռուկը, արաբախոտը դաշտային մեխակը, ալպիական մեխակը, սողացող ուրցը, սողացող բերենիկեն, ուրցատերև բերենիկեն, կատվատոտիկը, քարբեկը)։

Կարելի է տնկել ալպիական աստղածաղիկ։ Այն բազմամյա բույս է՝ կապույտ, սպիտակ, վարդագույն, դեղին ծաղկաբույլերով, որոնք զարդարում են բլուրն աշնանը։ Վառ բիծ կարելի է ստեղծել խոշորածաղիկ դանդուռի մի քանի բույսերից, որոնք ծաղկում են մինչև ցրտահարությունները։ Լավ է օգտագործել նաև տարաշխարհիկ բույսեր։ Դրանք (հյութալի տերևները հավաքված են խիտ վարդակներում) կարելի է տնկել բլրի գագաթին։ Գեղեցիկ են գարնանային կուժկոտրուկը, զանգակածաղիկը, անձխոտը։ Ստվերոտ տեղերում կարելի է տնկել լերդուկ, ճանկխոտ, հողմածաղիկ, հրանունկ։