Jump to content

ՏՏՀ/Ակնագարիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ակնագարիկ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 246
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱԿՆԱԳԱՐԻԿ, ակնակլունձ, տիկնակլունձ, կոպերի ճարպագեղձերի թարախային բորբոքում։ Հարուցիչները թարախածին մանրէներն են։ Սկզբում կոպի եզրը ուռչում է, դառնում ցավոտ, ապա 2-3 օր անց գագաթին գոյանում է դեղին թարախային գլխիկ։ Ուղեկցվում է կոպի մաշկի և լորձաթաղանթի այտուցով։ Սովորաբար Ա. առաջանում է անձնական հիգիենայի կանոնների խախտման հետևանքով, վարակն աչքի մեջ կարող է ընկնել կեղտոտ սրբիչից, թաշկինակից, ձեռքերից։ Երբեմն առաջանում է ծանր հիվանդություններից հետո՝ օրգանիզմի դիմադրողականության թուլացման հետևանքով։ Ա. առաջանալիս հարկավոր է դիմել բժշկի։ Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել թարախային գլխիկը, որովհետև թարախը կարող է տարածվել և հանգեցնել ծանր բարդությունների (մենինգիտ և այլն)։ Սովորաբար Ա-ի բուժման համար բժիշկը նշանակում է աչքի կաթիլներ, քսուքներ և չոր տաքություն։ Տնային պայմաններում կարելի է օգտագործել ջեռակ՝ դնել փակ կոպին, անձեռոցիկի վրա։ Կարելի է օգտագործել նաև թավայի մեջ տաքացրած և տոպրակի մեջ լցրած ձավար (հնդկացորեն), կապույտ լույս՝ ցոլարձակ լամպով, որը հարկավոր է պահել աչքից 20-25 սմ հեռու, 15-20 րոպե։