Jump to content

ՏՏՀ/Աղիքային վարակիչ հիվանդություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աղիքային վարակիչ հիվանդություններ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 246
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հիվանդությունների խումբ, որը բնորոշվում է սուր կամ քրոնիկական կրկնվող ընթացքով, ուղեկցվում հաստ աղիքի ախտահարմամբ։

Հարուցիչները (բակտերիաներ, վիրուսներ) օրգանիզմ են թափանցում բերանով, բազմանում են աղիքներում, որտեղից արտաթորանքների հետ ընկնում են արտաքին միջավայր։ Տարածված են դիզենտերիան, որովայնային տիֆը և պարատիֆերը, վարակիչ դեղնախտը (Բոտկինի հիվանդություն)։ Հարուցիչների աղբյուրը հիվանդ կամ բակտերակիր մարդն է, իսկ սալմոնելոզների և սննդային թունավորումների դեպքում՝ ընտանի կենդանիները և ջրլող թռչունները։ Մանրէներն արտաթորանքների հետ ընկնելով արտաքին միջավայր (ջրի, հողի մեջ, բանջարեղենի, կահավորանքի և տնային գործածության իրերի վրա), կախված միջավայրի պայմաններից (ջերմաստիճան, խոնավություն և այլն), կարող են գոյություն պահպանել մի քանի օրից մինչև մի քանի ամիս։ Որոշ մթերքի մեջ (կաթնամթերք, դոնդողածածկ ճաշատեսակներ, լցոն) համապատասխան ջերմաստիճանում կարող են բազմանալ և կուտակվել։ Վարակվում են կեղտոտ ձեռքերի, դռան բռնակների, սրբիչի, խաղալիքների, ամանեղենի և տնային գործածության իրերի միջոցով։ Վարակի տարածման ուղիներից մեկը սննդամթերքն է, հատկապես չլվացած բանջարեղենը, չեռացրած կաթը, վատ եփած կամ տապակած միսը, ինչպես նաև բաց ջրամբարների ջուրն առանց եռացնելու խմելը կամ աղտոտված ջրամբարներում լողանալը։ Ամռանը վարակը փոխանցում են նաև ճանճերը։ Դիզենտերիայի գաղտնի շրջանը 1-7, հաճախ 2-3 օր է, որովայնային տիֆինը՝ 7-25, հաճախ 14-15 օր, պարատիֆերինը՝ 2-15, հաճախ 6-8 օր, սալմոնելոզներինը՝ 6 ժամից մինչև 3 օր, հաճախ 1 օր։

Ա. վ. հ-ի կլինիկական դրսևորումները բազմազան են։ Դիզենտերիան սկսվում է ախորժակի կորստով, գլխացավերով, ընդհանուր թուլությամբ, մկանների և որովայնի ցավերով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (սովորաբար 38 °C–ից ոչ բարձր)։ Հիմնական ախտանշաններն են. հաճախակի հեղուկ կղանքը լորձի և արյան խառնուրդով, ցավոտ նքոցները։ Հիվանդությունը կարող է ընթանալ թեթև ձևով՝ դրսևորվելով միայն արագ դադարող լուծով։ Այսպիսի դեպքերում ախտորոշմանը նպաստում է արյան բակտերիաբանական քննությունը։ Չբուժված դիզենտերիան կարող է անցնել քրոնիկական ձևի. ուստի հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհապաղ պետք է դիմել բժշկի։ Հիվանդներին սովորաբար հոսպիտալացնում են, սակայն թեթև ձևի ժամանակ և տնային բարենպաստ պայմանների առկայության, տանը մսուր-մանկապարտեզ հաճախող երեխաներ, ինչպես նաև սննդի և դրանց հավասարազոր հիմնարկներում աշխատողներ չլինելու դեպքում, բուժումը թույլատրվում է տանը։ Տանը բուժելիս հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել առանձնացնել նրա ամանեղենը, սպիտակեղենը, հարդարանքի առարկաները։ Հիվանդը պետք է օգտվի պետքանոթից, որը հարկավոր է լվանալ տաք ջրով կամ 30 րոպե ընկղմել քլորամինի 1 %-անոց լուծույթում։ Կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է 15 րոպե եռացնել լվացքի փոշու 2 %-անոց լուծույթում, ամանեղենը, ջնջոցները՝ սոդայի 2 %-անոց լուծույթում։ Ջեռակները, մոմլաթները և հիվանդի խնամքի այլ առարկաները, ինչպես նաև խաղալիքները հարկավոր է լվանալ սոդայի տաք լուծույթով 15 րոպե կամ ընկղմել քլորամինի 0,5 %-անոց լուծույթի մեջ։ Սենյակի հատակը պետք է լվանալ օրական 2 անգամ տաք ջրով, օճառով կամ լվացքի փոշիով։ Զուգարանը լվանալու համար օգտագործում են քլորամինի 1 %-անոց լուծույթ։ Հիվանդին խնամողը պետք է ձեռքերը խնամքով լվանա օճառով։ Օգտագործում են ճանճերի մուտքն արգելող միջոցներ։ Հիվանդին կերակրում են հաճախ և քիչ, անհրաժեշտ է սննդի օրաբաժնից բացառել կաղամբը, կաթը, մսի և ձկան խիտ արգանակը, յուղալի, տապակած և սուր ճաշատեսակները։ Սնունդը պետք է լինի կիսահեղուկ (տրորած բրնձի կամ հնդկացորենի շիլա, սպիտակաձավարի շիլա, տրորած կաթնաշոռ, մածուն, լորձային ապուրներ)։ Սննդակարգը պետք է պահպանել 2 ամսից ոչ պակաս, այն կարելի է փոխել միայն բժշկի թույլտվությամբ։

Որովայնային տիֆի ժամանակ մարմնի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է՝ մի քանի օրում հասնելով 39-40 °C–ի։ Լինում են գլխացավեր, փորկապություն, լուծ, կարող են առաջանալ գիտակցության խանգարումներ։ Հիվանդության 8-10-րդ օրը ցան է առաջանում։ Կարող են ի հայտ գալ ծանր բարդություններ։ Համանման, բայց ավելի թեթև ընթացք ունեն պարատիֆերը: Որովայնային տիֆով հիվանդացածները հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 2-3 ամիս պետք է հետևեն սննդակարգին՝ բացառելով յուղալի, տապակած և սուր ճաշատեսակները։ Խորհուրդ է տրվում սպիտակուցներով և վիտամիններով հարուստ դյուրամարս սնունդ (ոչ ճարպոտ ձկան և մսի շոգեխաշած ճաշատեսակներ, կաթնաշոռ, մածուն, բանջարեղեն, մրգեր)։

Ա. վ. հ-ով հիվանդացածները ենթակա են դիսպանսերային հսկողության։ Հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է կիրառել անձնական հիգիենայի, սննդամթերքի պատրաստման և պահպանման կանոնները, մանրակրկիտ լվանալ մրգերն ու բանջարեղենը, ջրամբարներից վերցրած ջուրը խմելուց առաջ եռացնել։

Տես նաև Դեղնախտ, Սննդային թունավորումներ, Հակահամաճարակային միջոցառումներ: