Jump to content

ՏՏՀ/Այգեբանջարանոցային գույք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅԳԵԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՒՅՔ, տնամերձ և այգեգործական հողամասերում բույսերի մշակման և բերքահավաքի համար անհրաժեշտ է ունենալ ձեռքի աշխատանքը դյուրացնող գործիքներ և սարքավորումներ։ Տարբերում են ձեռքի և մեքենայացված Ա. գ.։

Ձեռքի Ա. գ-ի մասն են կազմում կտրող գործիքները (նկ. 1)՝ էտոցները (սեկատոր), ոստահատիչները, ձեռնասղոցները, մկրատները, դանակները և այլն։ Էտոցով ծերատում և էտում են պտղատու ծառերը, թփերը։ Կտրվածքի առավելագույն տրամագիծը 15 մմ է։ Ավելի հաստ ճյուղերը (մինչև 30 մմ) էտում են ոստահատիչով, որը հարմարության համար կարելի է հագցնել փայտե կամ մետաղե երկար ձողին։ Ոստահատիչի կեռանման դանակը գցվում է կտրվող ճյուղին, իսկ շարժական դանակին ուժ է հաղորդվում քուղը ձգելով։ Ոստահատիչների մի քանի տիպեր ունեն ձեռնասղոցային հանովի շեղբ, որով կարելի է կտրել գետնից շատ բարձր ծառի պսակի մեջ գտնվող մինչև 80 մմ-անոց ճյուղեր։ Հաստ ճյուղերն էտում են նաև ուղիղ կամ մանգաղանման սայրով (1 մմ հաստության և 200-270 մմ երկարության) ձեռնասղոցով։ Փոխադրման հարմարության համար թողարկվում են նաև ծալովի ձեռնասղոցներ, որոնց սայրի երկարությունը 150-180 մմ է։ Տարածված են խոտի և թփերի զարդարիկ խուզի, ելակի թփերի մշակման, ծաղիկների քաղի և այլ տիպի մկրատներ։ Պտղատու և զարդարիկ ծառերի պսակի ձևավորման համար ճյուղերը կտրում են մանգաղանման սայր ունեցող դանակով (կտրվածքի տրամագիծը՝ մինչև 15 մմ)։ Պատվաստում են հատուկ տիպի կամ երկու տարբեր սայր ունեցող դանակներով։ Մեծ պահանջարկ ունեն էտոցից (պահեստի զսպանակով), պատվաստի և այգու դանակից, ծալովի ձեռնասղոցից, խաղողի և ծաղկի մկրատներից կազմված կտրող գործիքների հավաքածուները։

Հողի մշակման տարբեր տիպի գործիքներ (նկ. 2)։ Այգում և բանջարանոցում հողի կրկնափորի, արմատապտուղները հանելու և հողային այլ աշխատանքների համար գործածում են 210 մմ լայնության շեղբով համապիտանի այգու բահեր։ Թողարկում են նաև ձվաձև, եռանկյունաձև շեղբով, ինչպես նաև շեղբի հոդակապավոր ամրացումով (որի շնորհիվ բահը կարելի է վերածել մարկեղի կամ թակուջակի) բահեր։ Բեռնման-բեռնաթափման աշխատանքների և թեթև հողերի կրկնափորի համար գործածում են նաև այգեբանջարանոցային եղաններ։ Սյուների և ցանկապատերի, տնկիների համար փոսեր փորելու, ինչպես նաև ծառերի ու թփերի արմատային շերտի լրացուցիչ սնուցման համար կիրառվում են փոխովի աշխատանքային մարմիններով այգու հորատներ, որոնցով կարելի է փորել 80, 140, 200 և 250 մմ տրամագծով փոսեր։

Կրկնափորից հետո հողի փխրեցումը և հարբեցումը, մոլախոտերի և բուսամնացորդների սանրահերկը և փոցխումը կատարվում են մետաղե փոցխերով։ Լինում են 8-16 ատամնավոր (ատամի երկարությունը՝ 70-85 մմ) փոցխեր։

Հողը փխրեցնելու, բուկլիցի, ակոսներ բացելու, մոլախոտերը քաղհանելու համար հարմար են փոխովի աշխատանքային մարմիններով (բուկլցիչ և փխրիչ թաթեր) փխրիչ-բուկլցիչները։ Մի քանի փխրիչներ, բացի հիմնական բռնակներից, ունեն լրացուցիչ մետաղաձող և հենման անիվ։ Այդպիսի կառուցվածքի շնորհիվ կարելի է աշխատել երկու հոգով և յուրաքանչյուրի ֆիզիկական բեռնվածությունը թեթևացնել կիսով չափ։ Կիրառվում են նաև երեք կամ հինգ կեռանման փխրեցնող ատամներով սովորական փխրիչներ։ Հողի բարակ կեղևը հարմար է փխրեցնել աստղաձև սկավառակներով փոխովի աշխատանքային մարմնով ռոտացիոն փխրիչներով։

Մարգերի և միջշարքերի մոլախոտերը քաղհանում են հողուրագով, որը կոթի վրա հագցրած 1-3 մմ հաստության, 25-35 մմ լայնության հատվածաձև, ուղղանկյունաձև կամ հանգուցաձև ամրացված ժապավենի տեսքով բարակ կտրող պողպատի շեղբ է։

Մարկեղները (քաղհանիչներ), ըստ կառուցվածքի և աշխատանքային մարմնի ձևի, ստորաբաժանվում են 3 տեսակի՝ բուկլցիչ, քաղհանիչ և համապիտանի։ Կան զուգակցված մարկեղներ. օրինակ, մարկեղ-թակուջակ, մարկեղ-երկեղջյուր, մարկեղ-փխրիչ։ Մարկեղի աշխատանքային մասի լայնությունը 200-300 մմ է, հաստությունը՝ մինչև 3,5 մմ։

Այգու բահի երկարությունը (կոթի հետ) պետք է լինի 900-1300 մմ, կոթի տրամագիծը՝ մինչև 40 մմ։ Փոցխերի, հողուրագների և փխրիչների կոթերն ունենում են համապատասխանաբար 1300-1600 մմ և 30-35 մմ, մարկեղները՝ 1100-1400 մմ և 30-38 մմ երկարություն և տրամագիծ։ Կոթի չափսերով և մակերևույթի մշակման որակով է պայմանավորված հողի մշակման գործիքով աշխատելու հարմարավետությունը։ Կոթերը պատրաստվում են սաղարթավոր կամ ասեղնատերև ծառերի (կեչու, հացենու, թղկիի, սոճիի, եղևնու և այլն) փայտից։ Ստեղծվել են համակցված հողի մշակման գործիքներ համապիտանի փոխովի կոթերով։

Սերմի ցանքի, տնկիների, սածիլների տնկման և այգեբանջարանոցային հողամասերում բույսերի խնամքի համար օգտագործում են հողի մշակման տարբեր մանր գործիքներ՝ փխրիչներ, մարկեղներ (նկ. 3), փոցխ-բահեր (նկ. 4), գոգաթիակներ և եղաններ, ինչպես նաև տնկող շարքացաններ (նկ. 5), ակոսիչներ, կարտոֆիլը հանելու կեռեր և ճանկեր։ Մատղաշ բույսերի և ծիլերի խնամքի գործում մեծ է ջրելու և անձրևացման միջոցների դերը (նկ. 6)։ Թողարկվում են 5-12 լ տարողությամբ բարակ թերթապողպատե, ինչպես նաև պլաստմասսայե ցնցուղներ։ Վերջիններս ավելի թեթև են և չեն ժանգոտվում։ Ամենահարմարը երկար քթով և օղակաձև բռնակով ցնցուղն է (նկ. 7)։ Ջրմուղային համակարգ ունեցող տնամերձ հողամասերում հարմար են ջրացայտիչները, որոնք օգտագործվում են ջրման տարբեր հարմարանքների՝ միակցիչ մասերի և փականների, հենակալների, ծայրապանակների համակցությամբ։

Կենտրոնացված ջրամատակարարում չունեցող այգեբանջարանոցային հողամասերում կարելի է օգտագործել պոմպեր։ Տարածված են կենտրոնախույս էլեկտրական, թրթռական պոմպերը, որոնց օգնությամբ կարելի է ջուրը մղել ջրհորից, հորատանցքերից, բաց ջրամբարներից և այլն։ Թրթռական պոմպերը կարող են ջուր արտամղել մեծ խորությունից (օրինակ, մինչև 40 մ խորության հորատանցքից), ոչ մեծ չափերի շնորհիվ հնարավոր է դրանք տեղադրել 100-120 մմ տրամագծով խողովակաշարում։ Հարմար են ձեռքի մխոցային պոմպերը՝ բարձր հուսալիության և կառուցվածքի պարզության շնորհիվ։ Դրանք թողարկում են խողովակների հավաքածուով և զտող ծայրապանակով։ Ձեռքի պոմպերի արտադրողականությունը բռնակի մեկ շարժման (վերև-ներքև) դեպքում 1 լ է, ներծծման խորությունը՝ մինչև 6 մ։

Այգու և բանջարանոցի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի քիմիական պատրաստուկների սրսկման, ծառերի բների, ինչպես նաև տնտեսական շենքերի սպիտակեցման համար թողարկվում են սրսկիչներ։ Դրանք լինում են ձեռքի և մեխանիկական շարժաբերով, հաճախ էլեկտրաշարժիչով (էլեկտրիֆիկացված սրսկիչներ)։ Ձեռքի շարժաբերով սրսկիչները լինում են թիկունքին կրելու, գետնադիր և ձեռքի։ Թունաքիմիկատների լուծույթը բաքից արտամղվում է սրսկիչի կամ պոմպով (հիդրավլիկ շարժաբեր), կամ խտացրած օդով (օդաճնշիչ շարժաբեր)։ Գետնադիր սրսկիչներն ունեն ավտոմոբիլային պոմպեր։ Հիդրավլիկ շարժաբերով գետնադիր սրսկիչները կոչվում են ջրցողիչներ։ Դրանք չունեն սեփական բաք, լուծույթը պատրաստվում է որևէ տարողության (օրինակ, դույլի) մեջ, ուր ընկղմում են պոմպի ներծծող փողրակը։ Ջրցողիչներն ունեն ձեռքի (նկ. 8) կամ ոտքի շարժաբեր։ Էլեկտրիֆիկացված սրսկիչներն աշխատում են դիաֆրագմավոր կամ թրթռական պոմպերով։

Տնային տնտեսությունում և տնամերձ հողամասում բեռնափոխադրման համար օգտագործում են տասնյակ տեսակի երկանիվ, միանիվ (հոպնակ) ձեռնասայլակներ (նկ. 9)։

Ա. գ. են նաև շարքացանը, ջրհորատ-բուսասնիչը, պտղահավաքիչը, սանդուղքը։ Շարքացանը դյուրացնում է բանջարային և խոտաբույսերի ցանքը։ Ջրհորատ-բուսասնիչով պարարտանյութերն անմիջապես մտցվում են ծառերի և թփերի արմատային գոտի։ Կան տարբեր կառուցվածքի պտղահավաքիչներ, որոնցով բերքը ծառի վերին մասերից հավաքվում է անվնաս։ Այգու սանդուղքներից ամենահարմարը ծալովի, ալյումինի թեթև համաձուլվածքից պատրաստված զուգասանդուղքն է։ Սիզամարգերի խնամքի համար կիրառվում են ձեռքի կամ էլեկտրական շարժաբերով գագոնահնձիչներ։ Կտրող ռոտորային սարքը պտույտն ստանում է ընթացանիվներից, դանակների բացվածքը 350-400 մմ է։ Էլեկտրագազոնահնձիչները խոտը կտրում են 30-60 մմ-ից ոչ բարձր։ Կտրված խոտը կամ աշնանը թափված տերևները հավաքվում են հովհարաձև փոցխերով (նկ. 12)։ Տնամերձ տնտեսությունում օգտագործվում են փոքր չափերի ջերմոցներ, որոնք հիմնականում ծածկվում են պոլիէթիլենային թաղանթով։ Թաղանթածածկով և քանդովի հիմնակմախքով ջերմոցները թողարկվում են 3-10 մ², ջեռուցվող ջերմոցները՝ 10-20 մ² մակերեսով։

Մեքենայացված Ա. գ.։ Գյուղատնտեսական աշխատանքների փոքր մեքենայացման տարածված միջոցներից է երկանիվ տրակտորը (մոտոբլոկ), որը բռնակներով ղեկավարում է մեքենայի հետևից գնացող բանվորը։ Մոտոբլոկի ուժային մասը կազմված է քառատակտ բենզինային շարժիչից, երկու ընթացանիվից և շարժիչից անիվներին մեխանիկական էներգիա փոխանցող փոխհաղորդակից։

Մոտոբլոկներն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների համալիր մեքենայացումը 0,5-5 հա հողակտորներում։ Ավելի փոքր չափերի հողամասերում մոտոբլոկների օգտագործումը տնտեսապես ձեռնտու չէ։ Տնամերձ հողամասերի համար թողարկվում են ավելի փոքր չափերի մասնագիտացված մեքենայացման միջոցներ՝ փխրիչ, հնձիչ, բուկլցիչ և այլն։