Jump to content

ՏՏՀ/Այգեգործական հողամաս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍ, այգեգործական ոչ ընդարձակ հողամասի (400-800 մ²) հատակագծման ու բարեկարգման համար պահանջվում են մանրամասն մշակումներ։ Հողամասում այգետնակ, տնտեսական շինություններ, ավտոտնակ (կամ ծածկ) կառուցելիս, այգի, բանջարանոց, ջերմոց ստեղծելիս, զարդարիկ բույսեր տնկելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց մոտենալու հարմարությունը և լավագույն դասավորությունը։ Ա. հ-ի նախագծման և բարեկարգման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված գլխավոր հատակագծին և այգեգործական ընկերության կանոնադրության պահանջներին համապատասխան։

Շատ հաճախ հարկ է լինում Ա. հ-երը նախապես դարավանդել, հարթեցնել, քարերից մաքրել, չորացնել։

Դարավանդումը հողի էրոզիան կանխող և կայունությունը պահպանող գյուղատնտեսական միջոցառում է։ Դրա օգնությամբ լանջերը վերածվում են հորիզոնական կամ փոքր թեքության հողահարթակների՝ հնարավորություն ստեղծելով արդյունավետ օգտագործելու լանջերի հողերը։ Կան դարավանդման կատարային (կիրառվում է 0,02-0,12 թեքության լանջերում՝ ստեղծելով 25-40 սմ բարձրության, միմյանցից 20-50 մ հեռավորության լայնակի արգելաթմբեր), աստիճանային (կիրառվում է 0,12-0,25 թեքության դեպքում, լանջի հողը կտրվում է, փոխադրվում, կառուցվում են միմյանցից 2,5-3 մ հեռավորության արգելաթմբեր), խրամատային (կիրառվում է սակավազոր հումուսային շերտով ծածկված լանջերում. փորված խրամատները լցնում են հումուս պարունակող հող) ձևեր։ Խիստ զառիթափ լանջերում կառուցում են քարե շարվածքով հենապատեր։

Հողի մշակումը նպաստում է վարելաշերտի փուխր կնձիկային լավագույն կառուցվածքի ստեղծմանը, բարելավում ջրային, օդաջերմային ու սննդային ռեժիմները, ակտիվացնում մանրէակենսաբանական գործընթացները, կենսազրկում ճմուտն ու մոլախոտերը, նպաստում բույսերի վնասատուների և հիվանդությունների հարուցիչների ոչնչացմանը ևն։ Հիմնական գործադրաձևերն են. շրջումը (հողի շերտի ուղղաձիգ տեղափոխում), փխրեցումը (հողի խոշոր առանձնությունների մանրացում), խառնումը (օրգանական նյութերի և հանքային պարարտանյութերի հավասարաչափ տեղաբաշխումով միատարր շերտի ստեղծում), նստեցումը անջրդի պայմաններում վերականգնում է մազականությունը (կիրառվում է վարից մինչև ցանքը կարճ ժամանակի դեպքում) և հարթեցումը (լավագույն պայմաններ է ստեղծում մեքենայացման, հավասար ցանքի ու բուսածածկի ստացման, խնամքի ևնի համար)։

Ճահճակալած և գերխոնավ հողերը բարելավում են չորացման աշխատանքներով՝ բաց ջրանցքների և ցամաքուրդների միջոցով, որի շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվում հողի ջրաջերմային ռեժիմի բարելավման և օրգանական նյութերի քայքայմանը նպաստող աերոբ գործընթացների խթանման համար։ Աղակալած և աղուտ հողերը բարելավում են լվացումներով մի շարք քիմիական միացությունների (գիպս, կալցիումի քլորիդ, երկաթի սուլֆատ, ծծմբական թթու ևն) օգտագործմամբ, որոնք նպաստում են հողից սոդայի հեռացմանը։ Թթու հողերի բերրիությունը բարձրացնում են կրայնացման միջոցով։ Էրոզացված հողերը բարելավելու նպատակով կրճատում են մակերևութային հոսքերի քանակն ու արագությունը, մեծացնում հողի դիմադրողականությունը, ստեղծում խոչընդոտներ ջրի և քամու ազդեցության դեմ։ Հողամասի հատակագծման մեջ կարևոր է այգետնակի ճիշտ տեղադրումը։

Հողամասի սահմաններից մինչև տնակի ճակատամասը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս, ցանկալի է 5-6 մ։ Եթե Ա. հ-ի լայնությունը մեծ չէ (20-25 մ), ապա տնակը նպատակահարմար է տեղադրել հողամասի երկայնական առանցքի նկատմամբ ոչ համաչափ (հարևան բնակելի տներից առավելագույն հեռավորության պահպանման պայմանով)։ Այգետնակի դիրքն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ պատուհանների և պատշգամբի վիտրաժները ուղղված լինեն դեպի հարավ-արևելք կամ հարավ և հարավ-արևմուտք. այս դեպքում ցերեկվա ժամերին ապահովվում է լույսի առավելագույն քանակություն, իսկ դեպի հյուսիս առավելագույն ստվերածածկում (այս դեպքում տնակը պաշտպանվում է նաև գերտաքացումից)։

Տնակի ստվերի օրական շարժումով որոշում են բաց պատշգամբի, հանգստի անկյան, ավտոմեքենայի համար ծածկի հարմար տեղը։ Տնակի հարավային կողմի պատերի մոտակայքում առաջանում է այսպես կոչված ջերմոցային էֆեկտ, ուր նպատակահարմար է մշակել առավել ջերմասեր բույսեր։

Տնտեսական և կոմունալ շինությունները (ցախատուն, լողարան, բաղնիք, զուգարան ևն) կառուցում են փողոցից հեռու, հողամասի ծայրին (սահմանագծի մոտ)։ Նպատակահարմար է այդ կարգի մի քանի կառույցներ ներառել միասնական կառույցահատվածի մեջ։ Դա հնարավորություն է տալիս առավել նպատակահարմար օգտագործել հողամասի տարածքը և նվազեցնել շինարարական ծախսը։ Նկ. 1-ում պատկերված տնտեսական շինությունում նախատեսվում է նույն տանիքի տակ տեղավորել խոհանոցը, այգու գույքի, գործիքների և շինանյութերի պահեստը, զուգարանը։ Կոնստրուկտիվ լուծման ամենապարզագույն տարբերակը 50x30 (100) մմ կամ 60x120 մմ չափերով չորսուներից կամ փայտերից պատրաստված և տախտակապատված հիմնակմախքն է։ Տանիքը սովորաբար միաթեք է (մուտքից դեպի շինությունը թեքությամբ)։ Տնտեսական կառույցահատվածի պահեստարանը կարելի է օգտագործել նաև որպես փոքրիկ արհեստանոց։

Ա. հ-ում կարելի է կառուցել ամառային խոհանոց-ճաշասենյակ՝ ծածկած պատշգամբի տեսքով (նկ. 2)։ Սովորաբար այն միաթեք տանիքով հիմնակմախքային կոնստրուկցիա է։ Տանիքի ցվիքները պետք է լինեն մեծ, որպեսզի ապահովեն ճաշասենյակի և սննդի պատրաստման հատվածի ստվերապատումը։ Այդպիսի շենքը պետք է ունենա ջրի բաք (ջրմուղի բացակայութան դեպքում), լվացատեղ, սալօջախ, աշխատասեղան, սառնարան։ Ուտելիքի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորանքների բոլոր տարրերը տեղադրում են անլուսամուտ (խուլ) պատի մոտ։ Ամառային խոհանոցն առանձնացնելիս, պետք է խուսափել միջանցահովիկներից, սալօջախի տեղադրման և շահագործման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները, հատակը գետնի մակերևույթից պետք է լինի 15-25 սմ բարձր։

Ա. հ-ում ամառային ցնցղախցիկը (լոգարանը) կարելի է կառուցել առանձին կամ տնտեսական այլ կառույցների հետ։ Ցնցղախցիկի չափերը 110x160 (180) սմ է, բարձրությունը՝ 210 սմ։ Սովորաբար լոգարանի խցիկը չեն ծածկում, այլ տանիքի փոխարեն տեղադրում են ծորակով, ջրթափ խողովակով և ջրցանի ցանցով հանդերձված ջրի բաք։ Որպեսզի ջուրը արևի ճառագայթներից լավ տաքանա, բաքը ներկում են մուգ, փայլատ ներկով։ Բաքի հատակին ներկարված ջրթափ խողովակը ցանկալի է ճյուղավորել (օրինակ, օգտագործելով եռաբաշխիկ), որը կապահովի ջրի մուտքը դեպի ցնցղախցիկի և բանջարանոցի ջրման ծորակները։ Ցնցղախցիկում պետք է լինի տակդիրի (100x100 սմ) և զգեստափոխման համար նստարանի (60x40 սմ-ից ոչ պակաս) տեղ։ Ցնցղախցիկից ջուրը կարելի է հեռացնել տեղական կոյուղու պարզ սարքերի օգնությամբ։ Դրա համար խցիկից 1,5-2 մ հեռու փորած փոսի մեջ տեղադրում են տակառ, որի մեջ ներկարում են երկդույմանոց կոյուղու խողովակ։ Խողովակը տեղադրում են տակդիրի կենտրոնից թեքությամբ փորված խրամուղու մեջ։ Խցիկի հողածածկ հատակը ամրացնում են խճով և վրան լցնում ցեմենտաշաղախ՝ ստեղծելով ցնցղախցիկի տակդիր, որի թեքությունն ուղղված է դեպի կոյուղու խողովակի ընդունման խողովակաոստը։ Ցնցուղի տակդիրի վրա պետք է դնել փայտացանք։ Ջուրը բաք է մղվում էլեկտրական կամ ձեռքի պոմպով։

Եթե հողամասն ընդարձակ է, ապա բակի արտաքնոցը սովորաբար կառուցում են մինչև 1,5 մ խորությամբ աղբահորով։ Ստորգետնյա ջրերն աղտոտումից պաշտպանելու համար հորի հատակը և պատերը սվաղում են 25-50 սմ հաստության տոփանած ցեմենտմանրավազային շաղախով կամ հողի ցեխով։ Այնուհետև հորի ներսի մակերևույթը բետոնապատում են, ցեմենտի շաղախով շարում աղյուսը կամ քարը։ Աղյուսե և քարե պատերի մակերևույթները ցեմենտապատում են։ Վերգետնյա մասը (խցիկ) սովորաբար կառուցում են հարմարակցվող տախտակներից, դռան վերևում թողնում են վերնափեղկ։ Տանիքը միաթեք է։ Խցիկը հանդերձվում է 12 սմ-ից ոչ պակաս լայնությամբ չորս տախտակներից պատրաստված օդափոխիչ կանգնակով, որի վերին մասում հարմարեցնում են օդանցք։ Կանգնակն ամրացնում են խցիկի հետևի պատին։ Աղբահորի շուրջը եղած հարթակը պատում են կավահորով, ցեմենտում։ Հորը մաքրելու համար թողնում են կափարիչով կիպ ծածկվող մի անցք (մտոց, նկ. 3)։

Ոչ ընդարձակ Ա. հ-ում նպատակահարմար է կառուցել (անմիջապես տան մոտ կամ դրան կից) այսպես կոչված «պուդր-քլոզեթ» տիպի արտաքնոց (նկ. 4), որն ունի պարզ կառուցվածք և բավականաչափ հիգիենիկ է։ Կղանքի հավաքման համար օգտագործում են ձյութապատ արկղ, մետաղե բաք կամ դույլ։ Կղանքը ծածկում են կոմպոստող նյութերով (տորֆ, սևահող, մոխիր, թեփ ևն) և պարբերաբար մաքրում։ Վերգետնյա մասը կարելի է կառուցել հյուղակի (քողտիքի) տեսքով։ Վահանային կառուցվածքի հյուղակ-տնակի կառուցման համար հիմնակմախք չի պահանջվում։ Տանիքը պատրաստում են տախտակներից, վերևը փակում մետաղե կամ փայտե սլիպով։ Օդափոխության համար դռան վերևում թողնում են ոչ մեծ եռանկյունաձև վերնափեղկ։ Փայտե մասերը աղտեղությունից պահպանելու համար արտաքնոցի նստոցը ներսից պատում են տոլի կամ ռուբերոիդի մեջդիր ունեցող թիթեղով։ Տարողություններից աղտեղությունները հեռացնելու համար տնակի հետևի պատի կողմից բացում են կափարիչով կիպ ծածկվող մտոց (ելոց) կամ նստոցի վերին տախտակը պատրաստում են հետ բացովի (ծխնիներով)։

Ցանկալի է հողամասում կոմպոստի համար առանձնացնել հատուկ տեղամաս։ Լավորակ օրգանական պարարտանյութ ստանալու համար սննդի մնացուկները, աղբը, մոլախոտերը, տերևները և տնտեսական այլ թափոններ լցնում են կոմպոստի կույտի վրա։ Կոմպոստի համար փորում են 50 սմ-ից ոչ ավելի խորությամբ ցանկացած չափի հոր։ Կուտակմանը զուգընթաց թափոնները ծածկում են տորֆով և հողով։ Կոմպոստը մերթընդմերթ խառնում են բահով, ընթացքում ավելացնելով սուպերֆոսֆատ և ֆոսֆորային ալյուր, իսկ թթու հողերի առկայության դեպքում՝ կիր և փայտի մոխիր։

Մեկ կամ մեկուկես տարի հետո այն կարելի է օգտագործել որպես պարարտանյութ։

Փայտանյութի մնացորդները, թուղթը, էտած ճյուղերը, չորուկներն այրում են հրդեհի համար անվտանգ տեղերում։

Ավտոտնակն անհրաժեշտ է տեղադրել հողամասի մուտքի մոտ և կառուցել ցանկապատին կից։

Ավտոմեքենայի համար կարելի է կառուցել նաև սովորական ծածկ՝ օգտագործելով 80 մմ-ից ոչ պակաս տրամագծով մետաղե խողովակներից ամուր հենասյուներ։ Տանիքը պետք է լինի միաթեք (թեքությունը մուտքից)։ Ծածկի համար օգտագործում են շիֆեր կամ մետաղաթերթեր, 100x100 (150) մմ կտրվածքով գերաններ և 40x40 մմ կտրվածքով չորսուներ։ Ամենացածր կառուցվածքի բարձրությունը պետք է լինի 1,5-2 մ։ Ավտոմեքենայի ծածկը, բաղնիքը, ջերմոցը և այլ օժանդակ շինությունները կարող են միացած լինել բնակելի տանը (տես Այգետնակ):

Ա. հ-ի բարեկարգման պարտադիր տարրերից է ցանկապատը։ Ոչ ընդարձակ հողամասի համար կարելի է ստեղծել «կենդանի» ցանկապատ՝ օգտագործելով դեղին ակացիա, մասրենի, չիչխան, մամխի, փշատենի ևն։ Այդ ցանկապատերը կարող են լինել միաշարք (տնկիների հեռավորությունը՝ 0,25-0,30 մ) կամ երկշարք (հեռավորությունը՝ 0,4-0,6 մ)՝ շարքերի միջև հեռավորությունը 0,25-0,3 մ։ Որպեսզի այսպիսի ցանկապատը լինի խիտ և բարետես անհրաժեշտ է պարբերաբար այն ձևավորել (էտել, խուզել ևն)։ Նման ցանկապատ կարելի է ստեղծել նաև հողամասի ներսում՝ տնտեսական շինությունների մեկուսացման, հանգստի անկյան ձևավորման և այլ նպատակներով։

Ավելի աշխատատար է արհեստական ցանկապատերի (մետաղացանցից, քարից, խարամաբլոկից ևն) ստեղծումը, որոնք կազմված են հիմքից (հիմնականում) և կավարամածից։ Ճակատի կողմից ցանկապատը պետք է ունենա 1,2-ից մինչև 1,8 մ բարձրություն, իսկ ներքին ցանկապատը (գլխավորապես հարևան հողամասերի միջև) պետք է լինի 1 մ-ից ոչ ավելի։

Արհեստական ցանկապատի գլխավոր կրող տարրերը սյուները կամ կանգնակներն են։ Փայտե սյուները սովորաբար պատրաստում են սոճուց կամ եղևնուց։ Շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով սյուների ստորին ծայրը ածխացնում են, տաք բիտումով (կամ գուդրոնով) բոլորածեփում, տոգորում կրեոզիտով կամ մի քանի շերտ պոլիէթիլենի թաղանթ կամ տոլ փաթաթում։ Մետաղե կամ ասբեստացեմենտե խողովակներից սյուներ դնելիս դրանց ներքին խոռոչը լցնում են շինարարական աղբի և ցեմենտաշաղախի խառնուրդով կամ գլխամասը փակում կափարիչով, որպեսզի խողովակի մեջ ջուր չլցվի։ Երկայնակի ձողակները կլոր սյուներին են ամրացնում մետաղե կալունակներով, բռնակներով կամ անուրներով։ Ամրակման տարրերը պատրաստում են 10-12 մմ տրամագծով ամրանի երկաթից, 2-3 մմ-անոց շերտապողպատից կամ 5-6 մմ-անոց թերթապողպատից։ Սյուները տեղադրում են հողամասի պարագծով՝ միմյանցից 2-3 մ հեռու և 50-80 սմ խորությամբ։ Սյուների փոսերը լցնում են ջարդած խամքարով կամ խճով։ Խամքարի վերևի մասը (հողի մակերևույթին հավասար) ցանկալի է ամրացնել բետոնաշաղախով (նկ. 5)։

Ցանկապատի ճակատային կողմի սյուները և պատվանդանը պատրաստում են քարից։ Ավելի դիմացկուն է մետաղացանցե ցանկապատը (լայնությունը 150 սմ), որի կրող կառուցվածքը բետոնե հիմքում դրված մետաղական սյուներն են, որոնց միջև երկու շարքով ձգվում են պողպատե լարեր (3-6 մմ տրամագծով)։ Ա. հ-երի ցանկապատերը չպետք է լինեն խուլ և զանգվածային, այլ թեթև, վանդակավոր կառուցվածքով, բույսերի ֆոնի վրա աննկատ։ Ցանկապատերը կարելի է ներկել յուղաներկով կամ արհեստական ներկով, կանաչավուն երանգներով շրջապատի գույնին համապատասխան։

Ցանկացած եղանակին հողամասում հեշտությամբ տեղաշարժվելու համար խորհուրդ է տրվում պատրաստել ամուր ծածկով արահետներ։ Ամենապարզ եղանակը արահետները ավազով, կոպիճով, ջարդած քարով ծածկելն է. դրանք լցնում են նախապես բուսական շերտը հեռացրած հիմնահողին։ Ամուր և հարմարավետ է քարով կամ աղյուսով պատած արահետը։ Նման ճանապարհների լայնական կտրվածքն ուռուցիկ է, որն ապահովում է ջրերի հոսքը։ Դրանք սարքելու համար սկզբում փորում են 15-20 սմ խորությամբ առուներ։ Առվի հատակը տոփանում են, իսկ հետո 10-12 սմ բարձրությամբ ծածկույթի համար խոշոր խարամով, խոշորահատիկ ավազով, քարի ջարդոնով, ճալաքարով շարում հիմնատակը։ Ավտոճանապարհի համար ցանկալի է պատրաստել բետոնե կամ խամքարաբետոնե հիմնատակ (նկ. 6)։ Ճանապարհների ծածկույթը կարող է բազմապիսի լինել. 5 սմ հաստությամբ խիճ (տոփանելով), բնական քարեր ևն։ Քարերի միջև եղած կարերը շաղախով սվաղում կամ հող են լցնում։ Չմշակված կարերի մեջ աճած խոտերը հողամասի ճանապարհները դարձնում են ավելի գեղեցիկ։ Ճանապարհները բուսածածկից զերծ պահելու համար ջրում են հատուկ լուծույթով, մեկ դույլ ջրում՝ 400-600 գ ծծմբի փոշի, 200-300 գ տնտեսական օճառ, 1-2 կգ կիր։ Ստացված խառնուրդը մի քանի րոպե եռացնում են, թողնում հովանա և նոսրացնում ջրով։ Այդպիսի լուծույթով ջրած այգու ճանապարհը երկար ժամանակ չի բուսածածկվում։

Ծածկույթի ընտրությունը պայմանավորված է այգու ճանապարհի բնույթով. ինտենսիվ օգտագործման դեպքում այն պետք է լինի շատ ամուր։ Այգու հանգստի անկյուններում ծածկույթը պետք է պակաս նկատելի լինի։ Ճանապարհների փոխարեն, ուղղակի կանաչ խոտի վրա, կարելի է դնել միմյանցից 10-15 սմ հեռավորությամբ հարթ սալաքարեր։ Նման ճանապարհները նպատակահարմար են ոչ ընդարձակ հողամասերի համար։ Սալաքարերը կարելի է փոխարինել արհեստականով (օրինակ, բետոնից պատրաստված)։ Դրա համար մետաղե ժապավենի կաղապարամածը տեղադրում են հողի մեջ և արտաքինից ամրացնում ցցերով։ Բետոնալցումից հետո վրան կարելի է լցնել ճալաքար, մարմարի փշրանք, երեսպատել խեցե սալիկների կտորներով ևն։ Նման արհեստական քարեր ստանալու համար օգտագործվող կաղապարամածի բարձրությունը 5-6 սմ է։ Խորհուրդ չի տրվում Ա. հ-ում պատրաստել բետոնե կամ ասֆալտբետոնե հոծ ծածկույթներ։ Ճանապարհների քանակը պետք է լինի սահմանափակ, իսկ դրանց տեղադրումը՝ հողամասի ընդհանուր հատակագծին համապատասխան։ Բարդ ռելիեֆով թեքությունների և բարձրությունների կտրուկ տարբերության դեպքում հողամասում հաճախ պահանջվում է տեղադրել սանդուղքներ կամ հենապատեր։ Բակի սանդուղքի համար խորհուրդ է տրվում սանդղամասի և աստիճանաճակատի հետևյալ չափերը. 400x120, 350x140, 300x150, 280x160 մմ։ Ամուր և գեղեցիկ են աղյուսից պատրաստված սանդուղքները։ Աղյուսները շարում են կողքի վրա, կարերը հարդարում շաղախով։ Յուրաքանչյուր աստիճանի տակ պատրաստում են խամքարից (10-15 սմ շերտով) հիմնատակ, որի մակերևույթը ծածկում են 1-2 սմ շաղախի շերտով։ Շատ գեղեցիկ է խամքարե (10 սմ շերտ) և ավազե (5 սմ) հիմնատակի վրա տեղադրված տարբեր բարձրության կոճղերից պատրաստված սանդուղքը։ Սովորաբար հենապատերը շարում են ուղղաձիգ գերանների կտորներից, աղյուսից, բնական քարերից։ Դրանք սանդուղքների հետ կազմում են ճարտարապետական միասնություն։ Ցածր ուղղաձիգ պատը ցանկալի է կառուցել գործափայտից կամ գերաններից։ Վերջիններս սղոցում են հավասար երկարության սյուների, թաղում են հողում, նախօրոք արմային մասը մշակում հականեխիչով և ամրությունն ապահովելու նպատակով տոփանում՝ օգտագործելով ջուր և ավազ։ Պատերը շարելուց հետո ծածկում են դարավանդը՝ նախապես լցվածքի կողմից միջադրելով ջրամեկուսիչ (ռուբերոիդից կամ տոլից)։ Փոքր սյուներից շարած ուղղաձիգ պատը ներդաշնակում է կոճղերից հավաքած զարդարիկ սանդուղքին, իսկ կարմիր աղյուսե շարված պատը՝ աղյուսե սանդուղքի հետ։ Մեկ մ-ից ավելի բարձրության հենապատի և լցված գրունտի դեպքում սկզբում կառուցում են բետոնե հիմքը, երեսպատում աղյուսով, բնական քարով կամ սալիկներով։ Չօգտագործված գրունտի դեպքում բավական է քանդել անհրաժեշտ քանակության հող և բնական քարից հենապատ շարել։ Վերջինիս հիմնատակը կառուցում են 50-80 սմ լայնությամբ, 25-30 սմ խորությամբ հիմքի վրա, բնական քարը շարում շաղախով։ Ուղղաձիգ պատը կարելի է գեղազարդել զարդարիկ բույսեր տնկելու համար որմնախորշերով, որոնք պատրաստում են շարելու ընթացքում, պատի երեսակողմում շախմատաձև խառնելով տարբեր քարեր։ Հենապատեր կառուցելիս պետք է նախատեսել ցամաքուրդներ՝ պատի ստորին մասում միմյանցից 2-2,5 մ հեռավորությամբ տեղադրելով մետաղե կամ ասբեստացեմենտե 5-10 սմ տրամագծով խողովակներ։

Ա. հ-ի ձևավորման համար կարևոր են նաև այսպես կոչված ճարտարապետական փոքր ձևերի տարրերը՝ զարդարիկ ջրավազաններ, թառմաներ, վանդակաճաղեր, տաղավարներ, նստարաններ ևն։ Հողամասը շատ գեղեցկացնում է ոչ մեծ զարդարիկ ջրավազանը (50-60 սմ խորությամբ), որը կառուցում են փոքր փոսորակներում, որի հատակն ու կողերը երեսպատում են (10-15 սմ հաստությամբ) լավ շաղախած կավով։ Կավի առաջին շերտը թեթևակի չորանալուց հետո պատում են նույն հաստության երկրորդ շերտով, որի վրա մանր խիճ կամ ճալաքար են շաղ տալիս և տոփանում։ Ջրավազանը կարելի է ջրամեկուսացնել մի քանի շերտ պոլիէթիլենային թաղանթով կամ ռուբերոիդով, որը փռում են ավազի (10 սմ) և դրա վրա շաղ տված մանր խճի (10-12 սմ) վրա։ Խորհուրդ է տրվում ջրավազանների պատերը բարձրացնել գետնից 10-15 սմ վեր, ապա եզրապատել աղյուսով կամ բնական քարի սալիկներով։

Հանգստի անկյուններ ստեղծելու, այգու առանձին կառույցները մեկուսացնելու և այլ նպատակներով կարելի է օգտագործել վանդակավոր կառուցվածքներ թառմաներ և վանդակաճաղեր, որոնք հարմար հենարան են բազմազան փաթաթվող բույսերի համար։ Թառմաները՝ վանդակաճաղ շվաքարանները, կառուցում են նստարանների մոտ, արահետների երկայնքով ևն։ Թառմաների կանգնակները պատրաստում են մետաղե խողովակներից, փայտե չորսվակներից (8x8 սմ-ից ոչ պակաս հատվածքով), հազվադեպ՝ քարե սյուների տեսքով։ Հորիզոնական կավարամածը պատրաստում են 3x8 (4x10) սմ տախտակներից։ Կողքի դասավորված տանիքածածկի տախտակները լավ ճառագայթապաշտպան են։ Որքան հոծ է կավարամածը և լայն են դրա տախտակները, այնքան երկարատև է թառմայի առաջացրած ստվերը։ Կիսակլոր կամարաձև հենակներով այգուղիների եզրերին կարելի է կառուցել 2-2,5 մ բարձրության թառմաներ և փաթաթվող բույսերով գեղեցիկ միջանցք ստեղծել։ Նման կառուցվածքները պատրաստում են ճկած մետաղե խողովակներից, իսկ կավարամածի համար օգտագործում են տախտակներ, հաստ մետաղալար կամ պլաստմասսայե քուղեր։

Ա. հ-ի ձևավորման համար տարրեր են վանդակաճաղերը՝ վանդակավոր ուղղաձիգ պատերը (նկ. 7)։ Փայտե վանդակաճաղերի կրող կանգնակները պատրաստում են 60x120, 100x100, 40x50 մմ, իսկ կավարամածը՝ 60x60, 40x40 մմ հատվածքով ձգաչորսուներից։ Վանդակաճաղերի կանգնակները կարելի է պատրաստել մետաղե խողովակներից, կավարամածի համար հաճախ օգտագործում են մետաղալար կամ պլաստմասսայե քուղ։ Վանդակաճաղապատի բարձրությունը կարող է լինել 0,8-1,8 (2,0) մ։ Թառմաների և վանդակաճաղերի բազմազան համակցություններից այգում, հանգստի գոտում կարելի է ստեղծել հարմարավետ թեթև տաղավարներ։ Նման կառուցվածքի շինարարության դեպքում պետք է հաշվի առնել հողմա- և ձյունաբեռնվածությունը և դրանց ուղղաձիգ հենակները տեղադրել առավել խնամքով։

Ա. հ-ում նստարաններն ու սեղանները ցանկալի է պատրաստել փայտից՝ պահպանելով բնական տեսքը։ Օրինակ, լայնքով սղոցած կամ մի կողմից ռանդած ոչ բարձր հենակների վրա դրած գերանը հարմար աթոռ է։ Նստոցի լայնությունը պետք է լինի 22-25 սմ, գետնից բարձրությունը՝ 28-35 սմ։ 30-40 սմ տրամագծով և 40-42 սմ բարձրության ուղղաձիգ դրված գերանների կտորները յուրօրինակ աթոռակներ են։ 70-72 սմ բարձրության ուղղաձիգ դրված գերանները փոքր սեղանների համար կարող են հենարան ծառայել։ Ա. հ-ում հարմար է օգտագործել հյուսված կահույքի տարբեր տեսակներ, բացովի ննջաթոռներ, մետաղե հիմնակմախքով բազկաթոռներ։

Ա. հ-ում ցանկալի է նախատեսել մանկական անկյուն՝ տեղադրել ավազարկղ, ճոճ կախել ևն։ Այս դեպքում ջրավազանը կարելի է օգտագործել որպես լողավազան։

Այգու հատակգծման, մարգերի, պտղատու ծառերի, թփերի տեղադրման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ագրոտեխնիկական, այլև գեղագիտական պահանջները (ծառերի սաղարթի ուրվագիծն ու չափը, տերևների ձևն ու գունային երանգները, ստվերի ուղղությունը)։ Հողամասի առավել գեղազարդարիչ տարրերը՝ ծաղկանոցները, սիզամարգերը, ծառերը, պտղատու թփերն անհրաժեշտ է տեղադրել տան շուրջը, իսկ բանջարանոցը՝ տնտեսական կառույցներին մոտ։