Jump to content

ՏՏՀ/Առաջին օգնություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առաջին օգնություն
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 249
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, սկզբնական օգնության պարզագույն միջոցառումներ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող սուր զարգացող հիվանդությունների, դժբախտ պատահարների, կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող այլ վիճակների ժամանակ՝ մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկություն հասցնելը։ Հաճախ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը)։ Օրինակ, եթե հիվանդն ունի կրծքային հեղձուկի նոպա, նա կանգ է առնում և ընդունում վալիդոլի կամ նիտրոգլիցերինի հաբ լեզվի տակ, թունավորումների ժամանակ (տես Թունավորում, Սննդային թունավորում) կատարում է ստամոքսի լվացում (խմում է 1լ ջուր), այնուհետև առաջացնում փսխում՝ մատներով լեզվի արմատը մի քանի անգամ սեղմելով, վիրավորումների ժամանակ (տես Վերք) լվանում և մշակում է մաշկը և այլն։

Դժբախտ պատահարների, վնասվածքների, արյունահոսությունների, գիտակցության հանկարծակի կորստի դեպքերում հաճախ հարկ է լինում փոխօգնության, որի առաջին խնդիրը վնասակար գործոնի ազդեցության ընդհատումն է. արևահարությունից (տես Արևահարություն և ջերմահարություն) տուժածին ստվերոտ տեղ, շմոլ գազով թունավորվածին մաքուր օդ տեղափոխելը, խեղդվողին (տես Ջրահեղձություն)՝ ջրից դուրս բերելը, հոսանքի աղբյուրից տուժածին հեռացնելը (տես Էլեկտրահարություն և կայծակնահարություն), հրդեհի ժամանակ տուժածի հագուստի կրակը հանգցնելը և այլն։ Երկրորդ խնդիրը դեպքի վայրում անհետաձգելի բուժօգնության կազմակերպումն է՝ կիրառելով պարզագույն բժշկական սարքեր կամ ձեռքի տակ գտնվող միջոցներ։ Երրորդ խնդիրը անհապաղ շտապ բուժօգնության բժշկի հրավիրելն է կամ հիվանդին մոտակա բաժհիմնարկություն տեղափոխելը։ Այդ նպատակի համար չնախատեսված տրանսպորտից օգտվելիս հնարավորության սահմաններում այն հարկավոր է հարմարեցնել, օրինակ, բեռնատարի թափքին խոտ փռել, ապա վրան պատգարակ դնել։ Տուժածին կարելի է փոխադրել նաև խաչաձև բռնած ձեռքերի վրա։ Այդ խնդիրների ժամանակին և գրագետ կատարումից են կախված հետագա անհետաձգելի բուժօգնության արդյունքները, որոշ դեպքերում նաև տուժածի կյանքը։

Ա. օ-յան միջոցների և դրանց կիրառման հաջորդականության ընտրության ժամանակ հարկավոր է հաշվի առնել հիվանդության կամ վնասվածքի բնույթը և հիվանդի (տուժածի) վիճակը։

Վիրավորումների ժամանակ առաջին օգնության նպատակն ամենից առաջ վերքից արյունահոսության դադարեցումն է՝ ճնշող վիրակապով, արյան անոթը մատներով սեղմելով կամ (ուժեղ արյունահոսության ժամանակ) վնասված հատվածից վեր ժամանակավոր ձիգ լարան (ժգուտ) դնելով։ Վերքի վրա հարկավոր է դնել վիրակապ, բամբակեթանզիֆե բարձիկներ, գլխաշոր կամ մաքուր գործվածքի լաթեր։ Այնուհետև տուժածին պետք է անհապաղ հասցնել մոտակա բուժհիմնարկություն՝ վերքի վիրաբուժական մշակման, կարեր դնելու, հակակատաղության և հակափայտացման պատվաստումներ կատարելու համար։ Եթե վնասվածքը (գերձգվածությունը, հոդակապանների պատռվածքը, հոդախախտումը) չի ուղեկցվել ոսկրերի կոտրվածքով, կարելի է բավարարվել վնասված վերջույթը ձիգ «ութաձև կապով» անշարժացնելով։ Բեկակալը դնելուց հետո տուժածին անհրաժեշտ է հասցնել վնասվածքաբանական կետ կամ այլ բուժհիմնարկություն՝ ռենտգենաբանական հետազոտության և բուժօգնություն ցույց տալու համար։ Քիմիական այրվածքի և ցրտահարության ժամանակ վնասված մակերևույթին վիրակապ դնելուց առաջ հարկավոր է մաշկը լվանալ ջրածնի գերօքսիդով, եռացրած մաքուր ջրով, ջերմային այրվածքի ժամանակ դնել սպիրտով (օղիով) թրջած վիրակապ։ Աչքի մեջ ծեղ ընկնելիս, առավել ևս աչքի վնասվածքի ժամանակ վարակի թափանցումը կանխելու նպատակով, չի կարելի կեղտոտ ձեռքերով կամ թաշկինակով տրորել աչքը (տես Տեսողություն):

Գիտակցության հանկարծակի կորստի ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ մեջքի վրա, գլուխը թեքել կողքի (փսխման զանգվածը շնչուղիներ չընկնելու և շնչահեղձությունը կանխելու նպատակով), ազատել սեղմող հագուստից, բացել լուսամուտը։ Որովայնի խոռոչի օրգանների ուժեղ ցավերով ուղեկցվող սուր հիվանդությունների ժամանակ պետք է ապահովել հիվանդի հանգիստը, փորին դնել սառույցով կամ սառը ջրով պարկիկ։ Չի կարելի կատարել ստամոքսի լվացում և ընդունել լուծողական դեղամիջոցներ (տես Որդանման ելունի բորբոքում)։ Տնային պայմաններում, մեքենայում, զբոսաշրջային արշավների ժամանակ, անհետաձգելի բուժօգնություն ցույց տալու նպատակով անհրաժեշտ է ունենալ առաջին օգնության դեղարկղ (տես Դեղարկղ), որը, ընտանիքի անդամների, արշավի մասնակիցների հիվանդություններին համապատասխան, պետք է պարունակի անհատականորեն ընտրած դեղամիջոցներ։

Անհրաժեշտության դեպքում առաջին օգնությունն ընդգրկում է օրգանիզմի վերակենդանացման պարզագույն միջոցառումներ։ Հայտնի է, որ մարդու մահվան պահից հետո նրա օրգանիզմի տարբեր օրգաններն ու հյուսվածքները մահանում են ոչ միանգամից, այլ աստիճանաբար, դրա համար էլ նրանց ֆունկցիաները, ներառյալ հիմնական կենսականները (արյան շրջանառություն և շնչառություն), առանձին դեպքերում հաջողվում է վերականգնել։ Վերակենդանացումը հնարավոր է կլինիկական մահվան վրա հասնելուց հետո կարճ ժամանակամիջոցում, այսինքն արյան շրջանառության և շնչառության դադարումից հետո՝ սովորաբար 4-6 րոպեի ընթացքում։ Ավելի ուշ վրա է հասնում կենսաբանական մահը, և վերակենդանացման հավանականությունը խիստ փոքրանում է, իսկ կյանքի լիարժեք վերականգնումը, ներառյալ հոգեկան գործունեությունը, գործնականորեն անհնար է (բացառությամբ ցրտահարվածների և սառը ջրում ջրահեղձվածների)։

Կլինիկական մահը կարող է առաջանալ նաև վնասվածքների, թունավորումների, ցրտահարության և ջերմահարության, ինչպես նաև շնչահեղձության, կոկորդի այտուցի, շնչուղիներում օտար մարմիններ ընկնելու, էլեկտրահարության ժամանակ շնչառության դադարի հետևանքով։ Կլինիկական մահը կարող է նաև հանկարծահաս հիվանդությունների (սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում և այլն) հետևանք լինել։ Շնչառության և սրտի գործունեության բացակայության փաստը ստուգելուն օգնում է հիվանդի «անկենդան» կեցվածքը՝ գլխի, մարմնի, ոտքերի, ձեռքերի՝ կենդանի մարդուն ոչ բնորոշ դիրքը։ Կրծքավանդակի շնչառական շարժումները բացակայում են, դեմքի և պարանոցի մաշկը սովորաբար գունատ է կամ կապտած, բիբերը լայնացած, նույնիսկ քնային զարկերակների զարկը չի շոշափվում, սրտխփոցը (ականջը կրծքավանդակին հպելիս) չի լսվում։ Տուժածի վիճակը և ականատեսների ցուցմունքները սովորաբար վկայում են դժբախտ պատահարի կամ հանկարծակի նոպայի մասին։ Այդպիսի դեպքերում, չսպասելով ախտորոշման ճշտմանը, հարկավոր է սկսել անհետաձգելի օգնություն։

Շնչառությունը վերականգնելու համար սկզբում պետք է տուժածի մարմինն ազատել ճնշող հագուստից (փողկապ, օձիք, գոտի, նեղ շրջազգեստ և այլն) և ապահովել վերին շնչուղիների անցանելիությունը, որպեսզի օդն ազատ մուտք գործի թոքեր։ Բերանի խոռոչից և լեզվի արմատից պետք է հեռացնել շնչառության համար մեխանիկական արգելք հանդիսացող լորձը, սննդի կտորտանքները, արյան մակարդուկները, ատամների պրոթեզները և այլն։ Դեռ վերջերս լայնորեն կիրառում էին արհեստական շնչառության մեթոդները (ըստ Սիլվեստրի, Շեֆերի և Հովարդի)՝ կապված ձեռքերի, ուսագոտու և կրծքավանդակի մկանների (շնչառական մկանունք) պասսիվ շարժումների հետ։ Սակայն այդպիսի մեթոդների դեպքում արհեստական շնչառման ժամանակ թոքեր է մուտք գործում միայն 300 սմ³ օդ, իսկ վերակենդանացման ժամանակ լիարժեք օդափոխության համար հարկավոր է 800 սմ³ –ից ոչ պակաս (առողջ մարդը հանգիստ շնչառության ժամանակ շնչառում է 600-700 սմ³)։ Դրա համար էլ արհեստական շնչառությունը (թոքերի արհեստական օդափոխությունը) բժշկական գործիքների և սարքերի բացակայությամբ կատարվում է «բերան-բերանի» և «բերան-քթի» մեթոդներով։ Տուժածի շնչուղիները ներփչած օդը լրիվ պիտանի է վերակենդանացման համար, քանի որ պարունակում է 16 % թթվածին (մթնոլորտի 21 %-ի դեպքում)։ Տուժածի գլուխը հարկավոր է առավելագույն չափով հետ թեքել, կզակը վեր բարձրացնել և ստորին ծնոտն առաջ շարժել, որպեսզի ներփչած օդը մուտք գործի ոչ թե ստամոքս, այլ թոքեր։ Այդ նպատակով տուժածի ուսերի տակ հարկավոր է հարմար ձևով դնել բարձ կամ մութաքայի նման ծալած հագուստ։ Օգնություն ցույց տվողը գտնվում է տուժածի կողքին։ Նա մի ձեռքով սեղմում է տուժածի քիթը, մյուսով, թեթևակի սեղմելով կզակը, բացում է բերանը (բաց բերանը ցանկալի է ծածկել թանզիֆով կամ վիրակապով), որից հետո խորը շնչառում է, ապա շրթունքները կիպ կպցնում է տուժածի բաց բերանին և եռանդուն կերպով արտաշնչում, այնուհետև դեմքը թեքում կողքի՝ սպասելով տուժածի «արտաշնչմանը», որը տեղի է ունենում պասսիվ թոքերի և կրծքավանդակի առաձգականության հաշվին։ «Բերան-քթի» մեթոդի ժամանակ, համապատասխանաբար, տուժածի բերանը փակում են ափով կամ ներքևի շրթունքը մատներով վերևինին սեղմելով։ Պահանջվում է եռանդուն ներփչումների ռիթմիկ կրկնություն 1 րոպեում 12-15 անգամ։ Սկզբում յուրաքանչյուր արհեստական «շնչառման» ժամանակ օդը հեշտությամբ է ներփչվում, բայց տուժածի թոքերում օդի լցման և թոքերի ձգման չափից կախված, դիմադրությունն աճում է։ Արհեստական շնչառության արդյունավետ կատարման դեպքում «շնչառման» (օդի ներփչման) ժամանակ լավ երևում է տուժածի կրծքավանդակի լայնանալը։ Շնչառության վերականգնման այս ձևերը հաճախ զուգակցվում են սրտի անուղղակի (արտաքին) մերսման հետ։

Անուղղակի (առանց կրծքավանդակը բացելու) մերսումը կատարում են սրտի աշխատանքը լրիվ դադարելու և նրա կծկումների ռիթմի հոգեվարքային խանգարումների դեպքում։ Սակայն սրտի տոները լսելու հմտության բացակայության դեպքում, ժամանակ չկորցնելով, հարկավոր է սկսել սրտի անուղղակի մերսումը արհեստական շնչառության կիրառման բոլոր դեպքերում։ Թոքերի արհեստական օդափոխությունը լրիվ չափով բավարարում է արյան թթվածնով հագեցումը, դրա համար սրտի մերսման խնդիրն է օրգանիզմում արյան շարժման ապահովումը, մարդու կենսական կարևոր օրգանները թթվածնով մատակարարելը և սրտի ինքնուրույն գործունեության և շնչառության վերականգնումը։

Սրտի անուղղակի մերսումը կատարվում է այսպես. օգնություն ցույց տվողը, ափով սեղմելով տուժածի կրծոսկրը, ճնշում է կանգ առնող սիրտը (կրծոսկրի և ողնաշարի միջև) և փոքրացնում նրա ծավալը, որի հետևանքով արյունը մղվում է աորտայի և թոքային զարկերակի մեջ։ Սեղմումն ընդհատելիս կրծքավանդակն ուղղվում է, սրտի ծավալը վերականգնվում և այն նորից լցվում է անոթներից եկող արյունով։ Այսպիսով կատարվում է սրտի արհեստական կծկում, ապահովվում նրա աշխատանքը, որպես պոմպի, և արհեստական շրջանառությունը։

Տուժածը պետք է պառկի մեջքի վրա, կոշտ հենամասի վրա (հատակ, հող, մահճակալ, որի տակ տուժածի թիակների մակարդակին դրվում է աթոռ)։ Ձեռքերով (մի ձեռքը դնում են մյուսի վրա ափային մակերևույթով դեպի ներքև) կրծոսկրի վրա կտրուկ և ուժեղ սեղմելով (դրա համար, եթե հիվանդը պառկած է հատակին, օգնողը պետք է ծունկի իջնի, եթե բարձր մահճակալի վրա է, պետք է կանգնի որևէ պատվանդանի վրա) օգնություն ցույց տվողը մի քանի սանտիմետր տեղաշարժում է կրծոսկրը, սեղմում կրծքավանդակը և ապահովում սրտի ճնշումը կրծոսկրի և ողնաշարի միջև։ Սեղմումը (հրումը) պետք է կրկնվի 1 րոպեում 50-60 անգամ։ Ռիթմիկ, հաճախակի սեղմման և թուլացման իրար հաջորդումը, զուգակցված «բերան-բերանի» օդի ներփչման հետ 1 անգամ 45 վայրկյանում (այսինքն կատարվում է 1 «շնչառում» կրծքավանդակի 5 սեղմման դիմաց, կամ 2 խոր «շնչառում» 10-12 սեղմման դիմաց), հաճախ տալիս է անհրաժեշտ արդյունք, որի մասին են վկայում բբերի փոքրացումը, քնային զարկերակի վրա անոթազարկի ի հայտ գալը, մաշկի կապտության աստիճանաբար անհետացումը։ Հարկավոր է վերակենդանացման միջոցառումներն անցկացնել մինչև արյան ինքնուրույն շրջանառությունն ապահովող ինքնուրույն շնչառության և սրտի կծկումների ի հայտ գալը։ Քանի որ սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն կատարելը պահանջում է ֆիզիկական և հոգեկան լարում, նպատակահարմար է, որ այն հերթականությամբ կատարեն 3 մարդ։ Թոքերի պատռվածքից խուսափելու համար չի կարելի օդի ներփչումը և կրծոսկրի սեղմումը կատարել միաժամանակ։ Տարեցների կողերի կոտրվածքների հավանականությունն ավելի մեծ է (ոսկրերի փխրունության պատճառով) քան երիտասարդներինը, դրա համար սեղմելիս պետք է զգույշ լինել։

Հարկավոր է հիշել, որ արյան արհեստական շրջանառության և արհեստական շնչառության ապահովումը, եթե նույնիսկ չհանգեցնի ինքնուրույն շնչառության ու սրտի կծկումների վերականգնման, երկարաձգում է կլինիկական մահվան վիճակը և հետաձգում մահը, որը կարող է որոշիչ նշանակություն ունենալ շտապ օգնության բրիգադի արդյունավետ գործողությունների համար։