ՏՏՀ/Արոսի
ԱՐՈՍԻ, սրահացի, ՀՀ-ում աճում է սովորական արոսին կամ ծտախնձորը։ Ձմեռադիմացկուն է (դիմանում է մինչև -50 °C սառնամանիքներին), վնասատուների և հիվանդությունների նկատմամբ կայուն։ Բերքատվությունը բարձր է և կանոնավոր։ Պտուղներն օգտակար են, պարունակում են ավելի շատ վիտամիններ, քան մյուս պտղատու տեսակներից շատերը։ Ձմեռադիմացկունության շնորհիվ կարելի է աճեցնել խիստ կլիմայական պայմաններում, որտեղ այլ պտղատու տեսակներ չեն աճում։ Ա-ի մշակովի տեսակները պտղաբերում են տնկումից 4-5 տարի հետո։ Լրիվ պտղաբերման ժամանակաշրջանում (15-25 տարում) մեկ ծառից կարելի է հավաքել մինչև 100 կգ բերք։ Բազմացման հիմնական եղանակը աչքապատվաստն է։ Պատվաստակալ են օգտագործում սովորական անտառային Ա-ի սերմնաբույսերը։
Ա-ի համար լավագույն հողերը ճմային-թույլպոդզոլային կավահողերն են։ Ավազակավային և ավազային հողերում թույլ է աճում և պտղաբերում։ Տնկման լավագույն ժամանակը կլիմայական խիստ պայմաններում գարունն է, իսկ ավելի մեղմ պայմաններում՝ նաև աշունը։ Հանձնարարվում է բույսերը տնկել հողամասի հյուսիսային և արևելյան սահմանների երկարությամբ՝ մեկը մյուսից 2-4 մ հեռավորությամբ։ Ա. ինքնափոշոտվող չէ, ուստի խորհուրդ է տրվում հողամասում տնկել տարբեր սորտի 2-3 բույս։ Մատղաշ և բերքատու ծառերի խնամքը նույնն է, ինչ մյուս սերմնավոր տեսակներինը (այղ մասին տես Այգի հոդվածը)։