Jump to content

ՏՏՀ/Աքվարիում տնային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՔՎԱՐԻՈՒՄ տնային։ Առավել տարածված են ուղղանկյունաձև (երկարությունը՝ 30-150 սմ, լայնությունը՝ 15-50 սմ), մետաղե հիմնակմախքով և ապակե պատերով, ինչպես նաև օրգանական ապակուց Ա-ները (նկ. 1)։ Ա-ի ջուրը պետք է հագեցված լինի թթվածնով։ Դա առավելագույնս ապահովվում է ջրի մեծ մակերևույթ և փոքր խորություն ունեցող Ա–ում։ Ա-ի համար ձկներ ընտրում են կամ նույն բնական գոտիներում (աշխարհագրական սկզբունք), կամ էլ շրջակա միջավայրի միատեսակ պայմաններում (կենսաբանական սկզբունք) բնակվող տեսակներից։ Սառը և տաք ջրերի ձկները, ինչպես նաև գիշատիչ և ոչ գիշատիչ տեսակները պետք է պահել առանձին Ա-ներում։

Սառը ջրով Ա-ում ձկներ պահելու գլխավոր պայմանը նրանց նվազ խտությունն է (5 սմ երկարության յուրաքանչյուր ձկնիկին պետք է բաժին ընկնի 5 լ-ից ոչ պակաս ջուր)։ Այդպիսի Ա-ների ջուրն անհրաժեշտ է օդավորել և զտել։

Տանը ավելի հեշտ է տաք ջրով Ա-ի ռեժիմ ստեղծելը։ Դրա համար էլ արևադարձային գոտու ձկներն ավելի հաճախ են դառնում տնային Ա-ի բնակիչներ։ Այս Ա-ում ձկների տեղադրման խտությանը զգալիորեն ավելի մեծ է (5 սմ երկարության մեկ ձկնիկին պետք է բաժին ընկնի 2 լ ջուր, ավելի փոքր ձկնիկին՝ 1 լ)։

Սառջրյա ձկների համար ջուրը չեն տաքացնում (ամռանը երբեմն հարկ է լինում սառը ջուր ավելացնել)։ Արևադարձային գոտու ձկների համար թույլատրելի են ջրի ջերմաստիճանի ոչ մեծ տատանումներ (19-27° C), սակայն ջրի արագ սառեցումը մի քանի աստիճանով, կարող է առաջացնել ձկների հիվանդություններ, որոնցից խուսափելու համար, խորհուրդ է տրվում օգտվել ջերմակարգավորիչ ունեցող ջեռակից (նկ. 2)։

Աքվարիումի խնամքը։ Նոր, հիմնակմախքային Ա. հարկավոր է լցնել ջրով, մի քանի անգամ ջուրը փոխել մածիկի մեջ եղած թունավոր խառնուրդները հեռացնելու համար։ Այնուհետև, Ա. լավ լվանալուց հետո, հատակին փռել մուգ գույնի, խնամքով լվացած գետի ավազ կամ ճալաքարի շերտ (4-6 սմ)։ Խեցիներ պետք չէ դնել, դրանք ջուրը կոշտացնում են, ավելի լավ է դնել մուգ գույնի քարեր։ Այնուհետև անհրաժեշտ է լցնել ջրատարի ջուր և թողնել 5-7 պարզվելու համար։ Չպարզված ջուրը գերհագեցած է թթվածնով, երբեմն նաև քլորով, որի պատճառով ձկները կարող են սատկել: Գետի և ջրամբարի ջուրը հարկավոր է նախօրոք տաքացնել 80-90° C և թողնել, որ պարզվի։ Ջրհորի ջուրը Ա-ի համար պիտանի չէ: Ա. պետք է հաճախակի մաքրել, տաք ջրովը` ամիսը 1-2, սառը ջրովը՝ շաբաթը 1-2, երբեմն էլ ավելի անգամներ։ Մաքրելիս Ա–ից հանում են բուսականությունը, պոկում բույսերի վնասված և փչացված մասերը, ճկափող-սիֆոնով մաքրում հատակը, անվտանգ սայրով պատերից քերում մոլախոտ-ջրիմուռները։ Ա-ի ջուրը փոխում են մասնակիորեն, ընդ որում մաքուր (պարզված) ջուրը խորհուրդ է տրվում լցնել թղթի թերթի վրա, որն այնուհետև հանվում է։

Ջրի լրիվ փոխումը, գրունտի լվացումը, բույսերի վերատնկումը հազվադեպ է կատարվում (օրինակ, ձկների սատկելուց հետո)։ Ա-ի խնամքը կհեշտանա, եթե ջուրը օդահարվի էլեկտրական պոմպով (միկրոճնշակ)։ Օդը ջրի մեջ է մղվում մանր պղպջակներով, հատուկ փոշեցրիչների միջոցով (նկ. 3)։ Պղտոր ջուրը մաքրելու համար, միկրոճնշակի առկայության դեպքում, կարելի է օգտվել նաև ցանկացած կառուցվածքի զտիչներից։

Հիմնակմախքային Ա. հարկավոր է մշտապես ջրով լցված պահել, այլապես այն չորանալուց կճաքճքվի։ Եթե Ա-ից ջուր է ծորում, հարկավոր է հանել ապակիները, ակոսները մաքրել մածիկի մնացորդներից և նորից տեղը դնել՝ ամրացնելով հետևյալ բաղադրության մածիկով. մաղած ցեմենտը թանձր շաղախել ձիթալաքով կամ բևեկնախեժի հետ եռացրած օլիֆով (1 լ օլիֆին 5 գ բևեկնախեժ)։ Թեթևակի ջրածորումը կարելի է վերացնել, ներսի կողմից ակոսին պլաստիլին քսելով։ Ապակու փոքր ճաքը կարելի է փակել (սոսնձել) ԲՖ-2 սոսնձով պատված ցելոֆանի շերտիկով։ Օրգանական ապակուց Ա-ի ճաքը (անցքը) կարելի է լցափակել դիքլորէթանով լուծված օրգանական ապակու մածուցիկ շաղախով։ Դիքլորէթանով աշխատելիս պետք է բացել օդանցքը և պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ա. պետք է դնել սենյակի լուսավոր մասում, բայց ոչ արևի ուղղակի ճառագայթների տակ, հակառակ դեպքում բուռն կերպով կզարգանան մանր ջրիմուռները։ Ձմռանը Ա. լրացուցիչ լուսավորման կարիք ունի։ Ա-ի ջուրը ամռանը հաճախ կանաչում է («աքվարիումը ծաղկում է»), այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ապակիները մթնեցնել՝ ծածկելով թանզիֆով։ Եթե լուսավորությունն արհեստական է, ապա 10 լիտրանոց Ա-ի համար անհրաժեշտ է մեկ 10 Վտ-անոց լամպ, իսկ 100 լիտրանոցի համար՝ 60 Վտ-անոց լամպ։ Ճիշտը Ա. վերից լուսավորելն է, թեև թույլատրվում է նաև կողային լուսավորում։ Լամպերը պետք է լինեն ջերմարձակներով (նկ. 4)։ Լյումինեսցենտայիններից նպատակահարմար է օգտագործել ԼԲ լամպերը։

Աքվարիումային ձկներ։ Ա-ներում պահում են բոլոր աշխարհամասերի ջրավազանները ներկայացնող ձկներ։

Տաք ջրով Ա-ում պահում են կենդանածին գուպիներ, սուսերակիրներ, պեցիլիաներ, լիմիաներ, գիրարդինուսներ։ Հաճախ միևնույն Ա-ում տեղավորում են ասիական դանիոներ, բարբուսներ և կարդինալներ կամ հարավամերիկյան նեոններ, կայծոռիկներ։

Սառը ջրով Ա-ում ապրում են ծածանը, դառնիճը, կարմրալողաթևիկը, փոքրիկ լոքո-կետադելֆինը, գետածածանի և լինի մանր առանձնյակները, ինչպես նաև ոսկե ձկնիկների ցեղատեսակները։

Գիշատիչ ձկներից սառը ջրով Ա-ում հաճախ պահում են պերկեսներ և գայլաձկներ, տաք ջրով Ա-ում՝ ցիխլիդներ։

Աքվարիումի բուսականությունը։ Ա-ի բույսերը ոչ միայն գեղազարդիչ նշանակություն ունեն, այլև թթվածնի մատակարարներ են։ Խոշոր չափերի մուգ կանաչ, կարմիր կամ շագանակագույն տերևներով բույսերը տնկում, տեղադրում են Ա-ի անկյուններում և հետին պատի երկայնքով, բաց կանաչ բույսերը կենտրոնում, լավ լուսավորվող տեղերում։ Ա-ի առջևի պատի մոտ տպավորիչ են նախշավոր տերևներով մանր բույսերը։ Նկ. 5-ում ցույց է տրված, թե ինչպես պետք է տնկել բույսերն Ա-ում։

Ամբողջ տարի տաք և սառը ջրով Ա-ներում լավ աճում են վալիսներիան, դեղին ջրաշուշանը, ռիչիան։ Արևադարձային բույսերից տարածված են. բազմերանգ տերևներով ծլավոր էքինսդորուսը, խավար միրիոֆիլիումը, փայլուն լյուդվիգիան։ Կրիպտոկոբինների, էքինսդորուսների թփերի տակ խորհուրդ է տրվում դնել կավե գնդեր (1 սմ տրամագծով)։

Ձկների կերակրումը։ Կերակրում են օրը մեկ անգամ այն չափաբաժնով, որ ձկները կարող են ուտել 10-15 րոպեում։ Ավելորդ կերը փտում և փչացնում է ջուրը։

Ձկների համար սննդարար են մոծակի թրթուրները, կիկլոպները, ջրալվերը ևն։ Սակայն նման սնունդը երբեմն ձկների հիվանդության պատճառ է դառնում։ Աքվարիումային ձկնաբուծության սիրահարները հաճախ օգտագործում են իրենց պատրաստած կերերը և կերախառնուրդները։ Հողի կամ տորֆի մեջ բազմացնում են (հացով և կաթնաշոռով կերակրելով) թաղարային որդեր և ձկներին տալիս որպես լրացուցիչ կերաբաժին։ Պարզագույն կերախառնուրդի բաղադրամասը, ջրալվերի, գամարուսների, մոծակի թրթուրների և վարսակալյուրի հավասար մասերը խառնում են աղացած տավարի հում լյարդի հետ։ Սառնարանում այս կերախառնուրդը շատ երկար է պահպանվում։

Ձկների հիվանդությունների կանխարգելումը։ Չի կարելի Ա-ում պահել ջրի մակերեսից ագահորեն օդ ներծծող, ինչպես նաև վնասված լողաթևերով, թեփուկներով, ծռված ողնաշարով, մարմնի վրա սպիտակագորշագույն բծեր և ցան ունեցող ձկներ։ Նոր ձեռք բերված ձկներին մի քանի րոպե հարկավոր է պահել աղաջրով տաշտակի մեջ (1 թեյի գդալ աղ 1 լ ջրին), այնուհետև մի քանի օրով նրանց պահել մեկուսարանում՝ ցածրանիստ և լայն ամանում, որի ջրի ջերմաստիճանը հավասար է Ա-ի ջրի ջերմաստիճանին։ Հիվանդ ձկներին նույնպես խորհուրդ է տրվում մեկուսացնել՝ 1-2°C–ով բարձրացնելով մեկուսարանի ջրի ջերմաստիճանը և բարելավել սնունդը։