Jump to content

ՏՏՀ/Բալենի (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԱԼԵՆԻ (աճեցումը), 150 տեսակից առավելապես տարածված են Բ-ու սովորական թթու, տափաստանային, թաղիքային, ավազաբալենի, մահալեբյան (անտիպկա) տեսակները, ՀՀ-ում՝ սովորական թթու (բոլոր շրջաններում) և մահալեբյան (անտառային շրջաններում), վերջինս դառնահամ է, տտիպ, օգտագործվում է որպես պատվաստակալ։ ՀՀ-ում տեղական բոլոր սորտերն ու ձևերը ստացվել են հիմնականում ժողովրդական ընտրասերմամբ՝ սովորական թթու Բ-ուց։ Բները ոչ մեծ ծառեր (թփեր) են՝ գնդաձև պսակով, կռացած ճյուղերով, մորելներ են (վաղահաս, հունիսի վերջին, հուլիսին)։ Սովորական թթու Բ-ուց ստացված սորտերը մշակվում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում և կոչվում են տեղերի անուններով՝ Արտաշատի, Աշտարակի, Կոտայքի, Սիսիանի։ Մշակվում են նաև Շպանկա (իր բազմաթիվ ձևերով), Վլադիմիրյան, Լյուբյան սորտերը։ ՀՀ-ում Բ. տարածվածությամբ խնձորենուց, ծիրանենուց, տանձենուց հետո հաջորդ պտղատու տեսակն է։ Բ. բազմացնում են մացառներով, կանաչ և արմատային տնկաշիվերով, աչքապատվաստով և պատվաստներով։ Սովորական Բ. բազմացնում են հիմնականում աչքապատվաստով և պատվաստներով՝ նախօրոք աճեցնելով սերմային պատվաստակալներ։ Բերքահավաքից անմիջապես հետո սերմերը պետք է առանձնացնել պտուղներից, լվանալ, մաքրել պտղամասի մնացորդներից և տեղադրել խոնավ միջավայրում (մամուռ, թեփ, ավազ), նկուղում 8...12 °C ջերմաստիճանում։

Ուշ աշնանը սերմերը ցանում են մարգերում, որտեղ դրանք անցկացնում են ստրատիֆիկացումը: Գարնանը ծիլերի երևալու ժամանակ, արդյունավետ է սնուցել հեղուկ ազոտական պարարտանյութերով (20-30 գ միզանյութ՝ 10 լ ջրին), իսկ 2-3 շաբաթ հետո՝ նիտրոֆոսով (30-40 գ 10 լ ջրին)։ Լավ խնամքի դեպքում (քաղհան, հողի փխրեցում, ջրում) հուլիսին Բ-ու սերմնաբույսերը պիտանի են աչքապատվաստի համար։ Աչքապատվաստումից 1-2 տարի հետո տնկիները կարելի է տեղափոխել հիմնական հողամաս։ Տնկման լավագույն ժամկետը վաղ գարունն է։ Կարելի է տնկել նաև աշնանը, հողի սառելուց 20-30 օր առաջ։ Ծառերի միջև հեռավորությունը թողնում են 2-3 մ։ Ցանկալի է, որ հողամասում լինի Բ-ու տարբեր սորտերի 3-4 ծառ, որպեսզի ապահովվի փոխադարձ փոշոտումը և երկար ժամանակով թարմ պտուղների օգտագործումը։ Տնկման տեխնիկայի, հողի բաղադրության, պարարտացման, ոռոգման և էտի մասին տես Հողեր, Այգի (Տնկիների թաղումը և տնկումը, Այգու խնամքը) և Պարարտանյութեր հոդվածներում։