ՏՏՀ/Բասկետբոլ
ԲԱՍԿԵՏԲՈԼ, թիմային մարզախաղ, որի նպատակն է գնդակը ձեռքով նետել մրցակցի զամբյուղի մեջ։ Ստեղծվել է 1891-ին, ԱՄՆ-ում։ Կատարելագործում է շարժումների համակարգումը (կոորդինացիան), մարզում շնչառության և արյան շրջանառության օրգանները, բարելավում նյարդային համակարգի կարգավորիչ դերը, զարգացնում մկանունքը։
Խաղի կանոները: Խաղում են ուղղանկյուն (26x14 մ) հարթ հրապարակում կամ առնվազն 7 մ բարձրությամբ առաստաղով մարզասրահում, որոնց դիմային կողմերում 2,75 մ բարձրությամբ տեղադրվում են զամբյուղներով վահանները (120x180 սմ): Խաղում են 600-650 գ զանգվածով ու 75-78 սմ շրջագծով գնդակը: Չափահասների խաղի տևողությունն 40 ր (մաքուր ժամանակը), կանանցը՝ 36 ր, 15-16 տարեկան պատանիները՝ 36 ր, աղջիկներինը՝ 30 ր, 13-14 տարեկան դեռահասներինը՝ 24 ր: Խաղն անցկացվում է երկու կեսով, 10 ր ընդմիջումով: Խաղում են 5-ական խաղացողով երկու թիմ, որի անդամները կարող են խաղի ընթացքում փոխարինվել պահեստային խաղացողներով (թիմը կազմված է 12 հոգուց)։ Զամբյուղ նետած յուրաքանչյուր գնդակի համար տրվում է. տուգանայինից նետելու դեպքում՝ 1 միավոր, զամբյուղից 6 մ շառավղով հեռավորությունից՝ 3 միավոր, մյուս բոլոր դեպքերում՝ 2 միավոր։ Հաղթում է սահմանված ժամանակում առավել միավորներ վաստակած թիմը։ Ոչ ոքի արդյունքի դեպքում տրվում է լրացուցիչ ժամանակ (5, 10 ևն րոպե) մինչև թիմերից մեկի հաղթանակը։ Բ-ի կանոնները հայերեն առաջին անգամ հրատարակվել են Կ.Պոլսում, 1922-ին։
Բ-ի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է 1932-ին։
ՀՀ-ում Բ. սկզբնավորվել է 1925-ին, իսկ 1926-ին անցկացվել են անդրանիկ պաշտոնական մրցումները։
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տղամարդկանց թիմը 1950-ական թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։
1980-ական թթ. Բ-ի ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմը, որը 1988 թ. նվաճել է ԽՍՀՄ գավաթը։