ՏՏՀ/Բիլիարդ
ԲԻԼԻԱՐԴ, գնդերով խաղ հատուկ սեղանի վրա։ Բ-ի հայրենիքը համարվում է Հնդկաստանը և Չինաստանը։ Տանը խաղի համար հարմար է փոքրաչափ Բ.։ Այն զարգացնում է ճարպկություն, դիպուկություն, հնարամտություն։
Փոքրաչափ Բ. շրջակողերով ոչ մեծ սեղան է (այն կարելի է տեղադրել ցանկացած հարթ մակերևույթի վրա), որը պատված է մահուդով կամ ֆլանելով։ Շրջակողերին փորված է 6 անցք, որոնցից կախված են գնդապարկերը։ Խաղում են 16 մետաղե (նաև փղոսկրե, պլաստմասսայե) գնդերով, որոնք հրվում են կիյով՝ ամուր փայտից պատրաստված երկար ձողով։
Խաղի կանոնները։ Խաղացողը կիյով հարվածում է գնդերից մեկին՝ ձգտելով նրանով դիպչել ցանկացած այլ գնդի և վերջինս գցել գնդապարկերից որևէ մեկի մեջ։ Յուրաքանչյուր գցված գունդը իրավունք է տալիս շարունակել խաղը մինչև առաջին վրիպումը։ Հարվածի իրավունքը կորսվում է, եթե. հարվածվող գունդը գնդապարկ չի ընկնում և հարվածից հետո չի դիպչում որևէ այլ գնդի, առանց դիպչելու այլ գնդի ուղղակիորեն գնդապարկ է ընկնում, դուրս է թռչում շրջակողերից։ Վերջին դեպքում դուրս թռած գունդը (գնդերը) դրվում է ցանկացած շրջակողի մոտ, իսկ վրիպում թույլ տված խաղացողը այնտեղ է դնում մինչ այդ գնդապարկ գցված մեկ գունդ (գնդեր) ևս։ Գնդերը խցկելով գնդապարկ գցել թույլ չի տրվում։
Հաղթանակի համար (երկուսով խաղալու դեպքում) անհրաժեշտ է գնդապարկ գցել 8 գունդ։ Ավելի մեծ թվով խաղացողների դեպքում նախապես պայմանավորվում են հաղթանակի համար գնդապարկ գցվող անհրաժեշտ գնդերի թվի մասին։