ՏՏՀ/Բետոնային աշխատանքներ
ԲԵՏՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, բնակելի տներ կառուցելիս կամ նորոգելիս, հողամասեր բարեկարգելիս լայնորեն կիրառում են բետոն։ Սովորական բետոնն ստանում են ցեմենտի, ջրի և տարբեր լցանյութերի (ավազ, կոպիճ, խիճ, ճալաքար ևն) խառնուրդից, որը որոշակի ժամանակաընթացքում հասունանում և քարանում է։ Սովորական բետոնը լավ դիմանում է մեծ ծանրությունների, բայց վատ՝ պրկմանը, օգտագործվում է կառույցների հիմքերը և պատամիջյան տարածությունները լցնելու համար։ Տարբեր կոնստրուկցիաներում (հեծան, բարավոր, սանդուղք, ծածկ ևն) բետոնին առավել ամրություն տալու համար օգտագործում են նաև պողպատե կամ երկաթե ամրաններ։ Այսպիսի բետոնը կոչվում է երկաթբետոն։
Բետոնի խառնուրդները լինում են տարբեր համակազմվածքի (ջրիկ, պինդ ևն), որով պայմանավորված է դրանց շարժունակությունը, այսինքն սեփական ծանրության կամ մեխանիկական ուժերի ազդեցությամբ հոսունության ունակությունը։ Ըստ շարժունության աստիճանի լինում է կոշտ (պինդ), պլաստիկ և ջրիկ բետոնի խառնուրդներ։ Կոշտ բետոնի խառնուրդը հասունացման ընթացքում թանձրացնում և տոփանում են։ Գործածվում է հիմքեր, առանց ամրանի կամ նոսր տեղադրված ամրաններով հաստ պատեր և հատակ պատրաստելու ժամանակ։ Պլաստիկ բետոնի խառնուրդը կաղապարների մեջ լցնում են ձեռքով։ Գործածվում է հեծան, սյուն, միջին խտությամբ տեղադրված ամրաններով բարավոր պատրաստելիս։ Ջրիկ բետոնի խառնուրդը հեշտությամբ լցվում է կաղապարը և գրեթե թանձրացում չի պահանջում, կիրառվում է բարակ պատեր, փոքր հատվածք ունեցող հեծաններ և ամրաններով հագեցած կառուցվածքներ պատրաստելիս։ Բետոնի խառնուրդների շարժունությունը որոշում են մետաղե կոնով (նկ. 1)՝ նստեցման եղանակով։
Ոտքերով կոնը սեղմում են հարթակին և երեք նվագով լցնում բետոնի խառնուրդով, իսկ յուրաքանչյուր բաժին խառնում ձողով (20 անգամից ոչ պակաս)։ Կոնը լցվելուց հետո, բետոնի խառնուրդը եզրերից հավասար կտրում են, իսկ կոնը դանդաղորեն բարձրացնում։ Բետոնի խառնուրդի նստվածքի և կոնի բարձրությունների տարբերությունը (սմ-երով) բետոնի խառնուրդի պնդության թիվն է։ Կոշտ խառնուրդներում նստվածքի բարձրությունը 0-2, պլաստիկում՝ 4-13, ջրիկում՝ 14-22 սմ է։
Բետոնների ամրությունը բնորոշվում է դրանց տեսակով։
Բետոնի խառնուրդի պատրաստումը սկսում են լցանյութի ընտրությամբ՝ վերցնելով տարբեր մեծության կոպիճ, խիճ, ճալաքար, ավազ։ Բարձրորակ բետոն ստանալու համար լցանյութերը պետք է մաքրել հողից և կավի խառնուրդից։ Անհրաժեշտության դեպքում ավազը լվանում են վաքերում։
Ցեմենտի նվազագույն ծախսի դեպքում բետոնի որակը կախված է խառնուրդում ավազի և կոպիճի հարաբերակցությունից, լավ հարաբերակցությունն ըստ զանգվածի՝ 30-45 % ավազ և 55-70 % կոպիճ։ Կոպիճի չափերը չպետք է գերազանցեն կառուցվածքի
Սովորական բետոնի բաղադրությունն ըստ ծավալի
Բետոնի տեսակը 28-րդ օրը | Կոշտ բետոններ Ցեմենտի տեսակը |
Պլաստիկ բետոններ Ցեմենտի տեսակը |
Ջրիկ բետոններ Ցեմենտի տեսակը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
«200» | «300» | «400» | «200» | «300» | «400» | «200» | «300» | «400» | |
50 | 1:3,4:5 | 1:3,8:6,5 | - | 1:3:5 | 1:3,7:5,8 | 1:2,8:4,4 | 1:3,5:4,9 | - | |
75 | 1:2,5:5 | 1:2,85,5 | 1:3,5:6 | 1:2,3:4 | 1:2,7:4,8 | 1:3,2:5,2 | 1:2:3,5 | 1:2,5:4 | 1:3:4.4 |
100 | 1:2,1:4,3 | 1:2,5:5 | 1:3։3,5 | 1:1,9:3,6 | 1:2,5:4,3 | 1:2,8:4,9 | 1:1,8:3,1 | 1:2,1:3,6 | 1:2,6:4,2 |
150 | - | 1:1,9:4 | 1:2,3:4,5 | - | 1:1,7:3,3 | 1:2,2:4,2 | - | 1:1,6:3 | 1:2:3,5 |
Ծանոթագրության. 1) հարաբերակցություններում առաջին թիվը՝ ցեմենտ, երկրորդը՝ ավազ, երրորդը՝ կոպիճ, 2) ջրի բաժնեքանակը՝ ցեմենտի զանգվածի (խառնուրդում) 60-75 % է, հաշվի առնելով ավազի և կոպիճի խոնավությանը
ամենափոքր մասի 1/3-ը։ Խիտ ամրաններով երկաթբետոնե կառուցվածքների լցանյութի հատիկների առավելագույն խոշորությունը պետք է լինի 20-40 մմ։ Օգտագործվող ցեմենտի մակնիշը 2-3 անգամ պետք է գերազանցի բետոնի մակնիշին (տես աղյուսակը)։ Ցեմենտն անհրաժեշտ է պահել չոր շինությունում կամ ծածկի տակ։ Երկար ժամանակ պահված և կոշտացած ցեմենտը մանրացնում և մաղում են։ Բետոնում ցեմենտի սահմանված չափից ավելի օգտագործումը չի լավացնում որակը, իսկ պակասը նվազեցնում է խտությունը, ջրաթափանցելիությունը, ցրտադիմացկունությունը, նպաստում ամրանների ժանգոտմանը։
Լավորակ բետոն ստանալու համար գործածվող ջրի քանակը պետք է կազմի ցեմենտի զանգվածի 60-75 %-ը։ Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոպիճի և հատկապես ավազի խոնավությունը, որը լվանալուց հետո պարունակում է մինչև 20 % ջուր։ Ճիշտ շաղախված բետոնի խառնուրդը կապակցվում է մեկ ժամվա ընթացքում (հաշված խառնուրդին ջուրն ավելացնելու պահից)։ Շոգ եղանակին բետոնի արագ կապակցումը կանխելու համար անհրաժեշտ է օգտագործել սառը ջուր (10-15 °C), իսկ ցուրտ եղանակին այն արագացնելու համար տաք ջուր (40-50 °C)։ Բետոնի շաղախը պատրաստում են անջրանցիկ ցամաքուրդի կամ թերթերկաթե հատակ ունեցող արկղում (նկ. 2)։
Ձեռքով խառնուրդ պատրաստում են հետևյալ հաջորդականությամբ. 1. ըստ ծավալի չափում են անհրաժեշտ քանակության ցեմենտ, ավազ, կոպիճ և ջուր, 2. ավազը լցնում են ցամաքուրդի վրա կամ արկղի մեջ, ավելացնում ցեմենտ և բահով խնամքով խառնում այն (սկզբում մեկ, ապա հակառակ ուղղությամբ) մինչև զանգվածի գույնը դառնա միատարր, մոտավորապես ցեմենտի գույնի, 3. ցեմենտ-ավազի խառնուրդը բահով խնամքով խառնում են կոպիճի հետ, սկզբում 3-4 անգամ չոր վիճակում, հետո աստիճանաբար ցնցուղով ջուր լցնելով, մինչև որ ստացվի ըստ բաղադրության և թանձրության միատարր բետոնե զանգված։
Կաղապարամած. որպես կանոն բետոնը ձևավորում են կաղապարամածներով (ժամանակավոր օժանդակ կոնստրուկցիա), որոնց մեջ լցնում են բետոնի շաղախը։ Կաղապարամածը քանդում են, երբ շաղախը պնդանում է և ձեռք բերում անհրաժեշտ ամրություն։ Գործածվում են բազմակի օգտագործվող, հավաքովի-քանդովի կաղապարամածներ։ Դրանք պետք է լինեն կայուն, հուսալի ամրացված, դիմանան բետոնի խառնուրդի ճնշմանը, նաև մխանով խառնելու և տոփանելու ժամանակ առաջացած հարվածներին (նկ. 3)։ Կաղապարամածը կազմված է հիմնակմախքից, ցեխապաշտպան վահանից, դրանք իրար կապող հեղույսի և մետաղալարային ոլորքի ամրակապերից։ Կաղապարամածը պատրաստում են տախտակից, նրբատախտակից, մետաղաթիթեղից և մետաղե անկյունակներից։ Բետոնի մակերեսին տարբեր ձևեր ստանալու համար օգտագործվում են ձևավոր կաղապարամածներ (նկ. 4)։ Տախտակներն ու նրբատախտակը օլիֆում կամ ներկում են յուղաներկով խոնավությունից պաշտպանելու համար։ Կաղապարամածում չպետք է լինեն ճեղքեր, քանի որ բետոնի զանգվածը լցնելու և տոփանելու ժամանակ դրանցից կարող է հոսել բետոնասերուցքը (բետոնակաթը)։ Ճեղքերը փակում են խծուծով, իսկ 10 մմ-ից ավելի դեպքում՝ փայտե ձողերով։ Կաղապարամածն օգտագործելուց առաջ մաքրում են ցեխից ու բետոնի մնացորդներից և լվանում։
Ամրանը պատրաստում են հարթ կամ պարբերական պրոֆիլի, 3-1,5 մմ տրամագծով պողպատե, երկաթե ձողերից կամ լարերից (նկ. 5)։ Որպես ամրան կարելի է օգտագործել նաև թավանային երկաթ, դրոշմիչ շերտեր, խողովակներ, ցանցեր ևն։ Ամրանի հիմնական տարրերը միմյանց հետ կապվում են փափուկ լարով։ Ամրանի ժանգոտումը և հոսակեղտերի առաջացումը կանխելու համար բետոնի արտաքին մակերեսի և ամրանի միջև անհրաժեշտ է թողնել պաշտպանիչ բետոնաշերտ։ Պաշտպանիչ շերտի հաստությունը ծածկի սալի, միջնապատերի, անջրպետների և սյուների համար 10-30 մմ է։ Բետոնի հետ անհրաժեշտ շաղկապումն ապահովելու համար ամրանը մետաղալարե խոզանակով խնամքով մաքրում են ցեխից (տիղմից)։
Լցված բետոնի հաստությունը պետք է լինի 15-20 սմ։ Լցնելու ժամանակ այն հավասարեցնում են, խառնում մխանով, տոփանում, միաժամանակ փայտե մուրճով թույլ հարվածում կաղապարամածին արտաքինից։ Կոշտ բետոնի խառնուրդի տոփանումն անհրաժեշտ է կատարել առավել խնամքով։
Բետոնի խնամքը. բետոնը նախագծային ամրություն ձեռք է բերում խառնուրդը լցնելուց 28 օր հետո, 20 °C ջերմաստիճանի և օդի 90 %-ից ոչ պակաս հարաբերական խոնավության պայմաններում։ Անհրաժեշտ խոնավություն ապահովելու համար բետոնը ծածկում են թեփով, ավազով, խսիրով և ցողում ջրով, առաջին 3 օրը օրական 3-5, հաջորդ օրերին՝ 2-3 անգամ։ Մեծ մակերեսներ (հրապարակ, ճանապարհ, հատակ, ծածկ) ջրով ցողելու փոխարեն ծածկում են պաշտպանիչ պոլիմերային թաղանթով։ Բետոնը խոնավ է մնում 14-28 օր։ Բետոնն արագ ամրանալու համար կիրառում են հավելանյութեր՝ կալցիումի քլոր, աղաթթու ևն։ Կաղապարամածը հանում են զգուշությամբ և խնամքով ու դրա նյութերը պահում հետագա աշխատանքների համար։ Կողմնային մակերևույթների կաղապարը շոգ եղանակին քանդում են բետոնը լցնելուց 34, իսկ պատերի, սյուների, պարզունակների և բարավորների հիմնակմախքները՝ մոտավորապես 8-17 օր հետո։ Կաղապարամածը քանդում են հատվածներով, մանեկադարձակներով և փոքրիկ լինդերով։
Կաղապարամածը քանդելուց հետո բետոնի մակերեսին եղած ճեղքերն ու դատարկությունները մաքրում են պողպատե խոզանակով, լվանում ջրով, լցնում ցեմենտի լուծույթի ծեփակով (1 մաս ցեմենտ և 2 մաս ավազ) և հարթում փայտե կիսահարթիչով, իսկ մակահոսուկներն ու ելուստները ջարդում հատիչով։
Ամուր գրունտի դեպքում բետոնե հիմքերը կարելի է պատրաստել առանց կաղապարամածի, որի դերը կատարում են հիմքի համար փորված խրամուղիների պատերը։ Ժապավենային հիմքերի համար փայտե կաղապարամած սարքում են հետևյալ հաջորդականությամբ. յուրաքանչյուր 40-60 սմ-ի վրա ամրացված գրունտում տեղադրում են զոլակ-կանգնակներ, դրանք ամրացնում գրունտում խրած ցցերով։ Յուրաքանչյուր 2-3 մ-ի վրա կանգնակներն ամրացնում են նեցուկներով (նկ. 6)։ Կաղապարամածի 4–5 սմ հաստությամբ տախտակները մեխում են կանգնակ-զոլակներին և ամրացնում դրանք ներքին ու արտաքին պահանգներով։ Կանգնակ-զոլակները վերևի հատվածներում շաղկապում են։
Հիմքերը բետոնում են 0,2-0,3 մ հաստության հորիզոնական շերտով, այն դնովի ուղղահայաց վահան-սահմանափակիչներով բաժանում 2-3 մ երկարության հատվածների։ Բետոնի ծախսը պակասեցնելու համար նպատակահարմար է դրա մեջ լցնել անհարթ մակերեսով, հիմքի լայնության 1/3-ից ոչ ավելի չափերով քարեր։ Բետոնը թանձրացնում են նեղ տոփանի օգնությամբ։
Մինչև 0,15 մ լայնության պատերը բետոնում են հետևյալ հաջորդականությամբ (նկ. 7), հիմքի կամ բետոնահիմքի վրա ամրացնում են ուղղորդիչ տախտակներ, դրանց վրա միմյանցից 0,5-0,8 մ հեռավորության վրա տեղադրում են կաղապարամածի հիմնակմախքի կանգնակները։ Հետո ամբողջ պատի բարձրությամբ, 30x30 սմ չափի վանդակների ձևով տեղադրում և կանգնակներին ամրացնում են ամրանը։ 2,5 մ-ից ավելի բարձրության պատերի համար ամրանն ամրացնելու կանգնակները պատրաստում են ջրմուղի խողովակներից կամ մետաղե անկյունակներից։ Պատի կաղապարամածը սարքում են տախտակներից կամ 0,5x0,8 մ չափի հանովի վահաններից։ Պատի մի կողմից կաղապարամածի վահանները ցանկալի է տեղադրել ամբողջ բարձրությամբ, իսկ մյուս կողմից հանովի վահանները կարելի է տեղադրել ներքևից, և պատը բետոնելու ընթացքում աստիճանաբար բարձրացնել վեր։ Կաղապարամածի վահանների միջև (անկյուններով) տեղադրում են պահանգներ։ Վահանակներն ամրացվում են մետաղալարե առձգիչներով կամ առձգիչ հեղույսներով։ Դրանք բետոնից հետագայում հեշտությամբ հանելու համար յուղում են։ Բետոնը լցնում են 20 սմ բարձրության շերտով, թանձրացնում խառնելով։ Առաստաղի մոտ հատվածում բետոնը լցնում են բահի կամ ծեփակի օգնությամբ, ապա փայտե հարթիչով մակերեսը խնամքով հարթում։
Հարթակի և ճանապարհների համար օգտագործում են կոշտ բետոնի խառնուրդներ։ Ավտոճանապարհների բետոնի ներքևի մասը ամրանավորում են 5-10 մմ տրամագծով երկաթաձողերի ցանցով։ Բետոնալցումից առաջ տեղադրում են հատակի կամ ճանապարհի արտաքին չափերին համապատասխան երկայնական տախտակներ (նկ. 8)։ Այնուհետև 2-3 մ հեռավորությամբ տեղադրում են լայնական տախտակները, որոնք ամրացվում են գրունտում խրած ցցերով։
Երկայնական կամ լայնական տախտակների վերին մակերեսները պետք է գտնվեն հատակի կամ ճանապարհի մակարդակին հավասար։ Բետոնի խառնուրդը լցնում են շերտերով, որոնք բետոնում են մեկումեջ։
Միջանկյալ շերտերը բետոնում են հարակից շերտերի բետոնը չորանալուց հետո։ Միջանկյալ շերտերը բետոնումից առաջ լայնական տախտակները հանում են։ Բետոնե խառնուրդը թանձրացնում են երկու բռնակ ունեցող կլոր կամ ներքևից մետաղապատած քառակուսի տոփանների օգնությամբ։ Բետոնի մակերեսը վերջնամշակում են բետոնը լցնելուց 30 րոպե հետո սվաղիչով, հարթիչ տախտակով կամ ռետինե ժապավենավոր քերակով։ Հատակին կամ ճանապարհին առավել ամրություն տալու համար կատարում են բետոնի մակերեսի երկաթայնացում։
Բետոնե արտաքին սանդուղքները (նկ. 9) նպատակահարմար է սարքել հետևյալ չափերով. աստիճանաճակատի բարձրությունը՝ 12-15 սմ, սանդղամատի խորությունը՝ 30-40 սմ, սանդուղքի լայնությունը՝ 90-120 սմ։ Սանդուղքը բետոնելուց առաջ կազմում են կաղապարամածի չափերի գծապատկերը։ Դրանից հետո չափանշում և սղոցում են կաղապարամածի կողմնային տախտակ-սանդղակները, որոնք սանդուղքի չափերը որոշող հիմնական տարրերն են։ Գրունտի մեջ խրած ցցերի օգնությամբ ամրացնում են տախտակ-սանդղակները և աստիճանաճակատի տախտակները, ամուր գրունտի թեք մակերեսին տեղադրում են ամրանային ցանցը, լցնում և խտացնում են բետոնի զանգված՝ սկսելով ցածի աստիճանից։ Սանդղամատերի մակերեսը հարթեցնում են և ջրի հոսքն ապահովելու համար տալիս նրան ոչ մեծ թեքություն (դեպի աստիճանաճակատը)։
Բետոնից նպատակահարմար է պատրաստել նաև բարավորներ, սանդուղքի համար բլոկներ, եզրաքարեր, ճարտարապետական առանձին տարրեր ևն։ Բետոնե հավաքովի բարավորները պատրաստում են բազմակի օգտագործման քանդովի կաղապարամածում։ Կաղապարամածի հատակը սարքում են 40-50 մմ հաստության տախտակներից։ Դրա վրա տեղադրում են կողմնային տախտակները, որոնք ամրացնում են հողի մեջ խրած ցցերով և սեպերով։ Կաղապարամածի ամրանային կմախքը հավաքում են 4-5 մմ տրամագծով ամրանային սառնաձգած մետաղալարից։ Կաղապարամածում ամրանը տեղակայելուց հետո դնում են կաղապարամածի կողմնային պատերի պահանգները։ Կաղապարամածը լցնում են պլաստիկ կամ ջրիկ բետոնի խառնուրդ, ճխանով խառնում և թանձրացնում։