Jump to content

ՏՏՀ/Բնակարանի կահավորում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ, բնակարանի հատակագիծը, սենյակների թիվը, չափերը, համամասնությունը, դռների ու լուսամուտների դիրքը և ձևը, որպես ինտերիերի ձևավորման հիմք, կարևոր նշանակություն ունեն Բ. կ-ման համար։ Բնակարանը կահավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ընտանիքի անդամների նիստուկացը, ճաշակը և սովորությունները։

Կահավորանքի և, առաջին հերթին, կահույքի, ընտրությունն ու տեղաբաշխումը ինտերիերի ձևավորման կարևոր տարրերից են։ Կահավորանքի յուրաքանչյուր իր պետք է ունենա որոշակի դեր և առավելագույնս համապատասխանի դրան կառուցվածքով, դասավորությամբ և շահագործական հատկություններով։ Խորհուրդ չի տրվում բնակարանը ծանրաբեռնել կահույքով։ Մեծածավալ, բարձր կահույքը, որպես կանոն, հարմար չի ժամանակակից տիպային բնակարանների համար։ Փոքր բնակարաններում շատ հարմար է ձևափոխվող կահույքը ծալովի սեղաններն ու աթոռները, սեկրետերները, բազմոց-մահճակալները և ներկառուցված կահույքը:

Կահավորանքի տարրերը պետք է խմբավորել ըստ իրենց նշանակության՝ օգտագործելով բնակարանի տարածքը գոտիների բաժանելու սկզբունքը։ Օրինակ, ցանկալի է իրար մոտ դասավորել բազմոցը, բազկաթոռը, լրագրասեղանը (հանգստի անկյուն ստեղծելու համար), գրասեղանն ու աթոռը նպատակահարմար է դնել գրապահարանի կամ աշխատանքային պահարանի մոտ։ Ընդհանուր սենյակում ճաշասեղանն ու աթոռները խորհուրդ է տրվում դնել մուտքից ոչ հեռու՝ խոհանոցի մոտ։ Կահույքը պետք է տեղադրել այնպես, որ հարմար լինի առանձին տարրերին մոտենալը և դրանցից օգտվելը։ Ճաշասեղանի հեռավորությունը պատից պետք է լինի առնվազն 75 սմ, բազմոցի (բազկաթոռի) և լրագրասեղանի միջև հեռավորությունը՝ 30 սմ։

Կահույքը տեղադրելուց առաջ կարելի է գծել սենյակի հատակագիծը, պատրաստել կահավորանքի բոլոր առարկաների գծագրերը որոշակի մասշտաբով (առավել հարմարը 1:50 մասշտաբն է), այնուհետև, տեղաշարժելով դրանք, հատակագծի վրա ընտրել դասավորության առավել հարմար տարբերակը։

Պարտադիր չէ, որ բնակարանի կամ սենյակների կահավորանքի բոլոր առարկաները լինեն միևնույն լրակազմից, սակայն դրանք պետք է համապատասխանեն միմյանց չափերով, բնույթով և հարդարանքով։ Բնակարանի բոլոր իրերը՝ կահույքը, գործվածքները, լուսամփոփները, գորգերը, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները ևն պետք է ներդաշնակեն գույնով, չափերով, զարդանախշերի բնույթով։ Ինտերիերն ամբողջական դարձնելու համար պետք է ընտրել նույն փայտատեսակից պատրաստված կամ միատեսակ ձևավորմամբ կահույքի առարկաներ։ Կարելի է նաև փափուկ կահույքի երեսքաշի և վարագույրի գույները համապատասխանեցնել (տես Զարդագեղ գործվածքներ): Ինտերիերի կարևոր տարրերից է հատակի գորգածածկույթը, հատկապես ննջասենյակում և մանկական սենյակում։ Բ. կ-ման գործում շատ կարևոր նշանակություն ունեն գույները, որոնց ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել սենյակների կողմնորոշումը, չափերը ևն (տես Բնակարանի հարդարում)։ Օրինակ, եթե կահույքը երեսպատված է ցայտուն նախշեր ունեցող գործվածքով, ապա պատերի համար խորհուրդ է տրվում օգտագործել միագույն կամ մանր ցանցանախշով պաստառ։ Խոշոր, արտահայտիչ նախշերով պաստառին սազում է միագույն, առանց նախշերի վարագույր։

Լուսամփոփների ձևը, քանակը, տեղը նույնպես պետք է համապատասխանեն ինտերիերին (տես Լուսավորություն): Բնակարանի հարմարավետ, ակնահաճո և գեղեցիկ ինտերիեր ստեղծելը հնարավոր չէ առանց դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի։ Խեցեղեն և ապակե գեղազարդման ամանեղենը, գոբելենները, մետաղե առարկաները լրացնում և ավարտուն տեսք են տալիս բնակարանի կահավորանքին։ Մանկական սենյակում կարելի է փակցնել գեղեցիկ պլակատներ, աշխարհագրական քարտեզներ, երեխաների ձեռքով արված նկարներ, ինչպես նաև մեծ լուսանկարներ։ Նկարներում բերված են Բ. կ-ման մի քանի տիպային օրինակներ։

Մեկ սենյականոց բնակարանում (նկ. 1) ապրում է երկու անձից բաղկացած ընտանիք (օրինակ, ամուսնական զույգ)։ Սենյակը հստակորեն բաժանված է ննջարանային և հանգստի գոտիների։ Ննջարանային գոտին գտնվում է մահճախորշում, որը կարելի է սենյակի մնացած մասից մեկուսացնել վարագույրով, շարժամիջնորմով կամ ծալովի փեղկամիջնորմով: Հանգստի գոտին երկու բազկաթոռը և լրագրասեղանը, ամբողջացնում է հատակին փռած գորգը։ Հեռուստացույցը դրված է պատի պահարանի խորշում։ Պահարանի հետգցովի դռնակով բաժանմունքը լուսամուտի մոտ դնելով կարելի է ստեղծել աշխատանքային գոտի։ Անկյունում դրված են զգեստապահարանը և սպիտակեղենի պահարանը, դռան աջ կողմում՝ ծալովի ճաշասեղանը։ Նախասենյակը կահավորված է ներկառուցված պահարանով։ Դիմացի պատին կարելի է ամրացնել կախիչը և հայելին։ Խոհանոցի տարածքն օգտագործվում է արդյունավետ կահավորանքի անկյունային դասավորության շնորհիվ։

Երկու սենյականոց բնակարանի (նկ. 2) ընդարձակ նախասենյակը կահավորված է անտրեսոլ ունեցող երկբաժանմունք պահարանով։ Խոհանոցում տեղակայված է էլեկտրական սալօջախ և օդամաքրիչ: Ընդհանուր սենյակը խոհանոցից բաժանող շարժամիջնորմը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում մեծացնել ընդհանուր սենյակի տարածությունը։ Ընդհանուր սենյակի կենտրոնական մասում հանգստի գոտին է, որը կահավորված է բազմոցով, բազկաթոռներով և լրագրասեղանով։ Պատի մոտ դրված բաժանմունքավոր պահարանը նախատեսված է գրքերի և ռադիոսարքերի համար։ Հեռուստացույցը դրված է բազմոցի դիմաց՝ պատվանդանի վրա, բացովի ճաշասեղանը՝ լուսամատի մոտ։ Հնարավոր է ընդհանուր սենյակի կահավորման մեկ այլ տարբերակ, երբ ճաշասեղանի փոխարեն լուսամուտի մոտ դրվում է գրասեղան և բազկաթոռ։

Լողասենյակի դիմացի պատի ներկառուցված պահարանը կարելի է օգտագործել հագուստ կամ տնտեսական ապրանքներ պահելու համար։ Ննջասենյակը նույնպես կահավորված է դռան վերևում անտրեսոլային բաժանմունք ունեցող ներկառուցված պահարանով։ Ննջասենյակի կահույքը բաղկացած է երկտեղ մահճակալից, որի գլխավերևում կա փոքրիկ դարակ գիշերալամպի և գրքերի համար, մահճակալամերձ ցածր պահարանից, հարդարանքի հայելիավոր սեղանից։ Դիմացի պատի մոտ տեղադրված է մանկական մահճակալ՝ մինչև երեք տարեկան երեխայի համար, և կահույքի ցածր բաժանմունք՝ երեխայի իրերի և խաղալիքների համար։

Երեք սենյականոց բնակարանում (նկ. 3) ապրում է 4 անձից բաղկացած ընտանիք՝ ծնողներ և դպրոցահասակ երկու երեխա։ Նախասենյակի պատերից մեկն ամբողջությամբ զբաղեցնում է ներկառուցված պահարանը, որի խորշում խոհանոց տանող դուռն է։ Դիմացի պատին փակցված են կախիչն ու հայելին, որի մոտ աթոռ է դրված։ Խոհանոցի կահավորանքն ունի անկյունային դասավորություն։ Մուտքից աջ դրված է բարձր պահարանը։ Ընդհանուր սենյակում դռան դիմաց բացովի ճաշասեղանն է։ Պատերից մեկն զբաղեցնում է հագուստի, գրքերի և այլ իրերի համար նախատեսված բաժանմունքներով պահարանը, որի դիմաց, լուսամուտի մոտ անկյունային բազմոցն է։

Փոքր-ինչ երկարուկ մանկական սենյակը նախատեսված է երկու դպրոցականի համար։ Սենյակի անհամաչափությունը շտկվում է լուսամատի դիմացի պատի ներկառուցված պահարանի առկայությամբ։ Կողք-կողքի դրված մահճակալների գլխավերևի ցածր պահարանները նախատեսված են սպիտակեղենի համար։ Լուսամուտի մոտ դրված է մեծ գրասեղան, որը կարելի է համատեղել լուսամուտագոգի հետ։ Աշխատասեղանի վերևում կախված են գրադարակներ։ Դռան դիմացի պատի մոտ նույնպես կարելի է աշխատասեղան դնել։

Ծնողների ննջասենյակի լողասենյակի հետ ընդհանուր պատն զբաղեցնում են ներկառուցված կամ բաժանմունքավոր պահարանները սպիտակեղենի և հագուստի համար։ Մահճակալի գլխավերևի նեղ պահարանը ներառում է գրադարակը, գիշերալամպերը, մահճակալամերձ ցածր պահարանը, հարդարանքի հայելիավոր սեղանը և փոքր գզրոցները։

Չորս սենյականոց բնակարանի (նկ. 4) երկարավուն նախասենյակը բաժանված է գոտիների։ Մուտքի մոտ խոհանոցի նախամուտքն է՝ ներկառուցված պահարանով և անտրեսոլով։ Ձախ պատի երկարությամբ ներկառուցված է նեղ զգեստապահարան։ Շարժամիջնորմը (կամ քառափեղկ դուռը) հնարավորություն է տալիս նախասենյակը միացնել ընդհանուր սենյակին։ Ննջասենյակի 60 սմ խորության ներկառուցված պահարանների դռները բացվում են դեպի նախասենյակ։

Ընդհանուր սենյակը խոհանոցից բաժանված է շարժամիջնորմով։ Սենյակի կահավորումը փոքր-ինչ դժվարանում է լայն լուսամուտի և դռների առկայությամբ։ Նկարում ներկայացված կահավորանքի տարբերակում նախատեսվում է ճաշասեղանը դնել խոհանոցի դռան մոտ։ Ճաշասեղանի մոտ դրվում է ամանեղենի պահարանը։ Պատերից մեկի երկայնքով դրվում է բարձր պահարան, լուսամուտի տակ՝ ոչ խոր պահարան կամ կահույքի առանձին տարրեր։ Փափուկ կահույքը բաղկացած է երեք բազկաթոռից, որոնցից երկուսը դրվում են կողք-կողքի լուսամուտին ուղղահայաց։ Բազկաթոռների հետևի ցածր պահարանում կարելի է գրքեր և ամսագրեր պահել։

Ծնողների ննջասենյակում մահճակալի մոտ դրված է զգեստապահարանը, մյուս կողմից, լուսամուտի մոտ հարդարանքի սեղանը։ Բնակարանում նախատեսված է երկու սանհանգույց՝ մուտքի մոտ և խորքում։ Երկրորդ սանհանգույցին կից փոքր հանդերձասենյակում կարելի է պահել նաև հազվադեպ օգտագործվող իրեր (դահուկներ, հեծանիվ, մանկական սահնակ)։ Հանդերձասենյակին կից ննջասենյակի ներկառուցված պահարանն ունի երկու բաժանմունք։ Մուտքին ավելի մոտ զգեստապահարանն է։ Մահճակալին մոտ գտնվող բաժանմունքի ներքևի մասը անկողնային սպիտակեղենի համար է, վերևի ավելի նեղ մասը կարելի է օգտագործել որպես գրապահարան։ Լուսամուտի դիմաց գրասեղանն է, կողքին գրադարակները, անկյունում՝ հարմարավետ բազկաթոռ։ Նույն կերպ է կահավորվում նաև մեկ կամ երկու հոգու համար նախատեսված մյուս ննջասենյակը։

Ննջասենյակների նախամուտքերը կահավորված են ննջասենյակի մեջ բացվող դռներով ներկառուցված անտրեսոլային պահարաններով։